RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 21-05-2021



Տեղադրվել է` 2021-05-22 18:27:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1095, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ՄՆԱՆՔ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

«Հայեր, սիրեցեք երկաթը, որ դուրս կգա Զեյթունի լեռներից»:

Խրիմյան Հայրիկի այս մարգարեական խոսքերն արդիական են նաեւ այսօր:

100 տարի անց, հայկական իրողությունը խորը արմատավորված եւ ողբերգական պաթոլոգիա է, եւ առանց երեւույթներն իրենց ճշգրիտ, հաճախ կոպիտ, տհաճ, անբարեհունչ անուններով կոչելու քննարկելըՙ հնարավոր չէ: Առանց ցավը իմանալու դարման ճարելըՙ խիստ դժվար: Նամանավանդ որ «մինչ հայն իր ցեղի մեջ մարդկայնություն, թուրքը դարերով իր հոգում գայլություն մշակեց: Այդ իսկ պատճառով թուրքի մոտ ատելությունն ավելի՛ հարուստ զինարան ունի, քան հայու մոտՙ սերը: Թուրքը իժն է, որ դեռ իր մոր արգանդում զինված է թույնով» (Գ. Նժդեհ): Արդեն 2-3 տարի է սրանում ամեն օր համոզվում էինք դրանում քիչ էր, վրա հասավ նաեւ ավերիչ պատերազմը, որի պատճառած անդառնալի կորուստների ցավը դեռ կոկորդներիսՙ հիմա էլ հակառակորդի մի քանի կիլոմետր լկտի առաջխաղացումը ՀՀ սահմանից ներս: Դրան ի պատասխան երկար տատանվելուց հետո մեր իշխանությունները որոշեցին 2-րդ հոդվածի հիմքով օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ում առաջին ջութակը ի սկզբանե եղել եւ մնում է Ռուսաստանը: Պարզ է նաեւ, որ ՀԱՊԿ-ը խիստ ձեւական կառույց է ու թեեւ նրանից հրաշքներ պետք չէ սպասել, սակայն լրիվ անտեսելն էլ ճիշտ չէ:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ հերթական անգամ համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին եւ արտահայտվել ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տեղափոխելու եւ այնտեղ լուծումներ գտնելու մասին: Ակնհայտ է, որ բարձր հարթակի աստիճանակարգությունից բացի, ՄԱԿ-ի ԱԽ քննարկումը առնվազն նշանակում է ընդլայնել եւ բազմազանեցնել ուժային կենտրոնների շրջանակը, որոնք ներգրավված կլինեն Կովկասի ռեգիոնալ զարգացումներում: Ֆրանսիայի նախագահի արտահայտած գաղափարին անդրադառնալն անշուշտ կպայմանավորի ՀԱՊԿ-ում Հայաստանի դիմումի քաղաքական արդյունավետության հեռանկարը եւ շահերի շրջանակի բազմազանեցումն ու ընդլայնումը Երեւանի համար անկասկած ավելի ճկուն խաղալու հնարավորություն կընձեռի:

Գաղտնիք չէ, որ ժամանակին գոյություն ունեցած խորհրդային սահմանները ներպետական վարչական սահմաններ էին եւ դրանք չեն հանդիսանում Ադրբեջանի հետ ՀՀ սահման: Ադրբեջանի հետ ՀՀ սահմանը, համաձայն միջազգային փասատթղթերի` հանդիսանում է արեւելքում` Քուռ գետը: Չկա նաեւ այնպիսի երեւույթ` ինչպես տգիտաբար պնդում են ոմանք, թե Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ են մտել այս կամ այն սահմաններով: ՄԱԿ չեն մտնում սահմաններով եւ ՄԱԿ-ը սահմաններ ճանաչել-չճանաչելու որեւէ լիազորություն կամ գործառույթ չունի: Ներխորհրդային սահմանները միջազգային որեւէ լեգիտիմություն եւ ճանաչում չունեն, իսկ հետխորհրդային սահմաններն ընդամենը արտացոլում են ներխորհրդային վարչատարածքային բաժանումը եւ չեն հանդիսանում միջազգայնորեն ճանաչված միջպետական սահմաններ: Մեր պետական այրերի այս իրողության չիմացությունից էլ փորձում են օգտվել հակառակորդները եւ հօգուտ իրենց հարցեր լուծել:

«Կներեք, ես չեմ կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը. Ես հեռանում եմ»: Այս նախադասությունը կասեր յուրաքանչյուր երկրի բանական ղեկավար: Այս նախադասությունը նրան կպարտադրեր որեւէ բանական թիմ, բայց բոլորի համար էլ պարզ է, որ ներկա իշխանությունները դա չեն անի: Պարզ է նաեւ, որ այդ նախադասությունը նրան կպարտադրեր ամեն մի բանական գեներալիտետ, բայց ավաղ: Ավելին: Հերթական անգամ առաջնորդվելով «Պատասխանատուն ես եմ, մեղավորը ե՞ս եմ» բանաձեւով, հրաժարականի փոխարեն այս վարչախումբը հիմա էլ է մտածում է, թե ում վրա բարդի մեղքը: Իսկապես, այս անգա՞մ ում մեղավոր կկարգեն: Հավանաբարՙ

1. Ինչպես միշտՙ նախկիններին:

2. Զինվորականներին:

3. Սյունեցիներին եւ Սյունիքի համայնքների ղեկավարներին եւ նրանց միավորող Վահե Հակոբյանին:

4. Ռուսաստանին:

5. ՀԱՊԿ-ին:

6. Բացի իրենցիցՙ մեզ բոլորիս:

Միանգամայն ենթադրելի է, որ այս ամենին քաջածանոթ են նաեւ օտար վերլուծաբանները, որոնք վերջերս աներկբայորեն հայտարարում են, թե Հայաստանի պետականությունը մոտ է փլուզվելուն, բայց դեռ ամբողջությամբ չի փլուզվել: «Ամբողջությամբ կփլուզվի, երբ ապագա ընտրություններում հաղթի Նիկոլ Փաշինյանը: Իսկ նա կհաղթի, որովհետեւ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը թքած ունի, թե Հայաստանի հետ ինչ է կատարվում»: (Մոսգորդումայի պատգամավոր, հայտնի ռազմական լրագրող Անդրեյ Մեդվեդեւ ):

Հասարակ մահկանացուներից ոչ պակաս իրենց պասիվ ակտիվությամբ աչքի են ընկնում նաեւ մեր քաղաքական այրերը: Այդպիսի յուրատեսակ դրսեւորում էր օրերս Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկած «Ազգային Համաձայնություն դաշինքի» ձեւավորման մասին ելույթը: Նա դաշինք ստեղծելու առաջարկ է արել իրեն հաջորդած երկու նախագահներին, որոնց հանդեպ ժամանակին ամենախիստ քննադատություններն է հնչեցրել եւ նրանց վարչակարգը համարել ավազակապետական: Հետո էլ գաղտնիք չէ, որ ներկայիս վարչապետի պաշտոնակատարը իր հոգեզավակն է, ուստի նրա ձախողումների համար նաեւ ինքն է մեղավոր, ուրեմն ինչո՞ւ է քննադատում:

Ինչ որ է. «Ազգային համաձայնության դաշինքը» կայանալու դեպքում կարող էր բավականին արդյունավետ լինել, թեկուզ եւ նոր խորհրդարանում միասնական ընդդիմության ձեւավորման տեսանկյունից, եթե ձայների շատ տոկոս հավաքի իշխող ուժը: Դաշինքի ստեղծումը կօգներ նաեւ հասկանալու, որ «պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնման հրատապ անհրաժեշտություն կա» եւ խելամիտ լուծումներ առաջարկել: Իսկապես էլ, ոք չի կարող ժխտել, որ պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեկան հավասարակշռությունը խախտված է. հազարավոր զոհերի, Սյունիքի վրա կախված վտանգի, ՀՀ նոր պատերազմի վերսկսման սպառնալիքի ամենօրյա թմբկահարումը վախեցնում են մեր ժողովրդին, իսկ այդ պայմաններում դաշինքի կայացումը, եթե ոչ բոլորովին, ապա գոնե լավագույնս կնպաստեր հոգեկան հավասարակշռության վերականգնմանը:

Հատկապես ներկա պահին, երբ փոխանակ պետության ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու, իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանությունն ամեն գնով հիվանդագին ձգտում է վերարտադրվել: Հարկավոր է հենց այսօր հասկանալ դրա կործանարար հետեւանքները, թե չէ վաղն ուշ կլինի: Գաղտնիք չէ ու արդեն ակնհայտորեն երեւում է եւ մեծ է հավանականությունը, որ ներկայիս իշխանությունը արտահերթ ընտրություններում ձայների մեծամասնություն է ստանալու: Ամենայն հավանականությամբ տեղի կունենա իշխանության վերարտադրություն, որին իրենց համաձայնությունը կտան կամ արդեն տվել են ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն, երկրորդ եւ երրորդ նախագահները: Այսինքնՙ առկա է Փաշինյանին նորից իշխանության թողնելու լռելայն համաձայնություն: Այնինչ, Հայաստանում նոր իշխանության ձեւավորմանը բոլորս ենք սպասում, իշխանություն, որից ժողովուրդը նախ եւ առաջ ազգային համերաշխություն է ակնկալում, ամուր պետականություն եւ հասկանալի ապագա:

Իսկ այդ դեպքում կասկածից դուրս է, որ զիջումների շարանը կերկարի ու ականապատված տարածքների քարտեզները կհանձնվեն ադրբեջանական կողմին, ինչը թերեւս վերջին եւ միակ միջոցն էր Հայաստանի ձեռքում: Ադրբեջանի ԱԳ նախարարի սրտաճմլիկ ելույթները Նժդեհի «նացիստ» եւ Մոնթեի «միջազգային ահաբեկիչ» լինելու մասին ավելի «համոզիչ» տոնով կշարունակվեն, իսկ մեզ կմնա միայն աղոթել ու ամեն օր խնդրել Բարձրյալին, որ Հայ մայրերը գոնե մեկ սերունդ եւս Անդրանիկներ, Նժդեհներ, Մոնթեներ, Լեոնիդներ, Ռազմիկներ, Թաթուլներ, Աբաջյաններ, Արմաններ ու Մկրտիչներ ծնեն...: Որ նրանք գան ու անխնա պատժեն բոլոր նրանց, ովքեր գալիք պատերազմի մասին իմացել են մեկուկես ամիս առաջ եւ ոչինչ չեն ձեռնարկել: Ովքեր բանակում այնպիսի վերադասավորումներ են կատարել, որոնք հանգեցրել են անխուսափելի պարտության, իսկ հարավային ճակատում կրած պարտության հիմնական մեղավոր Անդրանիկ Փիլոյանին նշանակել են ԱԻ նախարար եւ ազգային հերոսի կոչում շնորհել: Ովքեր եթե հավատանք ԶԼՄ-ների հրապարակումների, որոնք այդպես էլ չհերքվեցին, անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր են բաժանել հայերեն իմացող ադրբեջանցիներին եւ այլն:

Այս առիթով մի պատմություն հիշեցի. ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը 1945-ի հաղթանակից հետո ֆաշիստների դեմքին շպրտել էՙ սա ձեզՙ 1915 թ-ին թուրքերին աջակցելու համար: Եվ դա ասել է այն մարշալը, որը կայացել եւ գործել է բացարձակապես կոմունիստական գաղափարախոսության եւ տոտալիտար բռնատիրության պայմաններում, բայց ամենակարեւորն այն է որ կարողացել էր ՀԱՅ մնալ: Կարծում եմ, ավելի ճիշտ համոզված եմ, որ այժմ մեզ բոլորիս անկախ ամեն ինչից հարկավոր է նախ եւ առաջ ՀԱՅ լինել ու ՀԱՅ մնալ: Իսկ եթե դրան էլ գումարվի մեր ամենազոր միասնությունը, ապա ամենամոտ ապագայում հաղթանակներն անխուսափելի կլինեն:

15-20.05.2021

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 21-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ