RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021



Տեղադրվել է` 2021-05-27 23:11:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1078, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՆ-Ը, ՈՐՊԵՍ ԱՇԽԱՐՀԻ ՄԻԱԿ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼԻՍ, ՍՏԱՆՁՆՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Դրանով է բացատրվում «Ցեղասպանության եւ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների միջազգային ինստիտուտ» ստեղծելու թուրքական նախաձեռնությունը

Թուրքիայի Բարձրագույն ուսումնական խորհուրդը որոշել է երկրում գործող համալսարաններից մեկին առընթեր ստեղծել «Ցեղասպանության եւ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների միջազգային ինստիտուտ»: Ինստիտուտի կազմավորման նախաձեռնության մասին, որը պետք է ուսումնասիրի համանման հանցագործությունները, մայիսի 22-ին գրել էր Կ. Պոլսո «Հայ Թերթ» կայքէջը, հիմք ընդունելով պաշտոնական «Անադոլու» գործակալության հաղորդագրությունը:

Գործակալության թղթակցուհու` Սելմա Քասապի վկայությամբ, ինչպես նրան հավաստիացրել են վերոհիշյալ խորհուրդի ղեկավարները, նախատեսվող ինստիտուտի գործունեությունը չի սահմանափակվելու սոսկ «ցեղասպանության մասին հայերի անհիմն պնդումների» ուսումնասիրությամբ, այլեւ ներառելու է Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում եւ Եվրոպայում մարդկության դեմ իրագործված բոլոր հանցագործությունների ուսումնասիրությունը: Ըստ Քասապի, ուսումնասիրության արդյունքները ամփոփվելու են , որ ներկայացվեն համաշխարհային հասարակական կարծիքի ուշադրությանը:

Ինստիտուտը նախտեսում է նաեւ, այսպես կոչված, գիտական աջակցություն ցույց տալ այն երկրներին, որոնք ուսումնասիրություն իրականացնելու համար դիմում կներկայացնեն եւ աշխատանքներում, բացի թուրք «գիտնականներից», կներառվեն: Թեեւ Բարձրագույն ուսումնական խորհուրդը դեռ որոշում չի կայացրել, թե նախատեսվող ինստիտուտը որ համալսարանի հովանու ներքո ստեղծելու հարցում, դա կորոշվի խորհրդի այսօր կայանալիք նիստում, սակայն «Անադոլու» համալսարանի «Թյուրքական աշխարհի կիրառական եւ հետազոտական» կենտրոնը TUDAM-ն, արդեն ձեռնամուխ է եղել ուսումնասիրության աշխատանքներին, կազմակերպելով Էսքիշեհիր քաղաքում «Հայկական հարցի անցյալն ու ներկան» թեմայով «գիտաժողովը», ինչի մասին էլ մայիսի 25-ին վկայել է «haberturk.com»-ը:

Այդ «գիտաժողովը» վարել է TUDAM-ի տօրեն, պրոֆ. Քեմալ Փոլաթը , մասնավորապես ասելով. «Վերջին 50 տարիների ընթացքում աշխարհի գլոբալ ուժերն ու սրանց հարող տարրերը, մեղադրելով թուրք ազգին անհիմն պնդումներով, փորձում են ըստ հայեցողության ձեւափոխել Միջին Արեւելքը: Իրականությունն այն է, որ Օսմանյան պետության 1915 թ. ապրիլի 24-ից մինչեւ մայիսի 27-ը ձեռնարկած միջոցառումները «մեծ պատերազմում հրահրված լինելու պատճառով կոտորածի դիմող հայ քաղաքացիներին զսպելու, երկրում հասարակական կարգն ու կանոնը վերահաստատելու միջոցառումներ են»: 1915-ի մայիսի 27-ին ընդունված «տեղահանության եւ վերաբնակեցման» օրենքը, հակառակ ենթադրությունների, եղել է «կյանքի անվտագության ապահովման» նախագիծ»: Գիտաժողովում զեկուցումնեով հանդես են եկել Հիքմեթ Օքսուզը , Էրոլ Քուրքչուօղլուն եւ այլք:

Ելույթներին չենք անդրադառնում, որովհետեւ կարեւորը դրանք չեն, այլ Բարձրագույն ուսումնական խորհուրդի Թուրքիայում «Ցեղասպանության եւ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների միջազգային ինստիտուտ» ստեղծելու որոշումը, որը թուրքական ժխտողանության ակտիվացում է ենթադրում: Խնդիրը, սակայն, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմամբ դիրքերը վաղուց արդեն սպառված ժխտողականությունը չէ, այլ Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ում ձեռնարկված քայլերի հակակշռումը:

Ինչպես հայտնի է, 2019-ի հոկտեմբերի 30-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, իսկ դեկտեմբերի 12-ին Սենատը ճանաչեցին ցեղասպանությունը: Թեեւ Դոնալդ Թրամփը հրաժարվեց վավերացնել Ճանաչման բանաձեւերը, սակայն, անկախ դրանից, ճանաչումն ԱՄՆ-ում Կոնգրեսի, այսինքն խորհրդարանի մակարդակով արդեն իրականացվել էր: Ի դեպ, ե՛ւ Ներկայացուցիչների պալատի, ե՛ւ Սենատի ընդունած բանաձեւը, այլ երկրներում մինչ այդ ընդունվածների մեջ ամենաբովանդակալից եւ հագեցված բանաձեւերն են: Այն առումով, որ երկրի նախագահից պահանջում են աշխարհում նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ պայքարել ժխտողականության դրսեւորումների դեմ:

Ապրիլի 24-ին նախագահ Ջոզեֆ Բայդենի ուերձից հետո, որտեղ նա 1915-ի իրադարձությունները բնութագրեց որպես ցեղասպանություն, ճանաչումը խորհրդարանական մակերդակից բարձրացավ պետականի, այսինքս ԱՄՆ-ը պետականորեն ճանաչեց: Քանի որ Կոնգրեսի նշված բանաձեւերը պարտավորեցնում են երկրի նախագահին պայքարել ժխտողականության դեմ, ապա Բայդենը դրանով կանգնում է հենց Թուրքիայի դեմ պայքարելու հրամայականի առջեւ:

Այս պայքարի հարցը, ինչ խոսք, չի կարող չմտահոգել Թուրքիային: Թերեւս այդ մտահոգությանը պետք է վերագրել Բարձրագույն ուսումնական խորհուրդի «Ցեղասպանության եւ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների միջազգային ինստիտուտ» ստեղծելու վերոհիշյալ նախաձեռնությունը: Սակայն, Թուրքիայի հոգսերը, սոսկ, ԱՄՆ-ի նախագահի ժխտողականության դրսեւորումների դեմ պայքարելու Կոնգրեսից ստացած պարտավորությանբ չեն սահմանափակվում: Չմոռանալ, որ ԱՄՆ-ն աշխարհի միակ լիարժեք գերտերությունն է, որը եթե ճանաչում է որեւէ ցեղասպանություն, դրա հետ ակամա ստանձնում է նաեւ ոճրագործության հետեւանքների վերացման պատասխանությունը, իսկ նա Հայոց ցեղասպանությունը ճանաչել է պետականորեն: Թերեւս այդ պատասխանատվությամբ պետք է բացատրել ճանաչման տարիներ շարունակ ձգձգումը ԱՄՆ-ում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ