RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25 > #025, 2021-07-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 18-06-2021



Տեղադրվել է` 2021-06-24 23:47:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 366, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԿՐԻ «ԴԵՄՔԸ»

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

- Աղջիկ ջան, դու ավելի լավ է արի գնա կովդ կթի,աթարը թափի, Նիկոլին քննադատելը քո բանը չի:

- Նիկոլ ջան, մենք հետդ ենք, հեչ չմտածես, առանց քեզ հայ ազգը չունի հանգիստ քուն:

Երկրում քաղաքացիական պատերազմ է հասունանում, հարյուրավոր, հազարավոր կարծիքներ են ասպարեզ գալիս, ամբոխը հավաքվում է, բայց ո՛չ հայրենիք պահանջելու, եւ ո՛չ էլ գերիներին վերադարձնելու համար: Նրանք հավաքվում են վստահեցնելու, որ Փաշինյանն ինչ անում էՙ ճիշտ է անում: Փաշինյանն էլ 2018 թվականի կախարդական փայտիկը ձեռքից գցելՙ եռագույն ժապավենով մուրճն է ձեռքին առել, Կոտայքից Արարատ է հասցրել ու թափահարում է բոլոր բեմահարթակներում,ասելով, որ ժանգոտած մեխեր կան, որոնք հունիսի 20-ից հետո այդ մուրճով պետք է հանի:

Զավակին կարոտ հայ մայրերը այս իրականությունում չեն կարող ապրել. պատերազմից 8 ամիս է անցել, բայց տղաները դեռ գերի են Ադրբեջանում: Իրենց զավակներին փնտրող ծնողները պետական դռներ են թակել, բայց մինչեւ օրս ոչ մի պատասխան չեն ստացել: Իսկ Փաշինյանը պարբերաբար նրանց չի մոռանում հիշեցնել, որ նրանք հպա՜րտ քաղաքացիներ են:

Ժամանակը խորացնում է նրանց վերքը, անորոշությունըՙ բաց վերքերի վրա աղ լցնում: Ու ամեն օրը կատարվածի հետ համակերպվելու,մեջքը շտկելու փորձ է դառնում: Երկիրը պառակտված է, պետք է փորձել ելք գտնել ձգձգվող ճգնաժամից:

Նաիրա Մարգարյանը պատերազմից երկու ամիս առաջ բանակ զորակոչված միակ որդուՙ Ժիրայրի ձայնը վերջին անգամ ուղիղ յոթ ամիս առաջ է լսել:Մոր ականջներում սակայն, որդու ձայնն է միայն, որ խոստացել էր վերադառնալ:

Անհետ կորած զինվորի մայր Մարինե Մանվելյանը ասում էՙ որդինՙ Աշոտը, գերության մեջ է, ընկերների հետ փակված է Բաքվի բանտում: Մարինեն պնդում էր, որ որդու հետ սրտով է կապված, դրա համար պատերազմի առաջին օրվանից զգացել է որդու ցավը, դժոխքի միջով անցնող նրա տառապանքը, բայց ո՛չ կորուստը:

Ժաննան, որը ավելի քան յոթ ամիս հազար ու մի դռներ է ծեծել որդուն գտնելու համար, հույսը չի կորցնում: Որդուն սպասող կինն ասում էՙ նույն վիճակում հայտնված մայրերով միմյանց զանգում են, լուրեր փոխանակում ու իրար հուսադրում:Ժաննան յուրաքանչյուր խոսքից հետո համոզված շեշտում է, թե իր որդուն պետք է ողջերի մեջ փնտրել եւ սպասում է, որ մինուճար որդին ողջ է վերադառնալու:

Նաիրան էլ, Մարինեն էլ, Ժաննան էլ գիշերը մթնեցնում են, օրը լուսացնում միայն մի հույսովՙ որդիներին գտնելու, նրանց սրտի գաղտնիքն իմանալու, նպատակների մասին լսելու, եւ դրանք իրագործելիս նրանց թեւ ու թիկունք դառնալու: Ամեն պատմության մեջ ցավի զգացողությունը այլ փուլ է թեւակոխում: Ու այսպեսՙ քանի՜ մայր կա այս երկրում:

Այս իրականությանը զուգահեռ որդու շիրմի մոտ նստած,ճերմակախառն մազերով, սեւազգեստ մոր կերպարանքն է, ում սրտում, մտքում, գրկում միշտ ողջ է իր զավակը:

Տիկին Փիրուզան ապրելու իմաստ չի գտնում, ասում է, որ միակ սփոփանքը Գոռից ճառագող լույսն է,որն այնքան շատ է, որ տունն անգամ նրանից հետո էլ է այդ լույսով լի:

Տիկին Նանոյի մոտ երկակի զգացողություն է` երբ խոսում է Նարեկի մասին, կարոտից ժպտում է, բայց հիշելով զոհվելու փաստը` աչքերն անմիջապես թրջվում են: Անկեղծանում է` մինչեւ հիմա չի հավատում, որ տղան չկա, եւ սպասում է Աստծո հրաշքին...

Գեւորգյանների ընտանիքում կնոջ լաց, ու մանկան զրնգուն ծիծաղ է լսվում: Տիկին Արեւիկը սգում է Արցախում զոհված որդիների` Գեւորգի ու Կարենի մահը, իսկ նրա փոքրիկ թոռնուհին, որին կոչել են տատի անունով, ուրախանում է նվեր ստացած տիկնիկի համար: Ավագ որդին` Գեւորգը, սիրում էր գրկել մորն ու դստերը: Ասում էր, որ միայն իր գրկում կարող է միաժամանակ երկու արեւ լինել:

Իր միակ որդուն Հասմիկն ուշ է ունեցելՙ 39 տարեկանում: Պատմում է, որ որդին մարտական ընկերների հետ որոշել է փակել հակառակորդի ճամփան, մինչ մյուսները մարտադաշտից դուրս կբերեին վիրավորներին:Տիկին Հասմիկն ասում է, որ տղերքն իր աչքերին չեն կարողանում նայել.չէ՞ որ Վաղինակն իրենց փրկեց, իսկ իրենք նրան փրկել չկարողացան:

Նրանք մի պահանջ ունենՙ գերիներին վերադարձնեն կամ պատերազմի հանցագործները պատժվեն: Կյանքը շարունակվում է նրանց համար, ովքեր պատերազմից առաջն ու հետոն էլ չեն տարբերակում, հիմա էլ է վերքն արնածոր, մռմռացող, չսպիացող նրանց համար: Ու ամեն օր նոր տասնյակ պատմություններ, սիրտ խոցող, կեղեքող, սպանող:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 18-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ