RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-05-27 23:11:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 561, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՀԵՐՈՍԸ»

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Ձեռքս պարզում եմ նկարիդ...կարող էի այսօր ձեռքդ բռնել...»

Թղթի կտորների վրա, օրերի հետ կուտակվող սիրո հաստատուն գերակայությունն այժմ գիրք է դարձել: Աննան սիրելիինՙ Սամվելին որոնում է իր ներսում, ու այդպես փորձում հագեցնել հոգին: Նրա կարոտ սիրտը պահում է ողջ հիշողությունը հավերժականի տիրույթում, սիրելիի չտեսած ուսերին փարվելով, զնգացող ծիծաղն էլ չլսելով:

«Կապուտաչյա հերոսը» . այսպես է կոչվում 20-ամյա Աննա Մկրտչյանի գիրքը: Գիրքը յուրօրինակ կենսագրական վիպակ է Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսական մարտեր մղած եւ 20-ամյակի նախօրեին զոհված Սամվել Գեւորգյանի մասին:

Գրքում ներկայացված է իրական սիրո պատմություն: Առաջին հանդիպումից մինչեւ սիրո խոստովանություն, լուսավոր ու ջերմ ակնթարթներ, ապագայի հանդեպ մեծ հավատ, բանակային օրեր ու շատ կարոտ:

«Գրել եմ ամենասկզբիցՙ մեր ծանոթությունից սկսած: Յուրաքանչյուր դրվագը նորից վերապրելով ու միայն ժպիտով եմ գրել, մինչեւ պատերազմին հասնելը: Ամենադժվարը հենց պատերազմի մասին գրելն էր: Սկսել եմ գրել, երբ մի քանի օր էր անցել Սամվելի զոհվելուց, մինչեւ սկսելն արդեն պատկերացրել եմ շապիկի նկարը, ընթացքում շատ են եղել պահեր, որ ինձ չեմ հավատացել, սպառվել եմ, բայց հաջորդ վայրկյանին ինչ-որ դրվագ գրելուց, մի լավ օր հիշելուց ուժ եմ ստացել, կարող եմ ասել, որ Սամվելի ուժով եմ կարողացել ավարտել»,- դողացող ձայնով ասում է Աննան :

Աննային ու Սամվելին կապել էր միեւնույն մասնագիտությունըՙ ծրագրավորումը, իսկ թե ինչպես եղավ, որ նա չի ուզում շատ մանրամասնել, նշում էՙ գրքում ամեն ինչ ներկայացրել է:

«Իրականում ինձ համար շատ բարդ շրջան է, որովհետեւ երբեք մտքովս չէր անցնի այն, ինչ եղավ, մենք պիտի ընտանիք դառնայինք...»,- ասում է նա, խորը շունչ քաշում, ապա հուզված ավելացնում. «Հաղորդագրություն էր ուղարկել, գրել էրՙ եթե մեռնեմ, իմացիր` քեզ կյանքիցս շատ եմ սիրել, ամեն օր զանգում էր, բայց շատ կարճ էինք խոսում` մինչեւ մի րոպե, վերջին անգամ երկար խոսեցինք 4 րոպե, ասաց որ շատ է սիրում, հանկարծ չվախենամ ու չլացեմ, կզանգի վաղը»:

Սամվելը զոհվել է Մատաղիսի դիրքերում ԱԹՍ-ի հարվածից, հոկտեմբերի 8-ին, իր ծննդյան նախօրեին: Աղջիկը սիրած տղայի զոհվելու մասին տեղեկացել է ֆեյսբուք սոցիալական ցանցից:

Աննան այգումՙ իրենց նստարանին, Սամվելին չգտնելուց հետո, փնտրում է նրան արդեն այգուց դուրս: Գրպանից հանում է հեռախոսը, նայում նկարին, տեսնելով նրանՙ մի պահ ժպտում, ուժ գտնում ու շարժվում առաջ:

«Երբ տեսա իր մարմինըՙ դրոշով ծածկված, կողքին նկար, որ իր բարի, սիրուն աչքերով նայում է մեզ բոլորիս, նույն պահին ես իմ մեջքի ետեւում զգացի իր ներկայությունը: Սամվելը բարություն է ու լույս: Այսօրՙ նրա բարությունը, մարդասիրությունն ու հայրենասիրությունը փոխանցվելու է գրքի միջոցով: Վստահ եմ, ինքն ամեն ինչ տեսնում է ու ժպտում յուրաքանչյուրին, որը կարդում ու լսում է իր մասին»,- ասում է նա:

Գրքի առաջին օրինակն աղջիկը Սամվելի ծնողներին է նվիրել: Այս գիրքը Սամվելի հիշատակը վառ պահելու Աննայի տարբերակն է: Նա ցանկանում է, որ յուրաքանչյուր հայ այս գիրքը կարդա ու ճանաչի Սամվելին, զգա նրանից փոխանցվող բարությունը: Վաճառքից ստացված ամբողջ հասույթը աղջիկը ուղղելու է վիրավոր զինվորներին:

«Ներիր ինձՙ անզորիս, նկարդ արցունքներով ծածկելու համար...»: Աննայի տողերը ունկնդիրն են դարձնում նրա գրքի: Նա իր կապուտաչյա հերոսին երբեք չի մոռանա, մեզ հավատարմության նրա օրինակը սիրելի է, շատ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ