RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021



Տեղադրվել է` 2021-05-27 23:11:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1145, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՍ ԵՄ»

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդին է վերագրվում «Պետությունը ես եմ» արտահայտությունը: Պատմագիրներն ասում են, որ նա բացարձակ միապետ էր, նվաճող էր, ստեղծել էր հզոր բանակ ու նավատորմ եւ նվաճողական քաղաքականություն էր տանում Եվրոպայում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես երեք տարի ամեն օր հայտարարում էՙ «Պետությունը ես եմ», բայց նա նվաճող չէ, նա պարտվողական է: Հակառակ ֆրանսիացի թագավորի, նա իր կառավարման կարճ ժամանակամիջոցում պատերազմի տարավ երկիրը եւ 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլացիան ստորագրելուց հետո էլ մինչ օրս մաս-մաս տարածքներ է հանձնում թշնամուն: Պատերազմի ժամանակ ջախջախեց Հայկական բանակը, թշնամուն հանձնեց սպառազինությունը, պատերազմի ավարտից հետո ոչ թե վերականգնում, այլ շարունակում է հետեւողականորեն քայքայել ու բարոյալքել բանակը, ազգին ու երկրին զրկելով ինքնապաշտպանությունից:

Ամենազոր թշնամին այսքան կարճ ժամանակահատվածում չէր կարող անել այն, ինչը նա արեց 30 տարեկան պետության հետ:

Ժողովուրդը բավականին ուշացած, բայց փորձում է ընդդիմանալ վարչապետի միապետական վարքագծին: Քանի որ վարչապետիՙ երկիրը կառավարելու հարթակը ոչ թե պետական ինստիտուտներն են, այլ սոցիալական ցանցերը, մասնագետներն այս հարթակից են իրենց բացատրությունները փորձում հասցնել երկրի ճակատագիրը տնօրինող միապետին: Քարտեզներ են հրապարակում, հղումներ են կատարում Սահմանադրությանը, միջազգային փաստաթղթերին, վերլուծում են, թե մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների խորհրդայնացումը եւ ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկվելը որն է եղել մեր սահմանը: Համոզում են, որ պետք է հակադարձել տերությունների շրջանառած «վիճելի սահմաններ» արտահայտությանը, որ նոր սահմանագծում կատարելու համար իրավական հիմքեր չկան: Բացատրում են, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ նոր սահմանագծումը, իրազեկում են, որ անկլավների հարցը լուծվել է Արցախյան առաջին պատերազմից հետո եւ այլն:

Կարդո՞ւմ է նա այս հրապարակումները: Հազիվ թե: Վարչապետը սոցիալական ցանցում փաստաթուղթը գաղտնազերծելուց հետո միայն հարկադրված եղավ խոստովանել, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրելու: Կառավարության մայիսի 20-ի նիստում, այնուհետեւ այդ օրակարգով Ազգային ժողովի հրավիրած արտահերթ նիստում ամբիոնից անվրդով հայտարարեց. «Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, քանի որ դա 100%-ով համապատասխանում է Հայաստանի շահերին»:

Փաստաթղթի բովանդակությունը չգաղտնազերծեց, չքննարկեց, հետեւաբար պարզ չդարձավ, թե Հայաստանի հանրապետությունն ինչ շահ կարող է ունենալ իր տարածքները թշնամուն հանձնելով: Այս պահին ասվում է, որ ադրբեջանցիները 4000 հա իրենց տիրապետության տակ են առել: Տարածքներ, որոնք ինքնիշխան պետության սահմանում են, պատերազմական գոտում չէին, այնտեղ մարտեր չեն ընթացել:

Վարչապետը փաստաթղթի մասին մասնագիտական հանրույթի եւ ընդդիմախոսների կարծիքը չլսեց: Ժողովրդի հավանությունը չստացավ, չնայած բազմիցս հիշեցրել են, որ մինչեւ վարչապետ դառնալը Հանրապետության հրապարակում հավաքված բազամահազար ժողովրդին խստացել էր առանց նրա հետ համաձայնեցնելու ոչ մի կարեւոր որոշում չկայացնել:

Այս իրողությունը նորություն չէր, պարզապես նրա միանձնյա կառավարումը ցցուն դարձավ, երբ հարցերի մասշտաբն աներեւակայելիորեն մեծացավՙ սպառնալով պետության եւ ժողովրդի անվտանգությանը: Ավելի ստույգ, երբ Արցախի հանրապետությունը կապիտուլյացիայի ենթարկելուց եւ տարածքների մեծ մասը հանձնելուց հետո հերթը հասավ Հայաստանի սահմաններին: Մայիս ամսին արբեջանցիները միանգամից մի քանի ուղղություններով ներթափանցեցին Հայաստանի Հանրապետության տարածք եւ սկսեցին հատվածաբար առաջանալ: Հրամայված է չկրակել, զինվորներն ու տեղացիները սահմաններն առայժմ պահպանում են բռունցքներով: Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի հետ սահմանային հատվածում առաջին կրակոցը հնչեց եւ կրկին զոհվեց հայ զինվորը:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր իշխանության երեք տարիների ընթացքում դուռը փակել է հասարակական կազմակերպությունների առջեւ, որոնց աջակցությամբ էր եկել իշխանության: Միապետի կարգավիճակով նրան օժտեցին հենց այդ շրջանակներըՙ Ն. Փաշինյանին իշխանության բերելով ավարտված համարեցին իրենց անելիքը: Երեք տարի ամեն օր զիջում ենք այն ձեռքբերումները, որ նվաճել էինք տասնամյակների հետեւողական եւ համառ պայքարով: Սակայն, թափանցիկ ու հաշվետու կառավարման ջատագով ներկայացող հասարակական կազմակերպությունները չտեսնելու էին տալիս այդ ամենը եւ երբեւէ չանդրադարձան այդ հարցին:

Իրավունք ունե՞նք մտածելու, որ նրանց պայքարը ժողովրդավարական արժեքների արմատավորման համար չէր, այլ ընդամենը դերակատարին փոխելու: Հ/կ-ները բացեցին օվերտոնի պատուհանը, բայց այն չլցրեցին դատողություններով: Համայնքային ոլորտում գործող հ/կ-ներից մեկի ղեկավարը, որը համապետական ընդգրկունություն ունեցող բարեփոխումների նախագծի համահեղինակ եւ ջատագով էր, իմ հարցին, թե ինչո՞ւ չի առարկում իր քարոզած կառավարման լավ գաղափարը խեղաթյուրելու դեմ, ասացՙ լռում եմ, որպեսզի նախկինները չվերադառնան: Բայց չէ՞ որ այդ նախագծին, որով չափազանց ոգեւորված էր, հավանություն էին տվել «նախկինները»: Գիտեմ, որ պատասխանն անկեղծ չէր, լռության գինն այլ է:

Անցած տարի 1,5 ամսում, խաղաղ պայմաններում 14 զինվոր սպանվեց բանակում: Հասարակական կազմակերպությունները, որ ամեն մի դեպքով արդարացիորեն աղմուկ էին բարձրացնում, ֆիլմեր նկարահանում, բողոքի ակցիաների առաջնորդում եւ այլն, լեգիտիմ վարչապետին հարկ չհամարեցին պահանջ ներկայացնել, ինչ-որ բան անելՙ բանակում մթնոլորտն առողջացնելու համար: Նրանց չզարմացրեց, որ իրենց կուռքն անգամ չդատապարտեց այդ արատավոր երեւույթը: Կանանց իրավունքների պաշտպանները որդեկորույս մայրերին ասելիք չունեցան:

Գուցե երկակի ստանդարտների կիրառումը, կեղծ բարեպաշտությունը հասցրեց այսօրվան: Անպատասխանատվության արդյունքում որդեկորույս մայրերի թիվն ավելացավ ավելի քան 5000-ով: Կարծում եմ, իրենք էլ զարմացած չեն, որ անհայտ կորածների, գերեվարվածների հարազատները նրանցից աջակցություն չհայցեցին: Հնարավոր է, «իրավապաշտպաններն» այլեւս այդպիսի օրակարգ չունեին, քանի որ չընդվզեցին գերիների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովից իրենց դուրս թողնելու դեմ:

Այսօր, երբ վարչապետն անվրդով ԱԺ ամբիոնից հայտարարում էՙ «եւ ես կստորագրեմ այդ փաստաթուղթը», վստահ է, որ իրեն կանգնեցնող չի լինելու: Ընդդիմացողների կշիռն արդեն հայտնի է նրան եւ հակադարձում էՙ եթե վատ կառավարեի, նոյեմբերի 9-ին ինձ հեռացրած կլինեիք: Իսկ նա դրանից հետո էլ է եռակողմ փաստաթղթեր ստորագրելՙ միանձնյա, ոչ միայն խորհրդարանին հաշվետու չի եղել, այլեւ իր թիմակիցիներին հարկ չի համարել իրազեկել: Արտգործնախարարությունը «հավատարիմի» ստատուս չի ստանում անգամ իր նշանակած նախարարների պարագայում:

Նախարարությունները գործում են աղանդների նման, իրենց մեջ փակված, հանրությունը տեղեկացված չէ, թե ինչ է կատարվում ներսում եւ ընդհանրապես, որեւէ բան կատարվո՞ւմ է: Բացահայտված բոլոր ձախողումներն աննախադեպ նվաճումներ են ներկայացվում, անգամ պատերազմում կրած պարտությունը: Միջազգային կազմակերպություններն, իհարկե, շարունակում են ֆինանսավորել «լավ կառավարում», «մասնակցային կառավարում» եւ նման այլ ծրագրեր, բայց կառավարման որակը միայն վատանում է:

Կառավարության թվացյալ բաց նիստերն ամենեւին բաց ու հրապարակային չեն, զեկուցվող են միայն այն հարցերը, որոնք իշխանության գովազդի տիրույթում են, օրինակՙ գիտնականների աշխատավարձը առաջիկա տարիներին բարձրացնելու եւ այսօրինակ այլ նախագծեր: Պետական քաղաքականության խնդիրներին առնչվող բոլոր կարեւորագույն հարցերը չզեկուցվող են: Մի խոսուն փաստարկ ներկայացնենք թվերով, որը տեղ է գտել «Հետք»-ի ծավալուն վերլուծության https://hetq.am/hy/article/129632 մեջ: «ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացրած 97 հարցերից միայն 2-ն է արժանացել զեկուցված լինելու պատվին (2%), պաշտպանության նախարարության 77 հարցերից 3-ը (4%), ոստիկանության 71 հարցերից 3-ը (4%), տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության 388-ից 27-ը (7%), ֆինանսների նախարարության 84-ից 6-ը (7%), ՊԵԿ-իՙ 71-ից 5-ը (7%):

Առանձին վերլուծության թեմա են կառավարության կայացրած այն որոշումները, որոնք վիճարկվել են դատական ատյաններում: Մեր նախնական տպավորությամբ բոլորը հակաիրավական են ճանաչվելՙ ընդհանուր իրավասության դատարանից մինչեւ Սահմանադրական դատարան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ