RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23 > #029, 2021-08-12 > #030, 2021-08-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 23-07-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-07-29 22:35:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 580, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՆՔՙ ՀԱՂԹԵԼ ԵՍ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Վաղըՙ հուլիսի 24-ին ժամը 11-14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հայ հանրությունը հրաժեշտ կտա ծիրանափողի վարպետինՙ Ջիվան Գասպարյանին, որի մարմինը նույն օրը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում: Ստորեւ երկու վերհուշ Արտիստիՙ Գերմանիայում ունեցած համերգներից:

Հուլիսի 6-ինՙ Ջիվան Գասպարյանի երկրային հրաժեշտի առիթով, ի թիվս այլ ցավակցագրերի, թվիթերում հայտնվեց WOMEX- ի գրառումը: «Մեզ լքեց Մեծ երաժիշտըՙ հայ երգահան եւ WOMEX-2002-ի մրցանակակիր Ջիվան Գասպարյանը: Նա միջազգային ճանաչում ուներՙ որպես դուդուկի վիրտուոզ կատարող եւ հայ մշակույթի դեսպան: Հանգչի՛ր խաղաղությամբ, Ջիվա՛ն Գասպարյան»:

2002 թվականի հոկտեմբերի 24-ին գերմանական Էսսեն քաղաքում բացվեց WOMEX-2002-ը (World Music Expo), եւ ես առաջին անգամ ծանոթացա երաժշտական այդ խայտաբղետ հարթակին: WOMEX-ի հետաքրքրության դաշտում են աշխարհում գոյություն ունեցող տարագույն երաժշտությունը, դրա ծագումնաբանությունը, արմատները, ազգագրական, ավանդական, տեղական հենքը: WOMEX-ը մի ցանց է, որ իրար է շաղկապում երաժշտության աշխարհում արդեն սիրվածն ու դեռեւս լայն հասարակայնությանն անծանոթ ձայները, երաժշտատեսաբաններին ու լրագրողներին, պրոդյուսերներին ու արտիստներին, երաժշտական բիզնեսով զբաղվող մարդկանց: Երաժշտության տոնավաճառ լինելով հանդերձՙ WOMEX-ը յուրաքանչյուր տարի նոր, թարմ գաղափարների, փոխհաղորդակցության, վերալիցքավորման անսպառ պոտենցիալով է ներկայանումՙ իր կազմակերպած կոնֆերանսներում ձայնի իրավունք շնորհելով տարբեր երկրներից հետաքրքրություն ցուցաբերած պրոֆեսիոնալ մասնակիցների: Առաջին անգամ WOMEX-ը կազմակերպվել է 1994-ին Բեռլինում, այդուհետՙ 1995-ին Բրյուսելում, 1997-ին Մարսելում, 1998-ին Ստոկհոլմում, 1999, 2000-ին Բեռլինում, 2001-ին Ռոտերդամում: Շատ տպավորիչ էրՙ 2002-ին Էսսենի Ցեշը Ցոլֆերայնում մատուցվող Էքսպոն ներկայացնում էր մի քանի սրահՙ աֆրիկյան, ասիական, ավստրալա-օվկիանական, եվրոպական, լատինամերիկյան, հյուսիսամերիկյան: Շատ էի զարմացել, ավելի շուտՙ տխրել. WOMEX-ի մասնակիցների ստվարածավալ ցուցակներում հայկական կամ հայաստանյան ներկայություն չկար, չէր եղել: Փոխարենըՙ հպարտանալու առիթ իսկապես ներկայացավ. WOMEX-2002-ի մրցանակը շնորհվեց մեր լեգենդինՙ Ջիվան Գասպարյանին :

«Նավթ, նորանոր խմորումներ, աղետ...Կովկասն ավելին է առաջարկում, վկաՙ յուրաքանչյուրիս հետ խոսակցող Ջիվան Գասպարյանի դուդուկի ոգին»: Այսպես էր արտահայտվել Ջաանա-Մարիա Ջուկկարան հայկական երաժշտական ժառանգության ու մասնավորապես WOMEX-2002-ի մրցանակակիր Ջիվան Գասպարյանի մասինՙ համառոտ իր հոդվածում: Խոսելով հայկական երաժշտության կրած թուրքական, քրդական, իրանական, գնչուական ազդեցությունների մասին, հոդվածագիրն այնուհետեւ որպես զուտ հայկական նվագարան առանձնացնում էր դուդուկըՙ «ասում են, նրա տաք, մեղմ, մելամաղձոտ հնչերանգը լավագույնս է արտահայտում Հայաստանի ողբի ու հույսի միջեւ բզկտված ոգին»:

74-ամյա Ջիվան Գասպարյանը միակ մրցանակակիրն է, իսկ խորհրդանշական պարգեւըՙ 6000-ամյա հնություն ունեցող նեոլիթյան դարաշրջանի մայրության աստվածուհու արձանիկի (գտնվել է ժամանակակից Թուրքիայի Հաչիլար բնակավայրում) կրկնօրինակը նրան է հանձնվում հոկտեմբերի 27-ին: Օրը պատահակա՞ն էր ընտրվել. Ոչինչ պատահական չի լինումՙ մեր բզկտված հոգին սպեղանի է ուզում, մեր ընկճված ոգին հաղթանակի կարոտ է:

WOMEX-2002-ի միակ մրցանակակիրը մեր հիշողության հոկտեմբեր 27-ը սրբագրեց

1800 մասնագիտացված այցելու 80 երկրներից, 200 լրագրող, մոտավորապես 400 արվեստագետ, 47 համերգ, 36 կոնֆերանս: Էսսեն քաղաքի Ցեշը Ցոլֆերայնում հոկտեմբեր 27-ին պատմությանն ի պահ տրվեց WOMEX-2002-ըՙ 4 օրերի ընթացքում անընդհատ հիշեցնելով 2002-ի միակ մրցանակակրիՙ 74-ամյա դուդուկահար Ջիվան Գասպարյանի անունը: «Ֆանտաստիկ արտիստի, կենդանի լեգենդի, մեր ժամանակների վիրտուոզ կատարողի» (Էսսենում նրան այսպես էին անվանում) հետ հանդիպման քիչ մարդ չէր եկել: Հայերը սպասվածից ավելի սակավաթիվ էին, սակայն աշխարհի տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու երաժշտագետները դատարկ աթոռներ չէին թողել դահլիճում:«Պարգեւներ իմ կյանքում շատ եմ ունեցել, բայց սա ինձ համար ամենահիշարժանն է, հոկտեմբերի 12-ին իմ տարեդարձն էր, այդ օրն իմացա մրցանակի մասին, սա իմ տարեդարձի ամենամեծ անակնկալն էր: Շնորհակալություն ժյուրիին», մրցանակըՙ 6000-ամյա հնության մայրության աստվածուհու փայտե կրկնաքանդակը համբուրելով, բեմից ասաց Ջիվան Գասպարյանն ու գնաց ետնաբեմՙ բեմական իր տարազը հագնելու: Մինչ կգար, նրա մենեջերուհի կես լեհ, կես հունգար Եվա Շկալլան երկու պատմություն պատմեց: «6 տարեկան էր, երբ սկսեց դուդուկ նվագել: Էկրանից ցուցադրվող համր ֆիլմերը հաճախ էին դուդուկի հնչյուններով խոսուն դարձնում: Լսեց ու որոշեց, որ անպայման ինքն էլ այդպիսի փայտե գլանից մեղեդի պիտի քամի: Ու երբ անորակ գործիքից մեկ տարի անց սկսեց եղանակ հանել, դուդուկը նրան տված Վարպետը զարմացավՙ պատանուն մեկնելով իսկական նվագարան: Այդպես սկսվեց Ջիվան Գասպարյանի դուդուկով երկխոսությունն աշխարհի հետ: Շատ տարիներ առաջ, պատմությունը շարունակեց տիկին Շկալլան, երբ դեռ երիտասարդ էր, պիտի նվագեր Կրեմլում, Ստալինի առջեւ: Ջիվանը դողում էր, Ստալինը համերգից հետո մատով կանչել էր նրան: Հետո պարզվեցՙ «Պոբեդա» ժամացույց էր նվիրելուՙ «Ջիվանինՙ Ստալինից» մակագրությամբ: Ժամացույցն ինչի՞ն էր պետք, երբ քաղցած էր: Ծախեց, ինքն ու ընկերները մի քանի օր կուշտ կերան: Հիմա փնտրում ենք ժամացույցը, ո՞վ գիտե, միգուցե լրագրողներից մեկնումեկը հայտնաբերի», ասաց Եվա Շկալանՙ բազմազգ լսարանին դիմելով:

Գասպարյանն իր խմբի երկու անդամների հետ, հիացական ծափողջույններին «տեղի տվող» ակնթարթային դադարներով, 45 րոպե անընդհատ նվագեց: Ծանոթ մեղեդիներն այնքան լավ էր հանգուցել միմյանց, որ դրանց անծանոթ ունկնդրին կթվար, թե այդպես էր, որ կար: Ներկաները համամիտ եղան, երբ կարծիքս փոխանցեցիՙ երեք գործիքով բեմի վրա այնպիսի հագեցածություն կար, որ երբեմն մի ողջ նվագախմբի տպավորություն էր թողնում: Հետո «Քոչարիի» մեղեդու տակ պարային մեկ-երկու սահուն շարժում, վերջում էլՙ զուռնայի կանչ: Խոստովանում եմՙ պատկերացնել անգամ չէի կարող, թե ինչպես է հնչում հարսանիքների «լաչառ» զուռնան, երբ ձեռքն է առնում Ջիվան Գասպարյանը: Այս փայտե իրն էլ Արտիստին «հանձնվեց»...Մտքիս պաստառին ուղղակի շարվում էՙ « Ընդ եղեգան փող ծուխ ելանէր, ընդ եղեգան փող բոց ելանէր»... Դրսում քամին պտտահողմ է կերտում, ներսումՙ Ջիվանի ունկնդիրն է փոթորկումՙ ծափերը չեն հանդարտվում, ինքնագրեր, շնորհավորանքներ:

Հերթը վերջապես իմ հարցերին հասավ: Ձայնագրիչս շատերին հունից հանեցՙ ուզում ենք լուսանկարվել, ձեւակերպեցին գերմանաբնակ հայրենակիցներս, որ ծաղիկների մեծ փնջեր բեմ արդեն ուղարկել էին, ծանոթներից հարցուփորձել-վերջացրել ու մնում էր հպարտանալու ամենաակնհայտ ակցիանՙ պատմական փաստ դարձնել իրենց հանդիպումը Ջիվան Գասպարյանի հետ: Լուսանկարչական չխչխկոցը վերջ չունի... Ես էլ Եվա Շկալլային հարցեր ուղղեցի: «Մոտավորապես 15 տարի առաջ էր: Մեկն ինձ նրա սկավառակն էր տվել, երաժշտությունը շատ սիրեցի, առիթ էի փնտրում Ջիվանին հանդիպելու: Այդ օրը եկավ, հանդիպեցինք Բելգիայում, 7 տարի առաջ, սկսեցինք իրար հետ աշխատել: Այս մրցանակն ինձ հետ կապ չունի: Ես Իտալիայում էի, ինձ զանգահարեցին ու տեղեկացրին, թե Ջիվանին մրցանակ են ուզում տալ: Ժյուրին էր, որ որոշեց պարգեւատրել: Հայաստանում 2 անգամ եմ եղել, մի անգամ ձայնագրության, մյուսը Ջիվանի համերգը կազմակերպելու առիթով: Հաջորդ համերգը դեկտեմբերին Լոնդոնում է լինելու, Մանուկյան հիմնադրամի աջակցությամբ, նորակառույց հայկական եկեղեցում», տեղեկացրեց մենեջերուհին:

Ֆրանսիական ռադիոն Վարպետին ուղղված իմ մեծ հարցաշարը անդամահատեց: Փոխարենը նրանց տված մի հարց ինձ էլ, խոստովանեմ, շատ էր հետաքրքրումՙ «Փիթըր Գաբրիելի ուղարկած նվերը մինչեւ հիմա բաց չեք արել, հետաքրքրական չէ՞»: «Ինչ էլ ուղարկած լինի իմ բարեկամը, ինձ համար թանկ է: Նշանակում էՙ ինձ չի մոռացել, ասաց Գասպարյանըՙ ստվարաթղթե պատյանից «Երկիր մոլորակ» անգլերեն գիրքը հանելով:

Մաեստրոն շատ է հոգնած, նրա երկնագույն աչքերն ուզում են, որ կարճ կապեմ:

- Կարելի՞ է ասել, թե փառքը հետապնդում է համաշխարհային ճանաչում ունեցող 74-ամյա Ջիվան Գասպարյանին:

- Անկեղծ ասեմՙ միշտ լավն եմ եղել: Տարիքն արվեստի հետ կապ չունի: Ինչպես Սայաթ-Նովան է ասումՙ տարիքը մարդուն իմաստություն է տալիս: Մարդ պետք է ջիգյար, հոգի ունենա եւ լավ նվագի, ուրիշ բան պետք չէ:

- Տաղանդավոր դուդուկահարներ շատ ենք ունեցել, բայց ոչ մեկը, բացի ձեզնից համաշխարհային բեմ չի բարձրացել: Սա ինչպե՞ս եք բացատրում:

- Անբացատրելի է: Վաչե Հովսեփյանը, Մարգար Մարգարյանը, Լեւոն Մադոյանն ինձ համար մեծություններ են, նրանց միշտ հարգում եմ, նրանց մեծության շնորհիվ ես այսօր փայլում եմ:

- Մորը նվիրված մի երգ երգեցիք, շատ էիք հուզված: Ձե՞ր մորն էր նվիրված:

- Այո: Մորս կորցրել եմ շատ վաղ հասակումՙ 8 տարեկանում: Դա իմ երգն է, ես եմ գրել, նվիրել եմ մայրերին:

- Ջիվան Գասպարյանի ընտանիքն նպաստո՞ւմ է, որ նա մեծ բեմերի արտիստ մնա:

- Այո: Շատ բան են անում: Իմ նազը տանում են:

- Ստալինը երեւի միակ ղեկավարը չէր, որ ձեր նկատմամբ ուշադիր էր:

- Ղեկավարների հետ կապ չունեմ: Ես երաժիշտ մարդ եմ, պոլիտիկայով չեմ զբաղվում: Եթե իրենց պետք եմ եղել, հրավիրել են, բոլոր ժամանակներում ինձ սիրել են:

- Ի՞նչ բեմ է, որ դեռեւս Ջիվան Գասպարյանը չի բարձրացել:

- Այդպիսի բան չունեմ հիշելու:

- Կա՞ մի բան, որ դեռ չեք հասցրել անել, ինչի համար ափսոսում եք հիմա:

- Ոչ: Շնորհակալ եմ հա՛մ իմ բախտից, հա՛մ ինձնից:

- Ցանկություն ունեիքՙ Երեւանում դուդուկահարների դպրոց բաց անել:

- Շուտով կլինի, կառավարությունն արդեն թույլատրել է: Առանձին դպրոց է Ջիվան Գասպարյան անունով: Նոր, ճիշտ աշակերտներ պիտի պատրաստեմ, որպեսզի ոչ թե զուռնաչի լինեն, սազանդար, քեֆերի, ֆլան-ֆստան, այլ դառնան իսկական արտիստ, աշխարհի պատմություն իմանան:

- 3 տարի առաջ էր, բայց այսօր էլՙ հոկտեմբեր 27-ին դառը հիշողություն է արթնանում մեր մեջ: Հայաստանից օտարության ճամփան բռնած մեր հայրենակիցներից շատերը Հայաստանում ապագա չեն տեսնում: Դուք ի՞նչ ապագա եք տեսնում Հայաստանում:

- Հայաստանում ծնվել եմ, Հայաստանում էլ կմեռնեմ: Հայաստանի համար շատ մեծ ապագա եմ տեսնում. Հայաստանը պիտի ծաղկի, պիտի դառնա աշխարհի լավագույն երկրներից մեկը: Ո՞նց կարող է Հայաստանը տապալվել, այդպիսի բան չի լինի: Ժամանակավոր բաներ են սրանք, մենք այդպիսի՞՜ բաներ ենք տեսելՙ 41 թվի պատերազմ, 37-ի սով, 15-ի Ջարդ ենք տեսել... մենք շատ լավ պիտի ապրենք... ամեն օր երկիրն առաջ է գնում :Իմ երեխաները Լոս Անջելեսում են ապրում, թոռնիկներս, բալիկներս, բոլորը պիտի գան, ոչ մեկը տունը չի ծախել, իհարկե՛ պիտի գան: Նեղ օրեր են, մարդիկ նեղ օրերից ստիպված են գնում, ուրիշ բաներից չեն գնում: Հողն ու ջուրն աշխարհում ամենաքաղցր բանն են:

«Իսկ մենք էլ խոսք ենք տալիս վերադառնալ Հայաստան», մեր զրույցին ունկնդիր նախկին հայաստանցիներն են ձայնակցում: Տունդարձի մասին այսպես բազմաձայն առաջին անգամ եմ լսում: Միգուցե սա էր հուշել զուռնայի կանչը նրանց ականջին...

Բետոնե ականջ պիտի ունենաս, որ չհուզվես

2013 թվականի փետրվարին Ջիվան Գասպարյանը Համբուրգում մասնակցում էր հոգեւոր երաժշտության փառատոնին:

«Գասպարյանի դուդուկը ճիշտ սրտի հետ է խոսում», գերմանական «Դի վելթի» փետրվարի 14-ի համարում Թոմ Ռ. Շուլցը այս բնորոշմամբ բացեց Արտիստիՙ երկրպագուներին գերելու գաղտնիքը: Նույն օրը Ալթոնա մշակութային եկեղեցում պիտի կայանար Ջիվան Գասպարյանի համերգը: Համբուրգում առաջին անգամ էր անցկացվում «Lux aeterna» անվանյալ հոգեւոր երաժշտության փառատոնը, որի շրջանակներում, ի թիվս աշխարհահռչակ այլ անունների, հրավիրվել էր մասնակցելու Ջիվան Գասպարյանը: Համբուրգի էլբֆիլհարմոնիան Գերմանիայում առաջին անգամ էր կազմակերպում հոգեւոր երաժշտության փառատոն: Նախատեսված էր 20 միջոցառում: Մոնթեվերդիի 400 տարվա ժամերգությամբ փետրվարի 2-ին հանդիսավորապես բացված փառատոնը հարթակ էր միջազգային կայացած տարբեր երաժիշտների ու խմբերի համարՙ ներկայացնելու այն հոգեւոր պաշարը, որի ամբարումը լավագույն վիտամինն է արդի գլոբալացվող աշխարհում:

«Ի նշան ուրախության եւ հաղթանակիՙ շեփոր ենք հնչեցնում, իսկ վիշտն ու խոնարհությունն արտահայտվում են երաժշտական մի գործիքով, որի ձայնը, մի անգամ լսելուց հետո, այլեւս անհնար է մոռանալ: Միայն Հայաստանում է աճում այն ծիրանենին, որիցՙՙ հոբոյի նման այս գործիքն են ստանում, եւ որը դարեր ի վեր հայերը ծիրանափող են անվանում: Ռուսներն այս բառը չեն կարողացել արտասանել, «դուդկա» անունն են տվել, այստեղից էլՙ դուդուկ ուրախ բառը: Ջիվան Գասպարյանի շնորհիվ է, որ այս համեստ փողն աշխարհում իր հաղթական երթն ունի», գրել էր Թոմ Ռ. Շուլցը:

Երաժշտության պատկառելի շտեմարան ունեցող Գերմանիայում նույնքան ազդեցիկ հոդվածներ են գրվում, որ կարդացվում են, հանրային քննարկման արժանանում: Հաստատ կզարմանաք, երբ ասեմ, թե «Դի վելթի» հիշատակածս հոդվածը մեկ տարի անցՙ 2014-ին պատահաբար աչքովս ընկավ Գերմանիայի արեւմուտքի բժշկական կլինիկաներից մեկում: Ջիվան Գասպարյանի լուսանկարով հոդվածը կտրել, շրջանակել, փակցրել էին պատինՙ Ջիվանի եւ ինչո՞ւ ոչՙ ընթերցանության բուժիչ ազդեցությունը հաշվի առնելով: Միգուցե ես էլ նո՛ւյնն անեմ:

«Մի 15 տարով ավելի երիտասարդ տեսք ունեցող 84-ամյա Ջիվան Գասպարյանը դժվար է քայլում. 3 տարի առաջ ձայնագրման մի ստուդիայում սայթաքել, աջ ազդրը կոտրել է: Աչքերում կենսախնդություն կա, բայց դրա հետ մեկտեղՙ թախծելու առիթ էլՙՙ փեսանՙ կրտսեր Ջիվան Գասպարյանի հայրը մահացել է, ու ինչպես նախատեսված էր, Համբուրգում թոռը պապի հետ բեմ չի բարձրանա, Հայաստանում էՙ հոր թաղման հարցերով է զբաղվում: Ջիվան Գասպարյանը հպարտ պատմում է, որ Երեւանի կարեւոր մի վայրում իր 85-ամյակի առթիվ քարե հուշարձան են կանգնեցնելու, թվարկում է այն բոլոր շքանշաններն ու մրցանակները, որ երկարամյա իր կյանքի ընթացքում վաստակել է, դասականի, ռոքի, փոփի, ջազի մեծությունների հետ բեմ բարձրացել, Սթինգից մինչեւ Փիթեր Գաբրիել, Ցուկկերոյից մինչեւ Բրայան Մեյ, Քրոնոս քառյակ, ճանաչված նվագախմբեր... մի շարք ֆիլմերի անուն է հիշատակում, որտեղ իր երաժշտությունն է հնչումՙ «Մեռած մարդը քայլում է», «Գլադիատոր»: Իսկապես բետոնե ականջ պիտի ունենաս, որ չհուզվես դուդուկի ջերմ հնչյունն ունկնդրելիս, որին Գասպարյանը սրտակից, սարսռազդու թրթիռ է հաղորդում: Նրա մեղեդիներն առկայծում են, ինչպես քամու սպառնալիքի տակ հանգչող մոմի լույս», գրել էր «Դի վելթի» հոդվածագիրը:

«Ջիվան Գասպարյանը հպարտ հայ է: «Հայկական ծիրանն աշխարհում լավագույնն է»: Վարպետը գերմանացի լրագրողին է ասելՙ «մեր հողը, ջուրը, արեւը: Տեսեք, ցույց է տալիս դուդուկի հետեւի կողմում բաց գույնի մի կետ, փայտն այնքան պինդ է, որ վրան քսված նյութը չի ընդունել»: Լեռնային երկրի ջուրը, բազալտի հաստ շերտը հաղթահարելով ճանապարհ է հարթում, ու ամրացնում է փայտը, հայկական կոնյակն էլ դարձնում անբաղդատելի: Ջիվան Գասպարյանը, որ 15 տարի է, ինչ տարվա կեսը Լոս Անջելեսում է ապրում, սքանչանում է իր հայրերի երկրով: Պատմում է, որ սկզբում հովիվներն են դուդուկ նվագել, հետո հիշատակում է հայ ուրիշ հաջողակ դուդուկահարներիՙ Լեւոն Մինասյանն ու Արման Ամարն ամենահայտնի անուններն են: Խորհրդային ժամանակներում էլ, թեպետ կոմունիստական կուսակցության անդամ չի եղել, բայց անարգել ճամփորդել է: 1959-ին ԽՍՀՄ 280 ուրիշ երաժիշտների հետ 3-ամսյա շրջագայության է մեկնել ԱՄՆ: Երբ Վիլյամ Սարոյանը լսել է նրա դուդուկը, ասել է. «Ջիվա՛ն, դու ոչ թե նվագում, այլ աղոթում ես»: «Դի վելթը» հիշատակել էր Ստալինի հետ Գասպարյանի հանդիպումը, նրան նվիրած ժամացույցի պատմությունը:

«Ստալինի համար Գասպարյանը նվագեց այն երգը, ինչ 40 տարի հետո Բրայան Էնոն լսեց ու արտասվեց. «I Will Not Be Sad In This World» (թրգմ.ՙ «Չեմ տխրի այս աշխարհում») դա ալբոմի վերնագիր դարձած երգն էր, որ Էնոն 1989-ին արեւմուտքում հրատարկել էր եւ որը Ջիվան Գասպարյանին համաշխարհային աստղերից մեկը դարձրեց», հոդվածն այսպես էր եզրափակել գերմանական «Դի վելթը»:

Հիմա ես եմ կրկնումՙ«Չեմ տխրի այս աշխարհում», որքան էլ քո հրաժեշտով պատերազմի թողած վերքն ավելի խորն եմ զգում, բայցՙ կաս, քանի որ հաղթել ես:

Նկար 1. Ջիվան Գասպարյանին իր հիացմունքն է փոխանցում Ադրբեջանի ԳԱԱ ճարտարապետության եւ արվեստի ինստիտուտի էթնոերաժշտագետ, պրոֆեսոր Սանուբար Բաղիրովան, մեջտեղում` հոդվածագիրը

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 23-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ