RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021



Մշակույթ

Տեղադրվել է` 2021-05-13 23:03:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 546, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐԴՈՒՆ ԱՊՐԵԼՈՒ ՏԵՆՉՈՎ ՎԱՐԱԿՈՂ ԱՐՎԵՍՏ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանը հանրահայտ է, սիրված, աշխարհի պատկերասրահներներում ներկայացված, կարելի է ասելՙ համաշխարհային գեղանկարչության պատմության մաս է արդեն շատ տարիներ:Տարվա օրերի թվով նկար ստեղծելու, անվերջ նկարելու եռանդ եւ ուժ ունիՙ չնայած ուսած ութ տասնամյակից ավելի տարիներին, ու ընդհանրապեսՙ նրա տեսքն էլ մի երկու տասնամյակով ավելի երիտասարդ մարդու է: Նրա արվեստանոց մտնողը պարզապես մի ուրիշ կարգի հարստացած ու ներշնչված է իրեն զգում եւ հիացմունքի խոսքերից բացիՙ այլ բան չի կարողանում արտաբերել:

Ընդհանրապես, նա, ով իրավունք կստանա հայտնվել Թաթոսի արվետանոցում, կարող է գլուխ գովել, որ տեսել է աշխարհի ամենատեսարժան եւ առարկայական հարթույթում գոյություն ունեցող բոլոր գույները պարփակող վայրը, որտեղ կտավ փոխանցված զգացմումքների թանձրությունից եւ բնության մեջ եղածից էլ ավելի պայծառ գույներից աչքերդ կա՛մ կարող են հուզմունքից թրջվել, կա՛մ անգամ մի քանի վայրկյանով կուրանալ, չեմ չափազանցում: Դասավանդում է, կոչումների եւ գնահատման պակաս չունի, Հայաստանի ժողովրդական նկարիչ է, ԱՄՆ Թեքսաս նահանգի գեղարվեստի ակադեմիայի անդամ, պրոֆեսոր, անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բուենոս- Այրեսոում, Լոս Անջելեսում, Մարսելում, Լիոնում, Փարիզում, Մյունխենում, Մոսկվայում, բազմաթիվ այլ քաղաքներում: Գործեր ունի աշխարհի պատկերասրահներում եւ մասնավոր հավաքածուներում:Գնահատվել է բազմաթիվ պարգեւներով, Հակոբ Մեղապարտի մեդալով, կարծում ենքՙ մանրամասնելու հարկ չկա այս առումով, ամեն ոք ճանաչում է նրան:

Նրա հետ զրույցին, որ հետագա ծրագրված հանդիպման նախավարժանքը կարելի է համարել, խոսում էինք դեսից-դենից, արվեստի ներկա իրողություններից, նկարի ստեղծման ընթացքից, գեղանկարչության ներկա հանգրվանից: Նրա կարծիքով, տաղանդավոր մարդը ինչի էլ ձեռք զարկիՙ իր ներսի եղած շնորհը դրսեւորելու է, տաղանդը թիվ մեկ նախապայմանն է արվեստում, հետո արդեն գալիս են աշխատելու ցանկությունն ու ներքին մղումները: Երբ հարցրիՙ գնահատված զգում է արդյոք նա իրեն, պատասխանեցՙ ինչու ոչ, մարդիկ փողոցում ճանաչում եւ մոտենում են, գնահատանքի խոսքեր ասում, ներկայացված լինելու ու ճանաչման պակաս չունի, իսկ իր համար ամենալավ գնահատակականն այն է, որ կարող է աշխատել, ամեն օր աշխատելու, ստեղծելու մղում ունի, ամեն օր ձգտում է շուտ հասնել կտավին: Եւ այն, որ իր արվեստանոցն էլ հայտնի ու տաղանդավոր հյուրերի, իր արվեստը գնահատողների պակաս չունի, դա եւս գնահատանք է: Բայց եւ մեծ աղմուկն էլ չի սիրում:

Արվեստը լուռ, առանց աղմուկի է ստեղծվում, համոզված է նա, բայց լույս աշխարհ գալուց հետո նրա մասին մարդիկ պետք է խոսեն: Նկարակալին նա ազատություն է տալիս ձեռքին, սրտին ու աչքերին, չի կաշկանդում ինքն իրեն, դրա համար նրա կտավներին զգացմունքների հեղեղ է, գույների խելահեղ համադրում եւ պարզապես աչքերի համար տոն:

Հրանտ Թադեւոսյանին ճանաչել եմ 30 տարի առաջ, ռադիոյի մեր խմբագրության գլխավոր խմբագրիՙ Ռաֆայել Մարտիրոսյանի ընկերն էր ու հաճախ էր գալիս երիտասարդական հաղորդումների խմբագրություն: Մնացել է այն ժամանակվա նույն անպաճույճ, առինքնող բնավորությամբ, ուրիշներին գնահատել կարողացող մարդը, որին չի տարել ճանաչումն ու հանրահայտությունը, նկատի ունեմՙ չեն վարակել հպարտությունն ու աստղային հիվանդությունը: Աստծո տված նախաստեղծ բարությունն ու մարդեղեն խառվածքը ոնց կային 30 տարի առաջ, նույն կերպ էլ մնացել են հիմա: Գիտեի նրա դժվարին մանկության, առանց ծնողների անցրած դառնուքաղցր օրերի ու դրանից ներսում դրված բարությանՙ երբեք չխաթարվելու, ուրիշ մարդկանց հանդեպ սերը չկորցնելու մասին, այդպիսին էր նա 30 տարի առաջ, այդպիսին է հիմա:

Նրա հետ զրույցը հեռախոսս չէր պահել, ափսոս: Մեր զրույցը հպանցիկ էրՙ ավելի հիմնավոր մի հանդիպման հույս ես ունեի, բայց եւ չշրջանցեցինք մի քանի թեմա: Նա խոսում էր այն մասին, որ հիմա նկատում է, թե մի քանի հոգով հավաքվել եւ ուզում են հայկական արվեստ ներկայացնել, մինչդեռ հայկական արվեստը, հայ գեղանկարչությունը մասնավորաբար, շատ բազմաշերտ է, պետք չէ նեղացնել- դարձնել մի քանի անձերի արվեստ: Անգամ այդ նեղացումը հեռուստաեթերներում է նկատելիՙ մի քանի հոգի կան, որոնց մշտապես ներկայացնում են, հրավիրում զրույցների (մեր կողմից նկատենքՙ բոլոր ոլորտներում է դա նկատելիՙ արվեստի, գրականության ոլորտը կլանային մոտեցումներից չի ազատագրվում, իսկ նոր իշխանության օրոք ավելի է կլանայնացվել): «Մենք դեռ ողջ ենք» , կես լուրջ-կես կատակ ասում է Հրանտ Թադեւոսյանըՙ նկատի առնելով, որ պետք է իրոք տաղանդավոր մարդկանց դուրս չթողնել պրոցեսից; Նրան ուրախացնում է, որ արվեստը գնահատող մարդիկ այցելում են իր արվեստանոց, հաղորդակցվում են իր ստեղծածի հետ, զրույցները նոր գողափարներ ու եռանդ են բերում, ներսի կուտակումներն ազատություն են ստանում, հասնում կտավին:

Բնապաշտ նկարիչը վաղ գարնանից հայկական բնության վառ գույների հետեւից դաշտերում էՙ մինչեւ խոր աշուն, տեսածին գումարելով իր ներսի պայծառությունը եւ այդպես խենթացնելով իր արվեստը սիրողներին:

Մենք խոսում էինք Թաթոսի սիրած կակաչներից, Հիտլերից, արվեստիՙ մարդուն վերափոխող ուժից: Խոսքի մեջ նա հիշեց, որ Հիտլերը, որ միշտ երազել էր մեծ նկարիչ դառնալ, ու նրան մերժել էին ընդունել մասնագիտական հաստատություններ, այնուամենայնիվ, ի վիճակի է եղել սիրել...արվեստը, ու դրա շնորհիվ, օրինակ, Էրմիտաժը չի ռմբակոծվել: Իսկ ես , նրա ասածի ազդեցությամբ, մտածում էի, թե որքան սխալներ են կատարվել, որոնք հետագայում անդարձ փոխել են աշխարհը, մեծ դժբախտությունների պատճառ դարձել: Եթե օրինակ 1907-ին կամ 1908-ին Վիեննայի արվեստի ակադեմիայի ընդունող հանձնաժողովում այնքան հոգեբան լինեին, որ Հիտլերին ընդունեին ակադեմիա, ապա աշխարհը չէր ստանա մարդասպան եւ նացիստ, չգիտեմ, սակայն, արվեստը դրանից կշահե ՞ր, թե ոչ: Բայց որ մարդկությունը կշահերՙ դա հաստատ... մինչդեռ նրան երկու անգամ էլ մերժել են Վիեննայի արվեստի ակադեմիայում, ու նրա միջի վիրավորանքը, չկայացած նկարիչը նրան դարձրել են աշխարհի դահիճներից մեկը: Խորացաՙ Հրանտ Թադեւոսյանի մոտ ահա այս կարգի փոիլիսոփայական մտքերը առատ նյութ են ստանում:

Մի խոսքովՙ այս կիրակի այցելել էի Հայաստանի ամենալուսավոր, ամենագունեղ ու իր արվեստով մարդուն ապրելու տենչով վարակող, անենամարդեղեն, միաժամանակ այս ունայն աշխարհից մարդուն կտրող- իր կտավների դրախտը փոխադրող նկարչին, ՀՐԱՆՏ ԹԱԴԵՒՈՍՅԱՆԻՆ ու բարեհամբույր տիկնոջըՙ Սիլվային: Պարզսիրտ, անկեղծ, միաժամանակ տաղանդավոր մարդու ողջ վեհությունը հայացքում, շարժուձեւում եւ վարմունքումՙ նա իրոք մեր կողքին ապրող մեծություն է, մեր կողքին ապրող դասական, որին պետք է գուրգուրենք, տասնակի անգամ ավելի գնահատենքՙ հասկանալով, որ մեր կողքին սովորական մարդ չէ, այլ արվեստի գագաթ: Սրանով հանդերձՙ նա ամենահասարակ մարդու պես գիտե սովորական մարդուն գնահատել, նրա ու նրա տիկնոջ պարզ շփումից արվեստը գնահատող ամեն ոք կարող է պարզապես հաճույք ստանալ:

Արվեստանոցից ես հեռացա մխիթարված, հույսով լցված կյանքի հանդեպՙ ինձ համար դժվար այս ժամանակում: Իսկ հեռանալիս մտածում էի, որ նրա արվեստանոցում հայտնվողին կարող է թվալ . թե մի անհայտ երկիր է այցելել (ամգամ ծանոթ լինելով նրա արվեստին), դրախտային երկիր, որի գույների, կերպարների, դրախտային ծառուծաղկի , բնության մեջ մինչ այդ չհանդիպող նոր բուսատեսակների արարիչը Հրանտ Թադեւոսյանն է: Կպատմեմ դեռ նրա մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ