RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021



Տեղադրվել է` 2021-06-11 13:24:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 3441, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ ԶԱՆԳԵԶՈՒՐԻՆ

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածագիրըՙ Իրանում Հայաստանի նախկին դեսպան, նույն երկրում դիվանագիտական տարբեր հանգամանքներով երկար ծառայություն մատուցած դիվանագետ, ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին անդամ Գրիգոր Առաքելյանը եղել է մեր թերթի հիմնադիր կազմի անդամ եւ մինչեւ 1994 թ.ը վարել է «Ազգ»ի իրանագիտության բաժինը: Հմուտ վերլուծաբան, լուրջ, պարկեշտ մի անձնավորություն, որի վերլուծականները, ինչպես այս մեկը, նորովի լույս են սփռում մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի, այս պարագայումՙ Զանգեզուրի շուրջ թուրք-ադրբեջանական նկրտումների վերաբերյալ իրանյան կողմի իրական դիրքորոշման մասին: Ողջունում ենք նրա վերադարձը մայր թերթ եւ ակնկալում նորանոր նյութերՙ ի վայելումն ընթերցողական մեր լսարանի:

Իրանը չէր կարող Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ կրավորական կեցվածք ընդունել: Եվ այդ ոչ կրավորական կեցվածքը դրսեւորվեց Իրանի Իսլամական հանրապետության արտգործնախարար Զարիֆի Բաքու եւ Երեւան կատարած այցելությունների ժամանակ: Հարեւան պետությունների մայրաքաղաքներ կատարած այցերի ընթացքում Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը հիմնականում խոսել է Իրանի «կարմիր գծերի» մասին: Նկատի ունենալով դիվանագիտական լեզվի առանձնահատկությունները, կարելի է ենթադրել, որ Բաքվում եւ Երեւանում Իրանի մատնանշած «կարմիր գծերը» պետք է առնչվեին Ադրբեջանի երազած Զանգեզուրի միջանցքի կարգավիճակին, որի կապակցությամբ, մինչ այդ, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Խաթիբզադեն իր գերատեսչության անունից հակամարտող կողմերին կոչ էր արել հարգել միմյանց սահմանները եւ խնդիրները լուծել բանակցությունների միջոցով: Իրանական «կարմիր գծերը» խախտելու հետեւանքների մասին եղել են նաեւ այլ մակարդակներով զգուշացումներ:

Հստակ կարելի է արձանագրել, որ 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության կողմից ստորագրված եռակողմ հայտարարությամբ Արցախի դեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի կասեցումը ոչ միայն չի հանգեցրել տարածաշրջանում կայուն ու տեւական խաղաղության հաստատմանը, այլ բազմաթիվ նոր խնդիրների մեկնակետ է հանդիսացել:

Այնուամենայնիվ, ԻԻՀ քաղաքական վերնախավի տարբեր ներկայացուցիչներ, պատերազմի ավարտից հետո, հրապարակայնորեն հնչեցրած դիվանագիտական ու զգուշավոր հայտարարություններով եռակողմ համաձայնությունը գնահատեցին որպես տարածաշրջանում երկարատեւ խաղաղությանը միտված կարեւորագույն քայլ:

Ադրբեջանական կողմի հետ պաշտոնական հանդիպումների եւ շփումների ընթացքում իրանցի պաշտոնյաներն իրենց ուրախությունն էին հայտնում «գրավյալ տարածքների ազատագրման» կապակցությամբ, եւ Իրանի հետ 132 կմ-ոց նոր սահմանագիծը բնորոշում որպես «խաղաղության» սահման: Իրանական կողմից մեծ պատրաստակամություն էր դրսեւորվումՙ մասնակցելու «ազատագրված» տարածքների վերակառուցման աշխատանքներին, որն ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցների հետեւանքով ծանր կորուստներ կրած իրանական բազմաթիվ ընկերությունների համար կարող էր դառնալ հավելյալ ֆինանսական միջոցների աղբյուր:

Սակայն, Իրանում շատերն էին համոզված, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ընդամենը հրադադար հաստատելու նպատակով քաղաքական փոխըմբռնման հուշագագիր էր: Եվ, քանի որ, եռակողմ հայտարարությունը երեք երկրների խորհրդարանների հաստատմանը չի ներկայացվել, հետեւաբար զուրկ է իրավական հիմքից, ու պայմանավորվող կողմերից մեկը ցանկացած պահի կարող է այն չեղարկել:

Իրանի տեսանկյունից, եռակողմ փաստաթղթի հրապարակման ժամանակ, թեեւ հաշվի են առնվել Իրանի որոշ «կարմիր գծեր», սակայն այն էականորեն հակասության մեջ է Իրանի ազգային շահերի հետ: Իրանի շահերին հակասող դրույթներից է հատկաես Մեղրիի անորոշ կարգավիճակով պայմանավորված Հայաստանի ու Իրանի միջեւ հաղորդակցության հնարավոր սահմանափակումներն ու այդ իրավիճակով պայմանավորված Իրանի համար անցանկալի հետեւանքները:

Փաստորեն, Թուրքիայի ու Ադրբեջանի երազած միջանցքի գործարկմամբ, Իրանը նկատելիորեն կորցնում է իր ազդեցությունը Նախիջեւանի նկատմամբ, քանի որ, կտրված լինելով Ադրբեջանի Հանրապետությունից, Նախիջեւանն իր կենսաապահովման բոլոր հարցերն իրականացնում էր Իրանի միջոցով: Միջանցքի գործարկման պարագայում, Նախիջեւանը դուրս է գալիս Իրանի «հովանոցի» տակից:

Գոյություն ունի նաեւ Իրանի ազգային շահերին հակասող եւս մեկ դրվագ. Թեեւ Ադրբեջանը Վրաստանի տարածքով հնարավորություն ունի հաղորդակցվելու ազատ ջրային ավազանների հետ, սակայն Պարսից ծոցի ջրային ավազանին մոտենալու համար Բաքուն մեծապես կախվածության մեջ էր Իրանից: Իսկ Նախիջեւանին միանալու հեռանկարը հնարավորություն կտա Ադրբեջանին Թուրքիայի տարածքով նույնպես ելք ունենալ դեպի ազատ ջրային ավազաններ, որի պատճառով էլ Ադրբեջանի կախվածությունն Իրանից նկատելիորեն նվազում է:

Առկա է նաեւ իրանական կողմի համար մտահոգվելու մեկ առիթ եւս. Մինչպատերազմյան ժամանակաշրջանում, Իրանի հետ սահմանակից Ֆիզուլին ու Խուդաֆերինը վերահսկվում էին հայերի կողմից, ուստի Իրանը ղարաբաղյան հակամարտության խնդրում ավելի մեծ դերակատարության հնարավորություն ուներ: Իրանի հզորացման պայմաններում, անորոշ կարգավիճակով Ղարաբաղի նկատմամբ հավակնությունները կարող էին տեղավորվել Թեհրանի հեռանկարային ծրագերի մեջ: Ներկա պայմաններում, երբ այդ տարածքի վերահսկողությունն իրականացնում է ռուսական կողմը, եւ Թուրքիան ջանքեր է գործադրում իր մասնակցությունն ունենալ Ղարաբաղի վերահսկման հարցում, Իրանի շանսերը նվազում են:

Համաթուրանական միջանցքի առկայության դեպքում, Թուրքիան ելք կունենա դեպի Կասպից ծով, ինչը հնարավորություն կտա Անկարային ավելի մեծ դերակատարություն ունենալ Կասպիցին վերաբերող էներգետիկ հարցերում: Բացի այդ, Թուրքիան Կասպից ծովի եզերքում բնակվող թուրքմենական ծագումով ազգային էթնիկ միավորների հրահրման հարցում ավելի մեծ հնարավորություններ ձեռք կբերի:

Չպետք է մոռանալ նաեւ, որ խնդրո առարկա միջանցքի կամ հաղորդակցական ուղու գործարկումով, Թուրքմենստանն ու Ղազախստանը Կասպից ծովի եւ Ադրբեջանի կապուղիներով եւ Ադրբեջան-Նախիջեւան կապի միջոցով կարող են միանալ Թուրքիային, ու առանց Իրանի կարիքը զգալու, տարանցել սեփական նավթն ու գազը:

Չի կարելի անտեսել նաեւ ռուս-իրանական հարաբերությունների առանձնահատկություններից բխող Իրանին սպառնացող վտանգը, որից ելնելով, Իրանի սահմանին ռուսական զինված ուժերի ներկայությունը, որպես գերտերություն, ԻԻՀ ազգային անվտանգությանն սպառնացող լրացուցիչ գործոն կարող է հանդիսանալ:

Մեղրիի ճակատագրի նկատմամբ Իրանի մտահոգությունները թեեւ բարձրաձայնվում էին 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, սակայն դրանք իրենց գործնական արտահայտությունը գտան ավելի ուշ: Մայիսի 24-ինՙ ԻԻՀ ԱԳ նախարարի Երեւան այցից երկու օր առաջ, Հայաստան այցելեց Իրանի ճանապարհաշինության եւ քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին , որի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված էր նաեւ նախարարի տեղակալըՙ Իրանի երկաթուղային կազմակերպության գործադիր տնօրեն Սաիդ Ռասուլին :

Այցը կարեւոր ուղերձ էր Զանգեզուրի միջանցքով շահագրգռված բոլոր կողմերին, քանի որ իրանցի նախարարը Երեւանում ամենաբարձր մակարդակով քննարկեց հայաստանյան «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցմանը, ինչպես նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գոտուն վերաբերող հարցեր:

Ուշագրավն այն է, որ նույն այցի շրջանակներում ստորագրվել է 6 կետից բաղկացած փաստաթուղթ, որտեղ, ըստ իրանական ԻՐՆԱ լրատվական գործակալության, կողմերն իրնեց պատրաստակամությունն են հայտնել երկաթուղային ցանցի միջոցով բեռնափոխադրումներ իրականացնել Իրանից դեպի Ռուսաստան եւ Եվրոպա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ