RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 21-05-2021



Տեղադրվել է` 2021-05-22 18:27:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1230, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՐԿՎԱԾ ՆՅԱՐԴԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Խեղճ, խեղճ հայ ժողովուրդ, դու գերի ես թուրքազերիների ագահության, ռազմավարական դաշնակցի հակահայկական շահերի, տարածաշրջանային խաղացող մյյուս պետությունների պատեհապաշտ մտրակուբլիթի, անբարեխիղճ եւ ուղղորդված լրատվության, ներքին քաղաքական շահախնդիրների, ավարտված ստախոսների եւ քաղաքական շահատակների (իշխանության եւ ընդդիմության հավասարապես) ձեռքին ու չգիտեսՙ ո՞ւմ հավատալ, ո՞վ գոնե ճշմարտությանը մոտ մի բան կասի ստախոսության անսահմանափակ չափաբաժիններով հագեցած օրվա մեջ: Ըստ այդմՙ չգիտես անելիքդ, օրավուր ավելի ես նմանվում ալեկոծ ծովում անղեկ տարուբերվող պստիկ նավակի: Չգիտեսՙ ո՞ր աստիճանի է վտանգված հայրենիքդ, արդյոք այն աստիճանի, ինչպես պնդում են բազմագլուխ ընդդիմության տարբեր շերտեր (այսինքնՙ չորրորդՙ ամենաբարձր, կարմիր աստիճանի վտանգ, որի դեպքում ողջ հայությունը պետք է ոտքի կանգնի ու գնա երկրի սահմանները պաշտպանելու), քանի որ նաեւ իշխանական ստախոսության պատերազմական փորձառությանդ վախից չես հավատում նաեւ վարչապետի պաշտոնակատարի աթոռից ասվողին, թե «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով: Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի եւ այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետեւ դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին: Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետեւ կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան»:

Դե սա փաշինյանական ճշմարտության է, որի ճշտությունը ստուգվեց պատերազմի ժամանակՙ անսպասելի պարտությամբ եւ նոյեմբերիննյան ղազագրով: Ու ժողովուրդը չգիտեՙ ինչ կա այդ նոր թղթի մեջՙ անկլավնե՞րն է հանձնելու, մինչեւ ո՞ր աստիճանի սահմանազատման հանձնառություն է ստանձնելու Հայաստանը, կամ ինքըՙ ժողովուրդը համաձա՞յն է ինչ-որ բան հանձնելու եւ սահմանազատման:

Խեղճ, խեղճ ժողովուրդ, որ չգիտեՙ ինչն է ասվում հանուն հունիսի 20-ի ընտրություններում քվեի, ինչըՙ հանուն իրական վիճակի բացահայտման: Ու պրկված նյարդերով պատրաստ է արձագանքել ամեն գոռացողի, ամեն արկածախնդրի կանչով տնից գիշերով դուրս գալ, իսկ դա, սովորաբար լավ տեղ չի տանում: Չգիտեՙ թքի՞ ընտրությունների վրա ու գնա հայրենիքը պաշտպանելու, թե՞ ընտրություններով հայրենիքի փրկությունը պայմանավորողներին հավատա: Իրենց խոհանոցներից դավաճանական թղթեր բացահայտողներին հավատա՞, թե պաշտոնակատարին, որ ասում էՙ էդ տեսակ կեղծ թղթերը հրապարակողները միայն Ադրբեջանից կարող են ստանալ:

Ի՞նչ մտածի ու ի՞նչպես կազմակերպվի, ի՞նչ աստիճանի են վտանգված երկիրը, իր տունն ու ապագան, որ իր ռազմավարական դաշնակիցը, Բաքվի նման, նույնպես խոսում է Հայաստանի սահմանազատումից ու սահմանագծումից, ասել է թեՙ կասկածի տակ է դնում Հայաստանի իշխանությունների այն պնդումը, որ ադրբեջանցիք ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, դաշնակցի կարծիքով էլ, ուրեմն Հայաստանը պետք է արդեն ի՛ր տարածքից բան զիջի:

Մեկը չկա՞ ասի` էդ ռազմավարական գործընկերոջըՙ ուրիշների սահմանների հետ ի՞նչ գործ ունես, գնա Ուկրաինայի հետ քո սահմանները դելիմիտացրու ու դեմարկացրու, մանավանդ, որ Խորհրդային Միությանՙ ներսի հանրապետությունների սահմանները համարվել են ներքին սահմաններ ու մեծ մասը անկախ պետություն դառնալուց հետո մինչեւ հիմա էլ սահմանազատված չեն, ի՞նչ ես թուրքի պահանջով կբռշկել Հայաստանի սահմաններից: Ու դա ասում-անում է Մինսկի խմբի համանախագահ անդամը, երբ մյուս անդամները պնդում ենՙ Ադրբեջանը ներխուժել է ինքնիշխան Հայաստանի տարածք ու պետք է դուրս գա Հայաստանից, Ֆրանսիայի սենատի նախագահն էլ ասում էՙ քսան հազար ադրբեջանցի զինվոր կանգնած է Հայաստանի սահմանին, պետք է խոսքից գործի անցնել:

Իսկ մեր իշխանությունը, ի դեմս վարչապետի պաշտոնակատարի, ուզում է ինչ -որ նոր թուղթ ստորագրել, որտեղ հանձն է առնում սահմանազատումն ու սահմանագծումը, միգուցե անկլավների հանձնումը ու էլ ինչ գիտեմՙ ինչ, հետն էլ ասում էՙ բանակցում ենք դեռ, կոռեկտ չէ այդ թղթի բովադակության հրապարակումը, աշխատանքային փաստաթուղթ է: Բա լավՙ կոռեկտ է՞ր առանց բանակցային թուղթը նախօրոք հրապարակելու Շուշի ու Հադրութ հանձնելը, կոռեկտ է՞ր այդ խորհրդապահության ու ստի պատճառով մի ամբողջ սերունդ գրողի ծոցն ուղարկելը, ժողովրդին ապագայից ու արժանապատվությունից զրկելը: Հիմա բոլորն էլ հասկանում են, որ այս կառավարությունը երկու տարի առաջվա լեգիտիմությունը չունի, այլ այն ժամանակի համեմատ մի քանի անգամ պակաս վարկանիշ ունի, ո՞նց կարելի է թույլ տալ, որ այդ նվազ վարկանիշն ունեցողը ստորագրի ողջ հայությանը վերաբերող թուղթ: Հրապարակեքՙ ինչ փաստտաթուղթ եք քննարկում (տելեգրամյան ալիքները հրապարակել են, խոսքը պաշտոնապես հրապարակելու մասին է), ու թող ժողովուրդը որոշի ուզո՞ւմ է այդպիսի թուղթ ստորագրել, թե ոչ, կոռեկտ լինել-չլինելն էլ հայության համար նախ պետք է լինի: Մանավանդ հենց վարչապետի պաշտոնակատարն է ասումՙ Հայաստանի տարածք ներխուժել-մնացել են, ուշադիր, հինգ-վեց հարյուր ադրբեջանցի: Բա գերի վերցրեքՙ մեր ռազմագերիների հետ փոխանակենք:

Ու ճիշտ է «Լուսավոր Հայաստանը», որ Ազգային ժողովի արտահերթ նիստ է նախաձեռնելՙ այս փաստաթուղթը քննարկելու:

Ավելի ուշ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր էջում գրեց. «Ասք այն մասին, թե ինչպես են իրենց «ընդդիմադիր» հորջորջող որոշ շրջանակներ ամեն ինչ անում, որ ադրբեջանցի զինվորները չլքեն Հայաստանի տարածքը եւ գալարվում այն մտքից, որ իրենց երազած պատերազմը չի սկսվում, առավելեւս այն մտքից, որ կառավարության գործողություններում չկա եւ չի կարող լինել որեւէ դավադրություն»: նա խոստացավ երեկոյան բացել փակագծերը:

Հետաքրքրական է, որ երեկ հայտարարություն տարածեցին մի շարք ՀԿ-ներՙ պահանջելով գաղտնազերծել բանակցվող այս նոր փաստաթուղթը, եւ, դիտեք, ինչպես որ մենք արդեն մեր հրապարակման վերեւի հատվածում գրել էինք, նրանք էլ նշել են, թե ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որեւէ լեգիտիմություն չունի արտահերթ ընտրություններից մեկ ամիս առաջ, առանց քաղաքական խորհրդակցությունների, բանակցել արտաքին ուժերի հետ: Հայտարարությամբ պահանջվում էր հանրությանը հասանելի դարձնել բանակցվող ողջ նախագիծը, ՀԱՊԿ-ում հարցը բարձրացնելուց հետո արված քայլերը, գերիների շուրջ վիճակը եւ մի քանի այլ պահանջներ: Բա:

Իսկ ահա երեկ երեկոյան ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստում Էդմոն Մարուքյանը, խմբակցության պատրաստած հայտարարությանը հիմնավորելով, նկատեց, թե միջազգային պայմանագրերը պետք է ԱԺ-ն վավերացնի, սահմանազատման ու սահմանագծման մասին փաստաթղթի միանձնյա ու այս պահին ստորագրումը հղի է երկրի համար վատանգներով ու սպառնալիքներով, բացի այդՙ հահակասահմանադրական է, առանց ԱԺ կողմից վավերացնելու ու ՍԴ-ում սահմանադրականությունը ստուգելու, այնպես որ վարչապետի պաշտոնակատարին խորհուրդ է տրվումՙ մինչեւ ընտրությունների ավարտը ձեռնպահ մնալ այդպիսի փաստաթուղթ ստորագրելուց: Իսկ մամուլում տարածված փաստաթուղթըՙ սահամազատման եւ սահմանագծման հարցերը քննարկող եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին հավելված անվանեցՙ բուն փաստաթուղթը հրապարակելու առաջարկով:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, թե Ադրբեջանի նպատակը բախումներ հրահրելն էր Սյունիքի ամենանեղ հատվածումՙ իշխանությունը դա հասկացել ու կանխել է ճիշտ գործողություններով: Պատմեց, որ րոպեներ առաջ Եվրոխորհրդարանն ընդունել է հայ ռազմագերիների վերադարձի անհրաժեշտության մասին, հայտարարություն, որը վերջին պահին լրացվել է Հայաստանի տարածքային ամբողջականության թեզով:

Ադրբեջանցիներն անհապաղ պետք է լքեն Հայաստանի տարածքը, բայց քանի որ սահմանազատում ու սահմանագծում չկա Հայաստանի սահմաններումՙ այդպիսի նոր միջադեպեր կանխելու համար, որոշում է կայացվել ստեղծելՙ այդ հարցերը քննարկող եռակողմ հանձնաժողով: Ոչ մի գաղտնի հավելված էլ չկա, փաստաթուղթ է հանձնաժողով ձեւավորելու մասին, քանի որ Ադրբեջանի հետ հարաբերությւոններ չկան այդ խնդիրները լուծելու, ու այդ հանձնաժողովի ստեղծման մասին քննարկումն էլ պետք է լինի ադրբեջանցի զինվորներիՙ Սյունիքն անհապաղ լքելուց հետո: Հետաքրքրական է, որ ԱԳ փոխնախարարիՙ փաստաթղթից տեղյակ չլինելու հայտարարության ֆոնին, Փաշինյանը նկատեց, թե այդպիսի փաստաթղթերը ստանում է ԱԳՆ խողովակով, նշելով, թե ընդդիմադիրները շատ են ուզում, որ պատերազմ լինի:

Դեմարկացիան եւ դելիմիտացիան երկար գործ է, պետք է խոսենք-հասկանանքՙ ինչը-ոնց, այո, մենք էլ Ադրբեջանում անկլավ ունենք, ասում էր նաՙ շեշտելով, թե էս կետից մեր երկարաժամկետ ռազմավարությունն է պետք ընտրել, սահմանների անվտանգության թեման փակելՙ համաձայնության գալով, թե որտեղով է անցնում սահմանը: Իսկ թե ինչու դա թողնել ընտրություններից հետո, երբ ադրբեջանական զորք է մտել երկիր, նա չէր հասկանում: Դելիմիտացիայի արդյունքերը վավերացնելը լրիվ ուրիշ հարց է, իսկ հիմա միայն հանձնաժողով է ստեղծվելու, սովորական աշխատանքային գործընթաց է, էս ամեն ինչի մասին անվտանգության խորհրդի քարտուղարը հարցազրույց է տվել, այս փաստաթուղթը դեռ քննարկվում է, աառաջարկներ կարող են լինել, այդ պատօառով ձաստաթուղթը չի հրապարակվել. «Յոթ շրջան վերադարձնելու մասին քսան տարի բանակցվում էր, դե թող Միշիկը դներ ինտերնետում, թե ինչ է բանակցում հայրիկը»: Նա ասաց, թե սահմանի ողջ երկայնքով զինվորների միջեւ հայ-ադրբեջանական ծեծկռտուքներ են եղել, որի երեք րոպեն ադրբեջանական կողմը ինտերնետ է գցում, ադրբեջանական հայ գործակալներն էլ տարածում են:

Դժոխային ճանապարհի միջով ենք անցնում, բայց պետք է անցնենք, գնանք հարցերի կոնկրետ լուծմանը, ամենատարբեր կոմբինացիաներ կարող են լինել, ինչու չենք հիշում մեր անկլավ Արծվաշենը, նշեց վարչապետի պաշտոնակատարը: Ըստ նրաՙ քաղաքական կամք պետք է դրսեւորելՙ կիսատ հարցերը լուծելու, նաեւ Ղարաբաղի հարցի կարգավորման հարցը, միջազգային հանրությունն էլ է դա արձանագրում, ԵԽ նոր բանաձեւում էլ նաեւ ինքնորոշման սկբունքն է նշված: Եւ եզրակացրեցՙ Հայաստանին պետք է այնպիսի առաջնորդություն, որը կտանի, հաղորդուղիների բացման, խաղաղ կարգավորման դարաշրջան:

Մի խոսքովՙ Փաշինյանը կրկնեց իր բոլոր հին թեզերըՙ հավելելով, թե ով խոսում է մեզ չվստահելու մասին, հենց ինքն է անվստահություն վայելում:

Իհարկեՙ նույն կերպ խորհրդարանում նրա ասածներին համարժեք ընդդիմախոսություն էլ հնչեց, ու այս խոսակցությունը դեռ երկար է տեւելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 21-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ