RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021



Տեղադրվել է` 2021-05-27 23:11:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1455, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԵԹԱԿՆ ՈՒ ՄԵՂՐԸ ԵԿԱՄՏԻ ԱՂԲՅՈՒՐ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Պիլոտային համատեղ ծրագիր Վայոց ձորում

Ոչ բոլորը գիտեն, որ Վայոց Ձորի սրտում շարժական տնակները վերածվել են մեղուների կացարանի: Տնակների փոխարեն գունավոր փեթակներն են, իսկ դրսիցՙ յուրաքանչյուր փեթակի համար առանձնացված պատուհան, որից մեղուն ներսուդուրս է անում:

Ներկա պայմաններում ո՞վ կմտածեր, որ փայտից փոքրիկ տնակներում ապրող «բնակիչները» կարող են եկամուտ ապահովել: Տնային մեղվանոցը տնտեսության զարգացման ճյուղ ու գյուղացիների զբաղվածության ապահովման միջոց է:

Գնահատելով մարզում մեղվաբուծության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները` «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն 2016թ.-ին Կանադայի «Ատկեն Արմենյան» հիմնադրամի հետ մարզում սկսեց մեղվաբուծության զարգացման պիլոտային ծրագիր, որին միացավ նաեւ Միացյալ Նահանգների եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության վարչության հայաստանյան ներկայացուցչությունը:

«Մենք միացել ենք «Սյունիք-Զարգացում» Հ/Կ համայնքային «Մեղվաբուծության զարգացում» սոցիալական ծրագրին, ընտրել ենք Արցախի, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից տեղահանվածներին եւ զբաղվածություն ապահովելու նկատառմուներից ելնելով առաջարկել միանալ ծրագրին: Ընդգրկել ենք ընտանիքների, որոնք տվյալ ոլորտում աշխատանքային փորձ կամ հմտանալու կարողություններ են դրսեւորել»,- ասում է Միացյալ Նահանգների եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գայանե Մուրադյանը :

Շնորհակալություն Բերձորի Վահան Թեքեյանի անվան դպրոցի տնօրենուհիՙ Անահիտ Քոսակյանին ընտանիքների հասցեականության հարցում:

Ներկայացուցչի խոսքով մոնիտորինգի ընթացքում 12 ընտանիքներից ընտրվել են 8-ը, որոնցից յուրաքանչյուրը, կնքելով պայմանագիր, ստացել է մի քանի մեղվաընտանիքՙ իրենց համապատասխան մեղվապահական պարագաներով, որից ստացված մեղրաբերքը երկու տարի կարող են օգտագործել սեփական կարիքների համար, իսկ երկու տարին լրանալուց հետո պարտավոր են բերքի 10%-ը տրամադրել կազմակերպությանը, որն էլ իր հերթին այն կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին:

«Ծրագիրն իրականցվում է կանադական Ատկեն Արմենյան հիմնադրամի աջակցությամբ: Նախաձեռնությունը կյանքի կոչվեց հիմնադրամի ներկայացուցիչներ Վան Արմենյանի, Թոնի Հալեպլիի եւ Անտուան Թերջանյանի աջակցությամբ:

2016թ-ից առ այսօր ծրագրի շրջանակներում ունենք 35 շահառու, որոնք ստացել են ընդհանուր 237 նոր մեղվափեթակ` մեղվաընտանիքով: Այն նպատակ ունի լուծելու մարզի մի շարք բնապահպանական եւ սոցիալական խնդիրները»,- ասում է Սյունիք ՀԿ-ի մեղվապահական ոլորտի պատասխանատու-համակարգող Նարեկ Սարգսյանը : Նա նաեւ նշում է, որ պատրաստվում են տեղական շուկայում ներկայանալ մարդկանց, այնուհետեւ կմտածեն մեղրը արտահանելու մասին, որի նպատակն է դուրս գնալ, որ ճանաչում ունենան դրսում, այսինքնՙ սպառումը մեծ լինի նաեւ արտերկրում:

2019թ-ին շահառուների կողմից արտադրված մեղրը գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության եւ «Ատկեն Արմենյան» հիմնադրամի օժանդակությամբ բրենդավորվեց եւ ստացավ իրեն հատուկ անունՙ «Լեռնային հրաշք»:

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո բերձորցիները հարկադրաբար տեղահանվելով բնակություն են հաստատել Եղեգնաձոր քաղաքում եւ Վայոց Ձորի մի շարք գյուղերում:

Ծրագրի մասնակիցներից մեկը Սայադյան Վահեն է, որը մասնակցելով 44-օրյա պատերազմին` վիրավորվել է Մեխակավանում (Ջաբրայիլ) եւ այժմ հաշմանդամ է: Սոցիալապես անապահով ընտանիքում կա անչափահաս երեխա, եւ այս ծրագրի միջոցով նրանք կարողացան ունենալ եկամտի աղբյուր:

Ըստ Գայանե Մուրադյանի Վահեն եւ իր նման շատերի օրինակը խթան է հանդիսանում, որ ծրագիրը կարողանա մեր սփյուռքահայ ընկերներին եւ ընդհանրապես բոլորին տեղեկացնի այս նախաձեռնության մասինՙ ներգրավելով նոր հովանավորների:

«Շահառու ընտրելը ամենադժվար եւ կարեւոր աշխատանքն է: Կարեւոր նախապայմաններից մեկն այն է, որ շահառուն չլքի երկիրը եւ մեղվապահությանը վերաբերվի որպես բիզնես: Բիզնեսն սկսվում է վերապատրաստումից, եւ մեղվաբուծությունը բացառություն չէ»,- իր հերթին ասում է Նարեկը, ապա ավելացնում, որ մեղր, մոմ եւ այլ մեղվաբուծական ապրանքներ ձեռք բերելու համար բավարար չէ միայն մեղվաբուծարան հիմնելը. անհրաժեշտ է մեղուների մասին հոգալ ամբողջ տարվա ընթացքում:

«Մեր կարեւոր գաղափարներից է օգնելը պիտի օգնենք: Մեր շահառուներից մի քանիսը իրենց մեղվափեթակներից 5-ը տրամադրեցին ծրագրին, որ Արցախից եկած 4 ընտանիք եւս ունենա փեթակներ: Սա արդեն շնորհակալության արտահայտում է. իմ շնորհիվ իրենք մտել են ծրագիր, իրենց շնորհիվՙ մյուսը, որ ավելանանք»:

Ծրագրի շահառուներն են

Ալեքսանյան Նարեկ (գ Բարձրունի),Հովհաննիսյան Տաթեւիկ (գ Հերհեր), Ղամբարյան Հայկ (ք Եղեգնաձոր), Ալոյան Գարիկ (ք Վայք), Քոչարյան Անուշ (գ Մալիշկա), Սայադյան Վահե (ք Մալիշկա), Կարապետյան Լեւոն (գ Թառաթումբ), Փալանջյան Մուրադ (գ Մալիշկա):

Տնային մեղվանոցը տնտեսության հետաքրքիր ճյուղ է, որը կարող է նաեւ եկամուտ ապահովել: Մեղվաբույծների ազգային միավորման տվյալների համաձայնՙ Հայաստանում ամեն տարի արտադրվում է մոտ 1000 տոննա մեղր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ