RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 21-05-2021



Տեղադրվել է` 2021-05-22 18:27:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1166, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅՍՊԵՍ Ո՞ՒՐ, ՀԱՅԱՍՏԱՆ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ՀՀ քաղաքացուս շրջապատում վերնագրում դրված հարցը հաճախ է հնչում: Այն տալիս ես թե՛ միջին ու ավագ տարիքի հարեւաններս ու ծանոթներս, թե՛ օրավարձով ու մշտական աշխատանք ունեցողները, թե՛ երիտասարդներն ու կյանքի փորձով մարդիկ, մի խոսքով` մեծից փոքր, անուս թե ուսյալ: Ասել, թե ինչ-որ մեկը հուսադրող պատասխան ունի, դժվար է, քանզի անմիջապես ասպարեզ է նետվում նախորդ տասնամյակների արածն ու տեսածը: Բայց պակաս տարօրինակ չէ նորահայտների պահվածքը, երբ տարօրինակը պարզապես չափից դուրս մեղմ գնահատական է: Ասենք շատերն են տարակուսում, թե երկրի էապես վտանգված պարենային անվտանգության պայմաններում ի՞նչ նպատակ է հետապնդում ՀՀ փոխվարչապետը առաջնային խնդիր դիտարկելով երկրի գյուղոլորտում ինչ-որ կանեփ մշակաբույսի աճեցումը: Ինչ-որ եմ ասում, քանզի այս մշակաբույսի մասին հիմնականում լսում ենք ոստիկանական հաղորդումներում, մեր ոստիկանների կողմից դրանք հայտնաբերելու եւ ոչնչացնելու ընթացքում: Իսկ ահա ըստ փոխվարչապետի, ՀՀ կառավարության նիստերում արած հայտարարությունների, կանեփ կոչվողը նաեւ յուղատու եւ թելատու է, որի անհրաժեշտությունը հայաստանյան հանրությունը երբեւէ չի զգացել, վերամշակողները երբեւէ դրանց չգոյությունից չեն դժգոհել: Ինչպես ասենք, հնդկաձավարի պարագայում, որի կիլոգրամի դիմաց 300 դրամ գինը հիմա 1000 դրամի սահմաններում է:

Հայաստանաբնակներն այսօրինակ հարցերում են մտահոգությունների տրվում, քանզի օրինակ հիշում են, որ հազիվ երեք տարի առաջ տաշիրցի գործարարը սկսել էր հնդկաձավարի աճեցումն ու արդյունաբերական մշակումը: Նաեւ հաշվարկել էր, որ 3-4 հազար հեկտար ցանքսի պայմաններում հանրապետության պահանջարկը կարելի էր բավարարել, կախված չմնալ ներկրումներից, միջազգային շուկայում գների փոփոխության մասին լուրերի տարածումից: Եվ ի՞նչ. հեռավոր բավրայաբնակ գործարարին օգնել-օժանդակելու փոխարեն ասպարեզ է նետվում խնդիրներ հարուցող մշակաբույսի աճեցում ծավալելու մտայնությունը, որի հիմնավոր փաստարկն այն մոտ 20 երկրներում աճեցնելն է:

Իրոք դժվար է գուշակել, թե ինչ նպատակի ու քանի մարդու է ծառայելու այդ կանեփ կոչվածը, երբ միանշանակ է, որ հիշատակված հնդկաձավարից սիրով ու հաճույքով օգտվում են հանրապետության բոլոր բնակավայրերի բոլոր բնակիչները: Եվ հարցը հնչում է ինքնաբերաբար. Ախր ինչո՞ւ ... Միջին հայաստանաբնակի կողմից տարեկան անգամ 3 կգ սպառումը պահանջում է մոտ 10 հազար տոննա այս մշակաբույսի արտադրություն, որը հնարավոր է իրականացնել անգամ գյուղատնտեսության նախարարության լուծարված լինելու պարագայում: Խնդրի պատասխանատուները հո չեն վերացվել, նրանք հաջողությամբ հայտնվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում, փոխնախարարների ու վարչությունների պետերի կարգավիճակում, ավելի բարձր աշխատավարձերով ու պարգեւավճարներով:

Այս ի՞նչ տնտեսվարում է, երբ հերթական հիմնադրվող կաթնամթերքի գործարանի սեփականատերը հայտարարում է, որ հումքը ներկրելու են Իրանից, իսկ պատրաստի արտադրանքն արտահանելու են ՌԴ: Այստեղ տարօրինակն այն է, որ որոշակի օգնության տեսքով միջնորդ-քավորի դերը ստանձնում է ՀՀ կառավարությունը: Կամ ի՞նչպես է ստացվում, որ ՀՀ առեւտրային ցանցում վաճառվող ռուսաստանյան երշիկեղենի կիլոգրամի միջին գինը 10 հազար դրամ է, մերոնց արտադրածը` 2 հազար դրամ, որի անգամ կես գնով վաճառքը հայաստանյան գնորդի ոգեւորությունը չի առաջացնում: Պարզից էլ պարզ է, որ նման գործարարությունն իրականացվում է կաթնատու եւ մսատու անասնապահության գրեթե բացակայության, գյուղոլորտի կազմալուծման պարագայում:

Ինչո՞ւ ենք այսչափ անփույթ ու անտարբեր ոչ բարդ հիմնախնդիրների հանդեպ, որոնք կոչված են բարերար ու առողջ միջավայր հաստատել հանրություն - իշխանություն հարաբերություններում: Չէ՞ որ հիշատակված 3-4 հազար հեկտարը մեր վարելահողային կարողունակության ընդամենը 1 տոկոսն է, որտեղ գործընթացների ծավալումը աշխատատեղեր կապահովի, տեղական արտադրանքի շրջանառություն կկայանա, դրսից դոլարով գնումներ կատարելը կկանխվի, ազգային դրամը կկայունանա... Կարճ ասած` երկրում տեսանելի գործընթաց կծավալվի, հույսի նշույլները կամրապնդվեն, ՀՀ վարչապետի էլ` երկրի գյուղնշանակության հողերն անմշակ լինելու ահազանգերը կլուծվեն: Այսօրինակ մտորումների տրվելով անմիջապես էլ նկատում եմ, որ եթե երկրի գործադիր մարմնի թիվ 1 պատասխանատուն, ՀՀ կառավարության ղեկավար վարչապետն այն փոքր ինչ կարեւորեր, հարցը կուղղեր ըստ պատկանելույն, ՀՀ էկոնոմիկայի նախարարին, ով անմիջական պատասխանատուն է ՀՀ հողային ռեսուրսի կառավարման: Բայց ո~ւր` երկրի պահանջները, ո~ւր իշխանություն կրողների ցանկություններն ու շահերը: Տպավորություն է ստեղծվում, որ հայ պաշտոնյաները հանրության կողմից մուծվող հարկերով ու տուրքերով պահվող վարձու աշխատողներ չեն, այլ վերուստ ընտրյալներ, որը պարզունակ ինքնախաբկանք է: Կտրեցիր պաշտոնյային իր աթոռից, նա չկա, իր կարիքը չի զգացվում:

Գրեթե այսօրինակ վիճակում է իրեն դրել ՀՀ էկոնոմիկայի նախարարը, որն արդեն հայտարարում է իր հնարավոր հրաժարականի մասին: Ճիշտ է անում, քանզի առեւտրային ցանցի ընդլայնումը ֆրանսիական «Քարֆուր»-ի հաշվին բոլորովին էլ այն առաջնահերթությունը չէ, որը նրանից ակնկալում է հայ հանրությունը: Թե ի՞նչ է վաճառվելու այդ սուպերմարկետներում, պարզից էլ պարզ է` չինական ու թուրքական կենցաղային էլեկտրական սարքեր, սկսած արդուկից ու թեյնիկից, սրճեփից ու ջեռուցիչից, ֆենից ու միրգ-բանջարեղենի կտրիչներից... Տարօրինակից առավել ապշեցուցիչ է, որ թուրքը կարողանում է դրանք արտադրել, այս ու այն մասերը ներմուծելով վերջնական արտադրանք ստանալ, որի իրականացումը հայաստանյան պաշտոնյան անհնար է համարում: Հայ հանրությունը չի պահանջում չէ՞, ճապոնական էլեկտրատեխնիկային ու շվեյցարական ժամացույցներին համարժեք արտադրանք թողարկել, այլ ընդամենը, ասենք, 50 դոլարով վաճառվող էլեկտրական վառարան, որն ընդամենը թիթեղից տուփ է, ներսում տաքացուցիչ ու ապակյա դռնակ: ՀՀ ակտիվ քաղաքացու ակնկալիքով դիմել եմ ՀՀ վարչապետին` Երեւանի էլեկտրալամպերի գործարանի տարածքում ժամանակակից լուսամուտների արտադրություն կազմակերպելու առաջարկով, պարտավորություն եմ ստանձնել ընկերության բաժնետոմսեր գնել, շրջապատիս ընդգրկել... Ամիսներ են անցել, ոչ մի արձագանք, ոչ մի պատասխան: Վերջերս հայտարարվեց, որ ՀՀ բանկերում 8-9 միլիարդ դոլար ավանդներ կան, որոնք հուսադրող տնտեսական ծրագրերի պարագայում վստահ եմ ավանդատուները կօգտագործեն լրացուցիր եկամուտներ ստանալու նպատակով: ՀՀ շարքային քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը թե՛ վարչապետի ակնարկած քաղաքացիական ակտիվությունն է ցուցաբերում, թե՛ առեւտրային կտրոններն է ստանում, թե կոմունալ վարձերն է բարեխղճորեն մուծում, սակայն դրանից իր առօրյայում տեսանելի դրական փոփոխություններ չեն արձանագրվում, միայն ծառայությունների ու ապրանքների գներն են բարձրանում: Զավեշտ է, երբ իշխանությունը 2-3 տոկոս գնաճից է խոսում, երբ 100 դրամանոց կարտոֆիլով կարկանդակը 130 դրամ է դարձել, 200 դրամանոց լահմաջունը` 300-400 դրամ: Դրանք շատերի արդեն թանկ ընդմիջման սնունդն են, իրենց տխուր հետեւանքներով: Ավանդական ինչո՞ւ հարցը մեկ անքննելի պատասխան ունի. ալյուրն էլ է դրսից, կարտոֆիլի տնկանյութն ու միսն էլ, բուսայուղն ամբողջությամբ, տապակվող ու թխվող սարքերը նույնպես... Եվ հարցը` այսպես ո՞ւր, Հայաստան, հնչում է ինքնաբերաբար:

Ավաղ` լսող ու պատասխանող չկա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 21-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ