RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2021-06-11 13:24:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 3301, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՔԸ ՄԵԿԻ ԵՎ ԲՈԼՈՐԸ... ԲՈԼՈՐԻ ԴԵՄ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Պատմաբանները սովորաբար չեն սիրում «եթե»ները, քանի որ դրանք, այդ «եթե»ները, չեն կարող փոխել պատմության ընթացքը, իրողությունները: Սակայն նույնիսկ ամենախիստ պատմաբանները չեն կարող ժխտել, որ «եթե»ները եթե չեն կարող փոխել պատմական իրողությունից որեւէ բան, այնուամենայնիվ կարող են օգնել ավելի լավ հասկանալ պատմական իրադարձությունները, հասարակության մեջ առաջացած անոմալիաները, անհատի դերը դրանց մեջ, նույնիսկՙ նույն երեւույթի նկատմամբ տարբեր անհատականությունների հակազդեցության տարբերություններըՙ համեմատական կարգով:

Նկատի ունենալով մեր ժողովրդի անհատապաշտությունը եւ մեր երկրում ստեղծված ծանր վիճակը, մանավանդ արտահերթ ընտրությունների սեմին, ավելորդ չէր լինի դիտարկել մեր 3+1 լիդերների հավանական հակազդեցությունը միեւնույն օրհասական կացության դիմաց, պայմանականորեն որպես կուլմինացիոն կետ ընտրելով 2020 նոյեմբերի 9 թվականը, այսինքն կապիտուլացիոն թղթի ստորագրման օրը:

Արդ, ի՞նչ կլիներ մեր 3 նախկին նախագահների կեցվածքը, հակազդեցությունը այդ օրհասական պահին:

3-րդ նախագահը, ինչպես օրերս խոստովանեց, քաջ գիտակցելով ստեղծված կացության բոլոր հետեւանքները, այդ կամ նման որեւէ թուղթ ստորագրելու փոխարեն ինքնասպան կլիներ:

2-րդ նախագահը, նման բան ստորագրելու փոխարեն հրահանգ կտար հեռահար հրթիռներով կործանել թշնամի երկրի ամենազգայուն կետերը, առաջին հերթինՙ նավթագազային գլխավոր հանգույցները, գեթ ժամանակավորապես ձախողության մատնելու համար թշնամական ծրագրերը:

1-ին նախագահը մերժելով կմերժեր նման որեւէ փաստաթուղթՙ ընդառաջ ներկայացնելով իր հրաժարականը: Հրաժարականն այդ, վստահ եմ, շարադրված կլիներ գեղեցկագույն հայերենով, «նկատի ունենալով» բառերով սկսվող մի քանի պարբերություններով եւ կավարտվեր «Բարին ընդ ձեզ»ի փոխարեն «Տէր ընդ ձեզ», գուցեեւՙ «Արիւն ձերՙ ի գլուխ ձեր» հրաժեշտի խոսքերով:

Ինչպես տեսնում ենք, նրանցից ոչ մեկը, անկախաբար մեկը մյուսից, չէր գնա նման քայլի, դեռեւս չխոսելով երկիրը նման կացության չմատնելու համար նրանց կանխարգելիչ հավանական աշխատանքների մասին: Նրանք երեքն էլ իրենց թերություններով ու սխալներով հանդերձ հայրենասեր, պետականապաշտ առաջնորդներ ենՙ ի տարբերություն, ի հակադրություն ներկայիս զոռով պաշտոնավարողիՙ +4-ի: Վերջինը, «թավիշ» լինի նրա անունը, թե «թաղիք» կամ այլ բան, ոչ միայն հայրենասեր չէ, այլեւ մարդասեր եւ ազգասեր չէ, ոչ միայն կրթված չէ, այլեւ անկիրթ է, բարդույթավորված եւ արկածախնդիր: Նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ փաստաթղթի մեջ նա տեսավ իր վերապրելու հույսը, իրՙ այսպես կոչված քաղաքական գոյատեւումի հնարավորությունը, որի շարունակումը նա այժմ ձգտում է ապահովել խորհրդարանական ընտրություններով, հենվելով տգետ եւ ատելավառ ամբոխին արյունահեղության մղելու իր սատանայական կարողության վրա: Հիշեք ի՛նչ է ասել Վանո Սիրադեղյանը 2-րդ անգամ հեղափոխություն անողների մասինՙ վրա է տալիս իր անձը, ընտանիքը, ապա իր հայրենիքը: Իսկ 3-րդ անգա՞մ...

Իհարկե ես մնում եմ իմ կարծիքին, որ մեր 3 նախագահները չպիտի կուլ տային արտահերթ ընտրություններով ներկայացված խայծը, դա մեղսակցություն է Նիկոլի արածին եւ անելիքին: Դեռեւս պատերազմից շատ առաջ հեռուստատեսությամբ եմ ասել, որ Նիկոլը «նաղդ արյուն թափող» է: Նա արյուն արդեն թափել է, սարսափելի քաղաքականությամբ եւ չի վարանի կրկին թափել, եթե դույզն կասկածն անգամ ունենա իր մենատիրություն-բռնատիրության շարունակման համար իրեն անհրաժեշտ ձայների հարցում: Նրա նմաններին անհնար է հաղթել արդար, ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Նման ածականները, սկզբունքները տեղ չունեն նրա ուղեղում, այլ միայնՙ լեզվի ծայրին, այն էլՙ իր կողմից հիմարացվածների համար:

Մխիթարական է, որ այնուամենայնիվ պայքարի այդ միջոցն ընտրած, թունավոր խայծը կուլ տված մեր երեք նախագահները (ի դեպ, պատմականորեն շատ ուշագրավ է պետականությունը պաշտպանելու պատնեշի վրա կանգնած այս Մեծ եռյակի պարագան) չարագործի դեմ պայքարը իրենց գլխավոր խնդիրն են համարում: Սակայն ներկա պահը հրամայում է, որ նրանք այդ պայքարը եթե ոչ միասնական, գեթՙ համակարգված առաջ տանեն, հավաքաբար խուսափելով Չարագործի ցանած ականներից ու մանավանդ արյունահեղությունից, միաժամանակ բացառելով բացորոշ թե խուլ պայքարը միմյանց դեմ: Այս զուլումից դուրս պրծնելու այլ ելք չկա:

Այո՛ Չարագործի դեմ միասնական պայքարին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ