RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021



Տեղադրվել է` 2021-09-02 23:06:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2525, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2021 Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ: (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, Քաղաքական վերլուծաբան

«Ազգ»-ի նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Եվրասիական փորձագիտական ակումբն արդեն 7-րդ անգամ իր առաջատար գիտնական-փորձագետների ուժերով տնտեսագիտական հետազոտություն է իրականացրել Հայաստանի տնտեսության արդի վիճակի եւ տեսանելի հեռանկարների վերաբերյալ: Նախորդ համարում մենք ներկայացրել ենք տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի պատրաստած տեղեկանքի հիման վրա պատրաստված հոդվածը մեր վերլուծությամբ եւ մեկնաբանություններով: Այստեղ ներկայացնում ենք տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի հետազոտությունը մեր մեկնաբանություններով, վերլուծությամբ եւ որոշ առաջարկություններով:

Հայաստանի տնտեսությունը 2021թ. առաջին կիսամյակում

Ուսումնասիրվող ժամանակաշրջանում արձանագրվել է ապրանքաշրջանառության աճի տեմպ: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ մեր երկրի արտահանումն աճել է 23,34%-ով: Սա Հայաստանի ապրանքաշրջանառության վերականգնողական աճն է: Հիշեցնենք, որ 2020թ. հավաքական արտահանումը նվազել է 3,9%-ով: Այս տարվա առաջին կիսամյակում ԵԱՏՄ երկրներ արտահանումը աճել է 35,6%-ով: 2020թ. առաջին կիսամյակում արտահանումն այս ուղղությամբ նվազել էր 16,1%-ով: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Ղազախստան արտահանումն աճել է ավելի քան երկու անգամ ($2,3 մլն-ից մինչեւ $4,6 մլն.): Արտահանումը Հայաստանից Ռուսաստան աճել է 35,6% ($280 մլն.-ից հասնելով $380 մլն.): Արձանագրվել է նաեւ ԵԱՏՄ երկրների համախառն տոկոսային կշռի աճ մեր արտաքին առեւտրում: Եթե 2020թ. առաջին 6 ամիսներին արտահանումը ԵԱՏՄ երկրների ուղղությամբ կազմում էր ամբողջ արտահանման 25,0%, ապա 2021թ. առաջին կիսամյակում այդ ցուցանիշը կազմել է արդեն 27,6%:

Հարկ է նշել, որ 2021թ. առաջին կիսամյակում անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, գունավոր մետաղների արտահանումը աճել է 47,2%-ով: Եթե անցյալ տարվա առաջին կիսամյակում գունավոր մետաղների հանքաքարի արտահանումը կազմում էր համախառն արտահանման 30,3%, ապա այս տարի այդ ցուցանիշը կազմել է 36,2%: Գունավոր մետաղների հանքաքարը մեր արտահանման հիմնական հոդվածն է, սակայն այն, ինչպես նշում է պրոֆ. Աշոտ Թավադյանը , չի պարունակում բարձր ավելացված արժեք: Հարկ է ձեռնարկել որոշակի քայլեր Հայաստանի գունավոր մետաղագործության ոլորտը զարգացնելու համար: Դա կապահովեր նոր աշխատատեղեր եւ էապես կազդեր Հայաստանի տնտեսության հետագա զարգացման վրա: Ուշագրավ ցուցանիշներ են արձանագրվել արտահանման հիմնական հոդվածների գծով: Թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի արտահանումը կրճատվել է 13,5%: Ծխախոտի արտահանումը նվազել է 11,1%: Միաժամանակ ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային արտադրանքի արտահանումը աճել է 15,7%: Վերոհիշյալ ապրանքների արտահանման համախառն կշիռը 2019թ.-ին կազմում էր 37,7%, իսկ 2020թ.-ին կրճատվելով կազմեց 33,8%: Արդեն 2-րդ տարին է, ինչ կրճատվում է թեթեւ արդյունաբերության արտադրանքի արտահանումը, որի տեսակարար կշիռը 2018թ. կազմել էր 8,8%: 2021թ. առաջին կիսամյակում այդ ցուցանիշը ամբողջ արտահանման մեջ կազմել է միայն 4,6%: Սակայն նույնպես ուշագրավ է, որ 2021թ. առաջին կիսամյակում տրիկոտաժի եւ այլ արտադրանքի արտահանումը աճել է համապատասխանաբար 25,2% եւ 60,1%:

Պրոֆ. Ա.Թավադյանը կարծում է, որ վերածնված թեթեւ արդյունաբերությունը ունի ներուժՙ դառնալու լոկոմոտիվ Հայաստանի տնտեսական աճը ապահովելու համար: Ենթադրվում է, որ տեքստիլ եւ տրիկոտաժի արտադրանքի արտահանումը արձանագրելու է հետագա վերականգնողական աճ: Հայասստանի առաջնահերթություններից մեկը պետք է դարձնել թեթեւ արդյունաբերության ամրապնդման եւ աճի ապահովման գործը: Դա կարեւոր է, որովհետեւ ապահովում է զբաղվածության մակարդակի էական աճ:

Ներկրման դինամիկան համադրելի է արտահանման դինամիկային: Ուսումնասիրվող ժամանակահատվածում ներկրումն աճել է 7,9%; Առեւտրական սալդոն ունի դրական դինամիկա: Ներկրման եւ արտահանման միջեւ տարբերությունը կրճատվել է: Սա կարեւոր նշանակություն ունի Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար: Այժմ ներկրումը 1,59 անգամ ավելի է, քան արտահանումը: ԵԱՏՄ երկրներից արտահանումը աճել է 8,6% ($778 մլն.-ից հասնելով 844 մլն): Ռուսաստանյան դաշնությունից ներկրումն աճել է 8,9%: Հայաստանի ներկրման հիմնական հոդվածը վառելիքն է, որի աճը կազմել է 12%: 2020թ. ներկրման բոլոր հոդվածները կրճատման միտում ունեին: Սրա պատճառները կորոնավիրուսի համավարակն էր եւ ռազմական դրությունը, ինչպես նաեւ պատերզամից հետո հայկական տարադրամի կտրուկ արժեզրկումը: Սակայն այժմ, ինչպես եւ արտահանման դեպքում, ներկրման դեպքում եւս գրանցվում է վերականգնողական աճ:

Հետաքրքրական է, որ եթե 2017թ. դեպի Ռուսաստան արտահանման մեջ գերակշռում էին ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքները, ապա արդեն 2018թ.-ին, այնուհետեւ 2019թ.-ին արտահանումը դարձավ ավելի դիվերսիֆիկացված, եւ այդ միտումը շարունակական բնույթ ունի: Սա պերճախոս կերպով նույնպես ընդգծում է ԵԱՏՄ շուկայի կարեւորությունը Հայաստանի համար: Եվրասիական փորձագիտական ակումբը համոզված է, որ կենսականորեն անհրաժեշտ է օգտագործել ԵԱՏՄ բոլոր հնարավորությունները դեպի Ռուսաստան պատրաստի արտադրանքի ծավալները անընդհատ մեծացնելու համար: Սա վերաբերում է նաեւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին:

Հայաստան մտնող տրանսֆերտները արձանագրում են կրճատման դինամիկա: 2020թ. տրանսֆերտների հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմում էր 10,5%: 2019թ. այդ համամասնությունը կազմում էր 11,2%: 2013թ. այդ ցուցանիշը կազմում էր 19,7%: Եվ դա առավելագույն ցուցանիշի տարին էր: 2020թ. աշխատանքային միգրացիայի եւ տրանսֆերտների ցուցանիշները անհրաժեշտ է լրջորեն ուսումնասիրել, հասկանալու համար մեր օրերի միտումները: Սա ուղղակի կապ ունի նաեւ բանակցության տեղաշարժերի գործընթացները հասկանալու տեսանկյունից:

2020թ. կորոնավիրուսի համավարակի եւ օդային հաղորդակցության ընդհատումից հետո զբոսաշրջությունը Հայաստանում արձանագրում է վերականգնողական աճ: 2021թ. երկրորդ եռամսյակում Հայասստան է այցելել 153 հազար զբոսաշրջիկ, ինչը կազմում է նախքան համավարակը 2019թ. երկրորդ եռամսյակի 38%: Մենք կանխատեսում ենք, որ կառավարության եւ ոլորտի գործարարների համաձայնեցված եւ համատեղ ջանքերի միջոցով 2-3 տարում հնարավոր է վերականգնել 2019թ. մակարդակը:

Հայաստանի տնտեսության աճի հնարավորությունները Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի արդյունքում

Պրոֆ. Ա.Թավադյանը համոզված է, որ մեր երկրի տնտեսության մեջ ներդրումներն ավելացնելու համար անբավարար են լոկ «ներդրե՛ք, խնդրեմ» կոչերը: Դրա համար հարկ է լուծել մի քանի առանցքային հիմնախնդիրներ, որոնք բերում ենք ստորեւ:

Հայաստանի բոլոր շահութաբեր կազմակերպությունները փակ բաժնետիրական ընկերություններ են: Բաժնետոմսերի շուկայի փաստացի բացակայության պայմաններում շատ դժվար է ապահովել ներդրումների աճ: Բացակայում են ներդրումների կողմնորոշիչները: Ծայրահեղորեն անհրաժեշտ է մշակել վարչական եւ խրախուսող միջոցներ փակ բաժնետիրական ընկերությունները բացի վերածելու համար:

Հարկ է ճշտել հարկային քաղաքականությունը: Օրինակՙ հարեւան Վրաստանը, որն ունի Հայաստանի տնտեսության հետ համադրելի վիճակ, վարում է ներդրումները խրախուսող հարկային քաղաքականություն: Այս վիճակը պետք է անաչառ կերպով ուսումնասիրել, ապահովելու համար Հայաստանի տնտեսական ոլորտների գրավչությունը խոշոր ու միջին ներդրողների համար: Հարկ է, օրինակ, վերաձեւավորել հումքի արտահանման հետ կապված հարկային համակարգը:

Նկատի ունենալով արժեզրկումը, դրամավարկային քաղաքականությունը պետք է համապատասխանի էժան փողերի քաղաքականությանը: Վարկերի տոկոսադրույքները չպետք է խանգարեն տնտեսության աճին:

Հայաստանի կոռուպցիայի ընկալման ցուցանիշը աշխարհում 60-րդն է: Նույն Վրաստանը զբաղեցնում է 45-րդ տեղը: Անհրաժեշտ է չթուլացնող ջանքեր գործադրել կոռուպցիայի ցածր մակարդակ ունեցող 50 երկրների շարք մտնելու համար: Մենք պետք է հստակ հասկանանք, որ ներդրողները սրան կարեւոր նշանակություն են տալիս, որովհետեւ այս դեպքում կոռուպցիան ապրանքի արժեքը ավելացնում է 5% եւ ավելի:

Ներդրումների համար շատ կարեւոր են էներգակիրների համար ընդունելի գները: Հարկ է անընդհատ խորացնել եւ զարգացնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, դրանք զուգորդելով շուկայական հարաբերությունների զարգացմանը: Պրոֆ. Ա.Թավադյանը հիշեցնում է, որ ինքն արդեն մշակել է համապատասխան առաջարկություններ:

Հայաստանի կառավարությունը առանցքային դերակատարություն ունի ձեւավորելու համապատասխան գործառույթներ, որոնք օրենսդրորեն եւ կազմակերպչորեն կլուծեն արտահանող կազմակերպությունների հիմնախնդիրները եւ համապատասխան հարկային արտոնություններ կտրամադրեն նրանց: Հայաստանը ծով չունի, ունի փոքր տարածք եւ ոչ մեծ բնակչություն, մեծ չեն նաեւ մեր հանքային պաշարները: Մենք ինքնուրույն կերպով չենք կարող մրցակցել համաշխարհային շուկաներում: Դրա համար էլ մեր տնտեսությունը զարգացնելու համար մեզ հարկ է համագործակցել դաշնակիցների հետ անվտանգությունն ապահովելու (մասնավորապես` տնտեսական անվտանգությունը) նպատակով: Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցությունը Ռուսաստանի հետ պետք է սերտորեն միահյուսվի տնտեսական համագործակցությամբ: Անկարելի է ուրանալ, որ այս ոլորտները փոխկապակցված են: Առանցքային գործոն է դառնում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը: Պետք է լրջորեն մտածել այն մասին, որ այն դառնա մեր տնտեսությունն ամրապնդող լուրջ միջոց:

Եվ վերջապես: Հարկ է վարել իմաստուն քաղաքականություն եւ իվիճակի լինել վարելու հմուտ բանակցություններ Հարավային Կովկասը Ռուսաստանին միացնող բոլոր հաղորդակցության միջոցները վերագործարկելու համար: Այս ծանր գործընթացում է երեւալու, թե որքան է հմուտ մեր դիվանագիտությունը եւ որքան են մեր բանակցողները ի վիճակի առաջ տանելու տարածաշրջանային բարդ կծիկը քանդելու եւ բարիդրացիական հարաբերությունները ոչ ի հաշիվ մեր ազգային շահերի վերականգնելու գերբարդ գործը: Դրա համար հարկ է, որ հասարակության մեծամասնությունը հասկանա ընթացող գործընթացների տրամաբանությունը եւ աջակցի կառավարությանը իր ծրագիրը կենսագործելու դժվարին գործում:

Հայաստանի տնտեսության զարգացման որոշ ինտեգրացիոն ռեզերվներ

ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ Հայաստանի համար բացված են շատ հետաքրքրական հեռանկարներ, որոնք արդեն իսկ ազդում են տնտեսական ներուժը մեծացնելու վրա: Տնտեսության համակողմանի արդիականացման, կոոպերացիայի եւ մրցողունակության մեծացումը, Ռուսաստանի շուկայի առանձնահատկությունները նկատի ունենալով, դառնում են առաջնահերթություն Հայաստանի համար: Հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար հարկ է լրջորեն մտածել թափանցիկությունը մեծացնելու եւ երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները անընդհատ կատարելագործելու մասին: Դրան կնպաստեն միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացումը ԵԱՏՄ շրջանակներում: Նորից պետք է կարեւորել կոռուպցիայի մակարդակը իջեցնելու հարցը:

Միջնաժամկետ հեռանկարում շատ կարեւոր է վերջնականապես համահարթեցնել գները հանքային արտադրանքի նկատմամբ: Հանելով արտահանման տուրքերը, լրջորեն հնարավոր կլինի աճեցնել տնտեսությունն ու զբաղվածությունը: Ազատ մուտքը դեպի էժան էներգակիրներ (նախ եւ առաջ գազ) նպաստելու է ԵԱՏՄ անդամ-երկրների ձգտմանը` օգտագործելու աճի ներուժը: Սա հատկապես վերաբերում է փոքր տնտեսություն ունեցող Հայաստանին:

Հայաստանը արդեն զգացել է ԵԱՏՄ անդամակցությունից բխող դրական ազդեցությունները: Հայաստանի քաղաքական վերնախավում աննշան են ուժերը, որոնք լրջորեն վիճարկում են այս քաղաքական եւ տնտեսական իրողությունը: Խորհրդարանական քաղաքական ուժերի օբյեկտիվորեն առաջացած կոնսենսուսը Ռուսաստանի եւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ դաշնակցային հարաբերությունները զարգացնելու հարցում շատ հարմար հիմք է տնտեսական համագործակցությունը առաջ մղելու համար: Շատ կարեւոր է ի վիճակի լինել օգտագործել Ռուսաստանի հետաքրքրությունը մեր բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, ծանր մետաղագործության, դեղագործության, քիմիական արդյունաբերության եւ էլի մի քանի ոլորտների նկատմամբ: Կառավարության ստորաբաժումների գործունեությունը այս հարցում պետք է գտնվի Հայաստանի առաջատար քաղաքական ուժերի եւ հանրության ուշադրության կենտրոնում: Արժե ավելի քիչ խոսել եւ ավելի շատ գործել: Մեր ժողովրդի մեծ մասը դրան է սպասում:

Վերջում հավելենք, որ Եվրասիական փորձագիտական ակումբը այս հետազոտության ընդարձակ տարբերակը ներկայացնելու է կառավարությանը իբրեւ հասարակական աջակցության քայլ :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 03-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ