RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021



Տեղադրվել է` 2021-05-27 23:11:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1049, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԵ-ԴԵ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ուղիղ 18 օր էՙ Ադրբեջանի զորքը Հայաստանի տարածքում է: Ճիշտ այդքան ժամանակ Հայաստանի ՊՆ-ն հայտարարում է, թե իրավիճակը վերահսկում է: Այսինքն այն փաստը, որ Ադրբեջանի զորքը մտել ու դուրս չի գալիս Հայաստանից, Հայաստանի ՊՆ-ն համարում է վերահսկելի իրավիճակ, սաՙ իմիջիայլոց:

Սյունիքում ու Գեղարքունիքում Հայաստանի պետական սահմանը խախտելու այս դեպքերի համապատկերում քաղաքական-հասարակական բառապաշար մտավ երկու բառ, երկուսն էլՙ դե-ով սկսվողՙ դեմարկացիա եւ դելիմատացիա: Դե այսինքնՙ քարտեզների ճշգրտում ու քարտեզագրում, ոչ թե ֆրանս-գերմանական, այլ հայ-ադրբեջանական: Հայաստանը սրան սկզբունքորեն համաձայն է, դե այսինքնՙ պաշտոնական Երեւանը հայտարարում էՙ հարգելի պաշտոնական Բաքու, մենք պատրաստ ենք հայ-ադրբեջանական դե-դե-ի, եթե դուք հանեք ձեր զորքը մեր սուվերեն տարածքից: Պաշտոնական Բաքուն էլ, այնքան է տարվել Շուշիում շինարարությամբ, որ մոռացել է հանել իր զորքը Հայաստանի սուվերեն տարածքից, չնայածՙ չի բացառվում, որ Ադրբեջանը, հաշվի առնելով 44-օրյա պատերազմը, որոշել է պարզապես իր որոշ զինվորների, որոնց թիվը մի քանի հարյուրի է հասնում, ի դեպ, ուղարկել արտասահմանՙ հանգստանալու, դե իսկ Հայաստանը Ադրբեջանի համար միշտ էլ ցանկալի արտասահման է եղել: Բայց սա էլՙ իմիջիայլոց:

Ինձ հետաքրքրում է երկու բան. նախ սովետական Ադրբեջանը, որի քարտեզները հիշել են, ապաՙ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքըՙ Հանրաքվեի մասին: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի անկախ Հանրապետությունը հայտարարել է, որ ինքը սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չէ, եւ ուրեմն սովետական Ադրբեջանի քարտեզը չի կարող լինել անկախ Ադրբեջանի քարտեզ: Ավելին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եւս չի կարող լինել անկախ Ադրբեջանի մաս, քանի որ Բաքուն մերժել է սովետական անցյալը: Թե ինչո՞ւ են այս մասին մոռացել Երեւանում, չգիտեմ, ենթադրում եմ, որ վախենում ենՙ Բաքվից:

Ինչ վերաբերում է հանրաքվեին: Խնդիրն այն է, իսկ այս պարագայումՙ լավն այն է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային որեւէ փոփոխության հարց պետք է դրվի հանրաքվեի, այսինքն, եթե Հայաստանի իշխանությունը որոշի, որ ենթադրենք Բջնին հանձնում է Շվեյցարիային, իսկ, օրինակ, Ենոքավանըՙ Կոլումբիային, պարտավոր է հարցը դնել հանրաքվեի, որտեղ հանրությունն ինքը կորոշիՙ անե՞լ դա, թե՞ ոչ: Հիմա ինձ հետաքրքրում է հայ-ադրբեջանական դե-դե-ի հանրաքվեն, ավելի ճիշտ այդ հանրաքվեում հարցի ձեւակերպումը. համաձա՞յն եքՙ Ադրբեջանի Հանրապետությանը հանձնել այս գյուղն ու այն գյո՞ւղը. այդպե՞ս է լինելու: Նույնիսկ քարոզարշա՞վ է լինելու, որտեղ իշխանությունը համոզելու է ժողովրդին, որ Ադրբեջանին այս ու այն գյուղի հանձնումը 100 տոկոսով բխում է Հայաստանի ազգային-պետական շահերի՞ց, իսկ հակառակը պնդողները կոչվելու ենՙ ազգային-պետական շահից չբխող գործողություններ հրահրողներ եւ ուրեմն դավաճաննե՞ր...

Բայց քանի որ ինձ երբեք չի հետաքրքրել իշխանությունը, հետաքրքրում է ժողովուրդը, որին վաղը կամ մյուս օրը պաշտոնապես հարցնելու ենՙ համաձա՞յն եք այս ու այն գյուղը հանձնել Ադրբեջանին:

Ունե՞ք պատասխանը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ