RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-06-11 13:24:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1721, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԲԱՐԵՎ, ԵՍ ԵՄ. ՍԻՐՈ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Ա. Բ.

«Գարդիանը» հայ դասական ֆիլմի մասին

Ֆրունզե Դովլաթյանի թեթեւ, անսովոր եւ ինտրիգային 1966 թ. դրաման արժանիորեն վերաթողարկվում է

Բրիտանական «Գարդիան» պարբերականում մայիսի 24-ին լույս է տեսել թերթի կինոքննադատ Փիթեր Բրեդշոուի կինոխոսականը հայ դասական «Բարեւ, ես եմ» ֆիլմի մասին: Առիթը Ֆրունզե Դովլաթյանի նշանավոր կինոնկարը https://klassiki.online/film կայքէջում զետեղելն է: Ներկայացնում ենք հոդվածը թարգմանաբար:

1966 թվականի այս ինտրիգային եւ խորհրդավոր ռոմանտիկ դրաման բեմադրել է հայ կինոբեմադրիչ Ֆրունզե Դովլաթյանը: Նույն տարի այն ընդգրկվել է Կաննի մրցույթային ծրագրում եւ այժմ վերաթողարկվում է: «Բարեւ, ես եմ»-ը հաճախ ունի մի այնպիսի անխռով թեթեւություն, որը կարելի է կապել 60-ականների հետ. ուրիշ դեպքերում ինձ բռնեցնում էի Մաքս Օֆյուլսի «Նամակներ անհայտ կնոջից» ֆիլմի մասին մտածելիս:

Հայ բեմի եւ էկրանի վաստակավոր դերասան Արմեն Ջիգարխանյանը մարմնավորում է Արտյոմ անունով երիտասարդ գիտնականի հորինված կերպարը, հիմնված Արտեմ Ալիխանյան իրական գործչի վրա, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դարձավ խորհրդային միջուկային ֆիզիկայի ռահվիրաներից մեկը: (Ի դեպ, նա այս տիտղոսը կիսում է խորհրդային մեծ գիտնական Լեւ Լանդաուի հետ, որի կյանքի պատմությունը հազիվ թե ներշնչած չլիներ Իլյա Խրժանովսկու «Դաու» էպիկական կինոինստալյացիայի նախագիծը):

Արտյոմը խորը բարեկամությամբ կապված է իր ընկեր եւ գործընկեր Օլեգի (Ռոլան Բիկով) հետ եւ խորապես սիրահարված է Լյուսյային (Նատալյա Ֆատեեւա): Բայց պատերազմը նրա անձնական կյանքում խորտակում է ամեն ինչ, թեեւ արագացնում է գիտական գործունեությունը: Կարմիր բանակի սերժանտ Լյուսյային հանկարծ կանչում են ռազմաճակատ, որտեղ նա զոհվում էՙ չհասցնելով հրաժեշտ տալ Արտյոմին: Ռազմական գնացք նստելիս նրա կատարած հուսահատ փորձըՙ մի երեխայի միջոցով հաղորդագրություն ուղարկել Արտյոմին, ամենամոտիկն էր նրանց հրաժեշտին: Միեւնույն ժամանակ, Արտյոմին ուղարկում են հեռավոր հայկական լեռնաշխարհի Արագած լեռըՙ ստեղծելու Տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը, որն իշխանությունները համարում են պատերազմի ժամանակ մեծ նշանակություն ունեցող, եւ նա բաժանվում է Օլեգից:

Պատերազմից հետո Արտյոմի կյանքում կա ափսոսանք եւ տխրություն, ինչը բարդանում է նոր խորհրդավոր հարաբերություններովՙ Տանյա անունով մի երիտասարդ կնոջ հետ (դերակատար Մարգարիտա Տերեխովան հետագայում գլխավոր դեր կատարեց Տարկովսկու «Հայելի» ֆիլմում), որի ճակատագիրը հենց սկզբից միահյուսված էր Արտյոմի հետ:

Սա իսկապես շատ անսովոր կինոնկար է. խորիմաստ գիտական աշխատանքին զուգորդված են ռոմանտիզմը, կարոտը, մենակությունը, էրոտիզմը եւ ճակատագրի գործերի միստիֆիկացված ընդունումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ