RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-05-27 23:11:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 539, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԵՎԳԵՆԻ ՄԱՐԳՈԼԻՏ

Մի քանի խոսք Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմի մասին

Մայիսի 18-ին, Երեւանում, Կինոպարկի միաժամանակ մի քանի դահլիճներում տեղի ունեցավ հայկական նոր կինոնկարի` Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմի պրեմիերան:

Բեմադրիչը ֆիլմի վրա աշխատել է վեց տարի:

Գլխավոր դերերում` Սաս Սարգսյան եւ Էմմա Բաբախանյան:

Ներկայացնում ենք ՌԴ պետական ֆիլմադարանի գլխավոր արվեստագետ, կինոգետ Եվգենի Մարգոլիտի հոդվածը կինոնկարի մասին:

Ինչպես յուրաքանչյուր պատասխանատու արվեստագետ, Արման Չիլինգարյանն իր ֆիլմերում ստեղծում է աշխարհաստեղծման սեփական հայեցակարգը: Նրա երեք ինքնուրույն աշխատանքներից հետո այդ մասին կարող եմ խոսել լիակատար վստահությամբ: Եվ աշխարհաստեղծման այս պատկերի վրա ընկած է աղետի ստվերը: Ոչ միայն անմիջականորեն, ինչպես «Եվ յոթերորդ օրը» առաջին լիամետրաժ ֆիլմում: Այն նրա «Ցատկերթ» կինոնովելի հյուծող, բառացիորեն ֆիզիկապես զգացվող տապի մեջ է: Այն ամայի քաղաքը պատած ցրտի մեջ է նրա նոր ֆիլմում, որի մասին պիտի խոսեմ:

Եվ սակայն, ես ամենաքիչն եմ հակված աշխարհի նմանօրինակ ընկալումը դուրս բերել բեմադրիչի անհատականությունից: Նրա ֆիլմերում հայտնության թեմաներով ցուցամոլության նշույլ իսկ չկա (ինչին երբեմն, մեղքն ինչ թաքցնեմ, հակված է լինում փառատոնային կինոն): Հենց այդպես` աղետների շղթայով է ձեւավորվում բեմադրիչի բազմաչարչար ժողովրդի պատմությունը:

Սակայն իրավիճակի ողջ ողբերգականությամբ հանդերձ Չիլինգարյանի կինոարվեստում չկա մարդու հանդեպ աշխարհի թշնամական վերաբերմունքի զգացողությունը: Նրա ֆիլմերում բնությունը լի է գեղեցկությամբ` թեկուզեւ խիստ, երբեմն նաեւ` ահարկու: Այս ֆիլմում նույնպես աշնան թախծոտ շունչը կինոնկարին հաղորդում է թափանցիկ քնքշություն. դա ընդհանուր առմամբ տեսախցիկի հատկանիշն է նրա ֆիլմերում: Բանն այն է, որ բնությունն ապրում է իր սեփական կյանքով, այն թշնամական չէ տրամադրված մարդու նկատմամբ, այլ անտարբեր է, օտարացած է նրանից:

Այստեղից էլ քարացած քաղաքը` բեմադրիչի նոր ֆիլմում, քաղաք, որտեղ ժամանակ առ ժամանակ անջատվում է էլեկտրականությունը` մարդկանց ընկղմելով խավարի եւ ցրտի աշխարհը: Դա մարդու մոտ շփոթմունք է առաջացնում ֆիլմում մարդկանց շարժումները դանդաղեցված են, նրանք քչախոս են, պարփակված իրենց մեջ: Նրանք մրսում են:

Եթե ֆիլմի հեղինակը սահմանափակվեր այդ վիճակը արձանագրելով, ապա մենք, հնարավոր է, ստանայինք ժամանակակից Հայաստանի այսօրվա տխուր իրականության բավական արտահայտիչ ուրվապատկերը, բայց ոչ ավելին: Մինչդեռ Արման Չիլինգարյանի ֆիլմը ցրտի մասին չէ: Ընդհակառակը, այն ջերմության մասին է: Տարրական ֆիզիկական ջերմության կարիքն այստեղ փոխակերպվում է մարդկային ջերմության ծարավի այլաբանական պատկերի: Դրանով են փրկվում հերոսները: Հենց դա, այլ ոչ թե էլեկտրականության հանկարծակի անջատումն է կիսադատարկ տրոլեյբուսում ստիպում լուռ իրար գիրկ նետվել ֆիլմի հերոսներին:

Ընդհանրապես իրական կինոյի արվեստը բեմադրվող պատմություն նկարելու մեջ չէ, այլ` իրականության մեջ այն որսալու եւ դրոշմելու մեջ: Այդ ունակությանը լիովին տիրապետում է Արման Չիլինգարյանը: Այդ իսկ պատճառով նրա կինոնկարները սկզբունքորեն սակավաբառ են: Պատմությունն առաջին հերթին ծավալվում է ցուցադրության միջոցով` լարված եւ խորը: Տեսարանը, որտեղ տղան տնից հոր գնալուց հետո փորձում է վառել շարժական վառարանը հիվանդ մոր համար թեյի ջուր եռացնելու նպատակով, եւ, ի վերջո, որպես վառելափայտ կազմաքանդում է խոշոր փայտե ձին, ֆիլմ է ֆիլմի մեջ` հանկարծակի տեսանելի հասունացման պատմություն:

Բնությունը անտարբեր է մարդու հանդեպ, սակայն այդ անտարբերությունը մարդը հաղթահարում է իր իսկ գոյությամբ: Նա հաղթահարում է օտարացման սառնությունը եւ ցրում է խավարը` ուրիշին ջերմացնելու եւ դրանով իսկ տաքանալու ձգտմամբ: Նա աշխարհ է բերում իր իմաստը: Ֆիլմի ավարտին այս այլաբանությունը պատկերավոր ձեւով հանգուցալուծվում է: Երբ թատրոնում, որտեղ հեղինակը հավաքել էր իր գրեթե բոլոր հերոսներին, հերթական անգամ անջատվում է էլեկտրականությունը, եւ դահլիճն ընկղմվում է խավարի մեջ, դրա տարբեր ծայրերում մեկը մյուսի հետեւից վառվում են մոմերի լույսերը: Եվ դրանց արձագանքելով` նորից վառվում են քաղաքի շենքերի պատուհանների լույսերը:

Ներկայացման անվանումը «Հիշատակման աղոթք» է:

Ֆիլմի անվանումն է «Լույսի կաթիլներ ֆիլմ-արարք»:

Դժվար է դրա համար ավելի ճշգրիտ անվանում հորինելը:

Ռուսերենից թարգմանեց

ԼՈՒՍԻՆԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ