RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-06-10 23:12:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1474, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՆԿԱՎԱՐԺ ԼԻՆԵԼՆ ԱՅԼԵՎՍ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հայաստանում շուտով ավարտական փաստաթղթերը կլինեն միայն էլեկտրոնային տարբերակով, իսկ ուսուցիչ դառնալու համար մանկավարժի որակավորում ստանալը այլեւս պարտադիր չէ:

Խորհրդարանը արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ըստ առաջարկիՙ եթե երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնա չլրացված, ապա տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաեւ համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:

- Կարծում եմ ամենասխալ որոշումն է, քանի որ եթե կա տվյալ մասնագետը «պատրաստող» համալսարան, ուրեմն պետք է տվյալ համալսարանի շրջանավարտը աշխատի իր մասնագիտությամբ: Միայն այն, որ անձը լավ մաթեմատիկա, քիմիա կամ լեզուներ գիտի, դեռ չի նշանակում, որ տիրապետում է մանկավարժի հմտություններին ու կարող է աշխատել երեխաների հետ: Այստեղ ոչ միայն գիտելիքներն են կարեւոր, այլեւՙ երեխաների հետ աշխատելու փորձը, որը ձեռք ենք բերում պրակտիկաների միջոցով»,- ասում է Մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի ուսանողուհի Սեդան , ապա ավելացնում. «Եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն տնային բժշկությամբ զբաղվող յուրաքանչյուր մարդ կարող է բժիշկ դառնալ, աշխատել հիվանդանոցում` առանց բժշկի որակավորման»:

Ըստ նախագծի հեղինակի, ուսուցիչների բացակայությամբ պայմանավորվածՙ առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաներիՙ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2019-2020 թ. ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների թիվը 31, 018 է: Նրանցից 28,768 ուսուցիչ ունի բարձրագույն կրթություն, 362-ըՙ թերի բարձրագույն, 1774-ըՙ միջին մասնագիտական, իսկ 114-ըՙ միջնակարգ:

Մեզ հետ զրույցում Երեւանի հիմնական դպրոցներից մեկի ուսուցչուհի Անահիտ Մնացականյանը ասում է. «Ծրագիր են մտածում, որ միջնակարգ ուսումնական հաստատություններում ուսուցչական կազմում նոր մասնագետներ ընդգրկեն, բայց դրա փոխարեն կարող են ուսանողներին խթանող հանգամանքներ ստեղծել, որ անցած տարվա նման խայտառարակ արդյունք չունենանքՙ ֆիզիկա մասնագիտության համար ոչ մի դիմորդ չի դիմել որեւէ հաստատություն: Նրանք կարո՞ղ են պատասխանել, թե մի քանի տարի անց ո՞վքեր են ֆիզիկա դասավանդելու դպրոցներում ավտոմեխանիկները, թե՞ տաքսու վարորդները:

Ըստ պաշտոնական տվյալների, 2020-2021 ուսումնական տարում ոչ մի դիմորդ չի ընտրել ֆիզիկա մասնագիտությունը, իսկ 2019-2020 ուսումնական տարում հանրապետության 32 դպրոցներոմ ֆիզիկա առարկան չի դասավանդվել, նույնքան դպրոցներում էլՙ քիմիա, երեք դպրոցում չի դասավանդվել մաթեմատիկա:

Այս ամենից զատ, «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը ասում է, որ ներկայում աշխատում են ավարտական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի ուղղությամբ: Այսինքն, մոտակա տարիներին Հայաստանում կրթական փաստաթղթերը չեն տրվի թղթային տարբերակով:

«Էլեկտրոնային տարբերակով ավարտական վկայական ստանալը կօգնի խուսափել մի շարք խոչընդոտներիցՙ փաստաթուղթը կորցնելուց մինչեւ կոռուպցիոն ռիսկեր: Բայց լավ կլինի, որ երկու ձեւն էլ համատեղեն, այսինքն թե՛ էլեկտրոնային փաստաթուղթը, թե՛ թղթային տարբերակը տրամդրվի շրջանավարտին, քանի որ դրա հանձնման արարողությունը շատ գեղեցիկ ու սիմվոլիկ միջոցառում է»,- մեզ հետ զրույցում ասաց 3-րդ կուրսի ուսանող Գեւորգը, ապա ավելացրեց, որ եթե ծրագիրը օգտակար լինի եւ ավարտական փաստաթուղթ ստանալու գործընթացում բացակայեն կոռուպցիոն ռիսկերը, դա եւս ձեռքբերում կլինի կրթության ոլորտում:

Ըստ ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանի, ծախսերի տեսանկյունից նույնպես շատ արդյունավետ կլինի: Տարեկան առնվազն 20 մլն դրամ ծախսվում է միայն վկայականների տպագրության վրա, ինչը պետությունը կարող է տրամադրել այլ նպատակների:

«Չորս տարի սովորելով բակալավրում, ապա եւս երկու տարի մագիստրատուրայում, արդյոք ինձ հնարավորություն չի՞ տալիս իմ ձեռքում ունենալ փաստաթուղթ: Մի՞թե վեց տարվա վճարված վարձը թույլ չի տալիս տրամադրել տպագված դիպլոմ: Ինձ թվում է ուսանողի համար դժվարություն չի լինի վեց տարվանից բացի եւս մեկ օր տրամադրել եւ համալսարանից վերցնել իր ավարտական վկայականը»,- ասում է ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկը , ապա ծիծաղելով հարցնում. «Եթե ուսանողը ունենում է բարձր առաջադիմություն, իսկ այդ դեպքում էլեկտրոնային ինչպիսի՞ հղում են ուղարկելու. կարմի՞ր»:

Նախագծերը մեկը մյուսին հերթ չտալով ընդունվում են, իսկ կրթության որակը մնում է նույն մակարդակում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ