RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 04-06-2021



Տեղադրվել է` 2021-06-06 15:02:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 4150, Տպվել է` 233, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԹԵ ՈՐՊԵՍ ԱԶԳ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՎԵՐԱՆԱԼ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ամեն օր մեր կյանքը ցնցում են սկանդալներ, անհավանական իրադարձություններ, խղճի ու բանականության հովհարային անջատումներ, ու օրվա վերջին մենք մեզ հարցնում ենք. արդյոք մե՞նք, թե՞ ժամանակն է հունից շեղվել, ու այս բոլորը մեզ հե՞տ է տեղի ունենում: Լսե՞լ եք, որ մի պետության արտգործնախարար հրաժարական տա ու ակնարկի ոչ ազգաշահ պետական քաղաքականության մասին, դա ինչ պետություն է, որտեղ պետության դեմ կարող են գործել պետության անվտանգության երաշխավոր պաշտոնյաները: Ինչո՞ւ հնարավոր չի լինում հասնել գերիների վերադարձինՙ մեր ղեկավարներն ի՞նչ են եռակողմ բանակցում Մոսկվայոում, այդ թվում մեկ օր առաջ. եթե գերիներին չեն վերադարձնում ու նոր գերիներ է վերցնում Հայաստան մտած թշնամին, անգամ մեր 14 գերուն Բաքվում դատում են, բան չունի՞ ասելու իշխանությունը, դադարեցրեք շփումներըՙ մինչեւ այդ հարցում տեղաշարժ չլինի: Սյունիքում ավտոճանապարհը տնտղող ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին հասկացրեքՙ ոչ մի խոսակցություն առանց գերիների վերադարձի, քանի որ Ռուստամ Մուրադովը գնում-գալիս է Մոսկվաՙ բան դուրս չի գալիս:

Կամ ինչպե՞ս է հնարավոր Հայաստանում իբր ադրբեջանական անկլավների մասին նյութ հեռարձակել հայ հանրությանը պատկանող հեռուստաընկերությամբ, որն ուղղակի հարձակվելու հրավեր է ադրբեջանցիներին: Ինչպե՞ս է հնարավոր մեր զոհված զինվորների դիերի հետ պատահած հանցավոր, անխիղճ վերաբերմունքը, անգամ եթե նրանց մեջ տեսականորեն ադրբեջանցիներ կարող են լինել, ու, ինչ է, յոթ ամիս մեր լույս տղերքի դիերը տարել ու բերե՞լ են, էն որ ամենավատ անեծքն են տալիսՙ գյոռբագյոռ են արել, կներեք օտար բառի համար: Իսկ որ բացատրվում է, թե նախարարը չի կարող բոլոր տեղերում անընդհատ գնալ-գալ, հա, համաձայն ենք, բայց տեղյակ չէ՞ր իր ենթակայության տակ եղած հաստատության սառնարանային կարողականությանը, նույնիսկ սովորական մարդը գիտե, որ ուզած բուժհաստատության ու անգամ դիահերձարանի դեպքում այդ կարողականությունը Հայաստանում սահմանափակ է, ոչպատերազմական վիճակում անգամ սա խնդիր է եղել, հիմա չքմեղանալը ո՞րն է, ասեք տեղյակ էինք, հնարավորություն չենք ստեղծել, ինքնարդարացման ի՞նչ լոլոներ եք կարդում:

Ինչպես է հնարավոր այն վիճակը մեր սահմաններին, որը տարբեր տրամաչափի սադրանքներ անելու հրավեր է պարզապես մեր թշնամուն: Ու նա էլ անում էՙ մեկ իբր մերոնք են սահման անցել, մեկ իրենք են մտնում- մեր զինվորներին գերեվարում, մեկ հովիվ են ծեծում ու ականջ քաշում, մեկ երկու կողմի զինվորներն են իրար քաշքշումՙ մեկը չկա հայ պաշտոնյաների ականջը քաշի, թե այ մարդ, տեր եղեք սեփական երկրին ու նրա բնակչին, իսկ թե չեք կարողանումՙ ռադ եղեք:

Վերջին օրերի անցուդարձը, քաղաքական ուժերի ղեկավարների խրորտ կամ մեղադրող ելույթները չեն մեծացնում հույսը, որ Հայաստանը կկարողանա անկորուստ դուրս գալ ստեղծված ու ամեն պահ սադրանքի ենթակա իրավիճակից, այնպիսի տպավորություն է, թե եռակողմի երրորդ կողմը (մենք) եւս մասնակից է իրավիճակը ռուս-ադրբեջանական շահերին համապատասխան հասունացնելուն եւ ըստ այդմ համաձայնություններ իրականացնելու սադրանքին, այլապես հանրային հեռուստատեսությամբ անկլավների մասին հրապարակում չէր լինի, այլապես ԱԳ նախարարը հրաժարական չէր տա, այլապես արտահերթ ընտրություններ չէր նշանակի հենց իշխանությունը, թեՙ գնացեք-զբաղվեք, մինչեւ մեր սեւ գործն անենք: Իսկ սեւ գործը, մեր կարծիքով, ուղղակի պաշտոնյաների անկարողության ու իրավիճակին անհամարժեք որակների պարագայում, հայկական շահն առաջ տանել չկարողանալն է: Դե որ ՀԱՊԿ-ին դիմելուց ու պատասխան չստանալուց հետո այնպիսի աներաշխիք առաջարկ են անում, թեՙ մենք մեր սահմանները չենք կարողանում պահել, հետ ենք քաշվում, ու դու , միջազգային հանրություն, դիտորդ-միտորդ, եկեք մեր սահմաններին կանգնեք, սա ինչ էՙ շնորհքով կառավարման եւ երկիրը պաշտպանելու նշա՞ն: Դեռ ձեռքը գցում են փրփուրներից (Ֆրանսիայից), թե հա, բա ՄԱԿ Անվտանգության խորհուրդ կա, մի բան պետք է անել: Եղբայր, որ դու քո տունը գողից չես կարողանում պաշտպանելՙ անվտանգության համակարգ չունես դռանդ վրա, սա քիչ է, դեռ իքնդ չես կարողանում գողին դուրս հրավիրել, ու գնում հարեւան-բարեկամից ես խնդրում, թե եկեք, տունս պաշտպանեք-գողերին դուրս մղեք. ուրիշը քո տունը ո՞նց պիտի պաշտպանի, մի բան էլ ինքը կտանի ունեցածդ:

Ու էս վիճակը ծնում է անպաշտպանության զգացում բոլորիս մոտ, անընդհատ թվում է, որ անուղղելի բան է կատարվում հենց քո կողքին, ու դա դու չես կարողանում կանգնեցնել, քանի որ չգիտես ՙ ինչն ինչից հետո է կատարվում, ինչ գաղտնի պայմանավորվածությունների մասնակից է քո սեփական իշխանությունը, որին դու իրազեկ չեսՙ համապատասխան վերաբերմունք ու վարքագիծ դրսեւորելու համար: Վարչապետի պաշտոնակատարից բացիՙ երեւի ոչ ոք լիարժեք չի տիրապետում ողջ տեղեկատվությանը, նրա մյուս թիմակիցները, շատ քիչ իրազեկմամբ միայն, դամ են պահում, նրանց չարժե անգամ բան հարցնել, քանի որ հարցնելու դեպքում էլ ինչ-որ լակոտ, հիմարություններ դուրս տալուց զատ, դեռ կարող է իրեն թույլ տալ դիտարկելՙ երեւի լավ չլսեցիք, կամ լավ չհասկացաք: Անհասկացողը դուք եք, այ անիրազեկ փուչիկներ, մի երկու դասագիրք որ սերտել եք, կարծում եք, թե կարող եք պետության ղեկին մոտիկ լինել:

Էս վիճակը բթացնում է մարդկանց զգոնությունը, ընտելացնում նոր վիճակին, սովորեցնում անընդհատ տարածք զիջելու մտայնությանը, որը շատ վտանգավոր է, մարդկանց մեծ մասին դարձնում լուսանցքային, չմասնակից, ոչ մի բան չորոշող: Այդպիսի մարդիկ չեն ընդվզում ակնհայտ հակահայկական որոշումների դեմ, պետության խնդիրները չեն գերադասում սեփական բարեկեցիկ կենցաղից; Սա արդեն նկատելի հատկանիշ է դառնում մեր հասարակության շատ շերտերի մոտ: Ու դրա արտացոլումը ընտրություն կոչված այս ֆարսի ընթացքում պարզ կհայտածվի, երբ ակնհայտ կերեւա, որ նախկիններին ու ներկաներին չընդունող բավական մեծ շերտեր են գոյացել, նրանք ընտրության չեն գնա: Ոչ միայն ընտրության չեն գնա, այլեւ վտանգ կա, որ նրանք իրենց առհասարակ դուրս կդնեն երկրին ամեն օր պատուհասող վտանգների դեմն առնելու միավոր դասելուց: Բայց սա , նկատեք, նախ եւ առաջ հրապարակի վրա եղած քաղաքական ուժերի մեղքն է, որոնցից ոչ մեկը չկարողացավ համահայկական խնդիրների կրողը դառնալ: Նկատում եքՙ նրանք, որ գլխովին նետվել են ընտրարշավի մեջ, այլեւս չեն խոսում Արցախից, չեն բարձրացնում Արցախը ճանաչելու խնդիրը, չեն ասումՙ հետ կբերենք կորսված տարածքներից գոնե նրանք, որոնք պարզապես Արցախի անվտանգության խնդիր կլուծեն: Բոլորն ընդունում են նոյեմբերիննյան հայտարարության հետեւանք նոր դեֆակտո իրավիճակը, ու խոսում միայն Հայաստանը տնտեսապես ուժեղացնելուց: Այսինքնՙ ներկա իրավիճակն իրական ընդդիմություն էլ չունի, որ ասերՙ հետ կբերենք կորսված տարածքները, կվերականգնենք պետության ամեն օր մի քայլ զիջվող ինքնիշխանությունը:

Միայն ինչ արժե ընտրություններին մասնակից ուժերի ցուցակներին նետված հայացքը: Այդ ցուցակների մեծ մասն այն մասին են, որ դրանց կազմողները, դրանց առաջնորդները չեն փայլում պետական մտածելակերպոով, հայրենիքն ուժեղացնելու նպատակադրումով, երկրին ու նրա մարդկանց տեր լինելու ներքին մղումով: Այդ ցուցակները ծանոթ-բարեկամ, թիմակից, անձնական ծառայություն մատուցող, աներձագ ու փեսա իշխանություն խցկելու մասին են, մեկ-երկու բացառությունըՙ մասնագետների ընդգրկմամբ, էլի նույն ցուցիչով էՙ միայն սեփական թիմակից մասնագետնեեր են: Այդ ցուցակները հայրենիքին նվիրված, լավ մասնագետ, իրենց շրջանակներում ճանաչված ու արժանի հայերին անտեսելու մասին են: Այլապես գոնե գլխավոր ֆավորիտ ուժերը իրենց ցուցակի ամեն երկրորդ-երրորդ տեղեր կհրավիրեին ոչ թե սեփական անձին ծառայություններ մատուցող, անձնական հավատարմությամբ աչքի ընկած մարդկանց միայնՙ ձեւավորելով անձնապես շեֆին նվիրվածների նեղ խումբ, արտացոլելով նեղ խմբային շահեր, այլեւ հայրենիքին իրոք ծառայող, խելացի մարդկանց, որոնց սովորաբար դիմում ենք, երբ պետք է խելացի, թայֆայականությունից դուրս խոսք լսել, որոնց կարելի է վստահել ոլորտի եւ մարդկանց ճակատագրեր: Ուրիշ բան, որ միգուցե այդպիսի մարդկանց մեծ մասը առկա ուժերի հետ չի պատկերացնում իր ճակատագիրը, բայց հայրենիք փրկելու կարգախոսով եկողը ոնց կարող է իր նեղ խմբով համապետական, անգամ համահայկական խնդիրներ լուծելու մեծ-մեծ խոստումներ տալՙ շրջանցելով ողջ հայկական ներուժը: Կներեքՙ ես այդպիսի ուժերին ինչու պիտի հավատամ: Ինչու պիտի բոլորիս հոգնեցրած, իրենց կարողությունները լայնությամբ ու խորությամբ տարբեր ժամանակներում իշխանություն լինելու ընթացքում ցուցադրած մարդիկ նորից հավակնեն մեր բոլորի ճակատագիրը որոշելուն, այն էլՙ այս դժվարին ժամանակի մեջ, որը պահանջում է ողջ ազգային ներուժի կենտրոնացում:

Հազար ու մի արգումենտ կարելի էր բերել առ այն, թե ինչու չէր կարելի այսպես հապշտապ ընտրություն անել, արդյունքում վերջին հապշտապ ընտրությունից էլ ավելի վատ արդյունք ունենալու հեռանկարով, բայց դրանց հիմա գումարվում են նաեւ հապշտապ կազմված ցուցակները:Դեՙ բոլորս հավան չէինք այն մարդկանց, որոնք իշխանափոխության ու հապշտապ ընտրությունների արդյունքում հիմա խորհրդարանում եւ կառավարությունում ենՙ ամեն ինչ հասցնելով ներկա անմխիթար վիճակին: Ու այդ իշխանությունը համարյա նույն դեմքերով է գնում ընտրությունների, պլյուս -մինուս մի երկու մեծահարուստ: Անտարողունակ է նաեւ մյուս ուժերի կադրային բանկըՙ մեր ասած սկզբունքի առումով, մի քիչ ավել-պակաս: Հիմիկվա հապշտապությունը շատ ավելի վատ պատկեր է արձանագրելու այն աստիճան, որ անգամ ներկա խորհրդարանին փառք տանք, քանի որ նրա կարկատանային էությունը սաստկացնելու է վերը նշված թերությունները: Դրանոմ համոզվելու համար շատ բան պետք չէ անել, ընդամենը մի հայացք գցել ցուցակներին, կարդացեք դրանք ՙ հասկանալու համար, թե ովքեր են հավակնում բոլորիս ճակատագիրը վճռել համարյա պատերազմական այս իրավիճակում:

Հատկապես եթե նայենք գլխավոր ֆաորիտների ցուցակները, որտեղ ներկա մարտահրավերները նկատի առնելովՙ պիտի որ տեսնեինք ազգի սերուցքին, ամեն ոլորտից երկու-երեք անվան գոնե, որոնք հեղինակություն են, մինչդեռ տեսնում ենք այն մարդկանց, որոնք լիդերների հավատարիմներն ու կողմնակիցներն են, գումարած զարմիկ-զարմուհի, փեսա ու աներձագ, քույր ու եղբայր: Բա սահմանափակ հնարավորությամբ կողմնակիցներով ուզում եք փայլուն մասնագետներով, պայծառ ու հեռանկարային երիտասարդությամբ, ուզած միջազգային քննություն հաղթահարող միջին տարիքի բազմաթիվ անհատներով մի ողջ ազգ կառավարե՞լ, էն էլ ճգնաժամային կառավարում պահանջող էս ժամանակներո՞ւմ:

Բայց տեղեկացված մարդիկ չեն զարմանում, ուղղակի տխրում են երկրի համար, որտեղ արդեն երեսուն տարի իշխանությունն իրար փոխանցելովՙ իշխում են նույն շրջանակները (Տեր-Պետրոսյանի հարցարույցը Հ 1-ին ձեզ որպես խոսուն ապացույց), որտեղ քաղաքական քարտեզները գծում են նույն մարդիկ, ձեւացնելով, թե իրար ընդդիմախոս են, իրենցից էլ վերեւի ցուցումներով, ու այդ ցուցումներում չկա Հայաստանն ուժեղ, իր սուբյեկտությունն ապահովող, ինքնիշխան երկիր դարձնելու ծրագիր, այդպիսի ծրագրին նվիրված մարդկանց առաջքաշում. թող այդ մարդիկ արտագաղթեն, գնան այլ երկրների կարեւոր ոլորտներ զարգացնեն, իսկ Հայաստանը նախագծողներին պետք է որպես կախյալ, աղքատ, ոչ պաշտպանունակ ու հեշտ կառավարելի մի երկիր, իրենց շահերն (ադրբեջանական, թուրքական, ռուսական) առաջ տանող մարդկանցովՙ իշխանություն եւ ընդդիմություն:

Իսկ իրական էլիտան մենք դեռ պետք է ձեւավորենք, այնուամենայնիվ, եթե որպես ազգ չենք ուզում վերանալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 04-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ