RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 21-05-2021



Տեղադրվել է` 2021-05-22 18:27:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1196, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՋՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Չեք սխալվում: Հայաստանը իրոք գտնվում է գոյութենական սպառնալիքի ներքո: Քառասունչորսօրյա պատերազմը դեռ չի ավարտվել: Ընդամենը մի շատ հեղհեղուկ հրադադար է կնքված, ըստ անցալ տարվա նոյեմբերի 8-ի եռակողմ հայտարարության: Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիեւը երբեք էլ բառերը չեն խնայել: Առաջինը 2020 թվի դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի ունեցած հաղթանակի զորահանդեսի ժամանակ հիշեցրեց Կովկասի համար նախատեսված Էնվեր Փաշայի ծրագիրը, իսկ երկրորդը իր մտադրությունն արտահայտեց ստիպելու Հայաստանին, որ ցամաքային միջանցք բաց անի «պատմական Ադրբեջանի Զանգեզուր տարածքի» միջով:

Ներկայիս ընթացող բոլոր ռազմական գործողությունները եւ դրանց հաջորդած ճգնաժամը այդ նպատակին հասնելու նախերգանքն են հանդիսանում:

Պատմությունը ցույց է տվել, որ երբ մենք սկսում ենք փորփրել նման ռազմական արկածախնդրությունների սկզբնաղբյուրը, պարզում ենք, որ դրանք տեղի են ունենում այլ գլոբալ ճգնաժամերին զուգընթաց, նույն տարածաշրջանում կամ երկրագնդի տարբեր մի վայրում: Եվ իրոք, երբ քաղաքական աշխարհի ուշադրությունը ամբողջովին կենտրոնացած է Գազայում Համասի եւ իսրայելական զորքերի միջեւ բռնկված հակամարտության, եւ հարեւան Իրանում սպասվող նախագահական հուզումնալի ընտրությունների վրա, ժամանակը թվում է, թե հարմար է, որպեսզի թուրք-ադրբեջանական տանդեմը կատարի իր սադրիչ քայլըՙ Մոսկվայի բարյացակամ դիրքորոշոման ներքո: Նախագահ Ալիեւը, որն Ադրբեջանը ժառանգեց իր հորիցՙ Հեյդար Ալիեւից, նորելուկ էր արտաքին քաղաքականության եւ պետական գործերի բնագավառներում, երբ իշխանության ղեկն ստանձնեց, բայց աստիճանաբար նրա կառավարությունը հասունացավ եւ սկսեց դիվանագիտական ամենախորամանկ քայլերն անել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ թատերաբեմում: Այդ զարգացումը անմիջական հետեւանքն էր այն բանի, որ Թուրքիան իր հակակշռի տակ առավ Ադրբեջանի պետական գործերը:

Հայաստանի սահմաններում ստեղծված ներկա լարվածությունը, որն առաջացել է 250 ադրբեջանցի զինվորների Հայաստանի ինքնիշխան պետության տարածք 3,5 կմ մուտք գործելովՙ հաշվարկված ռիսկ էր, որն ամենայն հավանականությամբ ծրագրված էր Էրդողանի վարչակազմի կողմից եւ իրականացված Ալիեւի կառավարության միջոցով: Օգտագործելով տարածաշրջանի ռազմական եւ քաղաքական ուժերի դասավորվածության ներկա իրավիճակը, Անկարա-Բաքու տանդեմը պարզել է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը փակուղու առաջ է կանգնած ընդդեմ Կովկասում գտնվող թուրքական բանակի եւ ի վիճակի չէ կատարելու Հայաստանի հանդեպ ստանձնած իր պայմանագրային պարտավորվածությունները: Դրա հետեւանքում Մոսկվան թույլ է տվել Բաքվին կատարելու իր պատմական քայլը եւ ներխուժելու Հայաստանի Սյունիքի շրջան:

Սյունիքը կարեւոր է Հայաստանի համար, ոչ միայն որպես հանքանյութերով հարուստ տարածք, այլ- հատկապես որպես ռազմավարական շրջան, որը խոչընդոտում է Թուրքիային իրագործելու իր պանթուրանական ծրագրերը:

Այդ տարածքը նաեւ Իրանի համար է կարեւոր բազմաթիվ պատճառներով: Դրա համար է, որ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնախմբի նախագահ Մոջթաբա Զոննուրը հայտարարել է. «Անցյալի սահմանները պետք է ամբողջովին պաշտպանված լինեն եւ Հայաստանի հետ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանը պետք է պահպանվի: Մենք չենք ընդունի որեւէ փոփոխություն տարածաշրջանի սահմաններում»:

Իրանի կառավարությունը մտահոգ է, որ Հայաստանի տարածք կատարված որեւէ ներխուժում կարող է դոմինո ներգործութունն ունենալ եւ խախտել Իրանի տարածքային ամբողջականությունը, հնարավոր մի սպառնալիք, որն Ադրբեջանի հետագա ծրագրերում է, Թուրքիայի, Իսրայելի եւ Արեւմուտքի անմիջական խրախուսանքով:

Տարածաշրջանի նկատմամբ շահգրգռվածությունը նույնիսկ ավելի հեռուն է գնում: Հեռավոր Չինաստանն է հետաքրքրված Սյունիքի շրջանով, որը խոչընդոտ է հանդիսանում Թուրքիայի համարՙ իրագործելու դեպի Կենտրոնական Ասիա ներթափանցելու իր ծրագրերը: Վերջերս նույնիսկ Հնդկաստանն հանդես եկավ հայտարարությամբ:

Ադրբեջանն իր զորքերն է մտցրել Սեւ լճի շրջանը, որը գտնվում է Նախիջեւանի էքսկլավի ամենանեղ հատվածում: Նախագահ Ալիեւը ծրագրում է դրանով իրականացնել իր երազած միջանցքը եւ վերջնականորեն Նախիջեւանը միացնել Ադրբեջանին:

Ներկայիս բանակցություններ են ընթանում հայկական եւ ադրբեջանական զորքերի միջեւ: Դրանց մասնակցում է նաեւ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ասլան Մուրադովը:

Ադրբեջանն իր տարածքային պահանջները հիմնավորում է իր գծած կեղծ քարտեզեներով, եւ ձեւացնում է, թե իբր սահմանազատման անմեղ գործընթաց է առաջ տանում, մինչդեռ Հայաստանն ու Ռուսաստանը ի ցույց են տալիս խորհրդային ժամանակաշրջանում հաստատված քարտեզներ, որոնցում Սեւ լիճը հստակորեն ամրագրված է Հայաստանի սահմաններում:

Մայիսի 12-ից ադրբեջանական կողմը համաձայնվել էր հետ քաշել իր զորքերը, բայց դեռ չի կատարել իր խոսքը: Իլհամ Ալիեւը հետեւում է, ըստ երեւույթին, ԱՄՆ նախկին նախագահներից Թեդդի Ռուզվելտի վերաբերյալ հայտնի ասույթին, համաձայն որի նա փափուկ լեզու բանեցնելովՙ մի մեծ գավազան էր պահում իր ձեռքում: Նույն ձեւով, այսօր, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրում է տեղական խնդիրը միջազգային ատյաններ բարձրացնելու համար, ավելացնելով, որ Բաքուն ընդամենը փորձում է կարգավորել իրադրությունը խաղաղօրեն: Ադրբեջանը, սակայն, միաժամանակ ռազմական զորավարժություններ է անցկացնում Հայաստանի սահմաններում 15 հազար զինվորների եւ ծանր հրետանու մասնակցությամբ: Այս տարվա հունվար ամսից սկսած դրանք հինգերորդ զորավարժություններն են եւ արդյոք որեւէ հարց կարո՞ղ է լինել, թե ո՞ւմ ահաբեկելու նպատակ ունեն դրանք:

Զարմանալի է, որ մինչ աշխարհի գերհզոր պետությունները դատապարտում են, կամ մտահոգություն արձանագրում Ադրբեջանի սադրիչ գործողությունների առնչությամբ, Ռուսաստանը լռություն է պահպանում: Կրքերն է՛լ ավելի բորբոքելով, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բայրամովին կրկնելով հայտարարում է, որ Երեւանը շատ մեծ աղմուկ է բարձրացնում «սահմանային մի խնդրի վերաբերյալ, որ մենք փորձում ենք կարգավորել տարածաշրջանի մեր գործընկերների հետ»:

Ֆրանսիան ամենաանկեղծ պետությունն է, որ դատապարտում է Ադրբեջանին եւ Բաքվից պահանջում հետ քաշել իր զորքերը Հայաստանից: Նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ եւ արտահայտել իր զորակցությունը Հայաստանին: Ավելին, նա առաջարկել է հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում եւ նույնիսկ խոստացել ՄԱԿ-ի մանդատով ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին: Կանադան նույնպես դատապարտել է Ադրբեջանի ներխուժումը:

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ջալինա Պորտերը հետեւյալ հայտարարությունն է տեղադրել պետքարտուղարության կայքում. «Վիճելի տարածքներում ռազմական գործողություններ ծավալելը անպատասխանատու եւ ավելորդ սադրիչ քայլ է: Մենք, իհարկե, տեսել ենք զորքերը ետ քաշելու օրինակների համապատասխան զեկույցները եւ ողջունելի ենք համարում: Ակնկալում ենք, որ Ադրբեջանն անհապաղ ետ կքաշի իր զորքը եւ կդադարեցնի հետագա սադրիչ գործողությունները»: Բայդենի Ազգային անվտանգության խորհրդատու Ջեյք Սալիվանը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում նույնպես արտահայտել է իր մտահոգությունները:

Նախագահ Ալիեւը պնդում է, որ բռնի ուժով կարգավորել է ղարաբաղյան հարցը եւ կարգավիճակի մասին այլեւս խոսք լինել չի կարող: Ինքնիշխան Հայաստանին սպառնալով նա հորդորում է հայերին մտահոգվել ոչ թե Ղարաբաղի, այլ իրենց իսկ գոյության մասին: Միաժամանակ, նա ստուգում է Ռուսաստանի վճռականությունը օգնելու իր դաշնակցին եւ Հայաստանի պաշտպանական հովանին համարվող ռուսաստանակենտրոն ՀԱՊԿ-ի արդյունավետության աստիճանը: Այդ պայմանագիրը արդեն իսկ ծիծաղի առարկա է դարձել այն օրվանից, երբ Ադրբեջանը, որ դրա անդամը չէ, պարտության մատնեց Հայաստանին, որն այդ կազմակերպության անդամ է: Ավելին, այդ պայմանագրի մի քանի անդամներ շտապեցին շնորհավորել Ադրբեջանին այդ հաղթանակի առթիվ:

Ռուսաստանն իրոք մտահոգված է, որ այս հակամարտությունը միջազգային տարողություն է ստանում: Չմոռանանք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարՙ գեներալ Սերգեյ Շոյգուն հպարտությամբ էր արտահայտվում Կովկասում ռուս-թուրքական համատեղ գործողության հաջողության վերաբերյալ: Նա ասում էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարողացել են Կովկասում, ինչպես դրանից առաջ Սիրիայում, իրագործել քաղաքական ե ռազմական հաջող մի ծրագիր:

Տարածաշրջանում կատարվածը երկու կողմերին էլ ձեռնտու է: Հայաստանի շահը, նույնիսկ նրա գոյության խնդիրը, նրանց հոգսը չէ: Որեւէ միջամտություն կամ գերհզոր որեւէ պետության ներկայությունը Կովկասում սպառնալիք է ուղղված այդ հաջողված ծրագրին: Այդ է պատճառը, որ Ռուսաստանը ձգձգում է ղարաբաղյան հարցը քննարկել ԵԱՀԿ-ում, որի երկու մյուս համանախագահները դեմ են ներկա իրավիճակին:

Նախագահ Պուտինը քանիցս ընդգծել է, որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի ապագայում, անորոշ մի ժամկետում: Բայց Ֆրանսիան եւ Մ. Նահանգները համարում են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որոշելուց հետո մնում է վերջնականապես որոշել նաեւ Ղարաբաղի կարգավիճակը: Իրադրությունը լավ բան չի խոստանում Հայաստանի համար: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ենթակա է Կրեմլին: Նրան թույլատրվում է կատարել փոքր, մանկական քայլեր, որոնք Պուտինի կողմից հավանության կարժանանան:

Հայոց բանակը շրջափակման մեջ է պահում Ադրբեջանի զինկազմը: Բնազդային մղումով մարդ հակված կլիներ ուժի գործադրմամբ ետ շպրտել ներխուժողներին: Բայց Հայաստանը ստիպված է անվերջանալի բանակցություններ վարել, ակնկալելով նպաստավոր մի լուծում:

Քաղաքական վերլուծաբաններից եւ հասարակ քաղաքացիներից շատերն են հարցնում, թե ո՞րն է Գյումրիում ռուսական 102-րդ զինվորական հենակետի նպատակը, եթե ներխուժողներից չի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Նրանք ենթադրում են, որ այդ հենակետը գոյություն ունի ոչ թե Հայաստանին պաշտպանելու, այլ Ռուսաստանի սահմանային շահերը հետապնդելու համարՙ մշտարթուն վերահսկելով Վրաստանին եւ Ռուսաստանի ուժը հասցնելու Սիրիա:

Առայժմ, Փաշինյանին թույլատրված է դիմել ՀԱՊԿ-ինՙ հիմնվելով այդ կազմակերպության հետ պայմանագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի վրա, որը կոչ է անում անդամներին խորհրդակցություններ անցկացնել, բայց ոչ անպայման գործողութուններ ծավալել: Համար 4 հոդվածը ռազմական օգնություն կարող էր առաջարկել, ինչը անօգուտ կլիներ այս պարագայում, հաշվի առնելով կազմակերպության անդամների պահվածքը:

Կրեմլը չվարանեց նաեւ Փաշինյանին հրապարակայնորեն դժվարին կացության մատնելու: Վերջինս նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանից ռազմական օժանդակություն էր խնդրել Ադրբեջանի ներխուժման առաջին օրերին, սակայն Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրապարակավ հայտարարեց, որ Փաշինյանը ռազմական օժանդակություն չէր պահանջել. մինչ պահանջելու դեպքում էլ Ռուսաստանը միեւնույն է մտադիր չէր տրամադրելու այդ օժանդակությունը:

Հնազանդորեն հետեւելով Պուտինի ակնկալիքներին, Փաշինյանը նաեւ հետաձգել է դիմել ՄԱԿ-ին, որպեսզի տարածաշրջանը հեռու պահի գլխավոր հզոր պետություններից: Եթե Հայաստանը համարձակվի դիմել օգնության համար ՄԱԿ-ին, կամ Ֆրանսիային, Ռուսաստանը հնարավորություն ունի է՛լ ավելի բարդացնելու կացությունը եւ ստիպելու, որ Հայաստանը հրաժարվի իր մտադրությունից:

Հայաստանի պարտված բանակն, իր հերթին, պատրաստ չէ ներխուժողներին զենքի ուժով ետ շպրտելու հայրենի սահմաններից: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դժկամությամբ արտաբերելով բառերը նշում էր, որ բանակցությունները ընդհանուր առմամբ դրական արդյունք տալիս են եւ խնդիրը կգտնի իր խաղաղ լուծումը:

Իր բոլոր ելույթներում, գրգռված ու թշնամիներով շրջապատված առաջնորդՙ Փաշինյանը փորձում է համարձակորեն դիմակայել ադրբեջանական ագրեսիան, պայքարելով Սյունիքի կենտրոնախույս շարժման անդամների եւ ընդդիմադիր կուսակցությունների դեմ, որոնք ծրագրում են առաջիկա ընտրություններում պատժել նրան:

Փաշինյանն ու իր անփորձ թիմը հազիվ էին կարողանում խաղաղ ժամանակներում գլուխ հանել կառավարական գործերից: Հիմա հարց է, թե ի՛նչ հաջողության կհասնեն նրանք նման վտանգավոր, պայթյունավտանգ ժամանակներում:

Անգլ. թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ ((The Armenian Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 21-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ