RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021



Տեղադրվել է` 2021-05-27 23:11:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 3269, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՑ ԹՈՂԵՔ ԲԱՐԱԲԱՅԻՆ, ՓՈԽԱՐԵՆԸ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԲԱՐՁՐԱՑՐԵՔ ԽԱՉԻՆ

ՆԱԻՐ ՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնի ուսանողները, կողք կողքի նստած, դասախոսին են լսում: Մեկի համար Ոսկան Երեւանցու կենսագրությունն ու գործունեությունը հետաքրքրական է, մյուսի համարՙ ոչ այնքան: Մեկն արդեն մտքով տանն է, մութ ու ցուրտ սենյակում տաք ծածկոցով փաթաթվածՙ չոր սպիրտի վրա եփված թեյն է խմում, հետեւի նստարանին նստած միջահասակ երիտասարդը մտածում էՙ կուսընկերուհուն այսօ՞ր սեր խոստովանի, թե կիրակի երեկոյան մի փունջ ծաղիկ առնի-գնա նրանց տուն, մարդավարի խոսեն:

Իսկ երկրորդ շարքում նստած ժպտերես, վառվռուն աղջիկը, որ կուրսի ուրախությունն է, չգիտե, որ հենց հիմա ինքը նստած է իր ապագա որդու դահճի կողքին: Մյուս ուսանողներըՙ տղա-աղջիկ, պատկերացում չունեն, որ երբ իրենք դասամիջոցներին իրար հարցուփորձ են անում, թե տղերքն Արցախի գյուղերն ազատագրելովՙ ուր են հասել, քանի՞ զոհ ու վիրավոր ունենք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ անկախություն ձեռք բերած Հայաստանի Երրորդ Հանրապետությունն իրենց համակուրսեցին երեսուն տարի հետո մազից է կախելու, հետո գրպանից դանակ է հանելու, մազը կտրի ու երեսուն տարեկան Հայաստանի Երրորդ Հանրապետությունը գցի ուղիղ թուրքի երախի մեջ:

Իսկ թուրքի երախի գարշահոտությունը շնչող հայերը ծվեն-ծվեն եղած Հայաստանի փողոցներում, հրապարակներում, գյուղերում ու քաղաքներում գոչելու են. «Բաց թողեք Բարաբային, նա մեղավոր չէ: Բարաբային ազատ արձակեք, մեր երեխաներին խաչին բարձրացրեք»:

Աստվածակերտ կավ- մարդուց մինչեւ ցուկերբերգյան համակարգիչ-մարդն ի՞նչ է փոխվել. ոչինչ: Նույն ունայնությունն է ու տիեզերաչափ տգիտությունը: Չար Կայենը սպանեց բարի Աբելին, հուր ու կրակ Լիլիթն Ադամին չարչարում էր, նվաստացնում, բայց երբ Աստված Ադամին խղճաց ու Լիլիթին տարավՙ նրա փոխարեն բերելով հողեղեն Եվային, Ադամն էլի իրեն տանջող ու նվաստացնող Լիլիթին էր երազում:

Արցախը լափած, Հայաստանը չորս կողմից պատառոտած բորենիների ոհմակն արնակալած աչքերը սեւեռել է Սեւանին, Արենիին, Տավուշին, ամբողջ Սյունիքն է ուզում խժռել, իսկ Սեւանում, Արենիում, Տավուշում, Սյունիքում գոչում են. «Բաց թողեք Բարաբային, նա անմեղ է, մեր երեխաներին խաչին բարձրացրեք»:

Ծնունդով տավուշցի, Տավուշի նախկին մարզպետը հայտարարում էՙ Տավուշի յոթ գյուղերը իշխանությունները չեն տալիս Ադրբեջանին, ժողովուրդն է այդ յոթ գյուղերն Ադրբեջանին տալիս: Ծնունդով տավուշցի, Տավուշի սար ու ձորում մեծացած, բայց Հայաստանն ու Արցախը խժռող բորենիների ոհմակին հնազանդ մարզպետը ճիշտ է ասումՙ Տավուշի յոթ գյուղերը ոչ թե իշխանություններն են Ադրբեջանին տալիս, այլ ժողովուրդն է տալիս: Եթե ժողովուրդը ձայն չի հանում, դիմադրություն ցույց չի տալիս, չի ընդվզում, չի բողոքում, բորենիների ոհմակին շանսատակ չի անում, այլ հլու-հնազանդ նայում է, թե ինչպես է ոհմակն իր թարախակալած աչքերով առաջնորդի գլխավորությամբ Արցախից հետո Սյունիքը լափում, Սյունիքից հետոՙ Գեղարքունիքըՙ միաժամանակ ժանիքները խրած Տավուշի ու Վայոց ձորի կոկորդը, ուրեմն, իրոք որ ժողովուրդն է իր համակ լռությամբ ու անտարբերությամբ իր սրբազան հայրենիքը դարձնում բորենու լափ, հոտած լեշ:

Որդեկորույս մայրն ուշ գիշերին պառկում է, որ քնի: Ձեռքը դնում է սրտին ու ասում. «Սա քո՛ սիրտն է, որդի՛ս, իմ սիրտը թաղված է Եռաբլուրում»:

Արմավիրի մարզի Լենուղի գյուղում պատերազմի զոհերի հիշատակին հուշարձան է բացվել: Պատին հերոսների անուններն են գրված, նկարերըՙ փակցվածՙ սիրուն, ջահել, կյանքով լի աչքերով:

Գյուղը սգում է տղաների մահը, գյուղն ուշքի չի գալիս ցավից: Արցունք, հառաչանք, մրմուռ դարձած Լենուղու հիշատակի պուրակում երկու հոգի կամաց զրուցում են. նրանցից մեկը բռունցքով խփում է սրտին ու ասում. «Նիկոլի արեւ, թե խաբում եմ, ոնց որ էս երեխեքը բոլորն իմը լինեն, բոլորի համար էլ մղկտում-մրմռում եմ ամեն օր»:

Ադրբեջանցիները մտել են Հայաստանիՙ միջազգայնորեն ճանաչված տարածք ու քայլելով նվաճում են մեր հայրենիքը, Սյունիքում վրանները երեկ ավելի հեռու էին խփել, այսօր արդեն գյուղերից երեսուն-հիսուն մետր հեռավորության վրա են: Գեղարքունիքում կրակել են մեր զինվորների վրա ու նրանցից մեկին սպանել: Պաշտպանության նախարարությունը հրահանգել է մերոնցՙ ոչ մի պարագայում չկրակել:

Բորենիների ոհմակը ժանիքները սրել է: Հայաստանի սրտում նստել է ոհմակն ու նոր դավեր է որոճում:

Փարաքարի ճանապարհին ոչխարների փոքր փարախ է մակաղել: Երեկոյան ոչխարները հանգիստ որոճում են, բայց ամեն անգամ, երբ մթության մեջ մարդու կերպարանք է ուրվագծվում, ականջներն անհանգիստ խլշում են: Լույսը բացվելուն պես փարախի դիմացի մեծ քարը ներկվում է թարմ արյամբ: Միայն մորթվողն է քարին մոտենալիս մի երկու անգամ մղկտալով մայում, մյուսները հանգիստ պառկածՙ որոճում են, մինչեւ իրենց մայելու հերթն էլ հասնի: Բայց օրվա մեջ մի քանի անգամ մորթվող ձեռքից աղ լպստում: Մորթվողները գիտե՞ն, որ աղ կերած ոչխարի միսը համեղ է լինում:

Լուսինեն որդու գեղանկարների ցուցահանդեսին է պատրաստվում: Արամը մանկուց էր նկարում, երգում էլ էր, սպորտով զբաղվում. չկար մի բնագավառ, որն ուսումնասիրած չլիներ. ինչին ձեռք տար, արվեստ կդառնար: Իսկ խոսքը... մտքերը, գեղագիտությունն ու փիլիսոփայական հայացքները...կարծես ոչ թե քսան, այլ հարյուր քսան տարեկան լիներ: Պատերազմի օրերին էլ է նկարել ու նկարները նվիրել ընկերներին: Ընկերները հրաժեշտի նամակներ են գրել, միմյանց փոխանցել, որ իրենց մահից հետո ողջ մնացածները հանձնեն իրենց հարազատներին: Արամը հրաժեշտի նամակ չի գրել, ասել էՙ ես չեմ մեռնելու, ես ապրելու եմ, ես իննսուն տարեկան եմ դառնալու, ու իմ թոռներ-ծոռները շուրջբոլորս խաղալու են, ես էլ նրանց կոնֆետներ եմ բաժանելու:

Հրաժեշտի նամակ չգրած Արամը զոհվեց, հրաժեշտի նամակ գրած նրա ընկերներն էլ զոհվեցին: Լուսինեն իր որդու դահճի հետ ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում սովորելիս նույն լսարանում է նստել, նույն նստարանին: Իր որդու դահիճը իր նման հազարավոր մայրերի որդիների դահիճն էլ է: Լուսինեն որդու երազանքն է իրականացնում, նրա անհատական ցուցահանդեսն է կազմակերպում: Ցուցասրահից ընդամենը մեկ կիլոմետր հեռուՙ նրա որդու դահիճն էՙ ինքնագոհ, ինքնաբավ, ջահել տղերքի արյամբ հագեցած, Արցախը մատաղ արած, Հայաստանի սահմանները սասանած ու Հայաստանը թուրքերով լցրած:

Շուշիում արցախյան վերջին պատերազմի վերջին ճակատամարտն է եղել: Մարտունիի, Մարտակերտի, Ջաբրայիլի, Հադրութի, Կուբաթլուի, մյուս հատվածների պաշտպանության համար ամբողջ պատերազմի ընթացքում կռված ու ողջ մնացած զինվորներին նոյեմբերի առաջին օրերին տարել են Շուշի, որ ողջերը Շուշիում անմահանան:

Շուշին կանգուն պահելու համար մղված մարտերը, հրաշքով ողջ մնացած տղաների պատմածները վկայում են, որ բերդաքաղաքի հանձնումը նախապես էր ծրագրված, պարզապես ստեղծվել է ինքնապաշտպանության իմիտացիա: Արցախի տարբեր հատվածներում քառասուն օր կռված ու հրաշքով ողջ մնացած տղաները հիմա էլ պետք է Շուշիի համար պայքարեինՙ չիմանալով, որ մարտերը բեմադրված են, որ պետք է տպավորություն ստեղծվեր, թե մենք չկարողացանք Շուշին պահել, դրա համար էլ Շուշին ընկավ: Շուշին հանձնելու հրեշավոր ծրագիր... իսկ տղաները ցավին ու դավին անտեղյակՙ գնացին: Տղաներն էին ափսոս, նրանց հավատն էր ափսոս:

Պաշտոնական ոչ մի տեղեկություն չկա, թե Շուշիում քանի զինվոր է զոհվել, ոչ պաշտոնական թվերը հասնում են հազարի: Շուշին չի ավերվել, չի ռմբակոծվելՙ ի տարբերություն Մարտակերտի, Մարտունու, Ջաբրայիլի: Քարվաճառն էլ, Քաշաթաղն էլ, Հադրութն էլ հանձնվել են գրեթե անվնաս. ամենաթեժ մարտերը եղել են Կարմիր Շուկայում, որը մեր վերահսկողության տակ է: Պարզ հարց է ծագումՙ այդ ինչպե՞ս է եղել, որ Ադրբեջանին հանձնված տարածքներում ենթակառուցվածքները, հյուրանոցները, դպրոցները, մանկապարտեզները, հէկ-երը չեն վնասվել, այն էլ ահարկու, դժոխային զինատեսակների կիրառման պայմաններում: Այդ ինչպե՞ս է եղել, որ Շուշիի Ղազանչեցոցի վրա ռումբ ու արկ է նետվել հոկտեմբերին, երբ Շուշիի հայերը դեռ իրենց քաղաքում էին ապրում, իսկ նոյեմբերինՙ Շուշիի համար մղվող մարտերի ժամանակ, թշնամին բերդաքաղաքն օդային հարձակման չի ենթարկել: Տղաները զոհվել են մերձամարտերի ժամանակՙ գլխին ստացած հրազենային վնասվածքներից ու դիպուկահարների կրակոցներից:

Պատերազմը քառասունչորս օր ձգելով ու նորանոր կյանքեր խլելովՙ Արցախն իր ամբողջ հմայքով, հնավայրերով, բազմադարյա կոթողներով, շենք-շինություններով, Տիգրանակերտով, սկուտեղի վրա մատուցվեց Ադրբեջանին: Աղդամի Տիգրանակերտի վրա ինչո՞ւ ոչ մի ԱԹՍ չպտտվեց, ու Ալիեւներն այցելեցին կուսական վիճակում իրենց հանձնված Տիգրանակերտի ամրոց: Մեր հուշակոթողները պատերազմի ժամանակ չեն քանդվել-ավերվել, դրանք ոչնչացվել ու պղծվել են պատերազմից հետոՙ ենթարկվելով ադրբեջանական իշխանության կամքին:

Անվնաս վիճակում են հանձնվել նաեւ մեր զորամասերը: Մերոնք նահանջել ենՙ առանց զորամասերն ականապատելու կամ պայթեցնելու: Իսկ օրինակ մեր վերահսկողության տակ գտնվող Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի զորամասերը պատերազմի առաջին իսկ օրերից են պայթեցվել: Բոլոր կասկածները, հարցերը, վարկածները տանում են նույն կետինՙ պատերազմից առաջ է որոշված եղել պատերազմի ելքը, պատերազմից առաջ են պայմանավորվածություններ ձեռք բերվել, թե Արցախի որ հատվածն է հանձնվելու Ադրբեջանին, եւ որըՙ ոչ: Ըստ այդմ էլ ռազմական գործողությունները մշակվել են, ըստ նախապես մշակված պլանի էլ օդային հարձակումները կազմակերպվել են: Սկզբունքը հետեւյալն էրՙ Արցախն Ադրբեջանին հանձնել հնարավորինս պահպանված ու չավերվածՙ Արցախը պաշտպանողներին ենթարկելով անողորմ սպանդի ու դաժան մահվան:

Հերթը Հայաստանինն է, որի փողոցներում ու հրապարակներում, քաղաքներում ու գյուղերում մարդիկ դեռ գոչում են. «Բարաբան մեղք չունի, բաց թողեք Բարաբային, Բարաբան թող մնա: Մեր երեխաներին բարձրացրեք խաչին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ