RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 04-06-2021



Տեղադրվել է` 2021-06-06 15:02:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 3540, Տպվել է` 136, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՋՈՒՐՆ ԸՆԿՆՈՂԸ ԿԱՌՉՈՒՄ Է ՓՐՓՈՒՐԻՑ, ԻՍԿ ԷՐԴՈՂԱՆԸՙ «ԱՆԱԴՈԼՈՒ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍՈՒՏ ԼՈՒՐԵՐԻՑ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Մայիսի 14-ին, Պաղեստինի Գազայի հատվածի դեմ Իսրայելի սանձազերծած պատերազմի 4-րդ օրը, պաղեստինցիները, դուրս գալով ուրբաթօրյա նամազից հետո Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթից, արաբերեն բացականչություններ էին արել եւ վանկարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի անունը: Թուրքական «Անադոլու» գործակալությունը, որ արդեն պաշտոնական է, իսկույն արձագանքել էր, թե պաղեստինցի ցուցարարները բացականչություններով իրենց հիացմունքն են արտահայտել նախագահ Էրդողանին: Երեք օր հետո միայն պարզվել էր, որ նրանք բացականչելիս են եղել. «Էրդողան, մենք այստեղ ենք, իսկ դու որտե՞ղ ես»:

Այլ կերպՙ ցուցարարներն էրդողանին հիացմունք չեն արտահայտել, այլ դատապարտել նրան, ակնարկելով Գազա գնալու նրա խոստումների մասին: Իրականում նա գնում է, ընդ որում 2013-ից, բայց տեղ չի հասնում, ոչ էլ կհասնի: Փաստորեն «Անադոլու» գործակալությունը ստել էր: Դրան հետեւեցին գործակալության նոր ստերը: Դրանցից, թերեւս, ամենա աղմկահարույցը, գործակալության մայիսի 2-ի սուտն էր, թե Թուրքիան «կորոնավիրուսից տուժած քաղաքացիներին ֆինանսական օգնություն տրամադրելու առումով գերազանցեց աշխարհի հսկաներին», ընդ որում վկայակոչելով Միջազգային արժութային հիմնադրամինՙ IMF-ին:

«Անադոլու» գործակալության այս հաղորդագրությամբ IMF-ը հայտնվեց սուտ վկայի կարգավիճակում եւ պատասխանը չուշացավ: Մայիսի 27-ին IMF-ի հրապարակած զեկուցագրով Թուրքիան, ինչպես նույնօրվա համարում նշել է ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթը, կորոնավիրուսից տուժած քաղաքացիներին նվազագույն աջակցություն ցուցաբերող երկրների շարքում էր: Ավելին, նա արդեն համարվում է ոչ թե «զարգացող» այլ «թույլ զարգացած» երկիր:

Թեեւ նրա տրամադրած օգնությունը զեկուցագրով կազմում է ազգային եկամուտի 1.9 %-ը, սակայն առողջապահության ոլորտի աշխատողները ստացել են օգնության 0.3, իսկ կարիքավոր քաղաքացիներըՙ 0.4 %-ը միայն, մնացածը բաժին է հասել իշխանամետ խոշոր ընկերություններին, որոնք սերտ համագործակցության մեջ են Էրդողանի հետ:

Գալով աշխարհի հսկաներին, ապա ԱՄՆ-ը քաղաքացիներին հատկացրել է ազգային եկամուտի 25.4 %-ը, որը կազմում է 10 տրիլիոն դոլար, Անգլիանՙ 16.3 %-ը, հատկացնելով 9 տրիլիոն, կարիքավորին ամսական 2 500 ստերլինգ նվիրատվության կարգով, Գերմանիանՙ 11 %-ը, այսինքն 1.5 տրիլիոն եվրո, Հնդկաստանըՙ 265մլրդ. դոլար, որը հավասար է ազգային տարեկան եկամուտի 3.1 %-ին:

IMF-ի զեկույցում արտացոլված ցուցանիշները, այղ թվում Թուրքիային վերաբերող, հաստատում է նաեւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունըՙ OECD-ին, մատնանշելով, որ նա կարիքավորներին նվազագույն օգնությունն ցուցաբերող երկրներից է աշխարհում եւ «թշվառության» աղյուսակում զարգացող 60 երկրների մեջ զբաղեցնում է 54-րդ տեղը միայն:

Ժողովրդական զանգվածները երկրում հայտնվել են սոցիալական աղետալի վիճակում, օրեցօր աճող գործազուրկների թիվը ընթացիկ տարում պաշտոնական տվյալներով 21-ից հասել է 27.8 %-ի, ահռելի չափերի է հասել մթերքի գնաճը շուկայում: Տարեկան 20.6 %-ի հասնող գնաճով Թուրքիան առաջին տեղում է աշխարհում եւ այս տարի երկրում փակվել է 60 հազար գործատեղ: Որպես հետեւանք այս ամենի, Թուրքիայում, ըստ Euronews-ի, օրական ինքնասպան է լինում 9 մարդ: Աճել է նաեւ այդ մարդկանց թիվը: Ինչպես մայիսի 29-ին նշել էր թուրքական «Էվրենսելը», ընթացիկ տարվա հունվարին պաշտոնական տվյալներով ինքնասպան է եղել 94 մարդ, փետրվարինՙ 99-ը, մարտինՙ 112, ապրիլինՙ 129 մարդ:

Ինքնասպանության դիմողների գերակշռող մասը խանութպաններն են, նպարավաճառներ ու երաժիշտներ, այդ թվում նաեւ երեխաներ, ամենափոքրըՙ 13 տարեկան: Ըստ երեւույթին դա Էրդողանին առանձնապես չի հուզում, որ նա մերթ ընդ մերթ հայտարարում է, թե ԱՄՆ-ը, Եվրոպան եւ առհասարակ աշխարհը նախանձում է Թուրքիային: Հատկանշական է, որ մինչեւ կորոնավիրուսի ի հայտ գալը, ինչպես «haber.sol.org.tr»-ն է վկայել, 2016-ի մայիսի 25-ին Էրդողանն ասել է. «Արեւմուտքը մեզ նախանձում է կառուցած ջրամբարների, կամուրջների եւ մետրոների» համար, դառնալով հեգնանքի աղբյուր սոցցանցում:

Եվրոպան Թուրքիային առանձին նախանձել է նաեւ հաջորդ տարի, ինչի մասին 2017-ի ապրիլի 1-ին գրել էր «Ենի շաֆաքը»: Կորոնավիրուսի տարածումից հետո, ըստ Էրդողանի, Արեւմուտքը, ԱՄՆ-ի հետ միասին, սկսել են Թուրքիային նախանձել համաճարակի դեմ պայքարում ձեռք բերած աննախադեպ հաջողության եւ տուժածներին ֆինանսական առավելագույն օգնությունը ցուցաբերելու համար:

Հիրավի, Էրդողանի միանձնյա կառավարած երկիրը շատ նախանձելի վիճակում է բոլոր առումներով, առավել եւս հուսահատության շեմին կանգնած ժողովրդական զանգվածների, էլ չենք խոսում կորոնավիրուսի դեմ պայքարի մասին: Պարզապես Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը չի հավատում Թուրքիայի առողջապահության նախարարության տրամադրած տվյալներին, քանի որ դրանք վստահելի չեն:

Ավելին, երբ նախարաությունը հայտարարեց, որ Թուրքիայում պատվաստում ստացածների թիվը հասել է 27 մլն., հայտարարությանը իսկույն արձագանքեց Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը, ընդգծելով, որ երկրում ընդամենը 7 մլն. մարդ է պատվասվել, այլ ոչ թե 27մլն.

Վերջին անգամ Էրդողանն ԱՄՆ-ի նախանձի մասին նշեց նախարարների խորհրդի մայիսի 30-ի նիստից հետո ունեցած ելույթում: Արդյունքը եղավ այն, որ դոլարի համեմատ թուրքական լիրայի գինը 3.5-ից բարձրացավ 3.8 լիրայի: Այսինքն լիրան արժեզրկվեց, դա ենթադրում է գնաճի ավելացում: Կարեւորը. սակայն, գնաճը չէ, այլ ԱՄՆ-ին ու Եվրոպային թուրքական պետությանը նախանձողի դերում տեսնելու Էրդողանի ցանկությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 04-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ