RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021



Տեղադրվել է` 2021-05-27 23:11:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1199, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍ, ԿԱՄ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՑԻԿ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

- Այսքանից հետո դեռ դո՞ւք եք նման կերպ խոսում:

- Ռադդ քաշի, իջի, շո՛ւտ արա...

Կանգառից նստում եմ N15 երթուղայինը եւ իմ մարմնի մեկ-տասերորդ մասով փորձում զբաղեցնել դեռեւս ազատ մեկ քառակուսի սանտիմետր տարածք: Երթուղայինի վարորդը կարգապահական նախաձեռնությամբ ուղեւորներին հորդորում է խտանել, թեեւ օրենքով արգելված է սահմանված նստատեղիների քանակից շատ ուղեւորներով երթեւեկելը: Կանգառում իմ պարզած թղթադրամին տարակուսանքով է նայում վարորդը, ապա այն վերցնում ու մանրադրամները շպրտում իմ կողմՙ գցելով գետնին: Դե, եթե հիշենք, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, այսքանից հետո կհասկանանք նրա ծանծաղամտությունը, սադրանքն ու հրահրումները, որպես ինքնապաշտպանական բնազդի դրսեւորում:

«Շատ վարորդների ընկալումներում ուղեւորը ասոցացվում է 100 դրամանոցի հետ: Ինձ առավել շատ անհանգստացնում է վարորդների արհամարհական վերաբերմունքը անվճար երթեւեկության վկայական ունեցող ուղեւորների նկատմամբ: Բացի այդ, երբ մի թոշակառու փորձում է հասնել շարժվող ավտոբուսին կամ տրոլեյբուսինՙ արագ քշում են, որ չհասնի, մտածելով, որ վճարող չէ»,- մեզ հետ զրույցում ասաց 40-ամյա Անի Մխիթարյանը:

Վարորդի հետ կապված ամեն միջադեպի անդրադառնալուց հետո,հաջորդում է նրա մեղավորությունը ժխտողՙ իրավիճակը ըմբռնելու խոսքերը. «իրենց էլ մեղադրել չի լինի», «վարորդներին էլ հասկանալ է պետք», «էդտեղ ինքը ի՞նչ աներ», «էլի եմ ասում, իրենց մեղադրելու չի»:

Այս բոլոր արդարացումներին հաջորդում են հանգամանքները, որոնց համար էլ վարորդը արդարացվում է ուղեւորների կողմից.

«Իրենց գործի բնույթից էլ է, ներվայնանում են, տարբեր հաճախորդներ են գալիս. մեկը մունաթով է խոսում, մեկըՙ կանգառից դուրս կանգառ է պահանջում, մարդիկ հոգնում են, որովհետեւ 12 ժամից ավել վարում են»,-ասաց 25-ամյա Գեւորգը:

Երբ ուղեւորներից փորձում էինք ճշտելՙ արդյոք երթեւեկելու ժամանակ իրենք հայտնում են իրենց դժգոհությունը այս խնդիրների մասին, պարզվում է, որ դրանք հիմնականում լուռ դժգոհություններ են: Մի խումբը մտածում է, որ վարորդը մեղք չունի այս տհաճությունների համար, քանի որ իր համար եւս չեն ապահովվում պատշաճ աշխատանքային պայմաններ, մի ուրիշ խումբ էլ պարզապես խուսափում է կոնֆլիկտային իրավիճակներից:

«Հիշում եմ ավտոբուսի այն վարորդին, ով երեւի նույն օրն էլ մոռացավ ինձ ու իմ զարմացած դեմքը, երբ ես սխալմամբ մեկնեցի իրեն 50 դրամ 100-ի փոխարեն, իսկ նա ձեռքի թեթեւ շարժումով գլխիս գցեց այն: Հիմա ամեն անգամ կանգառում վարորդին մետաղադրամ փոխանցելիս հազար անգամ ստուգում եմ, որ ճիշտ լինի: Աչքս, ավելի ճիշտ գլուխս, վախեցած է»,- նշում է Անետան:

Վարորդները իրենց աշխատանքի մասին պատմում ենՙ այն անցանկալի է, բայց ստիպված են դրանով զբաղվել, քանի որ ուրիշ աշխատանք չեն կարողանում գտնել նրանցից մեկն էլ կատակում է ասելով «...ծագումով ազնվական եմ, գործ չկա դառել եմ շոֆեռ»:

Երեւան համայնքի միջոցներով ձեռք բերված կոմպակտ դասի 100 փոքր ավտոբուսներից 30-ը, որոնք արդեն շահագործվում են երթուղիներում համապատասխանում են ժամանակից բոլոր պահանջներին, մասնավորապեսՙ ներառական են, հարմարեցվածՙ երեխայի հետ երթեւեկող ուղեւորների համար: Նաեւ կահավորված են էլետրոնային լուսատախտակներով:Վարորդներն էլ հատուկ համազգեստ են կրում, Երեւանի տարբերանշանով:Վճարումը իրականացվում է ուղեվարձի համար նախատեսված հատուկ արկղում, ինչը վարորդի հետ որոշակի անհարմարություններ ու վիճաբանություն չի ստեղծում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ