RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021



Տեղադրվել է` 2021-05-27 23:11:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1044, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԵՐՊԱՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ» ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ

«ԱԶԳ»

Մայիսի 26-ին «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպությունը եւ Եվրասիական փորձագիտական ակումբը Երեւանի «Մետրոպոլ» հյուրանոցում կազմակերպել էին «Ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կերպարը ժամանակակից հայ հասարակության մեջ» խորագրով գիտաժողովՙ նվիրված տարածաշրջանային նոր զարգացումներին եւ դրանցից բխող հայ-ռուսական հարաբերություններին: Խորհրդաժողովին ներկա էին հայ եւ ռուս հասարակական-քաղաքական գործիչներ, քաղաքագետներՙ Հայկ Բաբուխանյան , Գագիկ Հարությունյան , Գեւորգ Պողոսյան , Սամվել Մանուկյան , Աշոտ Թավադյան , Արամ Սաֆարյան , Ալեքսանդր Սաֆարյան , Վլադիմիր Լեպեխին :

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը :

Անդրադառնալով Ղարաբաղյան հարցինՙ դեսպան Կոպիրկինը հարկ համարեց մեկ անգամ եւս նշել, որ Ռուսաստանն ամեն բան արել է Ղարաբաղյան խնդիրը կարգավորելու եւ հայ ժողովրդին օգնելու համար: Կոպիրկինն անդրադարձավ նաեւ Սյունիքի խնդրինՙ ընդգծելով, որ այդ ոլորտում նույնպես Ռուսատանն ամեն բան անում է եւ շարունակելու է նույնպես. «Մեր պատմության ընդհանրականությունը, դարերի ընթացքում զարգացած կապերն այսօր լիովին խաղում են իրենց դերը: Մեր երկրները շատ կապերով են կապված, շատ սերտ մարդկային կապերով: Ես անգամ չեմ խոսում տնտեսության մասին: Դա այն է, ինչը չի կարելի շրջանցել, չի կարելի արհամարհել»:

Հրավիրված բանախոսն էր ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը , որ հանդես եկավ լուրջ, բովանդակային դիտարկումներով. «Հայաստանի հանդեպ ուժգնացող ռազմական սպառնալիքի պայմաններում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են ուժեղացնել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում եւ աստիճանաբար տիրել որոշ հայկական տարածքների, հայկական պետականությանը կարող է երաշխավորել միայն Ռուսաստանը»:

«Հայերը համակարգված աշխատում էին իրենց անկախության համար եւ, պետք է ասել, վերջին երկու դարում հայկական պետականության պահպանումն ու զարգացումը ապահովում էր նախ Ռուսական կայսրությունը, ապաՙ ԽՍՀՄ-ը: Սակայն 21-րդ դարում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերության եւ դաշինքի միջեւ ճեղք է գոյացել: Այն նկատելի դարձավ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք եւ ուժեղացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք», հավելեց Լեպեխինը:

Նա կարծում է, որ հայ-ռուսական հարաբերություններում հենց այդ «ճաքը» եւ «անվստահ գործընկերությունը» պատճառ դարձան, որ նախորդ տարվա աշնանը Հայաստանը մի շարք տարածքներ կորցրեց, եւ հիմա բավականին բարդ իրավիճակ ունի Ադրբեջանի հետ սահմանին: «Արդյունքում Հայաստանը, թերեւս իր երկար պատմության ընթացքում առաջին անգամ բախվեց էլիտաների միասնականության, երկրի ապագայի միանշանակ եւ հասկանալի կերպարի բացակայությանը, այն էլՙ նոր քաղաքական փորձությունների նախաշեմին»,-ավելացրեց նա:

Ստեղծված իրավիճակից ելքը փորձագետը տեսնում է Ռուսաստանում եւ Հայաստանում խաչաձեւ կապերի ամրապնդման մեջ, այն սոցիալական եւ քաղաքական խմբերի միջեւ, որոնք հանդես են գալիս միության եւ այդ երկու երկրների ռազմավարական փոխգործակցության ամրապնդման օգտին: Նրա խոսքով, պետք է նաեւ ձգտել, որպեսզի մեր երկրների իշխանական կառույցներում հնարավորինս շատ լինեն այդպիսի խմբերի ներկայացուցիչները (ռուսամետ քաղաքական գործիչները Հայաստանում եւ հայամետներըՙ Ռուսաստանում:

«Հետազոտությունները ցույց են տվել, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանում որակապես մեծացել է Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը ամրապնդելու եւ խորացնելու կողմնակիցների թիվը: Հասարակության մեջ առկա այդ պահանջով է թելադրված այն քաղաքական գործիչների կեցվածքը, որոնք տարբեր առաջարկություններ են անում մեր երկու երկրների միջեւ ռազմավարական դաշինքը նոր մակարդակի բարձրացնելու հարցում», ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող եւ «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը :

Նա հավելեց նաեւ, որ Եվրասիական փորձագիտական ակումբը մտադիր է առաջիկայում խորհրդակցություններ սկսել Հայաստանի քաղաքական ուժերի հետՙ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու Եվրասիական տարածքի երկրներում Հայաստանի բարեկամների ու կողմնակիցների թվի ավելացման հնարավորությունների վերաբերյալ:

«Նախընտրական շրջանում դրանք կարող են նպաստել կառուցողական բանավեճի ծավալմանըՙ Ռուսաստանի հետ դաշինքի ամրապնդման կողմնակիցների ու հակադրվողների միջեւ: Արդեն հետընտրական գործընթացների ժամանակ հնարավորություն կտան մշակելու խելացի, հասկանալի ու ժողովրդի համար ընդունելի քաղաքական կուրս», եզրափակեց քաղաքագետը:

Շատ կարեւոր եւ լուրջ մեկնաբանություններ արեցին նաեւ քննարկման մյուս մասնակիցներըՙ ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման եւ բարելավման անհրաժեշտությունը: Քննարկմանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումովՙ https://fb.watch/5Kn AEWhNn5/

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ