RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 21-05-2021



Տեղադրվել է` 2021-05-22 18:27:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1280, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ, ԴՐԱՄԱՊԱՆԱԿԻ ԳՈՒՄԱՐԸՙ ՊԱԿԱՍՈՒՄ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

- Եկա, տեսա, զարմացա: Գները աստղաբաշխական են դարձել: Ամեն ինչ է թանկացել:

Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, այս տարվա ապրիլինՙ նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 8,3%-ով, իսկ եթե վերադառնանք նախորդ ամիսներին կտեսնենք, որ մարտինՙ 2020-ի մարտի համեմատ գնաճը կազմել է 7,4%, փետրվարինըՙ նախորդ տարվա համեմատ 7,8%, իսկ հունվարինՙ նախորդ հունվարի համեմատ 6,4%:

«Եթե մի քանի տարի առաջ 5000 դրամով կարողանում էինք մի շարք մթերքներ գնել, ապա հիմա ձեթ ու յուղ ես գնում եւ վերջ` գումարդ վերջանում է»,- ասում է տիկին Մարիամը:

Հայաստանում գների կայունության երաշխավորը Կենտրոնական բանկն է, որը տարիներ շարունակ նվազեցնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքըՙ նպատակ ունենալով այդ ձեւով խթանել տնտեսական աճը: Բայց ներկայումՙ գնաճի նման պայմաններում, բանկը թանկացնելով դրամը նպատակ ունի զսպել գնաճը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը ասել է. «Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայնՙ տարվա ընթացքում մենք ակնկալում ենք գնաճ, որը կգերազանցի մեր թիրախային ցուցանիշը»:

«Ամեն բան թանկացել է, մնացել է շնչելն էլ փողով սարքեն ու վերջ: Կարելի է ասել 2,5-3 ամիս էՙ չենք կարողանում նորմալ գնումներ անել: Եթե ձեթ ենք գնում, ուրեմն շաքարավազ պետք է չգնենք, իսկ կարագի մասին խոսք չի կարող լինել»,- իր խոսքում նշում է սուպերմարկետի հաճախորդներիցՙ 50-ամյա Գոհարը:

Այս տարվա ապրիլինՙ նախորդ տարվա համեմատ, օրինակ արեւածաղկի յուղի միջին գնաճը կազմել է 73,5%, ձուն թանկացել է 55,7%-ով, շաքարավազի գներն աճել են 41%-ով, հացի ու ալյուրի գնաճը կազմել է 8,1 եւ 9,9%, ծխախոտի եւ ալկոհոլային արտադրատեսակների խմբում արձանագրվել է 8,8% գնաճ, իսկ մրգի եւ բանջարեղենի շուկայում 10,4 եւ 8,5% գնաճ:

Այս ամենի ֆոնին, Վիճակագրական կոմիտեի ներկայացրած վերջին տվյալների համաձայն, այս հունվար-մարտ ամիսներինՙ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին անվանական աշխատավարձն աճել է ընդամենը 2,1%-ովՙ կազմելով 194 հազար 109 դրամ:

Ըստ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանի, եթե հունվար-մարտին միջին աշխատավարձը բարձրացել է 2%-ից մի փոքր ավելի, ապա ապրիլին սննդամթերքի գներն աճել են գրեթե չորս անգամ արագՙ 8,3%-ով:

«Ստանում եմ ընդամենը 100 հազար դրամ աշխատավարձ ու չգիտեմ դրանով ինչ անեմ վարկերս ու կոմունալներս վճարեմ, թե՞ սննդամթերք ու դեղերս գնեմ: Եթե լուծումը ունեք, ասեք ես էլ իմանամ: Մարդիկ, նույնիսկ, նույն եկամուտները ստանալու դեպքում ավելի քիչ կարիքներ են կարողանում հոգալ, ուր մնաց եկամուտի կրճատման դեպքում»,- ասում է 45-ամյա քաղաքացին:

Եվ այսքանից հետո վերադառնում ենք նյութի վերնագրին. «Գներն աճում են, դրամապանակի գումարըՙ պակասում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 21-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ