RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25 > #025, 2021-07-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 18-06-2021



Տեղադրվել է` 2021-06-24 23:47:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1991, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ ՉԽՈՆԱՐՀԵՆՔ ՄԵՐ ԴՐՈՇԸ, ՉԿՈՐՑՆԵՆՔ ՄԵՐ ԽԻՂՃԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Յոթ ամիս է արդեն ես Եռաբլուր եմ հաճախում: Բայը ճիշտ եմ ընտրել, եւ ես մենակ չեմ, որ կհաստատի, թե ամեն անգամ խնկաբույր, երկու հսկաներիՙ Արարատի եւ Արագածի վեհ հայացքի տակ, չափերը 2020-ի հոկտեմբերից կրկնապատկած սրբազան այդ տարածքն այնտեղ այցելողին ի՛նչ է պատգամում. Մի՛ ընտրեք Փաշինյանին, քանզի նա պատերազմը մեր տուն բերեց: Նաՙ արժանապատվություն երկար բառի փոխարեն կարճն է ընտրում միշտՙ հպարտը, որ գործողություն դառնալու փոխարեն կրկնասելուկ է դարձելՙ էժան, սնամեջ մի զանգուլակ... Մի՛ ընտրեք Փաշինյանին, քանզի նա «պատրաստ է մեռնել հանուն հայրենիքի», բայց... խորհրդարանական ամբիոնի մոտ, իսկ մեզ համար մեռնում է ամեն պահի, երբ յուրայինների վրա գոռում, թշնամու դեմ լռում է...Մի՛ ընտրեք Փաշինյանին, քանզի նա վախկոտ է: Միայն վախն է սուտ խոսելու արտոնատերը: Մի՛ ընտրեք Փաշինյանին, քանզի նա գոռում է: Գոռում են նրանք, որ կշիռ չունեն: Մի՛ ընտրեք Փաշինյանին, քանզի նա կիսագրագետ է: Ամենայն հայոց բանաստեղծինՙ Թումանյանին Նար-Դոսից չի տարբերում: Մի՛ ընտրեք Փաշինյանին, քանզի նա հայոց լեզվի արքայական արժեքը չգիտի, խոսքըՙ հայհոյանք, միտքըՙ շեղ, հոգին դատարկ է: Դատարկ էՙ գութ, կարեկցանք չունի: Սաղմոս ասացող է, կարդացող չէ, այլապես կտեսնեինք, թե ինքնարդարացման մոլագար փնտրտուքը չէ սրբազան այդ գրքի էջերը թերթելու միակ նպատակը: Հերթականությամբ կարդալու վարժություն չունի, այլապես կհասկանայինք, թե ինքնամաքրման, մեղքի, ապաշխարության էջերն էլ թերթած պիտի լիներ: Ո՞վ խանգարեց նրան ցավակցության մի թուղթ, հայատառ մի գիր հղել որդեկորույս ծնողներին, նրանց ընտանիքներին: 7, 8 ամիս շարունակ Եռաբլուրում ինձ հանդիպած սեւազգեստ, ձայնը շշուկ դարձած տղամարդկանց ու կանանցՙ Անմահների ծնողներին ես նույն հարցն եմ տվելՙ Հայաստան պետությունը Ձեզ ցավակցե՞լ է:

Զինվորական պանթեոնում, ուր 2020-ի սեպտեմբերյան պատերազմի պատճառով ննջում է շուրջ 800 Անմահ, ծնողները սեփական միջոցներով են հարդարում իրենց որդիների ննջատեղին: Պետությունն անշուշտ խոստացել է բարեկարգել, բայց նրա ո՛ր խոստմանն են հավատում այստեղ:

- Ե՞րբ..., ասում են ծնողները, ու հարցի մեջ դառնությունն այնքան շատ է, որ ամաչում ես... պետության փոխարեն:

Եռաբլուրն է հուշումՙ եթե չեք ուզում ամաչել պետության փոխարեն, պետության համար, մի՛ ընտրեք Փաշինյանին:

Եռաբլուրը սիրո վայր է: Անանձնական նվիրումի, սիրո, քաջության, հերոսության ասք է տարուբերում քամին, որ մեր ունկն է լցվումՙ տղաների քարին փորագրված անվան, լուսավոր, ժպտադեմ պատկերին միահյուս: Այս տեսաշարն անընդհատ կրկնվում է բոլոր նրանց համար, որ Եռաբլուր հաճախում են: Եթե գիտեք ի՛նչ է սերը, մեծ սերը դիմացինի, հայրենիքի հանդեպ, մի՛ ընտրեք Փաշինյանին: Մեր մեծ Սուրբիՙ Նարեկացու աղոթքը չի լսել երեւի, այլապես չկատարած մեղքի համար էլ ներում կխնդրեր, այլապես կճանաչեր սերը: Նրանց համար, որ ճանաչում են մարդկային տառապանքը, որ իրենց վիշտը վերածում են պայքարի, չկա կշեռքին դրվելիք ավելի արժեքավոր բան, քան Պետության ինքնիշխան գոյությունը: Եռաբլուրում երկու ժամանակ կաՙ անցյալ եւ ապագա: Մենք այցելուներսՙ ներկայի մեջ երկու ոտքով կանգնածներս ապագայում ապրելու թեւեր ենք նվեր ստացել այդ բարձունքում ննջողներից: Բա՛ց անենք գալիք տանող մեր թեւերը, շունչ առնենք երկար թռիչքից առաջ:

Եռաբլուրը գերեզմանոց չէ, հանգստարան չէ, այստեղ ժամանակը կանգ չի առել, քանզի սահման չկա, անսահման է, հավերժ: Եւ ես սիրտ արեցի այստեղ շեշտ դնելով խնդրանք-պահանջիս անկեղծ խոսելՙ ձեզ փոխանցել Եռաբլուր տիեզերքից լսածսՙ մի՛ ընտրեք Փաշինյանին: Բլրի վրա ծփում են մեր անկախ ինքնությունը հաստատողՙ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության դրոշներ: Անմահներին գգված դրոշներն են դրանք, որ միշտ բարձր են, կանգուն: Ոչ մի քամի չի խոնարհում դրանք:

Կիրակի օրըՙ հունիսի 20-ին չխոնարհենք մեր դրոշը, մեր խիղճը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 18-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ