RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25 > #025, 2021-07-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 18-06-2021



Տեղադրվել է` 2021-06-24 23:47:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 513, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԱՊԱԳԱ...

ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված օրեր:Այս ընտրություններն ըստ էության տարբերվում են նախորդներից: Ողջ երկիրն ակտիվ նախընտրական եռուզեռի մեջ է: Թվով 23 կուսակցություն եւ 4 կուսակցությունների դաշինք է գրանցված ընտրություններին մասնակցելու համար:Փոքր երկրի համար սա զգալի թիվ է: Սակայն բոլորի համար էլ պարզ է,որ հիմնական պայքարը ընթանալու է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» եւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի միջեւ: Նախընտրական քարոզարշավը վկայում է այն մասին, որ այս ընտրությունները թեժ են լինելու: Փոխադարձ մեղադրանքներ, զրպարտանքներ, լարված մթնոլորտ. սա՛ է քարոզարշավի հիմնական պատկերը:

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունն անգամ չզսպեց նախընտրական կրքերը:

Նախընտրական քարոզարշավի ամենաուշագրավ երեւույթներից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Ապագա կա» կարգախոսն է:Սա լայն քննարկումների տեղիք տվեց, արժանանալով ժողովրդի զգալի մասի քննադատություններին եւ դժգոհություններին: Եթե այս կարգախոսով հանդես գար ուրիշ կուսակցություն կամ դաշինք, այն նման վերաբերմունքի դժվար թե արժանանար: Սակայն վերջին 3 տարիներին երկիրը ղեկավարող Նիկոլ Փաշինյանի կուսակցության դեպքում այն, մեղմ ասած, չի համոզում:

Շատերը եւս այն կարծիքին են,որ Հայաստանում ապագա կա, սակայն ոչ Փաշինյանի իշխանության հետ:

Չնայած նրան, որ մի շարք բջջային կամ համացանցային հարցումներ վկայում են Նիկոլ Փաշինյանի համեմատաբար բարձր վարկանիշի մասին, վերջինիս ու նրա թիմի հանդեպ բացասական վերաբերմունքը երկրի ներսում եւ սփյուռքում օր օրի մեծ թափ է հավաքում:

Կառավարման ընթացքում Փաշինյանը չկարողացավ կամ էլ չհասցրեց զգալի փոփոխություններ անել երկրի ներսում, որոնք կբարելավեին իրեն իշխանության բերած ժողովրդի կյանքը եւ ապրուստը:Փոխարենը երկիրը հայտնվեց անդունդի շեմին,կորցնելով իր անվտանգությունը:Այս ամենի պատճառները հայտնի են բոլորին:

Փաշինյանի վերընտրվելու հարցում դեռեւս նրան օգնության է հասնում ժողովրդի այն մասը, որը ոչ թե համակրում է վերջինիս, այլ պարզապես խուսափում է նախկին իշխանությունների վերադարձից:

Անզեն աչքով էլ երեւում է, որ ներկա ղեկավարությունը սպառել է իրեն: Այսպիսով հնարավո՞ր է արդյոք ապագա կերտել սպառված ուժի հետ: Այս հարցի շուրջ զրուցեցինք ընտրազանգվածի որոշ ներկայացուցիչների հետ.

«Ինչ ապագայի մասին կարող է խոսք գնալ այս իշխանությունների օրոք: Ադրբեջանցիներն արդեն ներխուժել են Հայաստան,իսկ իշխանությունները ոչ մի պատժիչ գործողություն չեն իրականացնում, որպեսզի ապահովեն իրենց քաղաքացիների անվտանգությունը: Եթե այսպես շարունակվի, մի օր էլ թշնամին մայրաքաղաք կհասնի: Մենք կորցրել ենք մեր անվտանգությունը սեփական երկրում, էլ ի՞նչ ապագա նրանց հետ»,- նշում է Երեւանի բնակիչ 41-ամյա Արամայիսը :

«Այո, ես վստահ եմ, որ Հայաստանում ապագա կա, սակայն ոչ այս իշխանությունների հետ: Նրանք քայքայեցին, պառակտեցին եւ թուլացրեցին երկիրը: Խնդիրը միայն պատերազմում պարտվելը չէ: Դրանից առաջ եւ հետո էլ Փաշինյանն ու իր թիմը արդյունավետ եւ օգտակար ոչինչ չարեցին երկրի համար: Նրանք շատ լավ խոսում են, սակայն չեն գործում: Այնպիսի տպավորություն է, ասես երկրում քաոս լինի: Եթե այս իշխանությունները վերընտրվեն, կարելի է մտածել երկիրը լքելու մասին»,- ասում է 38-ամյա Կարինեն :

Շատ են նաեւ այն մարդիկ, որոնք պատրաստվում են չմասնակցել գալիք ընտրություններին.

«Ես եւ իմ հարազատներից շատերը որոշել ենք բոյկոտել այս ընտրությունները` չմասնակցելով դրանց: Մենք ապագա չենք տեսնում ոչ այս իշխանությունների եւ ոչ էլ նախկին ղեկավարությունների հետ: Իսկ նոր ուժ, որը կարող է իրապես ապագա ստեղծել մեր երկրում, չկա: Երկրի արտաքին պարտքը օր օրի աճում է,արտաքին ու ներքին անվտանգությունը գնալով նվազում, բավարար թվով աշխատատեղեր չկան, էլ ի՞նչ ապագայի մասին են խոսում այս իշխանությունները, որոնք ձախողեցին բազում ոլորտներ: Սակայն արդարության համար ասեմ, որ այս բոլորը երկար տարիների խնդիրներ են :Բայց մեկ բան հստակ է` այս իշխանությունները թույլ են երկիրը կառավարելու համար»,-հայտնում է պատերազմի մասնակից 26-ամյա Գուրգենը :

Քաղաքացիների հետ զրույցները փաստում են, որ ժողովուրդը հուսախաբ է եղած իշխանություններից, չնայած Նիկոլ Փաշինյանի իշխանության վստահելի համբավի մասին խոսող վիճակագրական տվյալներին: Մայիսի 28-ը մենք նշեցինք առանց Շուշիի, մի Հայաստանում, ուր անարգել ներխուժել է թշնամին եւ շարունակում է մնալ անպատիժ: Այսքանից հետո կա՞ ապագա այս երկրի եւ այս իշխանությունների հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 18-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ