RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2021-09-09 22:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2785, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՐՍԻ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻ՞Ր. Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՄԵՆՔ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Գիտակից եւ զգայուն բոլոր հայերը զգում եւ գիտակցում են, որ երբ հայաստանյան ներքաղաքական կյանքում աղմկահարույց իրադարձությունների նոր կուտակումներ են պատահում- ձերբակալում, կալանավորում, դատական հետապնդումներ եւ այլ- ապա անպայման արտաքո կարգի զարգացումներ են պատահելու մեր երկրում եւ տարածաշրջանում: Քաղաքական յուրօրինակ կամուֆլաժ, որով փորձ է արվում հասարակության աչքի համար անթափանց դարձնել կատարվողն ու մանավանդ կատարվելիքը:

Արեւմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանին հասկացնել է տալիս, որ նպատակ չունի նրան թողնել մենակ թիավարել այսպես կոչված Հարավային Կովկասում, եւ որ նոյեմբերիննյան հայտարարությունն ու դեկտեմբերյան պայմանավորվածությունները չեն կարող կյանքի կոչվել առանց իրեն եւ իր պայմանների:

Եվրոպան, ի դեմս Ֆրանսիայի, խոստումնալից ներդրումների եւ Մինսկի խմբի ձեւաչափին վերադառնալու հեռանկարով եւ նոյեմբերիննյան հայտարարության սոսկ զինադադար լինելու շեշտադրմամբ փաստորեն փրկօղակ է գցում խեղդվող Հայաստանի առջեւ, որին կառչելու ուժը պակասում է մեզ առանց (ո՜վ հեգնանք) ռուսական օգնության:

Ռուսաստանը, որը ձգտում է ամեն գնով ամրապնդել ու տեւականացնել իր ներկայությունը մեր տարածաշրջանումՙ նույնիսկ հանդուրժելով ադրբեջանական ոտնձգությունները, որոնք առ ոչինչ են դարձնում տարածաշրջանային խաղաղության ձգտող նախկին բոլոր պայմանավորվածությունները, իր արտգործնախարար Լավրովի բերանով խոսում է Հայաստան-Թուրքիա մերձեցման (rapprochement) մասին, չթաքցնելով, 100 տարի անց, տարածաշրջանում դարձյալ գլխավոր բրոքերը լինելու իր հավակնությունըՙ միշտ ի վնաս մեզ:

Իրանը, որ թոհուբոհային այս զարգացումների ֆոնին զգուշավոր վերապահի դերն է ստանձնել, իրականում, ինչպես մատնանշում է մեր իրանագետ աշխատակիցը կողքի սյունակում, խիստ մտահոգված է տարածաշրջանային կոմունիկացիաների վերագործարկման ու նորերի կառուցման ծրագրերում իրեն շրջանցելու միտումներից: Դրա ապացույցներից մեկը, ամենաթարմը, նախորդ շաբաթ Կապանի հատվածում ադրբեջանական խուլիգանությունն էր, որի հետեւանքով ոչ միայն ներհայկական, այլեւ Իրան-Կովկաս միջազգային մայրուղու քառօրյա փակումն էրՙ Թեհրանին ուղղված անխոս սպառնալիքով: Եվ այս առումով հատկանշական է, որ Իրանն Ադրբեջանին, արդեն 2-րդ անգամ, առաջարկում է իր տարածքով մայրուղի կառուցել դեպի Նախիջեւանի Ինքնավար հանրապետություն, որից, ի դեպ, վաղուց ոչինչ չի մնացել հանրապետությունից, այն էլՙ ինքնավա՜ր հանրապետությունից, ոտնահարելով Կարսի տխրահռչակ պայմանագրի նաեւ այդ կետը:

Գալով Թուրքիային, որտեղից Նիկոլ Փաշինյանը, բացի շողոմ խոսքերից, միայն իրեն տեսանելի «դրական ազդակներ» է որսում, Անկարան «կայուն խաղաղության եւ առեւտրատնտեսական բարգավաճման» իր տարբերակն է առաջ քաշում, մեկ կողմից օգտագործելով Ադրբեջանը որպես պրոքսի (proxy), մյուս կողմից ոչինչ չանելով 28 տարի առաջ իր իսկ փակած ճանապարհային հանգույցներից որեւէ մեկը վերաբացելու ուղղությամբ, ներառյալ Կարս-Գյումրի երկաթուղին, որը կանոնավոր աշխատում էր նույնիսկ «երկաթյա վարագույրի» տարիներին... Անկարայի ուզածը, այժմ եւ միշտ, տարածքային ամբողջականության համաձայնագրի ստորագրումն է, դրա տակ հասկանալով ոչ միայն Ադրբեջանի (նկատի ունի Արցախը), այլեւ իր իսկ սահմանները: Այլ խոսքովՙ պահանջում է հրաժարում պահանջատիրությունիցՙ թե՛ տարածքային եւ թե՛ Ցեղասպանության փաստի ընդունման հիմքով, թեեւ հաստատ գիտի, որ ներկա պահին Հայաստանը ի վիճակի չէ որեւէ նախապայման ներկայացնելու, ինչպես չէրՙ 2009-ին, երբ պատրաստվում էին Ցյուրիխյան պրոտոկոլները, որոնք Անկարան մերժեց ստորագրելՙ «մեղքը» գցելով, իբր, Բաքվի վրա:

Իրերի այս կացության մեջ ի՞նչ ենք անում մենք, ոչ թե ի՞նչ կարող ենք, այլՙ ի՞նչ ենք անումՙ կառավարություն, ընդդիմություն եւ հանրություն: Շարունակել միմյանց մեղադրել գործած ու չգործած հանցանքների համա՞ր, որի ժամանակը հաստատ գալու է: Շարունակել հոխորտա՞լ, թե ժողովուրդը մեզ մանդատ է տվել, երբ նման մանդատ, համեմատաբար նվազ մեծությամբ, տրվել է նաեւ ընդդիմությանը: Բայց ի՞նչ մանդատ. ամեն ինչի համա՞ր, անօրինականությունների, տարածքներ զիջելու, կոռուպցիան շարունակելու համա՞ր: «Լայնամասշտաբ ու գունագեղ տոնակատարություններ» կազմակերպելու, քառօրյա արձակուրդային դժժոցով մեր զոհերին ու գերեվարվածներին «զվարճացնելու» համա՞ր: Հարազատ կորցրած մարդկանց անգամ զուռնա-դհոլ նվագել տալու համա՞ր:

Կարսի մի նոր պայմանագրի առաջ ենք կանգնած, Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը: Մինչդեռ Երրորդ հանրապետության հիմնադրման 30-ամյակի օրը պետք է լինի իսկապես լրջանալու պահ, պահՙ ճշմարտախոսության, բացախոսության, սխալներն ընդունելու, նոր սխալներ թույլ չտալու, հանրությանը չխաբելու, վտանգները խորաչափելու, անթույլատրելիի սահմանները հստակեցնելու եւ դրանք պարտադիր դարձնելու: Պահըՙ մեր պետականությունը վերահաստատելու, ամրացնելու եւ հզորացնելու, լրջությամբ, խոհեմությամբ եւ արժանապատվությամբ:

Վերջին իրադարձությունները, ձերբակալություններն ու խժդժությունները հուշում են, որ, Վ. Թեքեյանի բառերով, «Ահավոր բան մը այնտեղ կը կատարուի մութին մէջ»...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ