RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 04-06-2021



Տեղադրվել է` 2021-06-06 15:02:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1177, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 30-ին տեղի ունեցավ Եվրոպայի հայերի միության խորհրդի առցանց ժողովը, որի ընթացքում քննարկվեցին մի շարք կազմակերպչական հարցեր: Տեղի ունեցավ առցանց քվեարկություն, որի արդյունքում ձայների մեծամասնությամբ կազմակերպության նախագահ վերընտրվեց գործարար Արթուր Հովհաննիսյանը (Բուլղարիա): Փոխնախագահ ընտրվեց Արտակ Սերգոյանը (Բելգիա), իսկ քարտուղարՙ Կարինե Հովասափյանը (Հայաստան): Ժողովի մասնակիցները ընտրեցին նաեւ 9 հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում ընդգրկվեցին Բելգիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Հայաստանի, Չեխիայի, Իսպանիայի ներկայացուցիչները:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար, Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ առաջիկա հինգ տարիներին ավելի կընդլայնեն համագործակցային ծրագրերը թե՛ եվրոպական հայկական համայնքների, եւ թե՛ Հայաստանի հետ: Այս հարցում կազմակերպության ղեկավարը հատկապես կարեւորեց թիմային աշխատանքը խորհրդի անդամների եւ համայնքային կառույցների միջեւ: Մասնավորապես նշվեց, որ հունիսի 14-25-ը նախատեսվում է միության նախագահի եւ փոխնախագահի այցը Հայաստան եւ Արցախ, ուր կքննարկվեն տեղական ծրագրերի ընդլայնման հնարավորությունները: Արթուր Հովհաննիսյանը կարեւորեց այնպիսի հստակ քայլերի իրականացումը, որոնք կնպաստեն հայրենիքում տիրող ճգնաժամի հաղթահարմանը եւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը:

Խորհրդի նիստին մասնակցում էին 9 երկրների մոտ 15 ներկայացուցիչներ, որոնք որոշեցին հաջորդ ժողովին քննարկել առաջիկա հինգ տարիների կոնկերտ միջոցառումների ծրագիրը: Կազմակերպությունը ծրագրում է համագործակցել նաեւ Եվրոպայի հայկական այլ կազմակերպությունների հետ, մասնավորապես ՀԲԸՄիության եւ Հայ Դատի մասնաճյուղերի հետ: ԵՀՄ նախագահի նոր ընտրությունը շնորհավորել են Եվրոպայի մի շարք հայկական կազմակերպություններ ու համայնքային կառույցներ, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցու թեմերի հոգեւոր առաջնորդներ:

Եվրոպայի հայերի միությունը ստեղծվել է 2015 թվականին, գրանցվել է 2016-ին եւ եվրոպական տասը երկրներում ունի մասնաճյուղեր: Կազմակերպության հիմնական նպատակներն են հայապահպանությունը, հայկական մշակույթի զարգացումը եւ պահպանումը Եվրոպայում, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի զարգացումը, բարեգործական ծրագրերի իրականացումը Հայաստանում, ինչպես նաեւ հայկական դպրոցների ու կրթական ծրագրերի աջակցությունը սփյուռքում:

«Ազգ»ի խմբագրությունը վերընտրվելու եւ ընտրվելու առիթով նույնպես շնորհավորում է միության նախագահին, վարչության եւ հոգաբարձուների խորհրդի անդամներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 04-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ