RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021



Տեղադրվել է` 2021-05-13 23:03:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1350, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

Եվ այսպես, մայիսի 10-ին խորհրդարանը լուծարվեց, իսկ դա մեր կարծիքով նշանակում է նախընտրական անզիջում մրցապայքար երկու հիմնական բեւեռների միջեւ: Օր օրի կրքերը թեժանալու են եւ ամենայն հավանականությամբ մինչ այս չտեսնված գործընթացների ենք ականատես լինելու: Տա Աստված, որ սթափ լինենք, ճիշտ կողմնորոշվենք եւ բոլորիս համար միակ թիրախը հայրենիքի ու ժողովրդի արժանապատիվ եւ ուժեղ ապագան լինի:

Սովորաբար մատիտների գլխին ռետին է ամրացված, որը հուշում էՙ ամեն մարդ ու ժողովուրդ էլ սխալվելու եւ այդ սխալը ջնջելու-շտկելու իրավունք ունի: Սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները տալիս են այդ հնարավորությունը: Գաղտնիք չէ, որ խորհրդարանական յուրաքանչյուր ընտրությունների համապատկերում յուրաքանչյուրն իր անձնական նախապատվություններն ունի, մղումներն ու պատկերացումները: Պարզապես հարկավոր է սթափ գնահատել իրավիճակը, ճիշտ եզրահանգումներ կատարել, որպեսզի հնարավոր լինի ոչ միայն սխալներից խուսափել, այլեւ հիմքեր ստեղծել գալիք ձեռքբերումների ու նաեւ հաղթանակների համար: Ցավոք, արցախյան վերջին պատերազմում մարդկային ու տարածքային շատ կորուստներ ունեցանք: Զոհերի, գերիների մասին չեմ գրում, որովհետեւ նրանք ինձ համար երբեք վիճակագրություն չեն դառնա: Իսկ ամենամեծ կորուստն իմ կարծիքով հաղթանակի ու հաղթողի հոգեվիճակը պարտված-շփոթվածով փոխվեց: Համոզված եմ, դա կարճ է տեւելու եւ դրան փոխարինելու է գալու պայքարի գործելաոճը: Պայքար, որն ունի մի քանի փոխպայմանավորված նպատակներ.

1) ազատագրել ու համախմբել հային եւ քաղաքացուն,

2) ազատագրված եւ համախմբված հայությամբ ու քաղաքացիներով ազատագրել Հայաստանը,

3) ամրապնդել երկրի սահմանները եւ առավել հուսալի դարձնել դրանք,

4) վերջ դնել դիվանագիտական խեղկատակություններին եւ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի զորակցությամբ հայանպաստ միջավայր ստեղծել արտաքին աշխարհում,

5) գիտատեխնիկական նոր տեխնոլոգիաների միջոցով արագ թափով զարգացնել երկրի տնտեսությունը եւ քանի որ այսօր սահմանը խիստ հարաբերական հասկացություն է դարձել, այդ գործընթացում ներառել Սփյուռքի հնարավորությունները,

6) գիտամշակութային միջոցներով եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու ակտիվ օժանդակությամբ պայքարել ու վերացնել հոգեւոր աղքատությունը,

7) թոթափել պարտվածի հոգեվիճակը եւ նախապատրաստել մարդկանց նորանոր ու շարունակական հաղթանակներ կռելու համար, որպեսզի ընդմիշտ մերժվեն ու վերանան նույնիսկ «պատահական լեզվական սայթաքումները»: Հիշենքՙ Ֆրոյդն ասում էր, որ նման սայթաքումները երբեք պատահական չեն լինում եւ այս «պատահական խոսքային սխալները» կարող են մերկացնել ներքին մղումներ, որոնք թաքցված են մեր ենթագիտակցության խորքերում...

Անչափ կարեւոր է նաեւ, որ չոգեւորվենք օտարների շուրթերից հնչած հայանպաստ հայտարարություններից եւ երբեք չկորցնենք մեր զգոնությունը: Փորձենք հասկանալ, թե իրականում ինչո՞ւ ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, որպեսզի նախՙ ըստ արժանվույն գնահատենք այդ քայլը եւ առիթ չտանք նոր անցանկալի վայրիվերումների: Վարչապետի պաշտոնակատարի կարծիքովՙ այդտեղ մեկական երկարաժամկետ եւ միջնաժամկետ ու երկու կարճաժամկետ գործոններ կան: «Երկարաժամկետ գործոնը ԱՄՆ հայկական համայնքի ու Սփյուռքի հետեւողական աշխատանքն է, միջնաժամկետըՙ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքակնությունն է ու այս համատեքստում դիսոնանսը, որ առաջացել է Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջեւ, կարճաժամկետ գործոններըՙ 44-օրյա պատերազմն ու դրանում Թուրքիայի բացահայտ ու ակտիվ ներգրավվածությունը եւ Հայաստանի ժողովրդավարական երկիր լինելը»: Ակնհայտ է, որ Հայաստանի ժողովրդավարական երկիր լինելու հանգամանքը նա իր եւ իր թիմակիցների ձեռքբերումն է համարում եւ դրանով փորձ է անում ընդգծել իրենց կարեւոր ներդրումն այդ գործում: Մոռանալով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ ԱՄՆ-ն այսուհետ նաեւ ազատորեն զենք է վաճառելու Ադրբեջանին: Ստացվում է, որ Բեռլինի վեհաժողովից հետո թեեւ հարյուրավոր տարիներ են անցել, սակայն դրանք բավարար չեն մեզ խելք հավաքելու եւ սթափվելու համար: Այդ ամենի արդյունքում մեկ անգամ եւս թուրք-ադրբեջանական տանդեմը ցնծում է, իսկ մեր արեւմտամետ բեւեռին ցավակցելու առիթ տալիս:

Ինչ խոսք, լավ կլինի, եթե Հայաստանը ԱՄՆ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցություն կնքի եւ ավելի պաշտպանված լինի: Այդ դեպքում Հայաստանը համարձակորեն կկարողանա լծվել 1920 թվականի Ռուս-թուքական պայմանագրի լուծարաման գործին եւ պահանջներ կներկայացնի Սեւրի դաշնագրով Հայաստանին հատկացված տարածքները վերադարձնելու: Հատկապես որ զգացվում է. այսօր Ռուսաստանի ատամնաշարը կարծես կոտրված է եւ նա որոշ վախեր ունի Արեւմուտքից: Այդ հետնախորքի վրա ԱՄՆ-ի հետ դաշնակցային կապը նորանոր հնարավորություններ կբացի Հայաստանի ու Հայ ժողովրդի առջեւ: Ինչ խոսք, այդ դեպքում Հայաստանը կլինի անվտանգ, գուցե նաեւ առանց վիզայի փոխայցելություններ լինեն մեր երկու երկրների միջեւ ու այնքան հզորանա, որ ժամանակի ընթացքում կարողանա արեւմտյան մեր տարարծքները հետ վերադարձնել: Սակայն վիլսոնյան փորձը առարկայական հուշում է, որ մեր տարածաշրջանը ԱՄՆ-ի «կենսական շահերի մաս չի կազմում»: Թուրքիան էլ դա լավ է հասկանում, գիտի, որ ինքն է վերջինիս մահակն այստեղ, այդ պատճառով էլ Բայդենի հայտարարության դեմ որեւէ հակաքայլ չարեց, որովհետեւ Ամերիկայի եւ Թուրքիայի շահերը` Կովկասում համընկնում են, կամ այլ խոսքովՙ Թուրքիան Ռուսաստանի դեմ Կովկասում հիմնական պատվարն է:

Հետաքրքրական է, որ Բայդենի մեսիջից հետո ԱԺԲ-ն կամ «Սասնա Ծռերն» են շատ ակտիվացել ու ամբողջ թափով հակառուսական քարոզչություն են անում: Ասելով, որ ռուսների հետ մտերմության 100 տարում ցեղասպանություն, չորս պատերազմ եւ մեծ աքսորներ ապրեցինք, բայց լավ կյանք չտեսանք: Այժմ ոչ ավել ոչ պակաս պիտի քաղաքական «Սարդարապատ» սկսենք, ազատենք մեր երկիրը թուրքերից ու «բազմադեմ» Ռուսաստանից: Իրենց այդ մտքից ոգեւորվածՙ նրանք շեշտում են նաեւ, որ Վրաստանը թեեւ տարածքներ կորցրեց, բայց անկախացավ ու մի օր այդ տարածքները հետ կվերադարձնի: Իսկ մենք ոչ միայն Արցախը կորցրեցինք, այլ նաեւ այն վերադարձնելու հույսը...: Հակառուսական քարոզչություն իրականացնելիս մոռանում են, որ Արցախը տալու ակունքներում նաեւ մենք ենք կանգնած մեր սեւ ու սպիտակով, մեր աններելի սխալներով ու տարօրինակ քայլ-հայտարարություններով:

Հետաքրքրական է, իսկ ո՞րն է Հայաստանի դերն ու ճակատագիրը ռուս վերլուծական դասավորությունների մեջ: Հայկական տեսական մտքի ո՞ր դրույթներ են հաստատվում եւ որո՞նք վիճարկվում: Որոշ տեսաբաններ, օրինակՙ Եվգենի Սատանովսկին եւ Իվան Ստարոդուբցեւը , Թուրքիան բնութագրում են իբրեւ Ռուսաստանի «գերեզմանափորի» թիվ «մեկ» թեկնածուի, չմոռանալով հիշատակել չինացիներին ու ճապոնացիներին, նաեւ ուկրաինացիներին ու ֆիններին: Մինչդեռ ըստ հայտնի վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանի , Ռուսաստանի քաղաքական մահվան ամենագործուն բանալին հայերի ձեռքին է: Մի բան ակնհայտ է, որ ռուսական քաղաքական անցուդարձը արտահայտվում է «երեկ Պուտին, այսօր Պուտին, վաղը Պուտին» Վյաչեսլավ Վոլոդինին պատկանող պարզ բանաձեւով, որը ճշգրիտ նկարագրում է այն անփոփոխ վիճակը, որին ձգտում է մոսկովյան ծերացող վերնախավը: Հետեւապեսՙ հայ քաղաքական դասը դառնում է նրա այդ անփոփոխելի ածանցյալը: Այնինչ, մեր օրերում իրական քաղաքական կյանքը թե միջազգային, թե ներքին ասպարազում ենթակա է կարճատեւ, կտրուկ ու անսպասելի խոտորումների, որոնք ազգերին հնարավորություն են տալիս բարելավել իրենց դիրքը, կամ, ընդհակառակը, աղետալի հարվածների ենթարկվել:

Այդ հետնախորքի վրա դիտարկելի են Հայաստանի եւ Իսրայելի տրամագծորեն տարբեր դասական օրինակներըՙ 1918-ին եւ 1948-ին: Առաջինը երկրորդի համեմատությամբ հսկայական «ֆոռա», այսինքն տարածքային, մարդկային, ինչպես նաեւ պետական շինարարության փառահեղ փորձի առավելություն ուներ, իսկ դրական արդյունք արձանագրեց երկրորդը: Պատճառը հայերի մոտ այդ պահին անկախ պետականության ռազմավարության բացակայությունն էր: Այնպես որ, նոր որակի, նոր Հայաստանը ծնվելու է ներկա Հայաստանի մեջ ու զարգանալով, դուրս է մղելու ներկա մղձավանջայինին: Քանի որ տիեզերքը կատարում է իր բալանսավորված շրջապտույտը, եւ եթե նոր որակի փուլ է սկսվելու, ապա այն պետք է կանխավ ձեւակերպել եւ տեղեկացնել հասարակությանը: Բոլորը պետք է դառնան մասնակիցը նոր դարաշրջանի:

Մի կարեւոր խնդիր էլ կա. սկսված նախընտրական մրցավազքում բազմապիսի տեխնոլոգիաներ կիրառելով որոշ ուժեր հիմա էլ քարոզում են, թե իշխանությունը պատկանել ու պատկանում է ժողովրդին, այնինչ այդպիսի բան երբեք չի եղել ու չկա իրականում: Իշխանությունը ԵՐԲԵՔ եւ ՈՉ ՄԻ ԵՐԿՐՈՒՄ ժողովրդին չի պատկանել եւ չի պատկանում: Այն պատկանում է ոչ թե «կեղծ» կամ «անկեղծ» էլիտային, այլ իրական վերնախավին: Նրանց, ովքեր պետության մեջ որոշումներ են ընդունում: Մինչեւ 2018 թվականը մենք ունեցել ենք կոռումպացված, հղփացած, ճարպակալած ուղեղով էլիտա, հիմա ունենք տգետ, անմեղսունակ, անպատասխանատու վերնախավ: Այնպես որ, իշխանությունը ժողովրդին պատկանելու գաղափարը քաղցր խաբկանք է, երազախաբություն:

Լավ է, որ գոնե ժողովրդավար ու ասպետական Ֆրանսիայում հազարավոր զինվորականներ, տասնյակ գեներալներ, այդ թվում նաեւ գործող, «Ֆրանսիան իսլամիզմից փրկելու» շարժում են սկսել: Այսինքնՙ սկսվել է այն, ինչը կանխատեսում էր ամերիկացի հասարակագետ եւ քաղաքագետ, «քաղաքակրթությունների բախման» տեսության հեղինակ Հանթինգտոնը, համաձայն որի գլոբալ քաղաքակրթությունը մտել է զարգացման այն փուլը, երբ քիչ թե շատ նշանակալից կոնֆլիկտները տեղի կունենան ոչ թե ազգ-պետությունների միջեւ, այլ տարբեր քաղաքակրթություններ ներկայացնող ազգերի եւ խմբերի միջեւ, այսինքնՙ քաղաքակրթությունների բախում: Խնդիրն այն է, որ Եվրոպայի միլիոնավոր մուսուլմաններ չեն ցանկանում դառնալ եվրոպացի, այլ ձգտում են Եվրոպան դարձնել խալիֆաթ, այսինքն Եվրոպան հարմարեցնել իրենց քաղաքակրթության պատկերացումներին: Եվ այսօր արդեն աշխարհն ունի երկու Եվրոպաՙ ավանդական ու իսլամական, որոնք փորձում էին միմյանց հետ համագործակցել, հետոՙ միմյանց հանդուրժել, իսկ հիմա սկսվում է փոխադարձ անհանդուրժողականության փուլը: Իսկ այդ Եվրոպայի կողքինՙ հենց շքամուտքում, առաջ է եկել մի երկիրՙ Թուրքիան, որը իսլամիզմ ու թուրանիզմ է քարոզում, ցուցադրական նացիստական եղանակով, նաեւ համապատասխան ցանցեր է ստեղծում ամենուր ու շանտաժի է ենթարկում եվրոպացիներին: Իսկ դա կարող է ծնել հակառակ ուժըՙ եվրոպական ազգայնականությունը:

Հարց է առաջանում. իսկ ինչ կապ ունի դա մեզ հետ: Հասկանալու համար նախ նշենք, որ Արցախի պատերազմը ցույց տվեց թյուրքերի համերաշխությունն ու եվրոպացիների անսկզբունքայնությունը: Եվրոպայի քաղաքներում տեսան Արցախում գլուխներ կտրող մարդկանց գաղափարակիցներին ու սկսել են հասկանալ, որ իրենց հերթն էլ է գալու: Ուստի բոլորովին էլ պատահական չէ, որ հենց զինվորականներն են սկսել առաջինը դա հասկանալ: Իսկ հայը, որ աշխարհի հնագույն քաղաքակիրթ ազգերից մեկն է, այսօր պետք է լիներ հակաթուրքական պայքարի առաջնագծում, այնինչ, օրվա իշխանությունները Հայաստանի ժողովրդի դիմադրողականությունն իջեցրել է Ցեղասպանության տարիների մակարդակի, երբ տաս-քսան ասկյարով սրի էին քաշում հազարավոր մարդկանց: Մենք անգամ զրկված ենք բնազդային ինքնապաշտպանության զգացողությունից: Այն մոլորված կամ միտումնավոր անձանց իշխանության, որոնք կործանարար, աղետալի պատերազմ են սկսել եւ հազարավոր հայ երիտասարդների զոհվելուց հետո խոսում են թուրքերի հետ «ախպերության» մասին: Պարզապես հարկավոր է հիշել, որ եթե Ցեղասպանությունից հետո աշխարհի տարբեր երկրներում հանգրվանած հայերը ստեղծեցին «Նոր» անունով թաղեր ու անվանակոչեցին փողոցներՙ Նոր Հաճըն, Նոր Կիլիկիա, Նոր Արմենիա եւ այլն, ապա դա չի նշանակում, որ հիմա էլ պետք է կամաց-կամաց արտասահմանում Նոր Կապան, Նոր Մեղրի, Նոր Սիսիան, Նոր Գորիս ու, վերջապես, Նոր Երեւաններ ստեղծելուն պատրաստվենք: Կարծում եմՙ ոչ: Ավելին, պետք է պատրաստվենք ավելի շուտ Կարինի, Կարսի եւ այլ բնակավայրերի փողոցների հայանունացմանը:

05.05-10.05.2021

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ