RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 21-05-2021



Տեղադրվել է` 2021-05-22 18:27:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1112, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԵՍ ՏԵՍԱ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ՄԱԼԻԿԱ ՄԱԴԻ

«Handicap International»-ի նախկին տնօրեն ժորժ Դալըման

«Handicap International»-ի նախկին տնօրեն, այժմ Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Ժորժ Դալըմանը վերջերս է վերադարձել Լեռնային Ղարաբաղից, որտեղ դիտորդական առաքելություն էր իրականացնում հայկական փոքրամասնության եւ Ադրբեջանի հակամարտության կենտրոնում: «Global Watch Analysis»-ին տված այս հարցազրույցում նա հավաստում է, որ տեսել է «պատերազմական հանցագործություններ» եւ հաստատում այն «ջիհադիստ վարձկանների» ներկայությունը, որոնց Թուրքիան ուղարկել էր այնտեղ:

- Ինչու՞ գնացիք Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտի:

- Ես գնացի այնտեղՙ վկայելու համար հայ բնակչության դեմ Ադրբեջանի Թուրքիայի եւ նրա սիրիացի իսլամիստ վարձկանների մղած պատերազմի սարսափների մասին: Մայրաքաղաք Ստեփանակերտի վրա ռումբերն ընկնում էին իմՙ այնտեղ գտնվելու առաջին օրվա ամբողջ ընթացքում: Մենք մի ապաստարանից մյուսն էինք գնում: Շուշիում, մոտ տասը կիլոմետր դեպի հարավ, տաճարն ու մշակույթի տունն արդեն խոցվել էին նախորդ ռմբակոծությունների ժամանակ: Երբ մենք գնացինք հետեւանքները տեսնելու, դպրոցի դիմաց հսկայական մի փոս կար, մեկն էլ մի բնակելի շենքի դիմաց էր: Սա ցույց է տալիս, թե ի՛նչ հզորության ռումբեր են նետվել այս քաղաքի վրա, որտեղ մնացել էին ընդամենը մի քանի ծերեր եւ զինվորականներ: Տաս խաղաղ բնակիչ զոհվեց մշակույթի տան ավերման արդյունքում: Հարկ է նշել, որ կրոնական վայրերի եւ դպրոցների ռմբակոծումը պատերազմական հանցագործություններ են:

- Ինչո՞ւ Անկարան ներգրավվեց այս հակամարտության մեջ: «Washington Institute»-ում Թուրքիայի մասնագետ Սոներ Քագափթայի կարծիքովՙ Կովկասում Թուրքիայի ուժեղացված ներկայությունը բացատրվում է Մերձավոր Արեւելքում մեկուսացման դեմ պայքարելու նրա ցանկությամբ` նվաճելով մի նոր ճակատ: Սակայն Էրդողանի համար չկան արդյոք նաեւ տնտեսական հավակնություններ:

- Իսկապես, քարտեզին նայելիս կարելի է տեսնել, որ կա դեպի Կենտրոնական Ասիա տանող միջանցք: Չմոռանանք, որ Ղազախստանը, Թուրքմենստանը եւ մինչեւ անգամ չինական ույղուրները թուրքալեզու են: Ուստի կա մի շատ կարեւոր առանցք, որ կստեղծվեր պարսկական, ռուսական եւ չինական աշխարհների միջեւ: Դա իրականացնելու համար Թուրքիային պետք կլինի վերցնել նաեւ Հայաստանի մի մասը, ինչը, կարծում եմ, շատ հանդուգն սցենար է: Հայերն ինքնապաշտպանվելու հնարավորություն չունեն, ուստի եթե հայտնվեն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, նրանք ոչ մի շանս չեն ունենա: Չնայած, որ ոչ ոք դրան դրական չի վերաբերվի. ո՛չ ռուսները, ո՛չ էլ իրանցիները:

- Իրանը Հայաստանին դաշնակի՞ց է:

- Իրանցիները մեծ խնդիր ունեն Ադրբեջանի հետ: Հյուսիսային Իրանում ապրում է ադրբեջանական բնակչություն, եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շատ կուզենար, որ նրանք ամպստամբեինՙ Ադրբեջանի հետ միավորվելու համար: Եվ Թեհրանը սա չի մոռանում: Իրանն ավելի շատ Հայաստանի օբյեկտիվ դաշնակիցն է, բայց ոչ ավելին:

- Ի՞նչ դեր ունի Վլադիմիր Պուտինն այս հակամարտությունում:

- Եվրոպայի կողմից նայելիսՙ ես միշտ այն տպավորությունն եմ ունեցել, որ Պուտինը բոլոր տեսակի հակամարտությունների օրակարգի տերն է. Սիրիա, հարաբերություններ Թուրքիայի հետ, ընդհուպ Թրամփին աջակցելը: Բայց զգացողությունն այլ է, երբ դու այնտեղ ես. այդ մասին ես երկար զրուցել եմ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Պուտինը, կարծես, տանուլ է տալիս խաղը, եւ այն տպավորությունն է ստեղծվում, թե այլեւս չի հասցնում բոլոր կողմերից բռնկվող հակամարտություններին: Կարող ենք վկայակոչել Բելառուսը, Ուկրաինան, Չեչնիան ու նաեւ Վրաստանը: Պուտինը լուրջ խնդիրներ ունի նաեւ ռուս այլախոհների հետ: Նա կարծում է, որ ինքը չպետք է շատ ներկա լինի Լեռնային Ղարաբաղումՙ ապացուցելու համար Ադրբեջանին, որ Մոսկվան ավելի լավ հովանավորչական ներկայություն է, քան Թուրքիան: Մյուս կողմից, նա Հայաստանի հետ ունի պաշտպանության պայմանագիր, եւ ես պարզ տեսա Ռուսաստանի դիտորդներին Ադրբեջանի հետ սահմանին: Նրանց ներկայությունը նկատեցի նաեւ Նախիջեւանի սահմանին:

- Կարո՞ղ են հայերն ապավինել միջազգային հանրության աջակցությանը:

- Հայերը միշտ ապավինել են ռուսներին: Սակայն, եթե Լեռնային Ղարաբաղը վերջնականապես պայթեր, չեմ կարծում, որ ռուսները կմիջամտեին: Նրանք իրենք են զենք վաճառում Ադրբեջանին: Հարկ է նշել, որ ռուսական ռազմական ուղղաթիռիՙ ադրբեջանական բանակի սխալմամբ խոցումից հետո, երբ զոհվեցին անձնակազմի երկու անդամներ եւ վիրավորվեց երրորդը, Պուտինը դուրս եկավ իր զսպվածությունից եւ հրադադար հարկադրեց:

Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա բոլորն ասում են, որ այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, ցավալի է, սակայն չեմ տեսնում, որ որեւէ մեկն իրական դիրքորոշում ստանձնի: Մինչդեռ մենք պետք է զգույշ լինենք: Թուրքիան ունի շատ հստակ աշխարհաքաղաքական նպատակներ. թաթը դնել Կասպից ծովի նավթի վրա եւ մխրճվել ողջ Ասիայի մեջՙ նոր գերտերություն դառնալու համար: Եթե Էրդողաննայսքանազատէզգումիրեն, ապադապայմանավորվածէնրանով, որԵվրոպայիհետ նրա հարաբերությունները վատ են, մինչդեռ լավ են Թրամփի հետ, որը միշտ էլ գնահատել է Եվրոպայի թուլացումը Էրդողանի տրամաչափի մարդկանց կողմից:

- Այս հակամարտության մեջ մենք նկատեցինք նաեւ նոր, այսպես կոչված «խելացի» զենքերի օգտագործում, որոնց թվում են «մահապարտ անօդաչու թռչող սարքերը»: Ովքե՞ր են այս անօդաչու սարքերի արտադրողներն ու մատակարարները:

- Այո, մենք գիտենք դասական անօդաչու թռչող սարքերի մասինՙ զորքերի տեղաշարժերը դիտարկելու համար, սակայն հիմա գոյություն ունեն, ինչը ինձ համար նորություն էր, «կամիկաձե անօդաչուներ»: Նրանք գտնում են իրենց թիրախները, եւ առանց ձեռքի կառավարման նշան բռնում եւ պայթում են դրանց շատ մոտ:

Դրանք իսրայելցիներն ու թուրքերն են մատակարարել Ադրբեջանին: Այսպիսի զենքի օգտագործումն արդյունավետ էր, քանի որ բնակչությունը փախուստի դիմեց: Լեռնային Ղարաբաղի 150 000 խաղաղ բնակիչությունից 90 000-ը հեռացավ: Սրանք պաշտոնական թվերն են, սակայն, իմ համոզմամբ, կան ավելի շատ տեղահանվածներ: Այնտեղ ես շատ քիչ մարդ տեսա. մի քանի ծերեր ու հատուկենտ ընտանիքներ, իսկ բնակիչների ճնշող մեծամասնությունը հեռացել էր:

Թուրքիայի ռազմական համագործակցությունն Ադրբեջանի հետ անօրինական է, նույնքան եւ Իսրայելինը:

- Որո՞նք են Իսրայելի շահերն այս հակամարտությունում:

- Նեթանյահուի նպատակը ադրբեջանցիներին զինելն էրՙ նրանց հնարավորություն տալու առճակատել Իսրայելի մեծ թշնամի Իրանին: Սակայն դա դուրս եկավ հայերի դեմ: Ակնհայտորեն կա նաեւ ֆինանսական կողմը: Այդ ռազմական անօդաչու սարքերը միլիարդավոր դոլարներ արժեն: Հայկական սփյուռքը կարողացավ 157 միլիոն դոլար հայթայթել պատերազմական ծախսերի համար, մինչդեռ Ադրբեջանն արդեն իսկ Իսրայելին 5 միլիարդ դոլար է վճարել, իրեն զինելու համար:

- Խոսվում է նաեւ կասետային զենքի մասին, դրանք իսկապե՞ս օգտագործվել են:

- Այո, եւ, հավանաբար, երկու կողմերից էլ: Խոսվում է նաեւ ֆոսֆորային ռումբերի մասին, բայց ես չեմ կարող հաստատել, քանի որ անձամբ չեմ տեսել: Այնուամենայնիվ, դա անհավանական չէ, քանի որ չպետք է մոռանալ, որ թուրքերն արդեն օգտագործել են դրանք քրդերի դեմ, ինչն ապացուցված է:

- Որոշ լրատվամիջոցներ խոսում են «Իսլամական պետության» սիրիացի վարձկանների մասին, որոնց Թուրքիան վճարում է Լեռնային Ղարաբաղում կռվելու համար: Կարո՞ղ եք հաստատել դա:

- Թուրքիան այժմ օգտագործում է այսպես կոչված պրոքսիներ, սրանք աշխարհազորայիններ են, որոնց նա վարձում է եւ որոնց արդեն դիմել է Սիրիայում քրդերի դեմ կռվելու համար: Էրդողանն այդպիսիների ուղարկել է նաեւ Լիբիա եւ Հայաստան:

Լեռնային Ղարաբաղում այդ մարդիկ ահաբեկում են բնակչությանը, որոնք սարսափում են նրանցից, քանի որ նրանք չլսված դաժանության տեր արյունարբու մարդկանց համբավ ունեն: Ես անկեղծորեն հավատում եմ, որ Եվրոպան արդեն պետք է լրջորեն մտահոգվի նման վարձկաններ հավաքագրելու ՆԱՏՕ-ի անդամ երկրի այս քաղաքականությամբ:

Ֆրանսերենից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻՆՈ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ, Սիստերոն, Ֆրանսիա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 21-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ