RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021



Տեղադրվել է` 2021-05-13 23:03:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1492, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի՞ՆՉ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, Փարիզ

Չնայած Մեծ Բրիտանիան հավաստում է իր չեզոք դիրքորոշումը, սակայն ղարաբաղյան պատերազմի ընթացքում նա բացահայտորեն խաղարկեց ադրբեջանական խաղաքարտը: Զարմանալիորեն, հայկական մամուլը որոշակի զսպվածություն է ցուցաբերում Մեծ Բրիտանիայիՙ հայկական շահերին հակառակող գործողությունների նկատմամբ, մի երկրի, որի քաղաքացիությունից չի հրաժարվել նախագահ Արմեն Սարգսյանը: Որո՞նք են Լոնդոնի դրդապատճառներն այս նոր մեծ խաղի մեջ:

Արդյո՞ք բրիտանացիներն ուղղակի շահեր ունեն Ադրբեջանում: Բնականաբա՛ր: «Նենգ Ալբիոնը» երբեք չի թաքցրել իր թուրքասիրությունն ու մտերմությունն Ադրբեջանի հետ. երկիր, որտեղ միլիարդներ է ներդրել British Petroleum-ի (BP) միջոցովՙ գազ եւ նավթ արդյունահանելու եւ դրանք Եվրոպա հասցնելու համար:

Հումանիտարներՙ նախ Նորին Պայծառափայլությանը ծառայելով

Սա մի թատերախաղ է, որ կարելի է կատարել երկու արարով:

Արար I - UNICEF-ի ներկայացուցիչ, բրիտանական քաղաքացիություն ունեցող Մարիան Քլարք Հաթինգը հավաքեց ճամպրուկները: «Արմենպրես» գործակալության մարտի 11-ի հայտարարագրի համաձայնՙ Հայաստանի կառավարությունը դադարեցրել է UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնավարումը. ըստ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ՙ դրա պաշտոնական պատճառն «իր մանդատի իրականացման գործում թերացումներն են եւ ոչ համագործակցային աշխատելաոճը»: Որոշ լուրջ լրատվամիջոցներ (ինչպես «Ազատությունը», որը կեղծ լուրերի տարածման հակվածություն չունի) նշել են նրա պաշտոնանկության այլ պատճառներ. մասնավորապեսՙ մեղադրանքներ, որ նա գործել է ի շահ թշնամական Ադրբեջանի ու Միացյալ Թագավորության, որի քաղաքացին է: ԱԳՆ խոսնակը չհաստատեց լրտեսության շուրջ ասեկոսեներըՙ տարածված UNICEF-ի այդ ներկայացուցչի վերաբերյալ, որը Հայաստանում նշանակվել էր 2020 թվականի հուլիս ամսիցՙ Սոմալիում, Գվինեայում, Բենինում, Մադագասկարում աշխատելուց հետո:

Արար II - HALO Trust-ի քարտեզների գործը: Սա ականազերծման բարեգործական կազմակերպություն է, որն Արցախում գործում է 2000 թվականից ի վեր, եւ որին կասկածում են Արցախի ականապատված տարածքների քարտեզը հակամարտության ընթացքում թուրքական հատուկ ծառայություններին հանձնելու մեջ: Այս ծանր մեղադրանքը «24 news»-ի մեր գործընկերների ներկայությամբ առաջ է քաշել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը : Մարտի 30-ին Ստեփանակերտի քննչական կոմիտեն վարույթ է ընդունել «HALO Trust» կազմակերպությանՙ Արցախում ականապատման քարտեզը թուրքական ծառայություններին հանձնելու վերաբերյալ գործը: Մարտի 11-ի իր հայտարարության մեջ բրիտանական կազմակերպությունը պաշտոնապես հերքել է այդ մեղադրանքը: Շարունակելի...

Ըստ Բրիտանական խորհրդարանի մի զեկուցման, Լոնդոնի պաշտոնյաները չեն թաքցնում Երեւանի ու Բաքվի միջեւ իրենց խտրական վերաբերմունքը: Հայերն, օրինակ, վրդովվել էին, երբ Լոնդոնը Երեւանում դեսպանություն բացեցՙ Բաքվում դեսպանություն բացելուց երեք տարի անց միայն: Եվ անակնկալ չէ, որ երկկողմ առեւտրի անհավասարակշռությունը նույնքան ակնհայտ է, եւ սրտի ու մտքի նժարը թեքում է Կասպիական ափերի կողմը: Մեծ Բրիտանիան չլինելով Մինսկի խմբի անդամ, որի մասին շատ ցածր կարծիքի է, իրեն համարում է դիվանագիտական լիարժեք դերակատարՙ արցախյան հակամարտության կարգավորման գործում. հակամարտություն, որտեղ բրիտանական դիրքորոշումը շատ հեռու է իր ցուցադրած չեզոքությունից: Պատերազմի ամենաթեժ օրերին, հոկտեմբերի 19-ին, Ադրբեջանում BP-ի տարածաշրջանային տնօրեն Գարի Ջոնսն ընկերության անունից հայտարարություն հրապարակեցՙ փաստացիորեն հավանություն տալով Ադրբեջանին եւ ընդգծելով ադրբեջանական էներգետիկ հաղորդակցությունների ռազմավարական կարեւորությունը Մեծ Բրիտանիայի համար: Ավելին. դրա հաջորդ օրը Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբն ընդգծեց անգլո-թուրքական հարաբերությունների ռազմավարական բնույթըՙ որակելով Անկարային «դաշնակից եւ բարեկամ»ՙ ասես կշտամբելով որոշ եվրոպական երկրների (ինչպիսին են Ֆրանսիան կամ Ավստրիան) փորձերըՙ վերագնահատել Եվրոպայի դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ: Ի՞նչ են նշանակում այս հայտարարությունները: Պետք է նշել, որ Լոնդոնի ուշադրությունն Ադրբեջանի հանդեպ ավանդաբար սերտորեն կապված է նավթի ու գազի բրիտանական արդյունաբերության հետ. BP-ն վաղուց արդեն Ադրբեջանում արեւմտյան գլխավոր օպերատորն է: Տեղում այսպիսի կարեւոր ներկայությունն առաջացրել է տարածաշրջանում մատակարարման կայունությունն ու անվտանգությունը պահելու բրիտանական շահագրգռությունը:

2020 թվականի հոկտեմբերի 31-ին արված հաղորդագրության մեջ Արտաքին գործերի գրասենյակն աչքի ընկավ, իդեպ, ինչպես Քե դ"Օրսեն (Ֆրանսիայի ԱԳՆ)ՙ ի ցույց դնելով մեկ միլիոն ֆունտ սթեռլինգի մարդասիրական օգնություն հակամարտությունից տուժածների համարՙ ի պատասխան Կարմիր Խաչի կոչին:

Լոնդոնի, Անկարայի եւ Բաքվի շահերի համընկնումնՙ ընդդեմ Մոսկվայի

Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտին բրիտանական դիվանագիտության ղեկավարը խորհրդակցական նպատակներով գտնվում էր Թուրքիայում: Ազգի հայր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան արարողակարգային այցի ժամանակ նա Ռուսաստանի գնորդ, Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի գործընկեր Թուրքիային անվանեց «ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակից եւ նրա ռազմական անձնակազմի ամենամեծ ներդրողներից մեկը»: Եվ անգամ հավելեց. «Միացյալ Թագավորությունը սատարում է Թուրքիայինՙ ահաբեկչության դեմ պայքարում եւ ընդունում է PKK-ի լուրջ սպառնալիք լինելը»: Հոկտեմբերի 6-ին Դոմինիկ Ռաաբը նախազգուշացնում էր, որ ղարաբաղյան հակամարտության արդյունքը կբերի Ռուսաստանի եւ Թուրքիայի ուժեղացմանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերակազմավորման դառը պայքարի շրջանակներում: «Կարծում եմ, որ չնայած ՆԱՏՕ-ի մեր թուրք գործընկերների պահվածքը երբեմն հիասթափեցնող է, սակայն մենք շատ զգույշ պետք է վերաբերենք այն ռիսկին, որ Թուրքիան կարող է Ռուսաստանի գիրկն ընկնել»:

Միեւնույն ժամանակ, չհաշված որոշ անձինք, ինչպիսիք են բարոնուհի Քերոլայն Քոքսը , որը հայտնի է արցախցիների նկատմամբ իր նվիրվածությամբ, կամ Իրաքում ծնված հայտնի բրիտանահայ, Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարությունների ինստիտուտի տնօրեն լորդ Դարզին, 1915 թվականի Ցեղասպանությունը մինչեւ օրս չընդունած Բրիտանիայում «հայկական լոբբի», որպես այդպիսին, գոյություն չունի:

Եվ շատ բնականորեն բրիտանական մոտեցումը Լոնդոնին հնարավորություն տվեց շահել Բաքվի կարեւոր վստահությունը: Թուրքիայի վերաբերյալ Ռաաբի հայտարարությունը շատ համահունչ է Բրեքսիթից հետո վարած բրիտանական արտաքին քաղաքականությանը: Ներկայիս պահպանողական վերնախավը իշխանության եկավ «համաշխարհային Միացյալ Թագավորության» խոստումով, որը հավակնում է լրացնել Լոնդոնիՙ Եվրոմիությունից դուրս գալըՙ զարգացնելով նոր առեւտրային եւ ռազմական դաշինքներ ամբողջ աշխարհում: Նպատակն էՙ վերադարձնել Մեծ Բրիտանիայի վաղեմի փառքը: Լոնդոնը նկրտում է ոչ թե տարածաշրջանային, այլ համաշխարհային գերտերության բնական դեր ստանձնել: Այս ռազմավարությունը պահանջում է ամուր հարաբերությունների հաստատումՙ ներառյալ ազատ առեւտրի համաձայնագրեր եւ սերտ համագործակցություն տարածաշրջանի, ինչպեսեւ զարգացող տերությունների հետ, ինչպիսիք են Ճապոնիան, Հնդկաստանը, Չինաստանը, Բրազիլիան եւ այլն:

Այս տեսանկյունից Թուրքիան եւ Ադրբեջանը, բնականաբար, շատ մեծ կարեւորություն ունեն: Բացի եկամտաբեր մեծ շուկա լինելուց, «Մերձավոր Արեւելքի դարպաս» հանդիսանալը եւ տարածաշրջանում Անկարայի նախաձեռնողական դիրքորոշումը կարող են օգտակար լինել Լոնդոնինՙ այստեղ քաղաքական գործընթացների մեջ ազդեցություն ունենալու առումով: Թուրքիայի հետ ամուր գործընկերությունը խիստ կարեւորություն ունի նրա արտաքին քաղաքականության գլխավոր ռազմավարական կողմնորոշումներից մեկի համար. հնարավորինս զսպել Ռուսաստանին: Ուստիեւ պատահական չէ, որ Լոնդոնը եւ Անկարան իրենց ռազմական համագործակցությունը Ուկրաինայի հետ, գրեթե միասին, բարձրացրին որակական մի նոր աստիճանի: Հետեւաբար, լիովին հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հաջողությունը, տարբեր առումներով, համընկնում էր բրիտանական շահերին: Հավանություն տալով Անկարային եւ գրեթե միաժամանակ անուղղակիորեն աջակցելով Բաքվինՙ Մեծ Բրիտանիան լուրջ ազդանշան է ուղարկում այն երկրներին (հիմնականումՙ Ֆրանսիային), որոնք ուզում են օգտագործել ներկա հակամարտությունըՙ մեկուսացնելու համար Թուրքիային եւ նրա «կայսերական հավակնությունները» հակադրել արեւմտյան շահերին: Այն կարող է նաեւ մեկնաբանվել Բրեքսիթից հետո Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունների տեսանկյունից : Արդեն իսկ պարզ է, որ Լոնդոնը հստակորեն հրաժարվում է իր արտաքին քաղաքականությունը համակարգել ԵՄ-ի հետ եւ թերեւս կփորձի համակցվել այն երկրների հետ (ինչպիսին են Իտալիան, Լեհաստանը եւ, հավանաբար, Գերմանիան), որոնք մի շարք ռազմավարական հարցերի վերաբերյալ հանդես են բերում նույնանման դիրքորոշումներ:

Մեծ Խաղի վերամշակո՞ւմ

Ռուսական մամուլը տենչում էր վերակենդանացնել 19-ից մինչեւ 20-րդ դարի սկզբին Եվրասիայում ռուսների եւ բրիտանացիների միջեւ Մեծ Խաղ կոչվող մրցակցության հիշողությունը: Ավանդաբար ռուսամետ Ղարաբաղը բրիտանացի ռազմավարներն ընկալում են որպես պատառիկ այն Ադրբեջանում, որտեղ իրենք ռազմական ներկայություն պահեցին բոլշեւիկյան հեղափոխությունից հետո մինչեւ խորհրդայնացումը: Եվ հենց բրիտանացիները, գնդապետ Թոմսոնի հրամանատարությամբ, 1919-ին նպաստեցին, որ Ղարաբաղի նահանգապետ նշանակվի ադրբեջանցի Խոսրով բեկ Սուլթանովը եւ փակեցին Զանգեզուրից եկող զորավար Անդրանիկի զորքերի ճանապարհը, որոնք Շուշիի մատույցներից ստիպված եղան հետ դառնալ...

Այսպիսով, բրիտանական արտաքին հետախուզությանՙ MI6-ի (Ռազմական Հետախուզություն, 6-րդ բաժին) ներկայիս պետ Ռիչարդ Մուրի քաղաքականությունը շարունակում է խոր արմատներ նետած այս ավանդույթը: Թուրքախոս եւ փորձառու այս դիվանագետը 2014-ից 2017 թվականները եղել է Միացյալ Թագավորության դեսպանն Անկարայում եւ նախագահ Էրդողանի վաղեմի ընկերն է: Նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի ստորագրումից երեք օր անց Ռիչարդ Մուրը Անկարայում էր` Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինի հետ քննարկելու համար Ղարաբաղի, Լիբիայի, Մերձավոր Արեւելքի վերաբերյալ հարցեր: Կարիք չկա նշելու, որ Հայաստանի հարավումՙ Մեղրիով անցնող եւ դեպի Կասպից ծով տանող «պանթուրքական մայրուղու» հեռանկարը ծառայում է նաեւ բրիտանական նեո-կայսերական ծրագրերի իրագործմանը: Միացյալ Թագավորությունը խիստ շահագրգռված է Ռուսաստանի հարավային սահմաններում անկայունությամբ, ուստիեւ չդատապարտեց Թուրքիայինՙ տարածաշրջան սիրիացի ջիհադիստներ ուղարկելու համար: Մեկ այլ վառ ապացույց. Լոնդոնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միակ անդամն էր, որը 2020 թ. նոյեմբերի 5-ին հրադադարի մասին որոշմանը դեմ քվեարկեց: Ավելին, երբ թուրք-ադրբեջանական հարձակումը սկսվեց սեպտեմբերի 27-ին, բրիտանական խորհրդարանը «Հայաստանի ագրեսիան դատապարտող» բանաձեւ էր ընդունում: Իրեն հավատարիմ մնալովՙ բրիտանական արտաքին քաղաքականությունն իր ջութակները լարում է պանթուրքական ծրագրերին համահունչՙ տապալելու համար ստատուս-քվոն Հարավային Կովկասում եւ Ռուսաստանին վտարելու համար 19-րդ դարի սկզբի ռուս-պարսկական պատերազմներից հետո արտոնյալ դարձած իր տարածքից :

Արդյո՞ք Թուրքիան Լոնդոնին անհրաժեշտ «խոյը» կլինիՙ առաջ մղելու համար իր խաղաքարերը: Անշուշտ, այս հարցը պետք է տալ անձամբ նախագահ Արմեն Սարգսյանին , որն արքայազն Չարլզի ընկերն է, որն էլ իր հերթին Ռիչարդ Մուրի մտերիմն է: Այդ նախագահը, որի արարողակարգային լիազորություններն Անգլիայի թագուհու մակարդակի են, սերտ համագործակցում է «Լիդիան Արմենիա» ընկերության իր բրիտանացի գործընկերների հետ, որոնք շահագործում են Ամուլսարի ոսկու հանքը եւ անուղղակորեն Արցախի հանքերը: Բայց սա արդեն այլ պատմություն է...

France-Arme"nie, Ֆրանսերենից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻՆՈ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ, Սիստերոն, Ֆրանսիա

Նկար 1. Քլարք Հաթինգ - UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի մանդատը դադարեցվեց չբացահայտված պատճառներով:

Նկար 2. Ադրբեջանը, որտեղ BP-ն մեծ ներդրումներ է կատարել, լիովին համապատասխանում է Ռուսաստանի զսպման բրիտանական ռազմավարությանը:

Նկար 3. Իբրահիմ Քալին եւ Ռիչարդ Մուր:

Նկար 4. Անկարայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանին ընդունել է Թուրքիայի եվրոպական հարցերի նախարար Վոլքան Բոզկիրը:

Նկար 5. Խոսրով բեկ Սուլթանով, բրիտանացիների նշանակած ադրբեջանցի նահանգապետ, 1918 թ. Շուշիի հայերի ջարդի պատասխանատուներից մեկը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ