RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021



Տեղադրվել է` 2021-06-11 13:24:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 4220, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԸ ՄԽԻԹԱՐԱԿԱՆ ՉԷ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Թշնամին նստած է մեր սահմանում ու սպասում է, ՀԱՊԿ-ը ուշադրությամբ հետեւում է հայ-ադրբեջանական սահմանին ու գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի միջոցով «ողջունում պետական սահմանը խաղաղ ճանապարհով անցնելու խնդիրները լուծելու կողմերի մտադրությունը»ՙ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար ու միեւնույն ժամանակ իրավիճակի սրման ռիսկեր տեսնելով: Անգամ մոլորված-գերի ընկած մեր զինվորին են վերադարձնումՙ բոլոր գերիների, այդ թվում նորերս գերի ընկած վեցի հարցը հետաձգելով առայժմ: Տպավորություն է, որ բոլորըՙ թշնամի ու բարեկամ, սպասում են Հայաստանի ընտրությունների ելքինՙ ըստ այդմ սրբագրելու իրենց գործողությունները: Չնայածՙ հետագայի առումով հայտարարությունների պակաս չկա, գործողությունների պաուզայի կողքին, ասենք, լավրովյան բարձրաձայնումներՙ ԼՂՀ կարգավիճակի հարցը երկու-երեք տարով հետաձգելու, մինչ այդ հայ-ադրբեջանական խ-ա-ղ-ա-ղ կյանք ապահովելու մասին:

Այս իմաստով գերիների վերաբերյալ յուրաքանչյուր խոսակցություն, որպես ընտրարշավի բաղկացուցիչ, պարզապես մեծ վնաս է հասցնելու գործընթացին, համաձայնենք ՄԻՊ Արման Թաթոյանի հետ: Տարօրինակը, սակայն, այն է, որ այդ չեն հասկանում քարոզարշավի տարերքին տրված ներկա ու անցյալ ղեկավարները. որոնք ինչ բերանները գալիս է, ինչ տեսակի աղբ ասես լցնում են միմյանց վրա: Լսեք, դուք պետական գործի՞չ եք, թե բակի բեսեդկի ներկայացուցիչ. լավ, ներկա տարերայինը դա չի հասկանում, բայց տասնյակ տարիներով պետության ղեկին եղած մարդն էլ տաբու թեմաների զգացողությունը չունի՞, էս ինչ մանկական հայացք է, էս ինչ աշոտիկային մոտեցումներ են, համ էլՙ Աշոտիկի իրավունքներն ինչո՞ւ եք խախտում, ներկա ու նախկին, առանց իր թույլտվության: Գերի փոխանակելն էլ հընթացս նարդու քար շրխկացնել չէ, պետական կառույցների լուրջ աշխատանք է:

Այնպես որՙ եթե մեր գերիներին չեք կարողանում վերադարձնել, գոնե լռեիք ու այդ թեման չդարձնեք ընտրապայքարի նյութ, աղ ցանելով բաց վերքերին: Սաՙ իմիջիայլոց:

Ընդհանրապեսՙ հետեւելով ոչ մի խաղի կանոն չպահպանող կամ, ավելի հստակ եթե ձեւակերպենք, «մարտեր առանց կաննոների» ոճով ընթացող ընտրարշավին, մարդ մտածում է, թե ուր փախչի-ազատվի այս բոլորից, ուր թաքցնի ամոթը, որ զգում է համարյա բոլոր մասնակիցների արտաբերումներից, երկու-երեք բացառությամբ, որը 26 ուժի պարագայում տոկոսային առումով բան չի նշանակում: Բոլոր ֆավորիտ ուժերն իրենց խոսքը կառուցում են հիմնական մրցակցին վարկաբեկելու ու ոչնչացնելու վրա: Նիկոլն անգամ առանց բարդույթի նետում էՙ կոչնչացնեմ, կշինեմ: Էս առավ-փախավի մեջ ոչ-ոք չի հասցնում մտածել ու նկատել, որ բոլորը համարյա նույն կանխավարկածով են ելել ընտրաշավի, ընդունելով նոյեմբերիննյան փաստաթղթի բոլոր, այդ թվումՙ անհեթեթ ու հակահայ դրույթները. բոլորն աշխատեցնելու են տրանսպորտային միջանքները, այդ թվումՙ Քոչարյանը, բոլորն էլ չգիտեն, թե Արցախի խնդրի հետ կապված ինչ են հետապնդելուՙ Մինսկի խմբի ձեւաչափ խնդիրը վերադարձնելուց զատ: Այսինքնՙ բոլորը ելնում են անարդար պատերազմով դեֆակտո ստեղծված նոր իրավիճակն ընդունելուց ու այդ պայմաններում գալու- երկիրը հզորացնելու նույնական մոտեցումից միայն, ռուսների հետ եղածից ավելի լավ հարաբերությունները սերտացնելուց (երեք-չորս աեւմուտք նայող ուժերին տեսնում ենք, անգամ եվրոռեմոնտի կողմնակից Խզմալյանիՙ ՀԱՊԿ-ից դուրս գալու ու ՆԱՏՕ մտնելու խրոխտ առաջարկը)ՙ մեկ իդեա-ֆիքսով, բոլորի օրակարգում հրամայական որպես ունենալով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցը: Մեկ անգամ չենք գրել, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա, բայց ո՞վ եւ ո՞ր գաղափարներն են իրոք այլընտրանք, անգամ հիմա ընտրողների չկողմնորոշված հսկա զանգվածը, չորս օրվա ընտրարշավի գոռում-գոչյուններից հետո, չի պատկերացնում: Մարդը մարդով, ուժը ուժով փոխել ու վերջ. սա թշնամու երազանք է:

Ֆիքսենք նաեւ, որ վերջին երեք տարում Հայաստանում բոլորովին էլ մոնոլիտ իշխանություն չի եղել, խորքում երբեք էլ պետությանՙ նախկին իշխանությանը նվիրված սեգմենտները չեն անէացել: Հիմա, երբ իշխանությունը, իշխող քաղաքական ուժը, պատերազմով եւ նրա աղետալի ելքով պայմանավորվածՙ ավելի են թուլացել, կորցրել համակիրների զգալի շերտերի, զարմանալիորեն, դեռ ունեն համակիրներ: Դրանք այն մարդիկ են, որոնք հավատացել են, թե կազատվեն նախկին արատավոր ու հասարակ մարդուն նվաստացնող համակարգից: ԱյդպիսովՙՀայաստանում մինչեւ վերջերս առկա երկիշխանությունն այս ընտրություններով ավելի առարկայական տեսք է ստանալուՙ ամենեւին չլուծելով նախկին-ավելի նախկին-ներկա վեճը: Եթե անցած երկու-երեք տարվա անցյալում իրավապահ համակարգը, տեղական կառույցների զգալի մասը եւ իշխանության այլ միավորներ էին հարում նախկիններին, ապա այժմ, պատերազմի եւ ապաշնորհ կառավարման արդյունքումՙ սովորական ընտրողների շատ շերտեր երես են թեքում իշխանությունից եւ ընտրարշավին մասնակցող 26 ուժի մեջ որոնում համեմատաբար տանելի միավորներ, ու միշտ չէ, որ գտնում են: Այնպես որ այս ընտրությունների արդյունքներով «նախկիններ ու ներկաներ» վեճը տեղափոխվելու է խորհրդարանՙ բոլորիս կլանքը դարձնելով մի ուրիշ կարգի անտանելի բան. ակնհայտ է, որ համեմատաբար բարձր քվեով խորհրդարան անցնելու են «Հայաստան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիրը», իսկ մյուսներից երեք-չորս ուժ հազիվ էլ խորհրդարան անցնելու թեկուզեւ ցածր շեմը հաղթահարեն:

Ու, հավանաբար, վերպետական քարտեզագրին անհրաժեշտ են այնպիսի խորհրդարան ու կառավարություն, որոնց շնորհիվ իրար բզկտող Հայաստանում հարցերը մեծ հավանականությամբ կլուծեն ուրիշները, ինչպես, ի դեպ, հիմա էլ էր, բայց այն ժամանակ արդեն ամեն ինչ շատ վերահսկելի կլինի, բոլոր մանր հարցերն անգամ վերպետական ուժերը կլուծեն:

Մյուս կողմից էլ , հումորի դեռ սիրտ էլ կա փաստորեն. հետո էլ ասում ենքՙ համախմբվածությունը չի ստացվում, ահա այս ընտրությունների արդյունքում մեկ էլ տեսար խորհրդարանում հայտնվեցին բոլոր նախկին նախագահները, Սերժ Սարգսկյանն իզուր էլ ցուցակն անձամբ չի գլխավորել, քանի որ խորհրդարանն այս անգամ կարող է վերածվել նախկին նախագահների ակումբի: Ասում ենՙ ժամանակին հեռանալը նուրբ արվեստ կամ մշակույթ է, որին տիրապետում են ոչ բոլորը: Համենայնդեպսՙ մեր դեպքում այդ արվեստը կամ մշակույթը ընդհանրապես բացակա է, երեւի շատ մեծ շահաբաժիններ են դրված սեղանին: Միգուցե հենց այդ շահաբաժիններն են ստիպում լիդերներինՙ կորցնել իրականության զգացումը, ու մեկը խոսում է ոչնչացնելուց ու վենդետա անելուց, մեկը զինված դուելի է հրավիրում, մեկը 24 ժամ է տալիսՙ կոմպրոմատ հրապարակելու սպառնալիքով, մեկը անխնա անվանարկում է բոլորինՙ առաջինի իր բարձունքից: Ու մեզ մնում է դադարել զարմանալուց ու ապշելուցՙ ինչ անսովոր բան էլ տեսնեն աչքերը մեր, ինչ անսովոր բան լսեն էլ մեր ականջները, ու այն ապարդյուն հարցը չտալ, թե ՙ Տեր Աստված, սրա՞նք են եղել մեր ղեկավարները, բա ինչու չենք իմացել, որ բոլորն էլ այսքան չհագնված են, այդքան մարդ չսիրող, այդքան ինքնասիրահարված: Գոնե նախագահ լինելու վերաբերյալ ինքնաստեղծ միֆերը պահեիք, ու չիջնեիք բամբասասիրողի մակարդակի, չէ՞ որ դեռ կան մարդիկ, որոնք ապրել են բոլորիդ օրոք (տողերիս հեղինակը), ամեն ինչ տեսել ու լսել են, գումարած մեր ժամանակի օրհասը, որին , ի դեպ, որպես համահեղիանակ, օրհաս բերելուն կերտողի առումով, մասնակից են առնվազն երկու նախագահ, մի հրաժարվեք, չէ՞ որ անցյալ խորհրդարաններ օձն իր պորտով, հավքն իր թեւով ոչ ոք չէր կարող մտնել, նախապես գծագրված քարտեզից դուրս, չէ՞ որ դեռ վառ են մեր հիշողության մեջ օպերայի հարթակըՙ ձեր ուս-ուսի պատկերով:

Ընդհանրապեսՙ քարոզարշավի, նրա մասնակից ուժերի մեծ մասի խոսույթը, որ վիրավորանքի, հիշոցների, փոխադարձ կոմպրոմատների մակարդակի է, շատ անորակ է, տեղ-տեղ վիրավորական լսողի համար, քանի որ մեր ազգը հո միայն ծափահարող պլեբսից չի բաղկացած, այնտեղ իրոք կան մտավորական ու հոգեւոր շերտեր, որոնց համար ողջ տեղի ունեցողը նվաստացնող եւ վիրավորական է; Ակամա մտածում եսՙ ինչ-որ բան է պատահել մեր հանրույթին, որն ունի քաղաքական էլիտայի այս մակարդակը: Եվ ուրիշ բան չի գալիս մարդու միտքը, քան այն, որ բնությունն է երեւի վրեժ լուծում մեզանիցՙ վերջին 30 տարում իր հայկական հատվածում անհաշվենկատ ու ոչ տիրոջ նման վերաբերվելու համար, երկրին սրտդող չնայելու համար. փակ եւ քչաթիվ մեր հանրույթը բնության օրենքներով դատապարտելով ավելի արագացված, որակի առումով անընդհատ նվազող կորով գենետիկ դրեյֆների ու դրա արգասիք քաղաքական անբարեհույս առանձյակների ի հայտ գալուն: Չգիտեմ, մեր քաղաքական գործիչների հանրագումար մակարդակը, կրթության, գիտելիքի տիրապետելու, էթիկայի կանոններին ենթարկվելու, հայրենիքն իրոք սիրելու առումով շատ ու շատ ցածր է մտավոր տարբեր շերտերի ընդհանուր հանրագումար մակարդակից, ու սա վտանգավոր շեղում է:

Վերադառնալով մոտեցող ընտրություններին, որեւէ մեկի կամ ուժի հանդեպ համակրարնք ու հակակրանք դրսեւորելուց զերծ մնալով, այնուամենայնիվ, մեզ թույլ տանք ընտրություններից ինն օր առաջ կանխատեսումներ անելՙ փորձառության մեր պատուհանից, տասնօրյակ հետո սխալի ասստիճանն անպայման ֆիքսելու պայմանով:

Երկու հիմնական ֆավորիտներՙ «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հայաստանը» կստանան քվեների քիչ առավելությամբ տարբերվող տոկոս, 20-25 տոկոսի միջակայքում, նայած ինչ աստիճանի կոչնչացնեն իրար: Բաղձալի 51 տոկոս ստանալու շանս նրանցից ոչ մեկը չունի:Ընտրական շեմը հաղթահարելու հնարավորություն ունեն «Պատիվ ունեմ» , ԲՀԿ, Էդմոն Մարուքյանի գլխավորած ուժերը: ՀԱԿ-ը, թեեւ վարկանիշ չունի, բայց հնարավոր էՙ նրա լիդեր Լեւորն Տեր-Պետրոսյանի բարձր վարկանիշը (մեծ հետաքրքրություն առաջացրած երեկվա նրա ասուլիսը վկա) այս ուժին հնարավորություն տա հաղթահարել անցողիկ շեմը, այդպիսով խորհրդարանում ներփակելով նախկին նախագահներին: Հայաստանում կա արեւմտամետ ընտրողների որոշակի զանգված, որը վերը թվածս ուժերից ոչ մեկին քվե չի տա: Այդ զանգվածը հեշտ կկողմնորոշվեր, եթե Արման Բաբաջանյանի եւ Լեւոն Շիրինյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Տիգրան Խզմալյանի եւ Միքայել Հայրապետյանի (էլի կան կարծես) գլխավորած ուժերը միասնական պլատֆորմով հանդես գային, հիմա այդ զանգվածի քվեները կոտորակվելու են նշածս ուժերի միջեւ, ու դժվար է ասել, թե նրանցից որը խորհրդարան կանցնի: Համենայնդեպսՙ նրանցից թեկուզ մեկի խորհրդարան չանցնելու դեպքում պառլամենը լցվելու է նույն դաշտում խաղացող, թեկուզ եւ իրար ատող ուժերով, այդ դեպքում կոալիցիա կազմելու համար անհրաժեշտ 54 տոկոս-ը լրացնելը անիրական է դառնում: Ու երկու գլխավոր ֆավորիտներիՙ վեց օրում կոալիցիա կազմելը կրկին կախված կլինի ԲՀԿ-ից, ինչպես եւ եղել է մոտ 15 տարի մեր տարբեր գումարման խորհրդարաններում: Պատահական չէ, որ Տեր-Պետրոսյանը երեկ խոսում էր որեւէ մեկի հետ կոալիցիա կազմելը չբացառելուց. «Այլ բան է, որ եթե ե՛ւ մենք անցնենք, ե՛ւ Քոչարյանն անցնի, Փաշինյանն անցնի, մյուսներն անցնեն, եւ ոչ ոք մեծամասնություն չունենա, ապա ստիպված կլինենք գնալ կոալիցիայի ձեւավորման: Ես միշտ համերաշխության եւ կոալիցիայի կողմնակից եմ եղել: Այդ երեւույթը, սակայն, կարող է նոր խնդիրներ առաջացնել, քանի որ կոալիցիաները վեց ամիսը մեկ կարող են փոխվել: Արդյունքումՙ մենք կարող ենք հայտնվել այն երկրների թվում, որտեղ տարին մի քանի կառավարություն է փոխվում: Դա վատ տարբերակ է, բայց, իհարկե, պետք է փորձենք»:

Ահա այս պատմելուց հետո կարող է իրականությանը մոտ լինել այն տեսակետը, որ հատկապես Նիկոլ Փաշինյանն իր անվերահսկելի խոսքով լարման է տանում վիճակը. դե եթե ու հանկարծ կոալիցիա կազմել հնարավոր չի լինելու, կամ այն կազմելու առավել մեծ շանս կարող է ունենալ Ռոբերտ Քոչարյանը , ուրեմն անհավանական չէ ընտրությունները տարբեր ձեւերով չեղարկելու, այսօրվա դեֆակտո վիճակը պահպանելու տարբերակը, բերման ենթարկելու երեկվա միջադեպերը վկա:

Հ.Գ.- Նորից ու նորից լսեցինք ձայնագրությունը, որ Սերժ Սարգսյանը հրապարակել էր: Սա խտացված մի պատմություն է անցյալում բոլոր նախկինների կողմից բանակցվող ոչ հայանպաստ փաստաթղթի, դրանից կոպիտ «շուստրիությամբ» ներկա իշխող ուժի ղեկավարի ազատվելու ջանքերի (անգամ իրեն գժի տեղ դնելու) մասին, որում երեւում է մեր անցյալ ու ներկա ղեկավարների հանրագումարը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ