RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021



Տեղադրվել է` 2021-09-09 22:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2895, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԺԴԵՀԻ ՈՒՐՎԱԿԱՆԻ ՀՈՒՅՍԻՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանում քաղաքական կյանքի կառուցման մեխանիզմը արդեն տասնյակ տարիներով չի փոխվում եւ հենց հիմա աշխատում է այնպես, ինչպես քսան տարի առաջ: Մի փողատեր հայտարարում է, որ կուսակցություն է ստեղծում, ու սկսվում է գործընթաց, իշխանությունը փոխանցվում է մեկ կամ մի քանի օլիգարխի ֆինասավորած քաղաքական մեծամասնությանը, որի արդյունքը մենք մի քանի անգամ տեսել ենքՙ հիվանդ, օլիգարխիկ քաղաքական դաշտ, որը կարող է ստեղծել միայն օլիգարխիկ պետություն: Այդպես ժամանակին իշխանությունը փոխանցվել է ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ Սերժ Սարգսյանինՙ հարակից փողակառույց կուսակցությունների հենքով, եւ, մի փոքր միջնորդավորված եւ իբր ժողովրդային աջակցության քողով պատածՙ Նիկոլ Փաշինյանին, որն անշուշտ, ունի նեղ պահին վրա հասնող իր սրտի օլիգարխները, ասել է, թե այս իշխանությունը եւս օլիգարխներին չսպասարկել չի կարող, մանավանդՙ ֆինանսական սուղ հնարավորությունները ավելի խոցելի են դարձնում նրան մեր ասած տեսանկյունից էլ:

Իշխանության փոխանցման եւ տնտեսական լծակների պահպանման առումովՙ այս մեխանիզմը գործել է անխափան արդեն երեսուն տարի, երբեմն որոշ դետալային փոփոխություններ կրել ըստ ժամանակի թելադրանքի, բայց խորքում մնացել քաղաքական իշխանություն ձեւավորելու միակ ու ամենաավտորիտար եղանակը, որքան էլ բոլոր նոր եկող իշխանությունները ծածկվեին ընտրություններ անունով միջոցառումներով ու նրանց արդյունքներով, որոնք այդ ավտորիտարիզմի կցորդ միջոցներով եւ գործիքներով էին (են) ստեղծվում, ընդհուպ հարմար (սեփական եւ վերահսկելի) ընդդիմության ձեւավորումը: Բացառություն չէին նաեւ վերջին ընտրությունները:

Իսկ այժմ ծավալված մի գործընթաց վերը մեր ասածի լավագույն ապացույցն է: Ահաՙ Մանե Թանդիլյանը եւ Մեսրոպ Առաքելյանը (նախկին սոցապ նախարարներ) «Ապրելու երկիր» անունով կուսակցությունն են ձեւավորում նույն սկզբունքով. մի մեծահարուստՙ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Հայաստանում քաղաքականություն մտնելու մասին, տալիս է փողը, ու, այ քեզ հրաշք, ձեւավորվելու է Հայաստանը փրկող հերթական հրաշք կուսակցությունը: Բնականաբարՙ այդ կուսակցություն կգնան ոչ թե իրոք Հայաստանի ապագայով մտահոգ, նախկին ու ներկա իշխանությունների ճանապարհով չգնացող, իրոք կարողունակ ուժերը, որոնց համախմբմանն ու օրակարգ թելադրելուն տողերիս հեղինակն իրոք սպասում է, այլ տարբեր պատեհապաշտներ, որոնք միշտ փողի հոտն առածՙ վխտում են նոր ստեղծվող հերթական փողակուսակցության շուրջը, երկրի հերն էլ անիծած:

Իհարկե, Ռուբեն Վարդանյանի եւ նրաՙ Հայաստանում իրագործվող ծրագրերի դեմ ոչինչ չունենք, հարցը քաղաքական դաշտ ձեւավորելու այդ սկզբունքի մասին է, որը չի տանում ոչ մի տեղ: Մանավանդՙ տարածաշրջանային մեծ խաղացող պետություններում բիզնեսներ ունեցող Վարդանյանի պարագայում եւս ոչ ոք վստահ չէ, իսկ ավելի ստույգՙ համոզմունք կա, որ նա ազատ չէ այդ պետությունների թելադրանքներից (թող ների մեզ Ռուբեն Վարդանյանը, Հայաստանն այն վիճակում է, որ մեզնից ամեն ոք պետք է զգուշանա, զգուշացնի ու առանց ֆինանսական ուղղորդման գտնի ճշմարիտ ուղին, ու մեր դիրքորոշումն ամենեւին անշնորհակալություն չէ):

Դե հիմա Մանե Թանդիլյանն էլ այլեւս վստահություն չի ներշնչում, քանի որ պատգամավորական մանդատի վայր դնելն առողջական խնդիրներով պատճառաբանող Թանդիլյանն այդ պահին դեռ վստահություն էր ներշնչում (իհարկե ոչ մեզ, քանի որ գիտենք ամեն մեկի ծագումնաբանությունն ու քաղաքական դաշտ իջեցնողին), սակայն այն պահից, երբ նա Արցախում նախարար դարձավՙ պատերազմից հետո Արցախին օգտակար լինելու պատճառաբանությամբ, ու առողջությունն էլ կարծես դրան չէր խանգարում, միանգամից բոլորին տեսանելի եղավ, որ ով Մանե Թանդիլյանին գործուղել է քաղաքական դաշտ, դեռ այդ ֆիգուրից չի քամել այն բոլորը, ինչ կարող էր քամել:

Սակայն այս եղանակով քաղաքական դաշտի իմիտացիան, հին մեթոդների նորովի կիրառումը ոչ թե կարող է լուծել հետպատերազմյան Հայաստանի խնդիրները գոնե քաղաքական դաշտի վերբեռնման առումով, այլ, ընդհակառակը, խորացնել հիվանդությունն ու անբուժելի դարձնելՙ լուրջ վնասելով երկրին: Մենք շարունակում ենք զարմանալ, որ կարող նոր սերունդը, երկրին իրոք նվիրված միջին տարիքի մարդիկ համախմբման, անցյալ ու ներկա իշխանություններին երեք մատի կոմբինացիա ցույց տալու որեւէ լուրջ փորձ չեն անում, ոտքի չեն կանգնում պոպուլիզմից հեռու այն ազգային ուժերը, որոնք հարցադրում կանեն իշխանությանը, թե այդ ի՞նչ գնով ենք Թուրքիայի հետ հարաբերություն ուզում լավացնել, ինչից եք ուզում հրաժարվել, ուզո՞ւմ եք մոռանալ ցեղասպանված միլիոնուկես հայերի վրեժը եւ զիջե՞լ նրանց դատը, ուզում եք հրաժարվել հայերի հողային ու նյութական հատուցումների պահանջների՞ց, Թուրքիայի տարածքային ամբողջականություն ճանաչել այն դեպքում, երբ Թուրքիան ուրիշի, այդ թվում հայերի հողերի վրա կառուցված պետություն է: Ուզում եք Արցախի խնդիրն ամենավատթարագույն ձեւով փակե՞լՙ առեւտուր անելով դարավոր թշնամու հետ, մի՞թե կասկածում եք, որ դարավոր երկգլուխ թշնամին զիջումներից հետո անվերջ նոր զիջումներ է պարտադրելուՙ ժպտալով դեմքից եւ հոշոտելով վարագույրի հետեւից, այլապես Հայաստանի քթի տակ, Լաչինի բերանին թուրք-ադրբեջանական զորավարժություններ չեն կազմակերպի: Ախր դուք նման եք էն մարդուն, որի ընտանիքին մորթել են, իսկ նա վրեժ լուծելու փոխարենՙ սակարկում է, թե մորթված ընտանիքի ամեն անդամի դիմաց որքան է վճարելու մորթողը:

Ահա եւ մեզ հարկավոր է նոր մարդկանց այն դասը, որը ազդեցությունների ենթակա չէ եւ անսակարկ կբարձրացնի հայրենիքի խնդիրները, կկանգնեցնի արատավոր շրջանի պտույտը, որի անունը իշխանությունը դրել է խաղաղության դարաշրջանի սկիզբ, բայց իրականումՙ մեր բոլոր իրավունքներից, պատմական հիշողությունից, միջազգային դատերով մեր դարավոր թշնամուն մեր պահանջները ներկայացնելուց: Իսկ ո՞վ դա թույլ կտաՙ սփյուռքի հայերը դա թո՞ւյլ են տալու, Կարսում իմ պապի մորն այրած թուրքին ես ներելո՞ւ եմ հանուն առեւտրի: Ունեցե՞լ ենք, չէ՞ , Ազգային միացյալ կուսակցություն բռնապետական կարգերում, ինչո՞ւ դա հնարավոր չէ այսօր:

Շարունակում եմ պնդել, որ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատներն ու ապալեգիտիմացնի իշխանությանըՙ նրան զրկելով պողպատե մանդատի անվան տակ խաղաղության դարաշրջան անվանյալ ոչ հայանպաստ որոշումներից առաջ, եթե ինքն էլ ընդհանուր խաղի մասնակից չէ, գոնե այդպես կկարողանա ինչ-որ կերպ կասեցնել դեպի անդունդը գլորվող գնացքը:Այլապես կարելի է մտածել, որ խորհրդարանում բղավոց-ճղավոցը, տաք կրքերն ինչ-որ սցենարի մաս են, ինչ բովանդակություն էլ նրանք ունենան, որը զբաղեցնում է մարդկանց, մինչեւ մեկ կենտրոնում գցված վատթարագույն սցենարն իրակականա:

Թուրքերի հետ հարաբերություններիՙ Հայաստանի համար կորուստ-կորստի հետեւից բերող նախագծումը կարող է ճաք տալ, եթե պատասխանատվությունն ընկնի միայն իշխանական մեծամասնության վրա, այնտեղ էլ կան ի վերջո մարդիկ, որոնք հասկանում են, որ սերունդների անեծքի տակ ընկնել չեն կարող: Ընդհանրապես էլՙ իշխանությունն ու նրա ղեկավարն այս դեպքում գուցեեւ սթափվեն, քանի որ ծանր է ու համարյա անտանելի միայնակ պատասխանատվության բեռը: Եթե Հայաստանում ծավալվող աղմկոտ բոլոր իրադարձություններին նայես այս տեսակետից, միգուցե գտնվեն շատ մարդիկ, որոնք համարեն, որ պետք է կանգնեցնեն ոչ ճիշտ ուղով գլորվող անիվը:

Այս ֆոնին անհասկանալի է, թե ինչ տոն է ուզում նշել իշխանությունը սեպտեմբերի քսանմեկին, ինչ անկախության ու պետականության տոն, երբ սահմաններդ այլ երկրի զորք է պաշտպանում, գերիներիդ Բաքվի բանտերում տանջում են, ու դու չես կարող մի նոտա հղել տանջողին կամ իբր անվտանգություն ապահովող գործընկերոջդՙ անվերապահ ու առանց նախապայմանի պահանջելով վերադարձնել բոլոր գերիներին անխտիր, այլապես...

Հա, այլապեսի համար կամք է պետք, այլապեսի համար քաջություն է պետք, իսկ դրանցից ավելի կարեւորը երկիրդ կեղծ խաղաղասիրությունից բարձր դասելն է: Ի՞նչ անկախություն ու պետականություն է, երբ բոլոր որոշումներդ կայացվում են այլ երկրի (երկրների) իշխանական կուլիսներում, երբ տասնհինգ հազար զոհ ու վիրավոր ունես, երբ զոհերի տարին չի լրացել, իսկ դու առաջարկում ես փուչիկ ու պարբռնոցի: Եթե հարազատիդ տարելիցը մեկ շաբաթից է, դու մեկ շաբաթ առաջ հարսանիք կանե՞ս ու կպարե՞ս, էս ի՞նչ խելք է, մեկը չկա իշխանական կոհորտայում, որ ճիշտ որոշումներ հուշի, լավ, էս աստիճանի պատանեկան մոտեցումնե՞ր: Թե ասաՙ ինչներիդ վրա ե՞ք ուզում ուրախանալՙ դեռ վերջնական թիվ չպարզած պատերազմի զոհերի՞, քովիդից մահացած վեց հազար մարդու հարազատների դժբախտությա՞ն, թե Բաքվում կտտանքների ենթարկվող հայ երիտասարդների տանջանքների ջգրու: Ավելի լավ չէ՞ր այդ օրը նոր սպառազինությունների շքերթ կազմակերպեիքՙ ցուցադրելով պետականության ու սուվերենության պաշտպանին, եթե ունեք, իհարկե, նոր սպառազինություններ: Այդպես կհասկացնեիք թշնամուն էլ, բարեկամին էլ, որ մենք դույզն-ինչ չենք զիջելու մեր սուվերենութունից, մեր անկախությունից, մեր իքնիշխանությունից: Բայց ի՞նչ եմ ասումՙ պարտադրված եռակողմ թուղթն ինքնին խոսում է այն մասին, թե որքան սուվերեն ենք, որքան անկախ ենք, եւ որքան ամուր է մեր պետականությունը: Կամ ո՞վ կպատասխանի մեր ներքին տրոյական ձիերին, որոնք սպրդում են այս ու այն ծակից ու թաքցված-բացահայտ խոսում, չեմ չափազանցնում, Ռուսաստանի, Բելառուսի հետ ընդհանուր պետությունից (այ, Նժդեհի ուրվականը երազում ձեր հերն անիծի)...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ