RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25 > #025, 2021-07-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 18-06-2021



Տեղադրվել է` 2021-06-24 23:47:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1340, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՆԵՐՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Վերջին օրերին առիթը բաց չեմ թողնումՙ լինելու երեւանյան սրճարաններում: Նախ քանի որ ամեն մարդ ինքն է ընտրում դիմանալու իր տարբերակը, իսկ Հայաստանում իրավիճակը հենց դիմանալու է, ապա եւ հույս ունեմՙ հենց սրճարաններում հանդիպել իշխանության քարոզարշավի կարգախոսը հորինողին: Պարզապես ուզում են նայել նրա աչքերին ու հարցնել, եղբա՛յր, կամ քո՛ւյր, երբ ասում եսՙ ապագա կա, կա ապագա, չգիտե՞ս, որ ապագայի գալստյան համար ամենեւին պետք չէ ջանալ. դա այնպիսի բան է, որ գալիս էՙ անկախ քո կամքից, եւ ուրեմն, երբ ընտրություններին մասնակցող որեւէ ուժ, առավելեւսՙ իշխանությունը, որպես կարգախոս է ընտրումՙ ապագա կա-ն, այդպիսով բացահայտ ասում է, որ ընտրվելու դեպքում ինքը ոչինչ չի անելու: Ավելինՙ սա չգոյության խոստովանություն է, որովհետեւ, երբ դու ասում ես մի բան, ինչը լինում է անկախ քո կամքից, ուրեմն ընդունում ես, որ դու անզոր ես, ապիկար ես, չկաս:

Ես հասկանում եմ, անշուշտ, որ այս կարգախոսը հորինողն էլ կարող է նայել իմ աչքերին ու ասել, թե երկրում իրավիճակը հիմա այնպիսին է, որ կարգախոսների վրա ուշադրություն դարձնելն ավելորդություն է, բայց այդ դեպքում ես նրան եւս մի քանի հարց կտամ:

Նախ, ամենակարեւորըՙ Նիկոլ Փաշինյանը իր քարոզչական թիմին լսո՞ւմ է: Եթե այո, ապա ինչո՞ւ է ամեն համայնք մտնելիսՙ ուտում այդքան շատ եւ խմում այդքան շատ: Եթե վարչապետն ուտող-խմող է, ապա հաճա՞խ է որոշումներ կայացնելիս եղելՙ կերած-խմած, հատկապես խմած: Կարծում եմ, որպես ՀՀ քաղաքացի, իրավունք ունեմ ստանալու այս հարցի պատասխանը:

Հաջորդը, եթե Փաշինյանը լսում է իր քարոզչական թիմին, ապա ինչո՞ւ այդ թիմում չի գտնվում մեկն, ով կասիՙ հարգելի պարոն Փաշինյան, կամՙ օ՜ աստվածային մեծություն (նայած թե ինչպես են դիմում Փաշինյանինՙ իր մերձավորները), մուրճը ինչ-ինչ հանգամանքներում կարող է ընկալվել որպես սառը զենք, ինչը նշանակում է, որ դուք սառը զենք եք ցույց տալիս մարդկանց հետ հանդիպումների ժամանակՙ սպառնալով ուրիշ մարդկանց այդ մուրճով, այն դեպքում, երբ ձեզ հետ հանդիպելու են գալիս շատ երեխաներ:

Եւ վերջին հարցս, ինչո՞ւ Փաշինյանը չի գնում Հայաստանի սահման, չի կանգնում ադրբեջանական զորքի առջեւ, որի զգալի մասը, հիշեցնեմ, ՀՀ սուվերեն տարածքում է, եւ թեկուզ մուրճը թափահարելովՙ չի սպառնում նրանց մխել, նրանց ասֆալտին փռել, նրանց պատերին ծեփել: Չի կարո՞ղ, թե՞ չի ուզում, գուցե պարզապես չի ֆայմո՞ւմ: Անկախ նրանից, թե այս երեքից որն է, մենք խնդիր ունենք, քանի որ Հայաստանը չի կարող ղեկավարել մի մարդ, որը հայերին սպառնում է ասֆալտին փռել, իսկ թշնամուն արդեն ամսից ավելի է հանդուրժում է հայկական հողում:

Չնայածՙ գուցե Հայաստանն էլ թշնամի չունի՞...

Ենթադրում եմ, որ այդ տղան կամ աղջիկն ինձ կպասխանի շատ անկեղծՙ ասելով, որ Փաշինյանն իր քարոզչական թիմին ամենեւին էլ չի լսում, քանի որ ինքը Ժանն դ՛Արկի պես երկնքից առաքելություն է ստացել ու ինքն իրեն համարում է երկնքի անսխալական առաքյալ, որը ոչ մեկի խորհրդի կարիքը չունի: Բայց այդ դեպքում ես այդ տղային կամ աղջկան մեկ հարց էլ կտամ, այս պարագայումՙ անձամբ իրեն: Իսկ հաճելի՞ է փող ստանալ մի աշխատանքի համար, որն ըստ էության չի արվում, ավելին, դու ամեն օր համոզվում ես, որ նա, ում խորհուրդ տալու համար վարձատրվում ես, թքած ունի քո խորհուրդների վրա, ու կարծես թեՙ ոչ միայն խորհուրդների:

Սպասում եմ երեւանյան սրճարաններում ու խոստանում եմ, երբ հանդիպենք, քեզ կդիմեմ եղբայր-ով կամ քույր-ով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 18-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ