RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 04-06-2021



Տեղադրվել է` 2021-06-06 15:02:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 986, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ. «ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԿԻՐԱՌԵՆՔ, ՊԵՏՔ Է ՄԵԶ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ԲԱՔՈՒՆ ԵՎ ՍՈՒՄԳԱՅԻԹԸ, ՈՐՏԵՂ ՄԵԾԱԹԻՎ ՀԱՅԵՐ ԵՆ ԱՊՐԵԼ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Ազգ» շաբաթաթերթի նախորդՙ մայիսի 28-ի համարում ներկայացրել էինք ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ մեր զրույցըՙ դիտարկելով «Տավուշի մարզում կան ադրբեջանական հողեր, որ հայկական վերահսկողության տակ են» իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանիՙ օրեր առաջ հնչեցրած ձեւակերպումը, որ հուշում էր, թե կառավարության միանձնյա ղեկավարը, հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելու առիթով հրաժարական տված ու նույն ոգեւորությամբ աթոռ ու ամբիոն գրկած ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հրատապ հանձնարարական ունիՙ մասնատել Հայաստանն էլՙ Ադրբեջանի պահանջը կատարելու ի գին: Խաղաղության, ապագայի մասին նրա խոստումն այն ընտրակաշառքն է, որը խալխի կամ օխլոսի լսելիքից ծորում է ուղեղ, այնտեղիցՙ ստամոքս... վարակում է աղիները, իսկ բարակացավը սպառնում է դառնալ Հայաստանի ախտորոշումը: Վարչապետը եւ նրա միտքը գերարագ կռահող արբանյակները պատմություն չգիտեն, պետական գործչի որեւէ կերպար ծանոթ չէ իրենց, հետեւաբարՙ քարտեզագրելիս, Ադրբեջանի հետ մեր սահմանը վերստեղծելիս, ուզում են ժամանակ խնայելՙ արդիՙ սմարթ միջոցներով լուծվող դյուրին հարց է, Ադրբեջանը GPS է կիրառում, ինչո՞ւ հակառակենք: Ինչպես խոստացել էինք մեր թերթի նախորդ համարում, շարունակում ենք մեր զրույցը մասնագետներիՙ այս անգամ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոսների հետ:

Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանը մայիսի 25-ին ֆեյսբուքյան իր պատին ներկայացրել էր ԽՍՀՄ բանակային շտաբի քարտեզը եւ հետեւյալ գրառումը զետեղելՙ «Ոսկեպարը Հայաստան էՙ քարտեզով եւ առանց քարտեզի: Մեր հայրենիքի համար այս դժվարին պահին անթույլատրելի է թյուրիմացությամբ անդրադառնալ այնպիսի կարեւոր խնդիրների, ինչպիսիք են սահմանազատումը եւ սահմանամերձ գյուղերի պատկանելիությունը: Ինչ-որ մեկը երեկ Ոսկեպարը համարել էր Ադրբեջանի մասՙ ըստ քարտեզի: Ահա՛ քարտեզը. Ոսկեպարը Հայկական ԽՍՀ-ի մեջ էՙ Վերին եւ Ներքին Ոսկեպար գյուղերի միջեւ: Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս են եղել վերջին երկուսը, որոնցից առաջինըՙ Վերին Ոսկեպարը եղել է անկլավի կարգավիճակում»: «Արման Եղիազարյանի կարծիքը լիովին համապատասխանում է պատմական ճշմարտությանը», հիշատակած գրառման, քարտեզի մասին (ներկայացնում ենք մեր հրապարակմանը կցելով- Ան. Հ.) կարծիք հայտնեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս Միքայել Մալխասյանը , որ փոխանցեց, թե խնդրառու հարցի վերաբերյալ մասնագիտական տարակարծություն չկա: «Հայկական կողմի գլխավոր խաղաթուղթը պիտի լինի այն, որ դեռ 1992 թ. օգոստոսի 8-ից ՀՀ սուվերեն տարածքից Արծվաշենը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ Արծվաշենի տարածքը շատ ավելի մեծ է, քան ՀԽՍՀ տարածքում ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր էսկլավներինը` միասին: Հետեւաբար հայկական կողմը զիջելու որեւէ պատճառ չունի: Խորհրդային սահմաններին վերաբերող մնացյալ բացատրություններն անհեթեթություն են: Մանավանդ ներկայիս Ադրբեջանը անկախության հռչակագրով իրեն հայտարարել է Առաջին հանրապետության իրավահաջորդ, որի դեպքում ընդհանրապես տարածքային պահանջներ չեն կարող ներկայացնել»:

Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը մեր ուշադրությունն է բեւեռում հետեւյալին. «Անկլավների, 7 գյուղերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե արդեն ըստ էության համաձայնել է դրանք տալ, ինչպես ինքն է ասումՙ գրավոր այդ թուղթը կստորագրի: Նա չի հասկանում, որ այդ թուղթ կոչվածը վերաբերում է գյուղերին, մարդկանց, որ ապրել են եւ շարունակում են ապրել այդ տարածքներում: Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլու շրջանները, ըստ իր հայտարարության, ադրբեջանցիներով բնակեցված տարածքներ են եղել: Ճիշտ չէՙ հայությունն էլ ապրել եւ ապրում է այնտեղ երկար ժամանակ: Շատ սխալ եմ համարում Փաշինյանի այն սկզբունքը, թե որտեղ ադրբեջանցիներ են ապրել, այդ տարածքները պետք է վերադարձնել Ադրբեջանին: Եթե այդ նույն սկզբունքով մոտենանք, բազմիցս կրկնել եմՙ պետք է վերադարձնենք Բաքուն եւ Սումգայիթը, որտեղ հայեր են ապրել եւ ոչ քիչ քանակությամբ: Բաքվում 270 հազարանոց համայնք ունեինք, իսկ Սումգայիթումՙ մոտ 200 հազարից ավելի: Սա չափազանց սխալ է: Մանավանդ հյուսիսային մասի հետ կապվածՙ Մազամլու, Հայրմլու, Բաղանիս-Այրում շրջանների հետ նույն այդ քաղաքականությունն է տարվում, այս շրջաններն են ապահովում մեր անվտանգությունը հյուսիսային շրջանի Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլու շրջանների հետ: Խորհուրդ կտայի նայել մինչեւ 1927 թվականի Խորհրդային Հայաստանի քարտեզը, որտեղ այս շրջաններն ամբողջովին Խ.Հայաստանի սահմանների մեջ են: Հետագայում Անդրֆեդերացիայի 1936 թվականի հրապարակած քարտեզում որոշ փոփոխություններ եղան, մեր որոշ ղեկավարների մեղքն էլ կար, որ անտարբեր գտնվեցին: Արոտատեղերի անվան տակ աստիճանաբար որոշ շրջաններ ադրբեջանցիները յուրացրին: Երբ նայում ենք քարտեզը, եւ ռեալ սահմանային շրջանները, անկլավային մասերն ենք տեսնում, նկատում ենք, որ ըստ էության Խորհրդային Հայաստանի կազմի մեջ են: Հատկապես Տիգրանաշենի (Քյարքիի) վերաբերյալ բազմիցս խոսվում էր, թե այն որպես անկլավ պիտի վերադարձնել Նախիջեւանին: Մոսկվայի պայմանագրով, որ Կարսում վերահաստատվեց, հիշյալ շրջաններըՙ հատկապես Քյարքին, Գյունուտ եւ Ջաֆարլու գյուղերը համարվում են հայկական եւ Հայաստանի սահմանի մեջ են: Իհարկե ժամանակի ընթացքում Ադրբեջանն իր քաղաքականությամբ Նախիջեւանին մերձակա Քյարքիի այդ հատվածը սկսեց աստիճանաբար յուրացնել, բայց 20-ական թվականների վերջից մինչեւ 1936-37 թվականներ, Անդրֆեդերացիայի վերջը, սրանք բուն հայկական տարածքների մեջ են հիշատակվում: 1990-ականների սկզբին ազատագրվեց Տիգրանաշենի այդ տարածքը: Գիտեք, որ վրացիներն էլ մեր նկատմամբ տարածքային որոշակի պահանջ են ունեցել: 1921 թվականի Ախալքալակի, Ախլցխայի դեպքերի հետ կապվածՙ Ջավախքը յուրացնելուց բացի, բուն հայկականՙ Բրդաձոր, Չանախչի, Ախչոքլի անվանյալ տարածքները 1921-ի նոյեմբերի պայմանագրով Հայաստանը զիջեց, հետո իհարկե Մյասնիկյանը բողոք ներկայացրեց: Մինչեւ 1934 թիվը սրանք Խ. Հայաստանի տարածքի մեջ էին: 1934-ից հետո Վրաստանի պահանջի հիման վրա, զիջեցին: Այսօր առաջ քաշվում է այն պահանջը, որ Սեւ լճի տարածքից միջանցք պիտի տրամադրել Ադրբեջանին, ընդ որումՙ 25-26 կմանոց միջանցք են պահանջում, որ պետք է անցնի Սիսիանի հյուսիսային հատվածով եւ միանա Նախիջեւանին: Պատկերացնո՞ւմ եքՙ մենք, ըստ էության, մեր հանրապետության մեջ դառնում ենք պատանդ: Այլ կերպ ասածՙ ամեն անգամ այդ տարածքով անցնելիս ադրբեջանցիներին հաշվետվություն պիտի ներկայացնենք, անցաթղթով այցելենք Գորիս եւ այլ շրջաններ: Այս մարդն (նկատի ունի Նիկոլ Փաշինյանը) ինչպե՞ս է ման գալիս հանրապետությունում եւ հայտարարում է, թե հպարտ է, որ պարտվել է: Դարերի պատմության մեջ հայ ազգը նման դավադիր, դավաճան մարդ չի ծնել: Ինչպե՞ս կարելի է սրա ասածները լուրջ ընդունել, հանդուրժել, հաշվի նստել: Ես սա համարում եմ դավադիր վերաբերմունք մեր ժողովրդի հանդեպ: Դավաճանություն: Նման բան չեմ հանդիպելՙ քո պետության մեջ գալիս գերեվարում են մարդկանց, ցույց են տալիս նկարահանած կադրեր, թե ինչպես են մորթում հայ ռազմագերիներին: Իսկ ինքը հայտարարում է, թե հպարտ է, որ պարտվել է: Նա հոգեկան զննման կարիք ունի»:

«Կառավարությունը, խորհրդարանական իշխող ուժը դիմե՞լ են ԵՊՀ պատմության ֆակուլտետինՙ խորհրդատվության, քարտեզներ տրամադրելու նպատակով», հարց ուղղեցինք Էդիկ Մինասյանին: «Ընդհանրապես չեն դիմել: Բանի տեղ էլ չեն դնում: Մենք ունենք լավ քարտեզագիրներ: Լուսահոգի Բաբկեն Հարությունյանի նման քարտեզագիր, որ համաշխարհային համբավ ունեցող գիտնական էր, նրա քարտեզները կան, նրա աշակերտները կան, նրանց թվումՙ քարտեզագիր Վարդան Մխիթարյանը: Իրենք իրենց ամենագետ են համարումՙ առանց մասնագետների հետ խորհրդակցելու, ամեն բան գիտեն»:

Մեր այն հարցին, թե «ինչպե՞ս են հակազդելու», պատմության ֆակուլտետի դեկանը այսպես պատասխանեց. « Հեռուստաեթերից էլ հայտարարեցիՙ մինչեւ իշխանությունն այս մարդու ղեկավարությամբ հրաժարական չտա, որեւէ բանի չենք կարող հասնել: Իշխանություն, որ որոշակի քաղաքական նպատակներով ծրագիր է իրականացնում: Հայոց պատմության, հայոց լեզվի դեմ արշավ, եկեղեցու դեմ պայքար, այնուհետ տխրահռչակ չափորոշիչներ, որի պատճառով նյարդայնանում էին մեր ֆակուլտետի դասախոսները. ես համոզված եմ, որ Արտակ Մովսիսյանի առողջական վիճակի վատթարացման մեջ այդ բոլորը որոշակի դեր է խաղացել»:

Հայտնի՞ ենՙ ո՞ր թվականի քարտեզներով են իշխանությունները բանակցում: Մեր այս հարցին Էդիկ Մինասյանը հակիրճ պատասխան տվեցՙ «GPS համակարգի քարտեզներով»: Հետո ավելի ընդարձակ ներկայացրեց իր խոսքը. «Ձեզ խորհուրդ կտամ մինչեւ 1927 թվականի, մինչեւ 1936 թվականի Անդրֆեդերացիայի քարտեզը նայել: Առաջինը, որ հաստատվել է Մոսկվայում, ցույց է տալիս, թե հիշատակած շրջանները Հայաստանի սահմաններում են: Փաշինյանը խոսում է Արծվաշենի մասինՙ առանց այդ շրջանը վերադարձնելու քայլի: Ընդհանրապես դեմ է որեւէ պահանջատիրության, տարածք վերադարձնելու, ընդհակառակըՙ տարածքը զիջելու, անընդհա՛տ զիջելու կողմնակից է: Հավանաբար պայմանավորվածություն կա Ադրբեջանի նախագահի հետ: Մեր բանակի հուսահատեցման, վերացման քաղաքականություն է տանում. Եթե քո տարածքից ռազմագերի են տանում, եթե սահման չես կարողանում պաշտպանել... այն քարոզն է տանում, թե մենք ըստ էության բանակ չունենք: Գեներալիտետին ձերբակալեց, նրանցից մի քանիսը արցախյան պատերազմում հերոսացել էին, նրանց վարկաբեկեց, հեղինակազրկեց, բանակի վարկաբեկման քաղաքականությունը հիմա էլ շարունակում է: Դրա համար էր առաջարկում 3 ամիսը մեկ ծառայության գնան, ըստ էության, բանակը վերացնում է: Սա ժողովրդի մեջ հուսալքության տրամադրություն է ստեղծում: Ինչն է զարմացնումՙ որ ժողովրդի հիմնականՙ Նժդեհի խոսքերով, տականք հատվածը, որին հայրենիքի ճակատագիրն ընդհանրապես չի հետաքրքրում, կա՛մ անտարբեր է, կա՛մՙ նիկոլապաշտ: Էլ ի՞նչ պիտի լինի, որ մարդիկ հասկանան իրականությունը: Թուրքը պիտի մտնի Երեւան, որ հասկանան ի՛նչ վտանգի առջեւ են կանգնած: Մի անեկդոտ է շրջանառվումՙ քնես, առավոտյան հնարավոր է պարզվի, թե գլուխդ Հայաստանում է, մարմինդՙ Ադրբեջանում: Շատերն այն մտայնությունը հայտնեցին, թե Արցախը բեռ էր իրենց համար, ազատվեցին, իրենց երեխաները Արցախում չեն գնա ծառայենՙ մոռանալով, որ վտանգն արդեն իրենց սահմաններ, իրենց տուն է մտնում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 04-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ