RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 04-06-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-06-06 15:02:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 303, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՂԱՍԵՄ ԷԲՐԱՀԻՄՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼԸ ԵՐԱԶԱՆՔ ԷՐ, ՈՐ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ»

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Կինոօպերատոր եւ կինոբեմադրիչ Ղասեմ Էբրահիմյանը ծնվել է 1953 թվականին, Իրանում: Կինոարվեստ է ուսանել Նյու Յորքի համալսարանում: 1977 թվականին նկարահանել է իր առաջին (կարճամետրաժ) ֆիլմըՙ «Վիլին», որը 1981 թվականին արժանացել է լավագույն դրամատիկական մրցանակի եւ ցուցադրվել բազմաթիվ փառատոներում եւ ամերիկյան ու եվրոպական հեռուստաալիքներով: 1982-ին Քոլին Հիգինսի հետ հիմնադրել է «Էբրա ֆիլմզ» պրոդյուսերական ընկերությունը. միասին նկարահանել են ավելի քան 25 կարճամետրաժ եւ վավերագրական կինոնկարներ: Ղասեմ Էբրահիմյանը բեմադրել է նաեւ «Հավակնորդները» (1988), «Թռչունների տրամաբանությունը» (համաբեմադրիչ, 2002), «Սրբազան եւ անհեթեթ» (2005), «Ճանապարհներ դեպի Մեքքա» (2010) եւ այլ կինոնկարներՙ հաճախ սեփական սցենարների հիման վրա:

Ղասեմ Էբրահիմյանին հանդիպեցի եւ ընկերացա Երեւանում, որտեղ նա մի քանի ամիս անցկացրեց 2020 թվականի առաջին կեսինՙ որպես բեմադրող օպերատոր աշխատելով ամերիկահայ կինոբեմադրիչ եւ դերասան Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» խաղարկային կինոնկարի նախագծում (արտադրությունըՙ «Փիփըլ օֆ Ար» կինոստուդիայի, պրոդյուսերՙ Արման Նշանյան):

Հաճելի էր աշխատել եւ շփվել այդ շատ դրական, կենսուրախ անձնավորության հետՙ ունենալով ընդհանուր հետաքրքրություններ կինոյի, Իրանի եւ հայաշխարհի բնագավառներում...

- Ղասե՛մ ջան, կինոյում քո գործունեությունը բավական բազմակողմանի է: Ի՞նչ ես քեզ ավելի շատ համարում:

- Ես ինձ համարում եմ կինոբեմադրիչ եւ օպերատոր, չնայած աշխատել եմ նաեւ որպես գրող իմ անձնական նախագծերում:

- Ի՞նչ հիմնական թեմաներ են քեզ հետաքրքրել որպես բեմադրիչ:

- Հետադարձ հայացք գցելով գործերիս վրաՙ կարծում եմ, որ իմ հիմնական թեմաները տեղահանման մասին ենՙ որեւէ ուղեւորության հետ միասին:

- Կինոարտադրության մեջ բեմադրող օպերատորը բեմադրիչից հետո համարվում է երկրորդ դեմքը: Կարծում եմ, որ իրականում ֆիլմի տեսողական հաջողության մեծ մասը կախված է կինոխցիկի աշխատանքից: Ինչպե՞ս կբնութագրես բեմադրող օպերատորի դերն ու մասնաբաժինը ֆիլմի ստեղծման գործում:

- Բեմադրող օպերատորի դերը սկսվում է կանուխ, սցենարը ներկայացնելուց հետո: Ամիսներ են անցնում, մինչեւ որ կինոխցիկը սկսում է պտտվել: Բեմադրիչի եւ օպերատորի համագործակցությունը բավական կարեւոր է: Դրա միջոցով են հաստատվում ֆիլմի ընդհանուր տեսքն ու միզանսցենը: Բեմադրիչն ու օպերատորը մշտական երկխոսության մեջ են տեսարանը կինեմատոգրաֆիական արվեստի ձեւափոխման վերաբերյալ: Հիմնական ուշադրությունն այնուհետեւ դարձվում է, թե ԻՆՉՊԵՍ պետք է դա արվի եւ ԻՆՉՈՒ: Գլխավոր եւ հիմնական նկատառումները հետեւյալն ենՙ կինոխցիկի անկյունը, կոմպոզիցիան, շարունակականությունը, խոշոր պլանները եւ մոնտաժը:

- Չնայած կինոկրթություն ես ստացել ԱՄՆ-ում, քեզ վրա որոշ ազդեցություն ունեցե՞լ է իրանական կինոն:

- Եղել են բազմաթիվ ազդեցություններ, որոնք ես ունեցել եմ, ներառյալ իրանական կինոն եւ գրականությունը: Կինոն սահմաններ չունի: Միշտ հիշում եմ հորս ասածը. «Եթե ուզում ես որեւէ երկիր ճանաչել, դիտի՛ր նրա նկարահանած ֆիլմերը»: Ես բախտ եմ ունեցել ճանաչել համաշխարհային կինոն, որն ինձ մեծապես ներշնչում է մինչ օրս:

- Ես զարմացաՙ իմանալով, որ դու մասնակի հայկական ծագում ունես: Իրանահայերը սովորաբար չեն ամուսնացել պարսիկների հետ. քո ընտանեկան պատմությունը կարծես անսովոր է...

- Դա միգուցե անսովոր է վերջին ժամանակներում եւ իրանական հեղափոխությունից հետո, բայց հայկական եւ իրանական ժառանգությունը դարերի պատմություն ունի, եւ խառնամուսնությունները հազվադեպ չէին: Հայրս մի հայտնի ռեստորանի տեր էր: Ավելի քան երեսուն տարի առաջ ես կորցրի նրան ավտովթարի պատճառով: Հայ պապսՙ Էբրահիմյան կամ Աբրահամյան ազգանունով, Նեյշաբուր քաղաքում գինեգործ է եղել: Ցավոք, նա մահացել է ձիավարության արկածի պատճառով, երբ հայրս ընդամենը երկու տարեկան է եղել: Տատիկս, որ պարսկուհի էր, հայրիկիս տարել է մեկ այլ քաղաք եւ մեծացրել նրան մեկ այլ ընտանիքում: Այսպիսով, հայրս իրականում երբեք չի ճանաչել իր հորը: Նա կինոյի սիրահար էր եւ միշտ խրախուսում էր ինձ ֆիլմեր դիտել: Երբ ես դեռահաս էի եւ սովորում էի ավագ դպրոցում, նա ինձ համար գնեց մի գերհզոր 8 միլիմետրանոց կինոխցիկ: Նա էր որ ավագ դպրոցս ավարտելուց հետո ինձ ուղարկեց Ամերիկաՙ կինո ուսանելու, եւ 1980 թվականին ավարտեցի կինոդպրոցը...

- Աշխարհի այս տարօրինակ իրավիճակի պատճառով 2020 թվականին գրեթե կես տարի անցկացրիր Երեւանումՙ արտակարգ դրության պայմաններում այստեղ անցկացնելով հարկադիր արգելափակումը: Ինչպե՞ս կբնութագրես կյանքիդ այդ շրջանը:

- Չնայած համավարակը դանդաղեցրեց մեր արտադրությունը, բայց մեզ հաջողվեց շարունակել եւ ավարտել ֆիլմը: Ի վերջո, համառությունն արդյունք է տալիս: Իմ կարծիքովՙ չկա չարիքՙ առանց բարիքի: Հայաստանում երկար մնալու պատճառով նկարահանման ավելի շատ օրեր ունեցանք: Մեր բախտը բերեց, որ դերասաններից եւ անձնակազմից ոչ ոք առողջական խնդիր չունեցավ:

- Զգացողություն ունեի՞ր, որ գտնվում ես նախնիներիդ երկրում:

- Երբ ինձ այդ հարցը տալիս են, հիշում եմ իրանցի բանաստեղծ Նիմա Յուշիջի բանաստեղծությունը, որը սկսվում է այսպես. «Աշխարհն իմ տունն է»: Իհարկե, Հայաստանում աշխատելը երազանք էր, որն իրականացավ:

- Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք Մայքլ Գուրջյանի նախագծում:

- Ինձ Մայքլի հետ ծանոթացրեց ֆիլմի արտադրիչ Սոլ Թրայոնը, որի հետ ես աշխատել եմ վերջին քսան տարիների ընթացքում:

- Ինչպիսի՞ լուսավոր ու մութ կողմեր ես նկատել Հայաստանում նկարահանման ընթացքում:

- Այս տարիների ընթացքում ես բախտ եմ ունեցել աշխատել շատ երկրներումՙ Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ինդոնեզիա, Իրան, Մարոկկո, Պերու, Ճապոնիա եւ ԱՄՆ: Ի՞նչն է ինձ հատկապես հուզում, որ երբ աշխատում ես արհեստավարժ կինոգործիչների հետ այս երկրներում, համոզվում ես, որ գոյություն ունի կինոյի համընդհանուր լեզու, որը բխում է այս համագործակցությունից: Կարող ես եւ չիմանալ տեղական լեզուն, բայց կինոյի լեզուն մեզ դրդում է, որ կարողանանք միմյանց հետ աշխատել: Հայաստանում ես հիանալի փոխհարաբերությունների մեջ էի դերասանների եւ անձնակազմի հետ, լիներ լուսավորության, կինոխցիկի, հագուստների թե ձեւավորման բաժինը: Մեզ ուղղորդողը կինոյի լեզուն էր:

- Հիմա դու Հայաստանում շատ ընկերներ ունես, որոնք միշտ կսպասեն քո վերադարձին...

- Մեծ բախտ եւ պատիվ կլինիՙ վերադառնալ Հայաստան: Շատ ցավալի էր Հայաստանից հեռանալուց հետո իմանալ այնտեղ սկսված անիմաստ պատերազմի մասին: Հուսով եմ, որ Հայաստանում խաղաղություն կհաստատվի: Ինձ համար հրաշալի պարգեւ կլինի վերադառնալ Հայաստանՙ ֆիլմի առաջնախաղին եւ հանդիպել իմ բոլոր հայ ընկերներին ու գործընկերներին: Ես իսկապես կարոտում եմ Հայաստանը...

Լուսանկարըՙ Շանթ Սեւակի (2020, մարտ, Գյումրի)

Նկար 2. Ձախից աջՙ Ռոդին Համիդին (օպերատորի ընթերակա, ԱՄՆ), Հովիկ Քյոշկերյանը (դերասան, Իսպանիա) եւ Ղասեմ Էբրահիմյանը «Ամերիկացի» կինոնկարի նկարահանման հրապարակում (2020, հունիս, Աշտարակ)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 04-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ