RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021



Տեղադրվել է` 2021-05-13 23:03:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1841, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԱՐՁԱԿՎԵՑ...

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի

Ազգային ժողովը երկրորդ փուլով Նիկոլ Փաշինյանին կրկին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես եւ նախատեսվում էր: Սահմանադրության համաձայնՙ իրավունքի ուժով Յոթերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է: Վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը «կողմ» եւ «դեմ» քվեարկեցին մեկական պատգամավորներ, 76 պատգամավոր քվեարկեց «ձեռնպահ»: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ էր 67 «կողմ» ձայն:

Անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ է, որ Ազգային ժողովն արձակվում է սահմանված ժամկետից շուտ: 2018թ. նոյեմբերին եւս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո խորհրդարանը ցրվել էր նույն ընթացակարգով:

Թեմայի շուրջ զրուցեցի պատմաբան, քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ.

«ՀՀ-ում Ազգային ժողովի լուծարումն այլ եղանակով չէր կարող լինել, որովհետեւ միակ ձեւը երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու այս եղանակն էրՙ ընտրվել է ամենօպտիմալ տարբերակը: Եթե մենք սպասում էինք արտահերթ ընտրություններիՙ հենց այս կերպ պետք է ցրվեր ազգային ժողովը» ,- ասաց քաղաքագետը:

Հարցին, թե ՀՀ-ը պատրա՞ստ է խորհրդարանական ընտրությունների, քաղաքագետը պատասխանեց.

«ՀՀ-ը, իհարկե, պատրաստ չէր. Հայաստանի հասարակությունը ընդհանրապես պատրաստ չէր պառլամենտական երկրում ապրելու, որովհետեւ մեր հասարակությունը քաղաքականապես շատ անգրագետ է, եւ մեզ մոտ ոչ թե ընտրում են կուսակցություններին եւ նրանց ծրագրերը, այլ ընտրում են զուտ ֆիզիկական անձանց, որոնք ղեկավարում են այդ կուսակցությունները: Այդ հանգամանաքը հաշվի առնելովՙ ես ի սկզբանե կտրականապես դեմ եմ եղել, որ Հայաստանը անցնի պառլամենտական համակարգին, եւ ես իրոք կանխատեսել էի, որ ՀՀ-ում պետք է ծագեն այսպիսի քաղաքական ճգնաժամեր» ,- նշեց Համբարյանը:

«Քաղաքական դաշտը կրկին պատրաստ չէ արտահերթ ընտրությունների եւ ես գտնում եմ, որ պառլամենտական ընտրությունները պետք է անցկացվեին ոչ թե այս իշխանության ներկայացուցիչների եւ հատկապես դավաճան եւ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ պետք է ձեւավորվեր ժամանակավոր կառավարություն, որը պարտականություն կստանձներ մեկ տարվա ընթացքում կարգավորել իր երկրում ներքաղաքական իրավիճակը եւ հետո նոր կկազմակերպեին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երբ որ քաղաքական դաշտում նորմալ ընթացակարգեր կգործեն եւ քաղաքական ուժերը կունենան համապատասխան ժամանակահատվածը իրենց ծրագրերը ներկայացնելու համար: Ցավոք, ունենք այն, ինչ ունենք»,- հավելեց քաղաքագետը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ