RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25 > #025, 2021-07-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 18-06-2021



ՍՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-06-24 23:47:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 291, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՐՈՂ ՔԵՆ ՃԱՆՃԻԿՅԱՆԻ ՀԵՏ

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագիր Ալին Գրիգորյանը հեռախոսային հարցազրույց է ունեցել վաշինգտոնյան արվարձաններից մեկում բնակվող ամերիկահայ գրող Քեն Ճաճիկյանի հետ, վերջերս լույս տեսած նրա «Cerebral Offer» (Խճճված առաջարկ) վերնագրով նոր վեպի առթիվ եւ որոշ մանրամասներ պարզել նրան հետաքրքրող թեմաների վերաբերյալ:

«Ես որոշեցի այս գրքում ի մի բերել այն բոլոր հետաքրքրությունները, որոնք բուռն զգացմունքներ են առաջացնում իմ մեջ: Դրանց թվում են Սան Ֆրանցիսկոն, հատկապես նրա անցյալ ժամանակները, կինոնկարներ դիտելը, «բիթ» սերնդի գրողները (Քերուակ), Քենեդիի դավադրական սպանությունը, գինին, կանայք եւ կամուրջներից անցնելու վախը», խոստովանել է Ճանճիկյանը: Նա նշել է, որ գրքի գլխավոր անձնավորությունը կինոթատրոնի սեփականատեր Հարրի Գնոստոպուլոսն է: Վերջինս իր ոչ-եկամտաբեր կինոթատրոնը փրկելուց բացի, պարտավոր է կարգավորել նաեւ իր ընտանեկան ձախողված հարաբերությունները, բայց ընկնում է իր տարօրինակ ընկերոջՙ գրող Ջեկսոն Հալիֆաքսի ազդեցության տակ եւ ավելի խճճում իր կյանքը: Դանանՙ իր սիրուհին, խորհուրդ է տալիս վաճառել կինոթատրոնը եւ մի ուրիշ վայր տեղափոխվել, բայց Հարրիի սիրտը կպած է մնում այս քաղաքինՙ Սան Ֆրանցիսկոյին, որտեղ ժամանակին հիփփիներն էին եւ ազատ սիրո կողմնակիցները: Բոհեմական կյանքը շատերին էր ոգեշնչում: Ներկայիս այն դարձել էր յոթանիշ թվերի հարստության տեր անշարժ գույքի եւ ինտերնետի մագնատների բնօրրանը եւ կորցրել իր հմայքը: Սակայն կապվածությունը մնացել էր, եւ Հարրին չէր ցանկանում հեռանալ այնտեղից:

«Կինոթատրոնը այսօր էլ գործում է նույն վայրում: Բայց մենք, ի վերջո, ստիպված տեղափոխվեցինք նախ Մերիլենդ եւ ապա Վաշինգտոն: Գրքում կա նաեւ անկայուն, վերիվայրումներով հագեցած ռոմանտիկական պատմություն», հավելել է Ճանճիկյանը, որ ծնվել եւ հասակ է առել Մասաչուսեթսում: Հետագայում ապրել է նաեւ Ուոթերթաունում եւ Բելմոնտում: Ավարտել է Բելմոնտի ավագ դպրոցը եւ շարունակել ուսումը Վուստերի Կլարք համալսարանում: Մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Քեմբրիջի Լեսլի համալսարանից եւ որոշ դասընթացների հետեւել Հռոմի «Սեյնտ Ջոն» համալսարանում: Կնոջը հանդիպել է 2009-ին, եւ նրա աշխատանքի պատճառով է, որ տեղափոխվել է Վաշինգտոն: Կինը գիտնական է եւ աշխատակցում է «Քաղցկեղի ազգային ինստիտուտի տեղեկագիր» հանդեսին: Իսկ Ճանճիկյանն ինքը 2012-ից Ամերիկյան համալսարանի դեկանի տեղակալն է: Նախաձեռնել է ELTA-իՙ Անգլերեն լեզվի դասավանդման եւ գործնական ուսուցման ակադեմիայի ստեղծումը: Դրանից առաջ դասավանդել է Հարվարդ համալսարանի անգլերեն լեզվի ֆակուլտետում: Հրատարակված ունի երկու այլ գրքերՙ «Gone West» (վիպակների հավաքածու) եւ «Defending Infinity» (վեպ) խորագրերով: Թագավարակի ժամանակահատվածում «բիթ» սերնդի ներկայացուցիչ Քերուակի մասին սցենար է գրել եւ ավարտել մեկ այլ վեպՙ «Confluence at Cafe՛ Zurich» (Ճակատագրի բախում Ցյուրիխ սրճարանում) վերնագրով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 18-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ