RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 04-06-2021



Տեղադրվել է` 2021-06-06 15:02:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1300, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՂԲԻ ԵՎ ՏՈՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Որդի կորցրած մոր կերպարը չի վերագտնում ապրելու իմաստը, իսկ հասարակությունը ամեն բացվող օրվա հետ հեռանում է պատերազմի անդառնալի հետեւանքներն իրենց մաշկի վրա կրող ընտանիքներից:

Պատերազմից 8 ամիս անց զինվորների անթաղ մարմինները դիահերձարանից դիահերձարան են տանում:Հայրենիքի համար զոհված տղաների մարմիններն ու մասունքները նկուղում պոլիէթիլային սպիտակ տոպրակների մեջՙ իրար վրա լցված են թողնում սեփական հայրենիքում:

Պատերազմի դժոխքի միջով անցած, պատերազմի հետեւանքներն իրենց վրա կրող ընտանիքներով կառավարությունը գեթ մի անգամ չի հետաքրքրվում, իմանալու ո՞ղջ են արդյոք, թե՞ ցավից մահացել են : Փոխարենը տոնախմբություն երկրի գլխավոր հրապարակում, երբ երկու օր առաջ նոր շիրիմներ են հայտնվել ու դեռ պիտի հայտնվեն Եռաբլուրում:

Աբովյանի դիահերձարանում կանոնների խախտմամբ պահվող զինվորների մարմինների մասին տեղեկությունը նոր էր հրապարակվել, երբ կառավարությունը ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց, որ հունիսի 1-ին երեխաների պաշտպանության օրը բացօթյա մեծ համերգ է լինելու եւ բոլորին հանրապետության հրապարակ հրավիրեց, չնայած նրան, որ հազար ու մի այլընտրանք կար երեխաներին երջանկացնելու, առանց որդեկորույս ծնողներին ցավ պատճառելու:

Հրապարակում խրախճանքի ու խանդավառության հետ մեկտեղ, զոհված հոր նկարը շապիկինՙ աղջկա կերպարն էր, որը լուռ նայում էր հավաքվածների աչքերին:Գիտե՞ք կոնֆետի մի հատիկն իր բերանը գցող, մյուսըՙ հոր շիրմին դնող երեխան չի կարող համերգից ուրախանալ, նրանք ժպտում էին, երբ հայրիկը կոնֆետներով տուն էր գալիս:

«Տղաներիս խոստացել էի զբոսանքի տանել, որ գոնե մի պահ կտրվեն լարված իրավիճակից, թոթափվեն, բայց չստացվեց: Առավոտյան արթնացել են ու կտրականապես հրաժարվել` ընդդիմանալով, թե առանց հայրիկի ի՞նչ ատրակցիոն. «Ոչ մի տեղ էլ չենք գնում, մեզ մեր հայրիկի մոտ տար»,- արտասուքը խեղդելով ասում է 44-օրյա պատերազմում նահատակված հերոս ազատամարտիկ Մխիթար Առուշանյանի այրինՙ Կարինեն, որի ընտանիքը տեղահանվել է Քարին Տակ գյուղից եւ Ստեփանակերտում ժամանակավոր ապաստան գտել:

Շատ փոքրիկներ մայրիկների թեւերից կախված քայլում են թախծոտ, մտամոլոր, չքացած ժպիտով,միթե այս ամենի հետ հաշտվել, համակերպվել կարող ենք, միթե «պարգեւենք ժպիտ բալիկներին» կարգախոսով տոնախմբությունը ամոքելու է նրանց վերքը: Այն զգացումը, որը դուրս է բոլոր երեխաների հասողությունից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 04-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ