RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25 > #025, 2021-07-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 18-06-2021



Տեղադրվել է` 2021-06-24 23:47:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 3320, Տպվել է` 66, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԵՐԱՑՈՒՄ ԴԻՎԱՆԱԳՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

(Delinquency in Diplomacy)

Պատերազմը քայքայեց Հայաստանի բարոյական վիճակը: Մարդիկ սգում են իրենց կորուստների համար եւ ընդհանրապես ամբողջ երկիրն է փորձում ամոքել իր վերքերը: Ղարաբաղի տարածքի յոթանասունհինգ տոկոսը կորսված է եւ Հայաստանի հարավային շրջանըՙ Սյունիքը գտնվում է ադրբեջանական սպառնալիքի տակ: Քաղաքական կուսակցությունները Հայաստանում, սակայն, մոռանալով կորուստներն ու վտանգները, միմյանց դեմ են պայքարում եւ փորձում տիրանալ այն ամենին, ինչ մնացել է:

Սա տարօրինակ իրավիճակ է, այն իմաստով, որ մարդիկ ամեն ինչ անում են հաղթահարելու երկրին պատուհասած տրավմանՙ ձեւացնելով, որ կյանքի բնականոն ընթացքը վերականգնված է:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների արշավն այնքան լարված է ընթանում, որ դրանում ընդգրկված կուսակցություններն իրենց սեփական աշխարհն են ստեղծել եւ կորցրել կապը տարածաշրջանային խնդիրների հետ, որոնք զարգացման իրենց ընթացքն ունեն: Դրանցից այդքան հեռու մնալն, անշուշտ, վատ հետեւանք կունենա ապագայում:

Չնայած գլխավորապես երկու (վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ) խմբակցությունների միջեւ է ընթանում պայքարը, մոզաիկան, խորը քննության դեպքում, կարող է ավելի երանգավորված պատկեր պարզել, քանի որ 22 կուսակցություններ եւ 4 դաշինքներ են ընդգրկված պայքարում: Կարելի է ենթադրել, որ դրանք բոլորն ի վերջո գլխավոր 2 խմբակցություններին կմիանան:

Քոչարյանը դաշինք է կազմել ՀՅԴ-ի եւ Սյունիքի մի խմբավորման («Վերածնված Հայաստան») հետ, եւ նրա ճամբարը խորհրդանշում է հին վարչակարգի վերադարձը: Նման բնորոշումը ճիշտ չէ, որովհետեւ երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձ արեց ի մի բերել բոլոր նախկին նախագահներին, որպեսզի կանգնեցնի իր նախկին հովանավորյալինՙ Փաշինյանին, բայց հաջողության չհասավ: Քոչարյանն իր ճանապարհով գնաց եւ կարծես կարողացել է լեզու գտնել նախկինում իրենից դժգոհ մարդկանց հետ:

Վերջերս կայացած իր հանրային քննարկման ժամանակ Տեր-Պետրոսյանը այդքան շատ խմբակցությունների մասնակցությունը ընտրություններում դրական համարեց, քանի որ դրանք կարող էին քվեները բաժանել իրենց մեջ եւ չթողնել, որ որեւէ կուսակցություն ստանա մանդատների մեծ մասը: Դրա արդյունքում խորհրդարան մուտք գործած խմբակցությունները ստիպված կլինեին կազմել ազգային միասնության մի կառավարություն: Սա, իհարկե, դրական մոտեցում է ստեղծված իրավիճակին, բայց ատելությունը, թշնամանքն ու թունոտ բնութագրումներն այնքան են առաջ գնացել, որ դժվար է ակնկալել, որ հունիսի 20-ից հետո գործնական համագործակցություն տեղի կունենա նրանց միջեւ:

Այնուամենայնիվ, ներկայի լարված եւ բեւեռացված մթնոլորտում, մի հոգու դատողություններն առանձնանում են: Խոսքը «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանի մասին է: Ակներեւ է, որ նա իսկական պետական գործիչ է եւ կարող է Քոչարյանի եւ Փաշինյանի խմբավորումներից արժեքներ գտնելՙ կազմավորելու համար կենսունակ մի կառավարություն: Բայց ընթացիկ թեժ պայքարում նրա ձայնը խեղդվում է, քանի որ նշված երկու կողմերն էլ հավատացած են, որ ճշմարտության մենաշնորհն իրենց է պատկանումՙ առանձին վերցրած:

Փաշինյանը պայքարը մղում է իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջոցով եւ ոչ թե «Իմ քայլը» խմբակցության հետ: Նրա ներկայացուցիչները պնդում են, որ Փաշինյանը ձեռք կբերի քվեների 60 տոկոսը, բայց ամենալավ գնահատումներն անգամ 30 տոկոսից ավելի չեն ակնկալում, որը դարձյալ առավել է, քան մյուս կուսակցություններին նախատեսված քվեների քանակը:

Փաշինյանը գլխավորում է ձախողակ մի կառավարություն, որը նույնիսկ խաղաղ ժամանակներում չէր կարողացել բավարարել քաղաքացիների ակնկալիքները: Պատերազմի հետեւանքով կորուստների եւ բուն իսկ Հայաստանին ուղղված սպառնալիքների պատճառով նրա վիճակը շատ ավելի բարդացել է: Երկրին սպառնացող վտանգներից գլխավորը տարածաշրջանային զարգացումներն են: Բայց Հայաստանն այնքան է խրված ընտրությունների թոհուբոհի մեջ, որ չի նկատում այդ զարգացումները, որոնք կերտելու են իր ապագան:

Ինչքան շատ բնականոն կյանքը վերահաստատվի երկրում, այնքան լավ, որովհետեւ երկիրը պարտավոր է դիմագրավելու այդ մարտահրավերները եւ ձեւավորելու համապարփակ մի արտաքին քաղաքականություն, որ կարողանա «նավարկել» այս դժվարին ժամանակներում:

Տարածաշրջանային զարգացումներից մեկը, որը վերջին հաշվով կարող է նպաստել Հայաստանին, Իրանի վերադարձն է որպես Կովկասում գլխավոր դերակատարի: Թեհրանը ծանր ժամանակներ է ապրում պատժամիջոցների հետեւանքով եւ ստիպված է թույլ տալ, որ Ռուսաստանն ու Թուրքիան ազատորեն առաջ մղեն իրենց սեփական շահերը: Այժմ երբ Իսրայելի անհաշտ վարչապետ Բենյամին Նաթանյահուն պաշտոնանկ է արված, Վաշինգտոնն ավելի ճկուն քաղաքականություն կարող է վարել Իրանի հետ: Դա ոչ միայն կնպաստի, որ Իրանը վերականգնի իր միջուկային ծրագիրը, համաձայն Բայդենի խոստումներին, այլ արգելք կհանդիսանա, որ Ռուսաստանն ու Թուրքիան շարունակեն իրենց համատեղ գործարքները իրականացնել Կովկասում:

Այնպես որ, զարմանալի չէ, որ պատերազմի ամբողջ ընթացքում խիստ չեզոքություն պահպանած Իրանը այժմ պատրաստվում է հարմարվել նոր իրադրությանը: Ակնկալվում է, որ ուրույն պայմաններով է Իրանը պատասխանելու Բայդենի քայլին: Հայտնի է, որ Հայաստանի ընտրություններից երկու օր անց Իրանում կայանալու են նախագահական ընտրություններ, եւ նախագահ Հասան Ռուհանին, որ լիբերալ է համարվում այդ երկրում իրանյան չափանիշներով, չի կարող այլեւս հավակնել մնալու այդ պաշտոնում: Ուստի նախագահի հաջորդ թեկնածուն է, որ ընդառաջ է գնալու Վաշինգտոնի մերձեցման քայլին:

Իրանն արդեն հստակեցրել է իր «կարմիր գիծը», հայտարարելով, որ չի հանդուրժելու որեւէ սահմանային փոփոխություն տարածաշրջանում: Նա նույնիսկ չի տատանվել նշելու, որ որեւէ փոփոխության դեպքում պատրաստ է զենք գործադրել, իսկ ամենահետաքրքրականն այն է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել իր տարածքում Ադրբեջանին միջանցք տրամադրելու:

Նման քայլը, ինչ խոսք, կթուլացնի լարվածությունը Հայաստանի նկատմամբ եւ կձախողեցնի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ծրագիրը, համաձայն որի Սյունիքի միջանցքով Ադրբեջանը պետք է կարողանա Բաքուն միացնել Նախիջեւանին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լավատեղյակ է այս հնարավոր զարգացումներից եւ ամեն ջանք գործադրում է պարտադրելու Հայաստանին որոշակի կարգադրություններ, նախքան որ վերջինս վերազինի իր բանակը եւ աջակցություն ստանա ուժեղ հարեւաններից: Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանին խաղաղության առաջարկ է արել, բայց Երեւանը մերժել է, որի համար հետագայում ափսոսալու է:

Հայտարարությունն իր մեջ սպառնալիք է պարունակում այն իմաստով, որ եթե Հայաստանը մերժի խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ վերջինիս պայմաններով, ապա ստիպված է լինելու մի նոր պատերազմ դիմագրավելու: Իսկ ի՞նչ է նախատեսում այդ խաղաղության պայմանագիրը, որ Հայաստանը մերժում է հաշվի առնել: Այդ պայմանագիրը նախատեսում է, որ Ադրբեջանը պատրաստ է ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, պայմանով, որ Հայաստանն էլ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը:

Ադրբեջանն ունի նաեւ Հայաստանի հետ շտապ կարգադրություններ անելու այլ պատճառներ: Մինչ Բաքուն պնդում է, որ Ղարաբաղի հարցը զենքի ուժով լուծել է, ԵԱՀԿ Մինսկի խմբի ճնշումներն ավելանում են, պահանջելով որ բանակցությունները շարունակվեն այդ խմբի ձեւաչափով եւ որդեգրած սկզբունքներով: Իսկ որդեգրած սկզբունքներից մեկը հրաժարվելն էր ուժի գործադրումից:

Ադրբեջանը խախտել է այդ սկզբունքը: Ֆրանսիան, հատկապես, մեծ ջանքեր է գործադրում նշանակալի դերակատարում ունենալու խաղաղության հաստատման գործում: Այդ երկրի խորհրդարանը արդեն իսկ բանաձեւ է ընդունել, որով ճանաչում է Ղարաբաղը որպես անկախ միավոր տարածաշրջանում:

Փաշինյանի Փարիզ եւ Բրյուսել կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Եվրոմիության նախագահ Շառլ Միշելը կոչ արեցին առանց նախապայմանների, անմիջապես ազատ արձակել հայաստանցի բոլոր ռազմագերիներինՙ նոյեմբերի 9-ի հայտարարությանը համահունչ: Նրանք նաեւ Ադրբեջանից եւ Հայաստանից պահանջեցին վերադիրքավորել իրենց զինված ուժերը եւ վերականգնել մայիսի 11-ի իրավիճակը:

Ամենահետաքրքրական զարգացումը, սակայն, Մ. Նահանգների ուժեղ ներխուժումն է կովկասյան տարածաշրջան: Մինչ հոդվածը գրելու պահին մենք դեռ չգիտենք Բայդեն-Էրդողան հանդիպման մանրամասները, բայց եվրոպական ու եվրասիական հարցերի գործող քարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջան կատարած այցն ու նրա աներկդիմի արտահայտությունները արդեն իսկ վկայում են, որ Ամերիկան իրոք վերադառնում է եւ իր դերակատարությունն է ունենալու տարածաշրջանում: Ռիքերը կրկնել է ռազմագերիների եւ սահմանների վերաբերյալ Ֆրանսիայի եւ Եվրոմիության ղեկավարների հայտարարությունները: Դրանց գումարած Մ. Նահանգները գործնական մասնակցություն է ունեցել 15 ռազմագերիների վերադարձի հարցում, վատ վիճակի մատնելով Ռուսաստանը, որ մինչ օրս խուսափում է նոյեմբերի 9-ի համաձայնությունը Ադրբեջանի հետ կյանքի կոչել:

Այս գործողությունները չեն նշանակում, որ Մ. Նահանգները գործում է Հայաստանի օգտին: Դրանք պարզապես Ռուսաստանին եւ Թուրքիային հասկացնում են, որ իրենց միակողմանի գործողությունների ժամանակը սպառվել է:

Տարածաշրջանի նկատմամբ Մ. Նահանգների հետաքրքրվածության մեկ այլ նշան է այն, որ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատեց Ազատությանն աջակցելու ակտի 907 ուղղումը վերացնելու որոշումը, որ ադրբեջանական ագրեսիայից Հայաստանին պաշտպանելու համար էր ընդունվել:

Ինչպես տեսնում ենքՙ Կովկասը արագորեն ձեւափոխվում է, եւ Հայաստանը պարտավոր է օգտվել ընձեռված հնարավորություններից: Բայց Հայաստանի արտաքին գերատեսչությունը կրախի առաջ է կանգնած արտգործնախարար Արա Այվազյանի եւ իր տեղակալների հրաժարականներից հետո:

Արարողակարգը պահանջում էր, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում հարգարժան հյուրինՙ պրն. Ռիկերին դիմավորեր երկրի արտգործնախարարը: Բայց Հայաստանը չուներ արտգործնախարար: Իսկ առավել սարսափելին այն էր, որ Փաշինյանը ինքը հանձն էր առել կատարել արտգործնախարարի պարտականությունները, մինչդեռ դիվանագիտությունը իր բնագավառը չէ: Եթե Փաշինյանը իսկապես սիրում է Հայաստանը, նա պետք է հեռու մնա որեւէ դիվանագիտական առաքելություն իր վրա վերցնելուց:

Տարածաշրջանում կատարվող փոփոխություններից շատերը կարող են նպաստավոր լինել Հայաստանի համար, բայց դրանցից օգտվելու համար Հայաստանը կարիք ունի կարող եւ փորձառու դիվանագետների, որոնք կկարողանան պաշտպանել Հայաստանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում:

Դժբախտաբար, Հայաստանի արտաքին գերատեսչությունը ցարդ խոցելի է եղել եւ տեղին են նրա դեմ հնչող մեղադրանքները:

Անգլ. թարգմանեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 18-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ