RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021



Տեղադրվել է` 2021-05-27 23:11:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 3780, Տպվել է` 172, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԶ ԱՅԼԵՎՍ ՀԱՆԳԻՍՏ ՔՆԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այնպիսի տպավորություն է, որ եթե թշնամին գա-հասնի Արարատյան դաշտ, Երեւանի մատույցներՙ Երեւանի կենտրոնի սրճարաններում լռված սրճասերները էլի հանգիստ իրենց սուրճը կըմպեն ու իրենց սուշին կքչփորենՙ ծուլորեն փռված հարմարավետ օթյակներում: Ազգային ժողովում անվրդով կլսեն իրավիճակի հետ կապ չունեցող որեւէ հարց, դրա վերաբերյալ խորիմաստ մտքեր կհայտնեն, մեկումեջ իրենց ելույթներում անձնական հաշիվներ մաքրելով ու թունդ բառապաշարով իբր մտահոգվելով հայոց սահմանների մասին, կանեփի քվոտավորված արտադրության դարդը կլացեն (տեսնես ում քվոտայի համար էին ջանում պատգամավորներըՙ արտադրական կանեփի մասին օրենքի տեսքով):

Մինչդեռ թշնամին Սյունիքում նստած էՙ իշխանության առաջին դեմքերի բացատրությամբՙ ռազմական բախում եւ դրա հետագա ծավալումը հրահրելու համար, որը դեռ նրան չի հաջողվել, երեկ անգամ այն աստիճան էր լկտիացել, որ մտավ Գեղարքունիքի մարզի մեր սահմանների տարածք ու գերեվարեց պաշտպանությունն ամրապնդելու համար ականապատում իրականացնող մեր վեց ժամկետային զինծառայողի: Չես հասկանումՙ սրանց թիկունքը պահող չի եղել, ինչպես որ կանոնակարգերով է նախատեսված, թե էլի պատճառը կրակելու հրաման չունենալն է եղել (ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Է. Ասրյանի պատմածը հենց զենք չկիրառելու եւ լարում չառաջացնելու պատճառն է մատնանշում):

Ռազմական գործողությունների մասին տեղեկատվություն տվող Wargonzo կայքի տվյալներով էլՙ երեկ կեսօրվա դրությամբ կրակոցներ են հնչել Տավուշի սահմանամերձ գոտում: Հետո դա Տավուշից հերքեցին, նշանակում էՙ Սեմյոն Պեգովն ու նրա ղեկավար Գաբրիելյանովն են ստումՙ տարբեր ներհայկական նպատակներով: Իսկ ընդհանրապեսՙ հիմա ի՞նչՙ նայելու ենք, թե ո՞նց են ադրբեջանցի զինվորները ազատ ելումուտ անում մեր երկրի սահմաններով, սպանում եւ առեւանգում մեր զինվորների՞ն, ու ընդամենը ԱԺ ամբիոնից Լիլիթ Մակունցի մակարդակով ասենք, թե ոչ թե գերեվարել, այլ առեւանգվել են, ու սպասենք, որ միջազգային հանրությունը խստորեն դատապարտի՞ տեղի ունեցողը:

Կառավարության նիստին էլ գործադիրի ղեկավարի պաշտոնակատարը ֆիքսի, որ ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողներ ՀՀ ինքնիշխան տարածքում իրականացնելիս են եղել սահմանի կահավորմանՙ ականապատման աշխատանքներ, ընդ որումՙ զգուշացնող նշանների տեղադրմամբ, ու տեղի է ունեցել մեր զինծառայողների առեւանգումը ՀՀ տարածքից: է, ինչքան ուզում եք ասեք, թե տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են հայկական կողմի համար, փաստն այն է, որ գերեվարումը հայկական կողմից չի կասեցվել, ավելինՙ մեր զինվորները երեւի թիկունքային ապահովում չեն ունեցել, ինչպես որ կարգն է, այլապես չէին հայտնվի այդ վիճակում: Կա՞ն պատասխանատուներ վերջապես, մենք ունե՞նք պաշտպանության նախարար, ԳՇ պետ եւ այլն: Իրոք, էլի: Թե՞ խելոք սպասենք նոր առեւանգումների ու գերեվարումների:

Ռուսական կողմից եկող ազդակները

Հայաստանի դիմումինՙ քննարկելու այդ կազմակերպության անդամ Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը, ՀԱՊԿ-ն ի պատասխանն անորոշ բաներ է ասումՙ ռուս պաշտոնյաների բերանով խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման եւ սահմանագծման անհրաժեշտությունից, որին իբր իրենք կօգնեն: Մամուլում լուրեր կան, թե ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը մեկնել է Բաքուՙ Ալիեւի հետ բանակցելու առ այն, որ վերջինս Սեւ լճի շրջանից դուրս բերի իր զինվորներին եւ իրավիճակը չլարի. Ալիեւը, իբր, խոսել է վերջերս հայկական մեդիա տարածքում գաղտնազերծված երրորդ եռակողմ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունիցՙ մեզ համար անբարենպաստ սովետական քարտեզներով սահմանազատում պահանջելով եւ սպառնալով ռազմական ճանապարհով Հայաստանի ընտրությունները խանգարել:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը խորհրդարանում կասկած է հայտնել, որ Ադրբեջանը դժվար թե ինքնուրույն գնար այդպիսի քայլերի.«Չգիտեմ, թե կոնկրետ ում հետ է Բաքուն համաձայնեցրել այս նախագիծը: Ենթադրում եմ, որ Ադրբեջանը միայնակ չէր համարձակվի դիմել նման գործողությունների: Կարծում եմ, որ դա արվել է այլ ուժերի հետ նախնական պայմանավորվածությամբ»: «Ո՞ւմ հետ» հարցին Փաշինյանն ու նրա մերձ շրջապատը հստակ պատասխան չեն տալիսՙ Թուրքիան, Ռուսաստանը, ո՞վ, ո՞ւմ վրա է կասկածը: Կոնկրետ տողերիս հեղինակի կարծիքով ՙ առանց Ռուսաստանի ոչինչ չի շարժվում էս մեր «ղոլերում»: Դե իսկ խոհանոցից էլ օգնությունը հարեհաս էր, հատուկ երկմտողների համար որպես համոզիչ փաստարկՙ թե Նիկոլը հիմա էլ հորինել է, որ «սահմանին խառնաշփոթի մեղավորն է ՀԱՊԿ-ը»: Հաաա, էն երրորդ եռակողմ փաստաթղթի սեւագրի իբր արտահոսքն էլ խոհանոցից էր, դե սա էլՙ հատուկ անհասկացողների եւ անհասկացող ձեւացողների համար, որ ավել- պակաս հարցեր չտան: Բայց դե դերերի այսօրինակ բաշխումից ադրբեջանցիների ներխուժումը Հայաստանի սուվերեն տարածք ոչ միայն ի չիք չի դառնում, նույնիսկ Վերին Շորժայում մտնում եւ լկտիությամբ հայ զինվորականի են սպանում, Գեղարքունիքի մի այլ հատվածում էլ մտնում- մեր զինվորներին գերի են տանում: Ու բոլոր տեսակի խուճուճ, եթե-ապա, հեքիաթի ժանրին մոտիկ եւ ոչ այնքան մոտիկ բացատրությունները չեն օգնում հասկանալ գլխավորըՙ էդ սցենարիստը, որի օգնությամբ ադրբեջանցիք մտել են Սյունիք, Գեղարքունիք, վերջը ի՞նչ է ուզում, ո՞րն է նրա նպատակը, ո՞ւմ թիկունքն է պահում, ի՞նչ մի ուղղորդել է ուղղորդում, ճշգրտում հայաստանյան ընտրությունների սցենարական գիծը: Դե ռազմական դրություն էլ դեռ չի հայտարարվի, վարչապետի պաշտոնակատարը խորհրդարանում ասացՙ դա կլինի միայն իրավիճակի կտրուկ սրման դեպքում, որը գրողի ծոցը կուղարկի մեր «Ընտրություններ» անունով եւ բոլոր մասնակիցներով նույն կիսադաշտում դեր ստանձնածների օգնությամբ կառուցված սցենարը: Իսկ կլինի դա, թե՞ ոչՙ ո՞վ իմանա, կախված է քարոզարշավի առաջին հինգ օրից, հունիսի տասնվեցին Ժնեւում կայանալիք Բայդեն-Պուտին հանդիպումից, Հայաստանի բզբզոցիցՙ ՀԱՊԿ-ի երկիմաստ պատասխանների ֆոնին, թե բաՙ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկատվությունն ի գիտություն է ընդունվել, ՄԱԿ Անվտանգության խորհուրդ դիմելու մեր կիսասպառնալիքն էլ վրադիր: Ընդհանրապեսՙ Պլան Ա եւ Պլան Բ-իՙ ի տեղի ու ժամանակի գործարկումից:

Ի դեպՙ երեկ արդեն նոր ստեղծված քաղաքական ուժերից մեկ-երկուսի առաջարկներ աչքովս ընկանՙ հայտարարել ռազմական դրություն, հետաձգել ընտրությունները եւ դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին: Ու այստեղ նորից մարդու միտքն է գալիս ըստ արժանվույն չգնահատված Արման Եղոյանը (էէէ, նա սեփական կուսակցության ցուցակի եսիմ որ տասնյակներում է), որն ԱԺ ամբիոնից ասում էր, թեՙ շատ եմ խնդրում, ժողովուրդ, տարածաշրջանում շահեր ունեցող մեծերի աշխարհաքաղաքական «ռազբորկաների» մեջ ոտի տակ մի ընկեք: Ու ոչինչ, որ էդ մեծերի մեծ մասը դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումները, բայց հենց նրանցից մեկը, ռազմավարական դաշնակիցըՙ ոչ, ու դեռ տարբեր պաշտոնյաների շուրթերով հասկացնում է. «Ինչ վերաբերում է սահմանային միջադեպին, ապա դա ոչ մի ընդհանուր բան չունի ղարաբաղյան խնդրի հետ: Հիմնական պատճառը հայ-ադրբեջանական սահմանի միջազգային իրավական գրանցման բացակայությունն է, որը ժառանգվել է խորհրդային ժամանակներից: Մենք ելնում ենք նրանից, որ նման իրավիճակները պետք է լուծվեն բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Որպես երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը` դրա հետագա սահմանազատմամբ: Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ օգնել դրան» (ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա ): Ռուսների ու ադրբեջանցիների յոթ երգն էլ, ուրեմն, սահմանազատման մասին է, հայերիս հողից հա կսմթելու համար խելքն իրենցը չի:

Արձագանքելով տեղի ունեցածինՙ ՀՀ ԱԳՆ հայտարարությամբՙ ադրբեջանական զինուժի բոլոր գործողությունների եւ դրանց հետեւանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Իսկ որ մեր թշնամին ապատեղեկատվություն է տարածել, որ հայ զինվորները գտնվել են Ադրբեջանի տարածքում, այսինքնՙ Գեղարքունիքի մեր սահմանն ադրբեջանական է անվանում, գերիներին հետ բերելուն ուգահեռՙ հզոր հակահարված պետք է ստանա:

Ժամանակից ու իրավիճակից այն կողմ

Ու էս բոլորի մեջ, չուզելով, մի կերպ ինքներս մեզ ստիպելով շուռ ենք գալիս դեպի ԿԸՀ եւ Հայաստանում սկսված ընտրական թոհուբոհ, ու, ով զարմանք, էս որքան կուսակցություն ու կուսակցական է ցանկանում կտոր փախցնել իշխանական մեծ տորթիցՙ պառլամենտ անունով, 23 կուսակցություն, 4 դաշինք, բոլորն էլ բնականաբար հայրենիքը փրկելու վեհ առաքելությամբ: Եթե հաշվի առնենք կուսակցական ցուցակների թվիՙ 84-ից ոչ պակաս լինելու օրենսդրական պահանջը, դա մոտավորապես 2,5 կես հազարին մոտեցող թիվ է, Էսքան ակտիվ կուսակցականացված մարդ կա՞ Հայաստանում, դե ասաՙ մի երկու լավ պաշպանական դասակ կարելի կլինի սրանցից կազմավորել, զենքը տալ ձեռքներն ու, հայդա, սահման, ականապատողների թիկունքը պահելու, թե չէ պատերազմի ժամանակ մկան ծակին հազար թուման տվողները հիմա էլ կուսակցություններ են լցվել, հատկապես նոր ստեղծված հազար գույնի ու հազար ձեւի «հայրենիք փրկողների» կուսակցություններ:

ԿԸՀ դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետի ավարտին, այդպիսով, պարզ դարձավ, որ կարծես թե նվազող կորոնավարակի ֆոնին սկսվում է ընտրավարակը, ու քաղաքական ուժերի մեծ մասը, սահմաններում կատարվողից ամենեւին չշփոթված, կարծես դա մեր սովորական վիճակն է, գլխովին նետվում են իշխանական տորթի իրենց բաժինը փախցնելու վազքի մեջ, կողքից նայելով Սյունիքում նստած թշնամուն. Մի տեսակ ստեղծված վիճակը լրջագույններից չհամարելով, երեւում էՙ քաղաքական ուժերը կամ առնվազն նրանց ղեկավարները գիտեն այնպիսի բան, որ մենքՙ սովորական մահկանացուներս չգիտենք: Դեռ մի բան էլ լիովին պատրաստվում են ամբողջ խորությամբ ու լայնությամբ հանձնվել քարոզարշավին, ողջ Երեւանն ու Հայաստանը իրենց մետրոուկեսանոց լուսագովազդային պատկերներով ողողելով , տասն օր շարունակ պատրաստվելով մեր աչքը խոթել իրենց բացառիկ հայրենասիրության մասին պաթոսահունց մտքի փայլատակումները:

Տեսնեսՙ հայերի քանի տոկոսը հավես ունի լսելու ընտրական գլուխգովանությունըՙ անցած պատերազմի, դրա ողբերգական ավարտի ու ներկա անորոշության ֆոնին, իրենցՙ հայրենիքը փրկելու, մրցակցիՙ հայրենիքը կործանելու միագիծ քարոզը հանդուրժելու, հայրենիքի ու մարդկային կորուստներիՙ մրմռացող ցավի անհամատեղելիությունը ինքագոհ դեմքերի հետ չնկատելու, որ Էդմոն Մարուքյանն ասում է, թե քարոզարշավից է կախված ընտրությւոնների ելքը: Տեսնես քանի մարդ է գնալու ընտրությանՙ փրկիչներին իշխանության բերելովՙ ինքը եւս փրկվելու հույսով, ընդհանրապեսՙ մեր հատընտիրները արդյոք այդպիսի ցանկության փշրանքներ թողե՞լ են վերստին ընտրողի կարգավիճակում հայտնված հայ մարդու ներսում: Մանավանդՙ երբ ուսումնասիրում է բոլոր այս դաշինքների առաջին տասնյակ-քսանյակները. որն անելուց հետո առաջին մտքերը, որ առկայծում են, էս կարգի են. էն ժամանակ էլ էին օլիգարխներ ցուցակում, հիմա էլ, էն ժամանակ էլ էին մի անգամ քաղաքական շրջանակ նետված նույն մարդիկ խառնվում-կիսվում-լցվում քաղաքական այս ու այն պարկը, նայած որն էր ազատ, հիմա էլ, էն ժամանակ էլ էին գոռացող-ճչացող թերարժեքները քաղաքականությամբ զբաղվումՙ լուրջ մարդկանց ու լուրջ մասնագետների ճանապարհը փակելով, հիմա էլ, էն ժամանակ էլ էին փող խաղացնում, հիմա էլ (կատարելագործված ձեւերով): Բայց դա էլ կարելի կլիներ մի կերպ տանել, եթե պատերազմը չփակվող վերքեր ու հոգու ցավ պատճառած չլիներ, ու դրա մեղավորներն այդպես ոտքի տակ չընկնեին: Անգամ եթե բուն մեղավորների շրջանակը Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդլայնիՙ բոլոր նախկիններին ու ներկաներին ներառելով, ինչպես վերջին հայտարարությամբ արեց::

Ես ուրիշ քարոզարշավ եմ առաջարկումՙ ամեն ծախսվող ընտրական դրամ հասցնել մեր զոհված զինվորների ընտանիքներին ու մեր հաշմանդամ դարձած տղաներինՙ դա թող լինի բոլորիդ քարոզարշավը: Դե նայեքՙ ողջ քաղաքում արդեն տեղադրված է մի քանի հարյուր լուսագովազդ,ամեն մեկի փոխարեն եթե դրա գումարը հանձնվեր այդ մարդկանցՙ մեկ գովազդի գումար-մեկ ընտանիքի սկբունքով, որքան ավելի օգտակար գործ կանեին մեր ընտրացուները: Այլապես անհասկանալի է ժպտացող ու կուշտ դեմքերի գոհ ժպիտները գովազդներիցՙ ինչի՞ վրա եք ժպտումՙ կորցրած հայրենիքի՞, Բաքվի բանտերում կտտանքների ենթարկվող ռազմագերիների՞, զոհված զինվորների մայրերի վշտի՞, թե՞ հաշմված տղաների կործանված երջանկության վրա: Լավ, էլի:

Ընդհանրապեսՙ կուսակցությունների եւ դաշինքների վերջնականապես գրանցումից առաջ, անկախ Հայաստանի բոլոր ընտրությունները տեսածս, բոլոր ներքաղաքական գործընթացները վերապրածս, մի քանի կանխատեսում անեմ, որոնք, իհարկե, ծանր կթվան «հաղթելու» ենք ասող մեր քաղաքականներին (Արծրունի կարգախոսից հրաժարվեքՙ վատ ուղեկից է, մեկ, երկրորդՙ հաղթում են թշնամուն), որոնց կվերադառնամ ընտրություններից հետո:

Նախՙ ես դեռեւս համոզված եմ, որ ընտրությունները չեն լինիՙ սա սուբյեկտիվ զգացողություն է:

Երկրորդ, ընտրություններ եթե լինեն էլՙ մի երկուհարյուր հազար մարդ հազիվ մասնակցի այդ ընտրություններինՙ հիասթափությունն է շատ մեծ պատերազմից եւ հետագա իրավիճակից:Այդպիսովՙ մոտիվացված քչաթիվ ընտրողները կորոշեն Հայաստանի ողջ բնակչության փոխարեն, ու դա հաստատ ամենալեգիտիմ, ամենալավագույն որոշումը չի կարող լինել:

Երրորդՙ դաշինքների եւ կուսակցությունների այս առատությունը բերելու է նրան, որ ամեն կուսակցություն իր կուսակիցների ու մոտիկ աջակիցների քվեները հազիվ էլ ստանաՙ կլինի քվեների շատ մեծ փոշիացում, որը մի փոքր կշատացնի հիմնական ֆավորիտների, եւ հատկապես երկու հակադիր բեւեռների ընտրական շեմը հաղթահարելու շանսերը, բայց կդժվարացնի արդեն խորհրդարանում կոալիցիա կազմելու ու մեծամասնություն ունենալու խնդիրը: Քվեների թվի առումով ընդհանուր ողբերգական-խղճուկ վիճակ կլինի: Առհասարակՙ հիմնական երկու հայտնի ֆավորիտները պայքարելու են 49-51 տոկոսի տարբերությունն իրենցով անելու համար ընդամենը, որպեսզի խորհրդարանը ծածկեն երկու հակադիր ու հավասարեցված ուժերով քաղաքական բեւեռներ, մերձ երկու-երեք ուժերի աջակցությունը եւս ստանալու դեպքում անգամ: Բայց եթե ընտրություններ լինեն, վստահ չեմ, որ խուճուճ օրենսդրությունը թույլ կտա առաջին փուլով ամեն բան ավարտել. Ոչ ոք այն տոկոսը չի ստանա, որ միանշանակ լիդեր լինի, ու անգամ խուճուճ օրենսդրությամբ նախատեսված կոալիցիա կազմելը հաջողի, այդպիսովՙ երկու ուժի միայն հնարավորություն տալով, որ երկրորդ փուլով, համայնքային ընտրության նման նվազ ձայներով զինված խորհրդարան եւ իշխանություն ձեւավորեն, որքան էլ արժանահիշատակ լինի, որ ուղիղ կամ միջնորդավորվածՙ Հայաստանի բոլոր երեք նախագահներն են մասնակցում ընտրություններին. Լեւոն Տեր-Պետրոսյանն ի վերջո որոշեց մասնակցել ու գլխավորել ՀԱԿ ցուցակը:

Համենայնդեպսՙ ես այսպիսի կարկատանային պատկեր եմ կանխատեսում, իսկ հիմնական ֆավորիտն, իհարկե, որքան էլ անհավանական պիտի լիներ պարտված պատերազմի արդյունքում, նախեւառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էՙ իր առաջին համար ու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանով , «Հայաստան» դաշինքն իր լիդեր ու վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանով : Ինչու չէՙ համեմատական առումով ֆավորիտներ են «Պատիվ ունեմ» ՀՀԿ-ամերձ, Սերժ Սարգսյանին մերձ դաշինքըՙ Արթուր Վանեցյանով (Տարոն Մարգարյանի ընդգրկմամբ). «Լուսավոր Հայաստանը» Էդմոն Մարուքյանով , սեփական ընտրազանգված ունեցող ԲՀԿ-նՙ թյունինգ արած ու առանց Ն. Զոհրաբյանի , Գ. Պետրոսյանի , Վ. Էնֆիաջյանի ցուցակով, եւ, անշուշտ, խորհրդարանում արդեն կոալիցիա կազմելիս որոշիչ գործոն դառնալով, նայած թե ում կողմն է անցնելու: Արման Բաբաջանյան-Լեւոն Շիրինյան անհամատեղելի զույգի դաշինքը միգուցե նույնպես կարելի կլինի քվեների առումով անհուսալի չհամարել. քանի որ նրանց ընտրաանգվածին կարելի է որոնել ռուսական քմահաճությունների դեմ տրամադրված անձանց մեջ, եւ էլի մի երկու խարիզմատիկ միավորներ կան, թեեւ հատուկ ձայն փոշիացնելու համար քաղաքական ուժերՙ նորաստեղծ կամ հին, նույնպես բավականաչափ ընտրասպարեզ են նետված, այն էլ դրսի ազդեցությունները կրող: Կլինի այսպե՞ս, թե մի այլ կերպՙ կտեսնենք, եթե մեր նշած ամենառաջին վարկածն իրականություն չդառնա, այսինքն ընտրությունները տեղի չունենան: Իսկ դրա շահառուները ե՛ւ ներսում են, ե՛ւ դրսում: Համենայնդեպս երեկ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովներիՙ արտահերթ հրավիրված համատեղ փակ նիստը վկայում է, որ իրավիճակը լարվում եւ լրջանում է:

ԱԺ քաղաքական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցը երեկ սահմանային լարվածության թեմայով հանդիպումներ ունեցավ Հայաստանում ներկայացված մի շարք երկրների դեպանների, այդ թվումՙ Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետՙ սահմանային լարվածության շուրջ, երկրի նախագահն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հեռախոսով քննարկեցին տեղի ունեցածը, իսկ բուն Գեղարքունիքի Կութ գյուղի սահմաններում (այնտեղ մեկնեց նաեւ վարչապետի պաշտոնակատարը), ուր տեղի է ունեցել հայ զինվորների առեւանգումը, օրվա երկրորդ կեսին կողմերը բանակցում էին մեր զինվորներին հետ վերադարձնելու համար: Ու այդ բանակցություններում Ադրբեջանն իրեն անհամարժեք է պահումՙ նորանոր պահանջներ դնելով: Երեւում էՙ մենք այլեւս հազիվ թե հանգիստ քնենք, սահմանային լարված իրավիճակը եւ երեկվա կառավարության նիստում ընդունված որոշումը վկա, որով մեր երկրի սեփականությունը հանդիսացող Կապանի, Մեղրիի, Տեղ հողերից անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվի ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանՙ ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը:

Աստված սատար լինի Հայաստանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ