RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021



Տեղադրվել է` 2021-05-27 23:11:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1093, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԱՂՏՆԻ ՄԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ՈՐ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼ ԳԱՂՏՆԻ ՉՄՆԱՑ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունները փորփրում են եւ ցանկանում երեւան հանել մեկը մյուսի կեղտոտ գործունեությունը: Այն ինչ Միքայել Մինասյանը հրապարակեցՙ վեր էր ամեն տեսակի նախընտրական արշավի սահմաններից եւ անմիջականորեն առնչվում էր Հայաստանի գոյութենական հարցերի հետ: Մինասյանը Սերժ Սարգսյանի փեսան է, եւ Հայաստանի նախկին դեսպանը Վատիկանում: Հակառակ որ ապրում է տարագրության մեջ, նա մեծ ազդեցություն ունի հայաստանյան մամուլի հրապարակումների վրա: Նա բավական լուրջ խնդիրներ է առաջացրել Հայաստանի քաղաքական դաշտում իր սենսացիոն բացահայտումներով եւ սուր քննադատություններովՙ ուղղված Նիկոլ Փաշինյանի վարչակազմի դեմ: Նա քանիցս ապացուցել է, որ մոտիկ հարաբերություններ ունի Հայաստանի եւ հարեւան երկրների քաղաքական շրջանակների հետ:

Փաշինյանը շշմել էր զարմանքից, երբ գաղտնի փաստաթուղթը հրապարակվեց: Ընդդիմադիր առաջնորդներից Էդմոն Մարուքյանը պահանջեց Փաշինյանից, որ խորհրդարանական արտակարգ նիստ անցկացնի, նշելով, որ որեւէ միջազգային համաձայնություն ուժի մեջ կարող է մտնել միայն խորհրդարանական քվեների կամ ժողովրդական հանրաքվեի վավերացումից հետո:

Փաշինյանն ստիպված էր տեղի տալ, որովհետեւ իրականում կար մի փաստաթուղթ, որի տակ ինքը պատրաստ էր ստորագրել, քանի որ, ըստ իրեն, այդ փաստաթուղթը հարյուր տոկոսով նպաստավոր էր Հայաստանին: Ոչ Փաշինյանը, եւ ոչ էլ Մարուքյանը, սակայն, չբացահայտեցին այդ փաստաթղթի բովանդակությունը:

Փաշինյանին հարց տրվեց, որ եթե այդքան նպաստավոր էր այդ փաստաթուղթը, ապա ինչո՞ւ էր ժողովրդից գաղտնի պահվել: Նա պատասխանեց, որ համաձայնության որոշ մանրամասներ դեռեւս քննարկման առարկա էին եւ ճիշտ չէր բանակցությունների ընթացքում հրապարակել դրանք: Նա առիթը օգտագործեց նաեւ հարձակվելու Մինասյանի վրա, որին մեղադրեց Ադրբեջանի կառավարության հետ համագործակցելու մեջ, համարելով, որ այդտեղից է հավանաբար փաստաթուղթը տրամադրվել չլիազորված մի անձնավորության, որպեսզի սեպ խրվի Հայաստանի ընտրությունների գործընթացում:

Պարզվում է, որ նույնիսկ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն ու պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը տեղյակ չեն եղել այդ փաստաթղթի գոյության մասին:

Փաշինյանը հուսահատ քայլեր է անում իր պաշտոնում մնալու համար եւ պատրաստ է ստորագրել նման ստորացուցիչ փաստաթղթեր, որպեսզի ապացուցի իր պատրաստակամությունը աջակցելու ռուսական շահերին:

Փաստաթղթի վերաբերյալ մի բան, այդուհանդերձ, հայտնի դարձավ: Այն լինելու էր «հավելվածը» մի այլ փաստաթղթի, որ հավանաբար ընդգրկում էր Ադրբեջանին կամ Ռուսաստանին Փաշինյանի տված բանավոր համաձայնությունների մի մասը: Այսպիսով, ի վերջո, փաստաթուղթը Մինասյանի շնորհիվ դադարեց գաղտնի լինելուց եւ իրարանցում առաջացրեց Հայաստանի ողջ քաղաքական դաշտում:

Փաշինյանի ասելով, Հայաստանը պատրաստ է ստորագրելու այդ փաստաթուղթը, եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պահի իր խոստումը: Հայ ժողովրդին մնում է պարզել, թե Ալիեւը ի՞նչ է խոստացել Փաշինյանին: Սակայն Ալիեւի հանրային ելույթները այնքան էլ վստահություն չեն ներշնչում: Նա տարբեր խնդիրներ է ստեղծում, պարզապես հայ ժողովրդին համոզելու համար, որ իրենց գոյությունն է վտանգի ենթարկված, եւ նրանք պետք է պայքարեն այդ վտանգի դեմ եւ ոչ թե մտածեն Ղարաբաղի կարգավիճակի մասին, որը նա ուժի գործադրմամբ իբր լուծել է արդեն: Նա Հայաստանին առաջարկում է ստորագրել խաղաղության մի պայմանագիր, որով Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ պահանջում է, որ Հայաստանն էլ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունըՙ Ղարաբաղի հատվածով հանդերձ: Սա «ընդունել-չընդունելու» մի առաջարկ է, որ նշանակում է, թե չընդունելու դեպքում Հայաստանը պատրաստ պետք է լինի մի նոր պատերազմի:

Ադրբեջանը օր-օրի նոր խնդիրներ է առաջացնում: Մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը, հատելով Հայաստանի ինքնիշխան հանրապետության սահմանը, գտնվում են Սյունիքի եւ Վարդենիսի շրջաններում: Սյունիքում նրանք Սեւ լիճն են գրավել, որը տարածաշրջանի բնակչության ջրի հիմնական ակունքն է, եւ համաձայն խորհրդային վավերական քարտեզներիՙ պատկանում է Հայաստանին: Ադրբեջանը պատահականորեն չէր ընտրել այդ տարածքը: Հաշվարկված էր, որ այն ամենակարճ հեռավորության վրա է (40 կմ) Նախիջեւանից: Ադրբեջանը զինված բախում էր հրահրում, որպեսզի արդարացնի մի նոր ագրեսիա, որով Սյունիքի միջով դեպի Նախիջեւան միջանցք կկարողանար ապահովել: Դա իրականություն կդարձներ Ալիեւի սպառնալիքը: Չմոռանանք, որ օրեր առաջ նա սպառնացել էրՙ Հայաստանը կամավոր չհամաձայնելու դեպքում, զենքի ուժով ստեղծել այդ միջանցքը «պատմական Ադրբեջանի Զանգեզուր տարածքի միջով»:

Երկու պատճառներով Ալիեւը հետ կանգնեց իր ծրագրից: Առաջինը այն էր, որ Հայաստանը չդիմեց զինված բախումի, լինի դիվանագիտական, թե ռազմական ռեսուրսների բացակայության պատճառներով: Երկրորդըՙ միջազգային հանրության զգուշացումն էր, որ պահանջում էր Ադրբեջանից դուրս բերել իր զորքերը Հայաստանի տարածքից: Նախազգուշական արձագանքները Մ. Նահանգներից էին, Եվրոմիությունից, Հունաստանից, Կիպրոսից, Իրանից եւ Հնդկաստանից:

Մենք, սակայն, վստահ չենք, որ Ալիեւն ընդհանրապես հրաժարվել է իր նպատակից: Նա վստահաբար մեկ այլ առիթի է սպասելու իրականացնելու համար իր սպառնալիքը: Մենք տեսել ենք, թե նա որքան է ջլապնդվել վերջին մեկ տարվա ընթացքում:

Պարզ է դառնում, որ բացահայտված գաղտնի փաստաթուղթը Ռուսաստանի նոր մեքենայություններից մեկն էՙ ստիպելու Հայաստանին մնալու սպասողական դրության մեջ եւ վերջում Մոսկվային երախտապարտ լինել իրեն մահաբեր վտանգից փրկելու համար:

Սեպտեմբերի 27-ի պատերազմը խրախուսված էր Մոսկվայի կողմից, եւ ավարտին Մոսկվան երախտագիտություն էր ակնկալում հրադադար հաստատելու Պուտինի ջանքերի համար:

Նոր փաստաթուղթը կոչ է անում ստեղծել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած մի նոր եռակողմ հաձնախումբ, որը ապառազմականացման եւ սահմանազատման միջոցով վերջնականապես կձեւավորի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները: Հեգնական է, որ առաջարկը Մոսկվան է անում, որն ունի պայմանագրային պարտավորություններ պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Հայաստանին թույլ չտրվեց Ադրբեջանի ներխուժման մասին քննարկումներ անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարթակում, ինչպես Ֆրանսիան էր առաջարկել, եւ միակ այլընտրանքը մնում էր դիմել ՀԱՊԿ-ին: Այս կազմակերպության վերջին նիստը Դուշանբեում էր անցկացվել (Տաջիկստանում) եւ չորս բանաձեւ էր ընդունվել: Հայաստանի բողոքը օրակարգում չէր էլ ընդգրկվել: Փոխարենը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Սազը հատուկենտ մեկնաբանություններ էր արել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծագած սահմանային լարվածության վերաբերյալ:

Մոսկվան հաճոյանում է Ադրբեջանինՙ ցանկանալով տեսնել նրան ՀԱՊԿ-ի անդամ երկրների շարքում, ինչպես պարզ դարձավ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի խոսքերից, եւ Հայաստանն է դրա համար վճարելու:

Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը ստորագրելուց հետո նախագահ Պուտինը կողմերին զգուշացրեց, որ եթե նշված 9 կետերը չկատարեն, ապա ինքնասպանություն գործած կլինեն: Բայց Ադրբեջանը մերժում է հանձնել 200 հայ գերեվարված բանտարկյալներին եւ նրա առաջնորդը դեռեւս ողջ է:

Նաեւ միջազգային ահազանգերից հետո էլ ադրբեջանցի զինվորները դեռեւս գտնվում են Հայաստանի տարածքում: Եթե որեւէ փոփոխություն կա, ապա այն է, որ այդ զինվորների թիվը 300-ից հասել է 600-ի: Մի՞թե «ինքնասպանությունը» նախատեսված է միայն Հայաստանի համար:

Քաղաքական տեկտոնիկ նոր փոփոխություններ են կատարվում Կովկասում: Այդ է պատճառը, որ կողմերը փորձում են ամրապնդել իրենց հաղթական դիրքերը, իսկ որոշներն էլՙ ձեռք են բերում նոր դիրքեր:

Գալով միջազգային հարաբերություններին, կարծես որոշակի սկզբունքային փոխըմբռնում է ձեռք բերվել Մ. Նահանգների եւ Իրանի միջեւ վերագործարկելու միջուկային պայմանագիրը, որը չեղարկել էր նախագահ Դոնալդ Թրամփը : Սա գուցե թեթեւացնի պատժամիջոցների բեռը, եւ Թեհրանը դուրս գալով քաղաքական եւ տնտեսական ընկճվածությունից, կարողանա վերադառնալ միջազգային քաղաքական արենա եւ ավելի վճռական դեր խաղալ տարածաշրջանում:

Նման զարգացումը մի քանի ներհակ պատճառներ ունի, որոնցից մեկն այն է, որ Թուրքիան համբերությունից հանել է Վաշինգտոնին: Պետքարտուղարությունում քաղաքականություն մշակողները վերջապես հասկացել են, որ Թուրքիան անբեկանելիորեն ընտրել է վարել իր ինքնուրույն, անկախ քաղաքականությունը եւ չի վերադառնալու արեւմտյան համայնք, բայց շարունակելու է օգտագործել ՆԱՏՕ-ին որպես պաշտպանիչ վահան եւ նույնիսկ զենք:

Սիրիայի, Լիբիայի եւ Կովկասի նման ռազմավարական կարեւոր շրջաններում Ռուսաստանի հետ անջատ համագործակցելն ու ռուսական S-400 հրթիռներ ձեռք բերելու վճռականությունը նշանակում է, որ Մ. Նահանգները այլեւս չի կարող հույսը դնել Թուրքիայիՙ այդ «վստահելի դաշնակցի» վրա, հատկապես այն բանից հետո, երբ վերջինս սպառնաց իր տարածքում գտնվող Ինջիրլիք ավիաբազայից առեւանգել 50 ամերիկյան միջուկային ռումբ:

Մյուս կողմից, եթե մահմեդական աշխարհում որոշակի դիվիդենտներ ձեռք բերելու համար նախագահ Էրդողանի վերամբարձ հռետորաբանություններն ընդդեմ Իսրայելի եւ նրա առաջնորդ Բենիամին Նաթանյահուի տանելի էին, ապա այդ հռետորաբանությունը հասցնել Վաշինգտոն եւ նախագահ Բայդենին մեղադրել, որ «ձեռքերը արյունոտ են», նշանակում էր կարմիր գիծն անցնել, ինչը հիմա վտանգում է Բայդեն-Էրդողան հանդիպումը ՆԱՏՕ-ի առաջիկա նիստերի շրջանակներում:

Պարզվում է, որ նույնիսկ Ռուսաստանն է դժգոհ Թեհրան-Վաշինգտոն մերձեցումից, որովհետեւ եթե Իրանը վերադառնա Կովկաս, որպես դերակատարություն ունեցող երկրի, ապա կվնասի Մոսկվային եւ Թուրքիային, որոնք իրենց ազատ էին զգում վերահսկելու տարածաշրջանի ղեկավարումը: Մինչդեռ Իրանի տարածաշրջան վերադառնալը կարող է հակակշռել ուժերին, եւ Հայաստանը հնարավորություն կունենա խուսանավելու: Իրանն արդեն նյարդայնացած է, որ Թուրքիան գերիշխող դերակատարություն ունի տարածաշրջանում: Իրանի արտգործնախարարությունը գերհզոր ջանքեր է գործադրում պահպանելու համար Հայաստանի հետ իր ներկա սահմանները եւ չթողնելու որեւէ առաջխաղացում թուրքական կամ ադրբեջանական զորքերի կողմից:

Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Մոհամմադ Էսլամին Երեւանում է վերակենդանացնելու համար Հյուսիս-հարավ միջանցքի ծրագիրը, որը Պարսից ծոցը Հայաստանի միջոցով կկապի Սեւ ծովին: Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն է շուտով ժամանելու Հայաստանՙ քննարկելու համար հարաբերությունները երկու երկրների միջեւ: Ռուսական աղբյուրները լրատվություն են տարածել, որ իրանցի տասը գնդապետներ գաղտնի այցելել են Հայաստան քննարկելու համար սահմանային խնդիրներ: Թվում է, թե Հայաստանը օգտվում է այս նոր զարգացումներից չեզոքացնելու համար թուրք-ռուսական հեղձուցիչ մթնոլորտը, որ պարտադրել են իրեն: ՀՀ Արտգործնախարար Արա Այվազյանն էլ իր հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք դեսպաններին հրավիրել է Հայաստան վերակենդանացնելու համար ղարաբաղյան խնդրի առնչությամբ նրանց գործունեությունը ի պատասխան Փաշինյանի մտադրությանը ստորագրելու վերոնշյալ այլեւս ոչ այնքան գաղտնի փաստաթուղթը:

Արտգործնախարարությունը նաեւ հայտարարություն է հրապարակել, որ չի մասնակցելու սահմանագծման բանակցություններին, մինչեւ Ադրբեջանը ետ քաշի իր զորքերը Հայաստանի տարածքից, ազատ արձակի ռազմագերիներին եւ բանակցությունները վերսկսի Ղարաբաղի հարցի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքների հիման վրա:

Չնայած գաղտնի փաստաթղթի հրապարակումը աղմկարար էր եղել, կարծես այն առողջ դատողություն եւ քաղաքական նախաձեռնություն է առաջ բերել երկրի համար այս դժվարին ժամանակներում:

Անգլերենից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ