RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 21-05-2021



Տեղադրվել է` 2021-05-22 18:27:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1297, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՔՆԵՐՍ ԵՆՔ ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ

ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ, Ուսանող

Հայաստանը դարեր ի վեր ամուր թելերով կապված է Ռուսաստանի Դաշնությանը: Վերջինս համարվում է մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը: Հայ-ռուսական հարաբերությունները ունեն հարուստ պատմություն եւ խորքային ակունքներ: Շատերը այդ հարաբերությունները որակավորում են եղբայրական,շատերի կարծիքով էլ մենք գերի ենք Ռուսաստանի ձեռքում: Իրարամերժ կարծիքներն ու տրամադրությունները Ռուսաստանի նկատմամբ է ՛լ ավելի հասունացան Արցախյան 44-օրյա պատերազմից հետո: Որոշ տեսանկյուններից այդ պատերազմում Ռուսաստանը փրկեց իրավիճակը հօգուտ մեզ, քիչ չեն նաեւ հակադիր կարծիքները, որ Ռուսաստանը արջի ծառայություն մատուցեց իր դաշնակից Հայաստանին, ասել է թե նա պարտավոր էր անել ավելին մեզ համար:

Թավշյա հեղափոխություն կոչվածից հետո, Հայաստանի նոր իշխանությունները չթաքցրեցին իրենց բացասական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, քաղաքական հայացնքերն ուղղելով դեպի արեւմուտք: Հայ-ռուսական հարաբերություններում ակներեւ էր լարվածությունը, եւ շատերի պնդմամբ այսօրվա իշխանությունների որդեգրած հակառուսական տրամադրությունների դառը պտուղները մենք քաղեցինք պատերազմի ընթացքում: Այնուամենայնիվ իրադարձությունները ցույց տվեցին, որ ներկա իշխանությունների սիրելի արեւմուտքի ոչ մի պետություն չի կարող հանդիսանալ մեր անվտանգության երաշխավորը: Նախ եւ առաջ դա չէր հանդուրժի Ռուսաստանը: Փաստացի Ղարաբաղյան կոնֆլիկտի հանգուցալուծողը եղավ Ռուսաստանը, անկախ նրանից, թե ինչ հետեւանքներ ունեցավ այն մեզ համար:

Պաշտոնական Մոսկվան քանիցս հայտարարեց, որ ինքը Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխավորն է: Հաշվի առնելով մեր աշխարհագրական անբարենպաստ դիրքը եւ վերջին պատերազմից հետո առաջացած նոր սահմանները, միանշանակ ձեռնտու է ունենալ Ռուսաստանի ռազմական հովանավորությունը: Սակայն իրականում ամոթալի է այն, որ 30 տարվա անկախություն ունեցող պետությունը այսօր սեփական ուժերով չի կարողանում լուծել իր անվտանգության խնդիրները :Յուրաքանաչյուր ինքիշխան պետություն, անկախ նրանից գերտերություն է թե ոչ, չի կարող հեռուն գնալ առանց դաշնակիցների: Սակայն ամեն երկիր առաջինը ի՛նքը պետք է լինի իր ժողովրդի եւ պետականության անվտանգության երաշխավորը:

Վերջին օրերին Սյունիքում ծավալվող զարգացումները եւ մեր երկրի վարքագիծը հաստատեցին ռուսների այն թեզը, որ իրենք են մեր անվտանգության գլխավոր երաշխավորը:

Սակայն պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ մեր հույսը չպետք է լինեն ռուսները կամ ուրիշները: Արցախյան վերջին պատերազմի սցենարը այս ամենից հեռու չէր: Հայ ժողովրդի մեջ արմատավորվել է այն իրողությունը, որ Ռուսաստանը մեզ համար օրհասական պահերին միշտ ուշանում է, ինչը ծանր հետեւանքներ է ունենում: Ադրբեջանցի զինվորականները մուտք են գործում մեր ինքիշխան պետության տարածք, իսկ մենք նրանց գերեվարելու կամ ոչնչացնելու փոխարեն դիմում ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ՀԱՊԿ-ին: Իհարկե Ռուսների միջամտությունը այս հարցին եղավ, սակայն փաստացիՙ ադրբեջանցի զինվորականները մինչ օրս չեն վերադարձել իրենց ելման դիրքեր: Այս ամենից հետո ինքներս մեզ պետք տանք մեկ հարց` պատրաստ էի՞նք մենք անկախության:

Տարածքով Հայաստանից փոքր Իսրայելը կարողացել է ստեղծել սեփական ժողովրդին եւ սահմանները պաշպանող մի հզոր բանակ, որը լուծում է իր առջեւ դրված յուրաքանչյուր խնդիր: Պաղեստինի հետ վերջին օրերի բախումները փաստում են սա: Այս պարագայում մեզ համար լավ օրինակ կարող է հանդիսանալ նաեւ նույն Պաղեստինը, որի ժողովուրդը չի երկնչում Իսրայելի պես հզոր թշնամուց եւ իր ուժերի հնարավորին չափով պատասխանում է վերջինիս: Սա այն դեպքում, երբ Իսրայելը բացի սեփական ներուժից, վայելում է ԱՄՆ-ի պես գերտերության լիարժեք աջակցությունը:

Անկախ նրանից, թե քանի ռուսական ռազմաբազա կստեղծվի Հայաստանում եւ ինչ աջակցություն կստանանք Մոսկվայից, ինքներս պետք է լինենք մեր անվտանգության գրավականը :

Այո, մենք ծանր հարվածից դեռեւս ուշքի չենք եկել, սակայն ժամանակը գնում է հօգուտ թշնամու: 1915 թվականի ցեղասպանությունից արնաքամ եղած Հայաստանը, ընդամենը 3 տարի անց` 1918 թվականին, կարողացավ կերտել իր պատմության փառահեղ էջեիրց մեկը` պարտության մատնելով Թուրքիայի կանոնավոր բանակին: Մենք կարող ենք ունենալ նոր Սարդարապատներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 21-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ