RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 04-06-2021



Տեղադրվել է` 2021-06-06 15:02:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1118, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԳԵՐԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԳՐԵՍԻՎ ԿԵՑՎԱԾՔԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԹԵԺ ՔԱՐՈՐԶԱՐՇԱՎ». ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

Հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն եւ կուսակցությունների 4 դաշինք: Այս մասին հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այս ընտրությունները բացառիկ են նրանով, որ ցարդ, այսքան մեծ թվով կուսակցություններ ու դաշինքներ երբեւէ չեն եղել: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին ու կտեւի մինչեւ հունիսի 18-ը:

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը: Ըստ այդ ցուցակի, էլեկտրոնային եղանակով քվեարկությանը կմասնակցի 650 անձ: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները: Այդպիսի անձանց թիվը, ըստ ցուցակի, 287 է: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող օտարերկրյա պետություններում երկարատեւ ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամների թիվը, ըստ ցուցակի, 363 է:

Նախընտրական թոհուբոհի, առաջիկայում մեկնարկող քարոզարշավի եւ այլ հարցերի մասին «Զարթոնք» օրաթերթը զրուցեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանի հետ:

- Պարոն Զոհրաբյան, փորձենք հասկանալՙ ի՞նչ պատկեր է քաղաքական դաշտում: Ձեր գլխավորած «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում ընտրական ցուցակը: Հայտնի է ընտրական ցուցակի առաջին եռյակը: Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել երկու տասնյակից ավել կուսակցություններ եւ դաշինքներ: Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական նման ակտիվությունը:

- Կարծում եմ, որ պատերազմի արդյունքը եւ երկրի այս վիճակն է շատ ուժերի մղել քաղաքականություն մտնել, կամ քաղաքական ակտիվություն դրսեւորել: Մեր կուսակցության պարագայում հենց այդ մղումն է առկա:

- Արդյոք դա հասարակությանը կոնկրետ մի այլ ուժից շեղելու միջոց չէ՞:

- Չեմ բացառում, որ այդպիսի հնարքներ էլ կլինեն:

- Ինչո՞վ եք դուք դա պայմանավորում: Արդյոք դա կապված է այն իրավիճակի հետ, որում այսօր գտնվում է Հայաստանըՙ սահմանային խնդիրներ, քաղաքական ճգնաժամ, սոցիալական օրեցօր ահագնացող խնդիրներ եւ այլն:

- Ձեր նշած բոլոր իրողություններն էլ կան, իսկ ավելի կոնկրետՙ պետականություն կորցնելու լուրջ վտանգի տակ ենք:

- Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ից: Ձեր քաղաքական ուժը ինչպե՞ս եւ ո՞րտեղից է սկսելու քարոզարշավը:

- Այդ մասին կխոսենք հունիսի 7-ից:

- Ինչպիսի քարոզարշավ եք կանխատեսում: Շատ քաղաքագետներ պնդում են, որ այս նախընտրական քարոզարշավը լինելու է շատ թեժ: Դուք նման նախադրյալներ տեսնո՞ւմ եք:

- Քաղաքական դաշտի գերլարվածությունը եւ իշխանության ագրեսիվ կեցվածքը խոստանում են թեժ քարորզարշավ բոլոր առումներով:

- Կխնդրեի ներկայացնել ձեր քաղաքական ուժի այն հիմնական ասելիքները, որոնք լինելու են քարոզարշավի մեխը:

- Հիմնական թեզերը կներկայացնենք քարորզարշավի մեկնարկից հետո, իսկ հիմա կարող եմ որպես «Զարթոնք»-ի սկզբունք նշել, որ պետք է ազնիվ լինենք հասարակության հետ:

- Քաղաքական ի՞նչ դասավորություն եք կանխատեսում առաջիկա խորհրդարանում:

- Հիմա կդժվարանամ կանխատեսել: Միայն կարող եմ նշել, որ օրեցօր իշխանության վարկանիշն ընկնում է:

- Պարոն Զոհրաբյան, մեր նախորդ հարցազրույցի ժամանակ, խոսելով սփյուռքի ներգրավվածության մասին, դուք նշեցիք, որ ձեր կուսակցությունում կան ե՛ւ սփյուռքահայ գործիչներ, ե՛ւ համակիրներ: Մի կարեւոր հանգամանքի մասին եմ ուզում խոսել, որը սփյուռքի ներկայացուցիչների կողմից շատ է բարձրաձայնվել: Հայաստանի ընտրական գործընթացներում որպես ընտրող եւ ընտրվող սփյուռքի ներկայացուցիչները, արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները ներգրավված չեն: Ընտրական օրենսգիրքը չի սահմանում արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների համար քվեարկություն, բացի այնտեղ ապրող դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներից:

Ձեր կարծիքով սա արդա՞ր է: Ինչո՞ւ պետք է բոլոր հարցերում Սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանում պարտադիր լինի (ներդրումներ, սոցիալական աջակցություն եւ այլն), բայց ընտրական իրավունքըՙ ոչ:

Այս առումով ձեր կուսակցությունը որեւէ դրույթ ունի՞ նախընտրական ծրագրում, կամ ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ:

- Երբ որ սփյուռքի ներկայացուցչի ներդրումներն ընդունում ես, իր անձնազոհությունն ընդունում ես, իսկ որոշում կայացնելու հարցում իրավունք չես տալիս նրան, կարծում եմ սա արդար չէ: Մենք կարծում ենք, որ ապագայում պետք է սփյուռքի ներկայացուցիչներն իրավունք ունենան երկրի կառավարմանը մասնակցելու: Օրինակ, մեր պատկերացրած ազգային ժողովի երկպալատ կառուցվածքում վերին պալատում տեսնում ենք սփյուռքի ներգրավածությունը: Սփյուռքի ներկայացուցիչների մասով կարելի է պահպանել միայն ազգային անվտանգությանն առնչվող հարցերով կառավարմանը մասնակցելու սահմանափակումը:(*)

- Ապագայում ձեր քաղաքական ուժիՙ խորհրդարան անցնելու դեպքում այս առումով ինչ-որ ծրագիր, օրենսդրական նախաձեռնություն պատրաստվո՞ւմ եք ներկայացնել կամ ի՞նչ դեր կարող եք ունենալ այդ հարցում:

- Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցության ծրագրում ունենք այդ մասին նշում եւ այո մեզանից կախված հնարավոր միջոցները ձեռնարկելու ենք, որ ծրագիրն իրագործվի:

(*) Խմբագրությանս կարծիքով այս եւ ընդհանրապես սփյուռքահայերի ընտրելիության հարցում դեռեւս շարունակվում է կենսունակ մնալ սովետական կարծրատիպերըՙ օտարերկրացիները միշտ կասկածելի են: Մի երկրում, ինչպես ներկայիս Հայաստանն է, որտեղ կան հազարավոր մարդիկ, որոնք օտարերկրյա գործակալական ցանցերի անդամ են, նման «զգուշավորությունը» անհեթեթ է ու ծիծաղելի:

«Զարթօնք» օրաթերթ, Բեյրութ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 04-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ