RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-06-11 13:24:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1725, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՐԻՍ ՃԳՆԱՎՈՐՅԱՆԻ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ 30 ՏԱՐԻՆ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Մի լուսավոր անհատը, նրա մի վեհ արարքն ու գործը կարող են խավարում էլ լույս վառել, սարեր շուռ տալ: Նման խորհուրդ ու արդյունք ունեցավ 1991 թվականին հետերկրաշարժյան Գյումրի, այն ժամանակՙ իր նախնական անաղարտ անունը վերագտած Կումայրի քաղաք մաեստրո Լորիս Ճգնավորյանի կատարած հետիոտն աննախադեպ Ուխտագնացությունը:

Հունիսի 10-ին քաղաքիս Արվեստների ակադեմիայի դահլիճում մտերմիկ հանդիսություն էր կազմակերպվելՙ նվիրված այս անմոռանալի իրադարձության լրացած 30-ամյակին: Ուխտագնացության մասնակիցներից ներկաները հիշեցին Սուրբ Էջմիածնից, մայրաքաղաք Երեւանից Հայաստանի տարբեր նվիրական վայրերով, ճանապարհի բնակավայրերով մինչեւ այստեղ ձգված մոտ 280 կմ բազմամարդ երթի առաջացրած համընդհանուր ոգեւորությունը, նրա աննկարագրելի համախմբող ուժը:

Երթի ընթացքում կատարվող հանգանակության նպատակն էր սկիզբ դնել երկրաշարժի վերքերից դեռ տնքացող քաղաքի հոգեւոր զարթոնքին, նախ եւ առաջ մշակույթով ու արվեստով նպաստել նրա վերածննդին: Հավաքված գումարներով այստեղ ստեղծվեց Մաեստրոյի նախատեսած մշակույթի կենտրոնըՙ հրաշալի սիմֆոնիկ, փողային նվագախմբերով, երգչախմբով, քաղաքն ի վերջո ունեցավ տասնամյակների երազանք իր հեռուստատեսությունըՙ «Շիրակը», որը հետո նաեւ պիտի դառնար պետական (ավաղ, երկու տարի առաջ այն «պետականորեն» փակվեցՙ 1930-ական թվականներից գործող քաղաքային ռադիոյի հետ միասին): Հանգանակված գումարների այն ժամանակվա արագ արժեզրկման պայմաններում Հայկական բարեգործական ընդհանուր միության արագ աջակցությամբ ու համագործակցությամբ վերականգնվեց երկրաշարժից տուժած, քաղաքի կենտրոնում գտնվող նախկին կուսքաղկոմի գեղեցիկ եռահարկ շենքը եւ դարձավ ոչ պաշտոնական անվամբ Արվեստի ակադեմիա: Այստեղ բացվեցին ու առ այսօր գործում են մայրաքաղաքի Կոմիտասի անվան պետական երաժշտանոցի, Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի, ինչպես նաեւ Գեղարվեստի պետական ակադեմիայի մասնաճյուղերը:

Լորիս Ճգնավորյանի ներդրած ջանքերը, ինչպես նշվեց նաեւ հանդիսության ժամանակ, բարի պտուղներ են տվել: Այս հաստատություններն այսօր ճանաչում ու հաջողություններ ունեն: Նրանց սաներն իրենց ելույթներով հեռակա ողջունեցին ու իրենց երախտագիտությունն արտահայտեցին սիրելի Մաեստրոյին: Տարեցտարի հառնող քաղաքը չի մոռանում նրա երախտիքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ