RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25 > #025, 2021-07-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 18-06-2021



Տեղադրվել է` 2021-06-24 23:47:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1167, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի՞ՆՉ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՄԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Իմ մանկության 1950-ական թվականներին պապիս-մամիս մոտՙ գյուղում լինելիս երբ մոտ բարձրությունից հռնդալով ինքնաթիռ էր անցնում (երեւի թե ռուսերեն «կուկուռուզնիկ» կոչվողն էր լինում), երեխեքով վազում ու գոչում էինքՙ սավա՜ռ-նակ, թո՛ւղթ քից... Մանկան մեր անմեղ հոգիներով կարծում էինքՙ օդաչուն մեզ կլսի ու վերեւից ինչ-որ թղթեր շաղ կտա...

Ակամա այս հեռավոր դրվագը միտս եկավ, երբ օրերս Գյումրու Անկախության հրապարակում գտնվող Արվեստների ակադեմիայի շենքի մոտով մի պահ անցնելիս նկատեցի գետնանցումից այն կողմ, նախկին գուլպայի ֆաբրիկայի ակումբի դիմացի ընդարձակ մայթին խռնված մեծ բազմություն, իսկ այս կողմումՙ ոստիկանների սպասողական զգալի ներկայություն: Ասացին Ծառուկյանն է գալու: Հաջորդ պահին ասինՙ գալիս է: Որոշակի տարածությունից տեսա, որ մեքենաների շարասյուն եկավ, կանգնեց-փակեց դիմացի օղակաձեւ երթեւեկելի գոտու այդ հատվածը, ու լսվեցին կրկնվող վանկարկումներՙ Ծա-ռու-կյան... Ու քանի որ այս անգամ ենթադրաբար նախընտրական քարոզչության նպատակով եկած գործարար պատգամավորը սովորաբար նաեւ բարեգործություններ է անում, այդ թվում գումարային, ինձ թվացՙ այդ վանկարկողների մի մասն ուզում էր ասելՙ ...փող տուր: Սիրտս ցավեց հարազատ համաքաղաքացիներիս այդ մի մասի ու նաեւՙ իմ պետության համար, որն ինքը դեռ չի կարողանում բավարար ապահովել իր քաղաքացիներին:

Հիմաՙ մեր երկրի ու պետության համար այս խիստ դրամատիկ իրավիճակում, ամեն մեկս առանձին ու բոլորս միասին կանգնած ենք Ազգային ժողովի ընտրության, լայն առումովՙ երկրիս նոր իշխանության ձեւավորման շեմին: Այս որոշակիորեն ճակատագրական շրջադարձումՙ առավել դժվար կողմնորոշման խնդիր, մանավանդՙ երբ մեր ներկա երեսնամյա հանրապետության պետական կառավարման համակարգն ընդհանուր առմամբ կարծես թե դեռ չի էլ կայացել ու թվում էՙ շատ չի հեռացել սիրողական, որոշակի չափով նաեւ անձնական ու խմբակային շահագրգռությունների մակարդակից:

Դրա պատճառներից մեկը, գուցե, հրապարակված ժողովրդավարության պայմաններում երկրի անձնիշխանական կառավարումն է: Կան իշխանության բոլոր նախատեսված թեւերը, բայց գործնական փաստացի իշխանությունը հիմնականում եղել ու մնում է մեկ մարդու ձեռքին: Սկզբում դա հանրապետության նախագահն էր, երբ կիսանախագահական համակարգ էր, իսկ հիմա, գործող սահմանադրության ընձեռմամբ, վարչապետն է, չնայած որ հռչակվել է խորհրդարանական կառավարում: Իսկ խորհրդարանն իր մեծամասնությամբ երկու դեպքում էլ եղել ու մնում է երկրի փաստացի ղեկավարինը: Դրան ուղղակիորեն նպաստում է նաեւ ներդրված այն կարգը, երբ Ազգային ժողովի, վերջին տարիներինՙ նաեւ մեծ քաղաքների ավագանիների ընտրություններին ձայների անգամ փոքր մեծամասնություն ստացած քաղաքական ուժին, անկախ քվեների ստացած տոկոսից, օրենքով տրվում է պատգամավորական կամ ավագանու անդամության տեղերի ընդհանուր քանակի 50 տոկոս+1-ը, վերցվելով մյուս ուժերին ըստ վաստակածի հասանելիք տեղերից: Եվ գործադիրը խորհրդարանի կամ ավագանու «սեփական» մեծամասնության քվեարկությամբ միշտ անցկացնում է իր ուզածը: Մյուսների ներկայությունն էլ դառնում է մի տեսակ ձեւական:

Չի գործում հակակշիռների մեխանիզմը, եւ հակառակ ծայրահեղությամբ այսօր էլ նույնիսկ հանրապետության նախագահը չունի կայացվող կարեւոր որոշումների վրա ազդելու որեւէ իրական լծակ ու իշխանություն, ամեն ինչ որոշում է վարչապետը: Իսկ ինչպես կյանքը ցույց տվեց, կան ու լինում են նաեւ այնպիսի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն ոչ թե մի ղեկավարի տվյալ պահի կողմնորոշմամբ կամ քմահաճույքով (մարդ է, կարող է եւ սխալվել), այլ դրանց ճիշտ լուծումը գտնելու համար մասնագիտական, գիտական ամբողջ ինստիտուտներ պետք է աշխատեն: Եվ ոչ թե դրանք... վերացվեն:

Մյուսը ընտրողի, նրա կողմնորոշիչների, իսկ ընտրովի մարմնի ձեւավորումից հետո նաեւ պետական ապարատում պատասխանատու պաշտոնների նշանակելիս կադրերի ընտրության խնդիրն է: Հանրապետության իշխանությունները (ասենք, ոչ միայն նրանք) նախընթաց բոլոր փուլերում ամեն ինչ արել են լուրջ ընտրողի կայացմանը խանգարելու, նրան կշռադատված ընտրության ուղուց շեղելու, մոլորեցնելու համար: Իսկ կառավարման համակարգում չի աճեցվում ու պարբերաբար ասպարեզ չի բերվում կադրերի բավարար, որակյալ հերթափոխ: Վաղուց ժամանակն է, որ երկու դեպքում էլ նայենք թեկնածուների, տարբեր մակարդակի չակերտավոր կամ անչակերտ գործիչների ոչ թե խոսքին, ճարտար լեզվին ու արտահայտած կամ սերտած գեղեցիկ գաղափարներին, այլ նրանց նախ անձնական հատկանիշներին (կուսակցությունների պարագայումՙ հավաքական նկարագրին) եւ ամենակարեւորըՙ անցած ուղուն: Ո՛չ քայլելով անցած ուղուն, որով, ասենք, մի շարք կարեւորագույն ոլորտների ղեկավար նախարար են դառնում ու հետո քար գցում այդ բոլոր ոլորտների վրա, այլ անցած աշխատանքայի՛ն ուղուն: Այն բանին, թե որքանով է նա ըստ աստիճանների աճել եւ որքանով է իր փորձով, կարողություններով ու հեղինակությամբ համապատասխանում տվյալ մակարդակի կառավարման պատասխանատվությունը ստանձնելուն:

Ասենք, մեկը լավ գործարար է, մյուսը բարեգործ է, մեկ ուրիշը լավ փիլիսոփա է ու հռետոր, մեկն էլ որոշակի ծառայություններ ունի երկրին: Փառք ու պատիվ իրենց, եւ իրենք իրենց տեղում արդեն իսկ պիտանի ու հարկավոր են երկրին: Ընտրովի ու ներկայացուցչական մարմնում ընտրվելն առանձին խնդիր է, իսկ ահա վարչապետ ու նախարար, քաղաքապետ, տարբեր ոլորտների, հիմնարկի ղեկավար ու այլ պատասխանատու լինելու համար առնվազն պետք է որ անձը կադրային աստիճաններով հասած կամ մոտեցած լինի դրան: Ինչպես, ի դեպ, նաեւ մեր մերժած ԽՍՀՄ-ում էր սովորաբար ընդունված:

Եվ երազելի կհամարեինք այն օրը, երբ ընդունված կարգով ոչ թե ով ասես, ասերՙ ես, ես, ինձ ընտրեք, այլ ինքներս կարող ու արժանի ուժերին գնայինք խնդրեինք, որ համաձայնեն ստանձնել այդ դժվարին պատասխանատվությունը հանուն երկրի, հանուն տվյալ քաղաքի, բնակավայրի եւ այլնի:

...Մենք այլեւս փորձարարությունների ժամանակ ու հնարավորություն չունենք: Դանակը ոսկորին է հասել, եւ արդեն ձեռնհաս, կարող ու հեղինակավոր ազգային նվիրյալների՛, այդպիսի իշխանության ժամանակն է: Հիմա քաղաքական համարվող հին ու նոր ուժեր ու դաշինքներ մեծ թվով ինքնառաջադրվել ենՙ խորհրդարան մտնելու, իշխանություն դառնալու կամ վերադառնալու հավակնությամբ ու երկիրը ներկա փորձություններից հանելու վստահ խոստումներով: Ո՞ւմ ընտրի նրանցից մի մասին չճանաչող, մյուս մասին ցավոք սրտի լավ ճանաչող մոլորված ընտրողը այսքան հիասթափություններից, հուսախաբություններից ու փորձանքից հետո:

Իսկ... պե՛տք է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 18-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ