RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021



Տեղադրվել է` 2021-05-27 23:11:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1034, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԵՐՍՏԻՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԴՐՎԵԼ ՊԱՂԵՍՏԻՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՄԵԾ ԵՂԵՌՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Մայիսի 10-ին, երբ իսրայելական բանակը հարձակվեց Պաղեստինի Գազայի հատվածի վրա, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը , հակառակ հոխորտալու իր սովորության, Իսրայելին նույնիսկ չդատապարտեց: Սակայն Ստամբուլի, Անկարայի եւ Իզմիրի գլխավորությանբ խոշոր քաղաքներում կազմակերպվեցին հակաիսրայելական բազմահազարանոց ցույցեր, որոնց ընթացքում ցուցարարները Իսրայելին արյունախում պետություն անվանելուց զատ, պահանջեցին Էրդողանից, որ անհապաղ Գազա ուղարկի թուրքական բանակը: Էրդողանը դա չարեց, բայց մայիսի 17-ին, ակնարկելով իսրայելցիների մասին ասաց. «Սրանք ստորաքարշ արարածներ են, արյունով են սնվում միայն»:

Էրդողանի այս խոսքերին իսկույն արձագանքեց ԱՄՆ պետքարտուղարությունը, հայտարարությամբ դատապարտելով Էրդողանին, նրան մեղադրեց հակասեմականության մեջ: Մայիսի 19-ին մեղադրանքին Էրդողանի փոխարեն պատասխանել են փոխնախագահ Ֆուաթ Օքթայը , գլխավոր խորհրդական եւ խոսնակ Իբրահիմ Քալընն ու հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթդին Ալթունը , թե մեղադրանքն անհիմն է:

Քանի որ հակաիսրայելական ցույցերը շարունակվում էին, ստանալով հակահրեական, իսկ պետքարտուղարության հայտարարությունից հետո նաեւ հակաամերիկյան հիստերիայի երանգ, Թուրքիան կանգնեց դրանց հետագա ծավալումը կասեցնելու հրամայականի առջեւ: Կասեցման, թերեւս, լավագույն միջոցը Թուրքիայի հանդեպ պաղեստինցիների «ապերախտության» ընդգծումն էր, ընդգծման լավագույն միջոցը Պաղեստինում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված նամականիշի թողարկման, ինչպես նաեւ Արեւելյան Երուսաղեմում պողոտաներից մեկը «Հայաստան» անվանելու նախագահ Մահմուդ Աբբասի վարչակազմի նախաձեռնությունները վերհիշելը եւ դրանք վերստին շրջանառության մեջ դնելն էր:

Այսպիսով գործի անցան թուրքական լրատվամիջոցները: Մինչ հեռուստատեսությունները քննարկումներ էին կազմակերպում նշված խնդիրների շուրջը , տպագիր ու էլեկտրոնային թերթեր սկսեցին վիճարկել Պաղեստինին վերագրվող Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Եդեռնի 100-րդ տարելիցին հատուկ նամականիշի թողարկման «պնդումների» իսկությունը: Հեռուստաէկրաններից թուրք քաղաքագետները սկսեցին նշել, թե մինչ իրենք պաղեստինցիների համար իրենց են կոտորում, վերջիններս շատ հանգիստ անտեսում են նախագահ Էրդողանի անվերապահ աջակցությունը ու հանուն Պաղեստինի անձնազոհության գնալու թուրքական զորքերի պատրաստակամությունը եւ տուրք տալով անհիմն պնդումներինՙ ճանաչում Հայոց ցեղասպանությունը:

Այդ քաղաքագետներից ոմանք չմոռացան շեշտել նաեւ Գազա զորք ուղարկելու անհնարիության մասին, ընդգծելով. «Զորք ուղարկելը դեռ մի կողմ, Էրդողանը ինքը չի կարողանում Գազա գնալ, ավելի շուտ 2013-ից ի վեր գնում է, բայց տեղ չի հասնում»: Գալով տպագիր եւ էլեկտրոնային մամուլին, ապա այնտեղ շրջանառվում է երկու հակադիր տեսակետ: Որոշ թերթեր կասկածի տակ են դնում Պաղեստինում Հայոց ցեղասպանության ճանաչման, Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված հատուկ նամականիշի թողարկման եւ պողոտաներից մեկը Երուսաղեմում «Հայաստան» կոչելու, այսպես կոչված, պնդումների իսկությունը, ինչպես «Հուրիյեթն» է արել մայիսի 17-ի համարում, կամ մայիսի 29-ին «malumatfurus.org» կայքը, մյուսներն էլ հակադրվում են:

Ի տարբերություն «malumatfurus.org»-ի, «teyit.org» կայքը նշում է, որ սոցցանցում սկսել են վերստին շրջանառվել Պաղեստինում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ հատուկ նամականիշի թողարկման լուրերը, որոնք առաջ էին քաշվել դեռեւս 2015-ին, «Oda TV»-ի, «Tarih Gazetesi»-ի, «Sozcu»-ի պես թերթերի էջերում: Այս կայքէջը, գրելով հանդերձ, որ Պաղեստինի ղեկավարությունը, ինչպես նաեւ պաղեստինյան ներկայացուցչությունները Թուրքիայում եւ Ադրբեջանում թեեւ հերքում են այդ լուրերը, բայցեւայնպես գրում է. «Խնդրո առարկա նամականիշի վրա տեղադրված է Երեւանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պատկերը, ինչպես նաեւ «1915-2015. հարյուրամյա պայքար» մակագրությունը»:

Այսպիսով ստեղծվում է յուրատեսակ խառնաշփոթ, թերեւս պայմանավորված Պաղեստինում Էրդողանի վարկանիշը բարձր պահելու եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը քրիստոնյա պետությունների մահմեդական Թուրքիայի դեմ ձեռնարկած «խաչակրաց արշավանքին» վերագրելու թուրքական նկրտումներով: Ակնհայտ է, որ եթե Էրդողանը բարձր վարկանիշ ունենար, այսինքն պաղեստինցիների աչքում նա լիներ «հերոս», ինչպես թուրքական շրջանակներն են փորձում ներկայացնել նրան, ապա Պադեստինը չէր ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ եթե Ցեղասպանության ճանաչումը պայմանավորվեր «քրիստոնյաների խաչակրաց արշավանքով», ապա այդ դեպքում էլ կբացահայտվեր թուրքական այդ թեզի սնանկությունը, քանի որ առնվազն զավեշտական է մահմեդական պաղեստինցիների մասնակցությունը դավանակից Թուրքիայի դեմ ձեռնարկվող այդ արշավանքին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ