RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021



Տեղադրվել է` 2021-09-09 22:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2557, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԻՐԱՆ ԼԻԱԿԱՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑՈՒՄ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, Քաղաքական վերլուծաբան

Հայությունը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ուշադրությամբ հետեւում է մեր տարածաշրջանում ծավալվող քաղաքական-դիվանագիտական անցուդարձին եւ փորձում հասկանալ, թե ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար: Օրերս Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ ՀՀ-ն պատրաստ է երկխոսություն սկսել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ հաղորդակցության միջոցները վերագործարկելու նպատակով: Դրանից օրեր առաջ Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՌԴ-ն պատրաստ է միջնորդել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արդի իրողություններին հետեւող, հայ-ադրբեջանական սահմանների լարվածությամբ անհանգիստ հայ ակտիվ հասարակությունը փորձում է հասկանալ, թե որքանո՞վ են հետեւողական տարածաշրջանի մայրաքաղաքներից հնչող հայտարարությունները եւ իրականում ի՞նչ կարելի է սպասել այդ զարգացումներից: Մեր այս վերլուծականը մի փորձ է գնահատելու առկա տեղեկատվությունը, համակարգելու այն եւ ընթերցողին հուշելու կոմպետենտ մոտեցումներ այս հարցերը քննարկելու ժամանակ:

Ռուսաստան-Թուրքիա կոնսենսուսի հարցը

Պետք է հասկանալ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շատ հետեւողական է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետպատերազմյան կարգավորման եւ հաղորդակցության ուղիների վերագործարկման հարցում: Այդ համառությունն ու հետեւողականությունը պարզ երեւում է 44-օրյա պատերազմին նոյեմբերի 9 եւ հունվարի 11 հայտարարությունների իրագործման ընթացքում պաշտոնական Մոսկվայի արած բոլոր հրապարակային հայտարարություններից եւ այն ջանքերից, որ գործադրում է ՌԴ-ն երեք երկրների փոխվարչապետների գլխավորած խառը հանձնաժողովի աշխատանքը առաջ մղելու ընթացքում: Իր խաղարարար բրիգադի ներկայությունը ԼՂ հակամրտության տարածաշրջանում ապահովելուց եւ Հայաստանի խնդրանքով իր զինված ուժերի ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանի վրա տեղակայելու առայժմ պատրաստակամությունից հետո Ռուսաստանն ուզում է, որ Հարավային Կովկասի առայժմ չաշխատող կոմունիկացիաները ծառայեն Թուրքիայի եւ Իրանի հետ առեւտրատնտեսական կապերը իրապես աշխուժացնելու գործին: Չգրգռելու համար Ադրբեջանին, Ռուսաստանը համաձայնվեց Աղդամում ռուս-թուրքական համատեղ դիտորդական ռազմակայան տեղակայելու հարցին, այսպիսով լռելյայն համաձայնելով Ադրբեջանում նաեւ թուրքական զինված ուժեր ունենալու ադրբեջանական երազանքին:

44-օրյա պատերազմից հետո մենք կարծես հանկարծակի հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական, քաղաքական, տնտեսական եւ բոլոր այլ ուղղություններով լիակատար փոխգործակցությունը մեր տարածաշրջանի ամենալուրջ ետխորհրդային իրողությունն է եւ միտում ունի միայն ընդլայնվելու եւ խորանալու: 1829թ. հաստատված գիծը Ռուսական կայսրության եւ Օսմանյան Թուրքիայի միջեւ (որով Հարավային Կովկասը դառնում էր ռուսական ազդեցության տարածք) այլեւս գոյություն չունի: Թուրքիան առաջ է եկել, ամուր հաստատվել է Վրաստանում, իսկ Ադրբեջանում ուղղակի խաղում է ավագ եղբոր եւ հեգեմոնի դեր: Ռուսաստանը, որը չկարգավորված հարաբերություններ եւ լարվածություն ունի Վրաստանի հետ, ուշադրությամբ հետեւում է այդ հարաճյուն փոխգործակցությանը եւ ջանքեր չի խնայում Ադրբեջանի վրա ունեցած իր ազդեցությունը չկորցնելու համար:

Պետք է հասկանալ նաեւ, որ ստանալով ԱՄՆ-ի եւ գլոբալ Արեւմուտքի, ըստ ամենայնի աջակցությունը, հետխորհրդային 30-ամյակի ընթացքում Թուրքիան անընդհատ մեծացրել է իր ազդեցությունը Մեծ Թուրանի ինտեգրացիոն գործընթացում եւ մենք, չգիտես ինչու, մեր գործնական քաղաքականության մեջ միայն հիմա (հետին թվով) գլխի ընկանք, որ այդ Մեծ Թուրանի նախագիծը, ինչպես նախորդ 100-ամյակում, չի խափանվելու եւ չի խանգարվելու Ռուսաստանի կողմից:

Մեր ժամանակի նոր իրողությունները կայանում են նրանում, որ զուգահեռաբար ծավալվում են երկու գործընթացներ: Մեկը` եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացն է, որում ընդգրկված են հինգ պետություններ Ռուսաստանի Դաշնության գլխավորությամբ եւ որին կարող են անդամ դառնալ եւս երկու-երեք պետություններ: Այս գործընթացի լոկոմոտիվը Ռուսաստանն է եւ դրա աշխարհաքաղաքական նպատակը այդ երկրի բազմաբնույթ ազդեցության ապահովումն է Եվրասիական քաղաքակրթական տարածքի վրա: Այս գործընթացը հետաքրքրությամբ ուսումնասիրում են հայ, ռուս եւ բազմաթիվ այլ գիտնականներ ու փորձագետներ, հասկանալու համար, թե որքանո՞վ է իվճակի մերօրյա Ռուսաստանը, հաշվի առնելով համաշխարհային գլոբալ հակամարտությունները եւ լարվածությունը հիմնական բեւեռների միջեւ, առաջ մղելու սեփական տարածաշրջանային մեգանախագիծը եւ գրավիչ լինելու իր մոտիկ հարեւանների համար: Մյուս գլոբալ նախագծի հարցում, կարծես, արդեն նույնպես մեծ տարաձայնություններ չկան: Սկսվելով իբրեւ լեզվամշակութային միջազգային կազմակերպություն, համաթյուրքական ինտեգրացիոն նախագիծը այսօր արդեն ներառում է թե՛ քաղաքական հարցեր, թե՛ տնտեսական համագործակցություն եւ, նույնիսկ, քննարկում է ռազմական համագործակցության եւ համատեղ զինված ուժեր ունենալու խնդիրներ: Կարելի է միայն ենթադրել, որ թյուրքական աշխարհի առաջնորդները կարողացել են ռուսական վերնախավին համոզել, որ համաթյուրքական մերձեցումը Ռուսաստանի համար մահաբեր չէ, ինչպես դա կարծում էին Ռուսական կայսրության եւ նախկին ԽՍՀՄ-ի ժամանակներում, այլ միանգամայնՙ բնական ու տրամաբանական եւ տեղավորվում է եվրասիականության աշխարհաքաղաքականության եւ փիլիսոփայության մեջ: Այստեղից եզրակացություն. եվրասիական ինտեգրման գործընթացը առաջ մղելու ժամանակ Ռուսաստանը ե՛ւ համագործակցելու է, ե՛ւ միաժամանակ սերտորեն համագործակցելու Թուրքիայի հետ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում իր ազդեցությունը պահպանելու եւ մեծացնելու գործնական նպատակով:

Պետք է հասկանալ նաեւ, որ մերօրյա գլոբալ լարվածության պայմաններում Ռուսաստանը չի ցանկանալու բախման գնալ Թուրքիայի հետ, փորձելու է զիջումներ անել իր համար ավելի նվազ կարեւոր հարցերում եւ ինքն է քայլեր ձեռնարկելու դիվանագիտական հարթակներ տեղափոխել բոլոր այն պոտենցիալ լարվածության հարցերը, որոնք ժառանգվել են անցյալից: Մենք պետք է հասկանանք նաեւ, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի դեպքում չի զիջելու իր ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանի Հանրապետության քաղաքական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարցերում (քանի որ դրանց նկատմամբ աչք ունեն Թուրքիան ու Ադրբեջանը), եւ եթե Հայաստանի իշխանությունները իրենց ճիշտ դիրքավորեն, պատրաստ է մեծացնելու իր ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանում այնքնան, որ դա լիարժեքորեն բավարարի մեր պետական սահմանների անվտանգությանը: Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ դրան խանգարել: Կարծում ենքՙ ո՛չ: Դրան Ադրբեջանը կարող է խանգարել միայն թուրքական զինված ներկայությունը իր երկրում մեծացնելու միջոցով: Բայց դա հակասում է ադրբեջանական այն հավաստիացումներին, որ «Լավրովի պլանի» կենսագործումից հետո ինքը պատրաստ է մտնելու ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ: Հիմա ուշադրությամբ պետք է հետեւել, թե ինչպե՞ս է Ռուսաստանը համակերպվելու ադրբեջանական հավաստիացումների չկատարմանը եւ թուրքական հարաճուն ներկայությանը: Արդեն հաստատ կարելի է պնդել, որ Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու եւ հաղորդակցության բոլոր ուղիները վերաբացելու հարցում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ մի յուրատեսակ կոնսենսուս է ձեւավորվել: Իրանը, որն ավելի քիչ երեւացող դիվանագիտական աշխուժություն ունի, իրականում նույնպես շատ շահագրգռված է Ռուսաստանի, ԵԱՏՄ երկրների, ինչո՞ւ չէՙ նաեւ Թուրքիայի հետ հարավ-կովկասյան տարածաշրջանում տնտեսական համագործակցությունը որակական նոր աստիճանի բարձրացնելու հարցում:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը

«Ազգ»-ի էջերում անցած տարիներին մենք բազմիցս գրել ենք, որ դեռեւս «ֆուտբոլային դիվանագիտության» ծավալման տարիներին պարզ դարձավ, որ երկկողմ հարաբերությունների նորմալացման գլխավոր խոչընդոտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջացրած լարվածությունն էր: Մեր առաջատար արեւելագետները ժամանակին եւ ճշգրտորեն զգուշացրել են իշխանություներին, որ Ադրբեջանի ազդեցությունը թուրքական տեսակետների հղկման վրա վճռական է եւ այն տարիներին Թուրքիան չէր գնալու որեւէ զիջման ի հաշիվ ադրբեջանական շահերի: Ուզում ենք հիշեցնել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Թուրքիան, ի թիվս այլ հետխորհրդային հանրապետությունների, ճանաչեց նաեւ Հայաստանի անկախությունը, մեզ հետ սակայն դիվանագիտական հարաբերություններ չհաստատեց: Մինչեւ 2009թ. Թուրքիան ուներ երկու նախապայման: Նա Հայաստանից պահանջում էր դադարեցնել միջազգային հարթակներում Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը եւ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու դուրս բերել հայկական զինված ուժերը փաստացի զբաղեցված տարածքներից: Հայ եւ թուրք դիվանագետների դժվարին բանակցությունների արդյունքում 2009-2010թթ. ընթացքում, ԱՄՆ ակտիվ միջնորդության եւ հորդորների արդյունքում ուրվագծվեց մի վիճակ, երբ հնարավոր էր թվում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը եւ հաղորդակցության ուղիների վերաբացումը առանց նախապայմանների:

Հիշեցնենք, թե ինչպես էր այն ժամանակվա ԱՄՆ պետական քարտուղարը համոզել Ֆրանսիայի եւ Ռուսաստանի իր գործընկերներին համահովանավորներ դառնալու Ցյուրիխյան երկու արձանագրությունների ստորագրմանը, որոնք նույն ամերիկյան հորդորների արդյունքում, կարծես, նպաստելու էին առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը: Արժե հիշեցնել նաեւ, որ Թուրքիան հրաժարվեց այդ փաստաթղթերի վավերացումից ադրբեջանական ճնշման արդյունքում:

Այժմ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում բոլորովին նոր վիճակ է ստեղծվել: Բայց արի ու տես, որ Թուրքիան էլ, դիվանագիտական հաջողություն արձանագրելով ԼՂ հիմնահարցում, հիմա էլ վերադարձել է նախկին նախապայմաններին: Թուրքիայի նախագահ Ռ.Թ.Էրդողանը վերջերս հայտարարեց, թե Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, եթե Հայաստանը հրաժարվի Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պահանջները հետապնդելուց:

Կարծում ենք, մեր դիվանագիտության խնդիրն է պարզելը եւ հրապարակավ հայտարարելը, թե ռուսական դիվանագիտությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդական դեր ստանձնելու իր պատրաստակամության մեջ գիտե՞ արդյոք թուրքական վերոհիշյալ պահանջների մասին եւ կարծո՞ւմ է, որ բանակցությունների արդյունքում այս խոչընդոտը հաղթահարելի է:

Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահները ճանաչել եւ դատապարտել են Հայոց Ցեղասպանության իրողությունը: Հայությունը ուզում է հասկանալ, թե որքանո՞վ է այդ ճանաչումը գործնականում նպաստում Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգությանն ու երկրի կայունությանը: Թուրք-ադրբեջանական տանդեմի ժխտողականությունը այս հարցում աննախադեպ եւ քաղաքակիրթ աշխարհի աչքում զարմանալի չափերի ու ձեւերի է հասել: Ըստ երեւույթին, երկրորդական համարելով Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցը, պաշտոնական Անկարան (ըստ երեւույթին պաշտոնական Բաքվի հուշարարների օգնությամբ) վերադարձել է ճնշման ու նախապայմանների առաջադրման լեզվին: Հարց է առաջանում, թե կարո՞ղ են արդյոք ռուս դիվանագետնորը արտգործնախարար Ս.Լավրովի գլխավորությամբ այս անգամ էլ իրենք հրավիրել ամերիկացիներին եւ ֆրանսիացիներին համահովանավոր դառնալու այս նոր կարգավորման գործընթացում:

Ամեն դեպքում, մեր պարտքն ենք համարում նշել, որ Հայաստանի իշխանությունները կոպիտ սխալ կգործեն, եթե նույնիսկ մարտավարական նկատառումներով հրաժարվեն Հայոց Ցեղասպանության գործընթացը առաջ տանելու քաղաքական կուրսից: Այդ քաղաքական պահանջը միավորում է հայերին Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Պետք չէ փաստորեն արդեն առկա հակասություններին ավելացնել եւս մեկը, այն էլ այսքան կարեւոր հարցում: Պետք է հասկանալ եւ անկեղծորեն համաձայնել, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցը մեր ազգային անվտանգության եւ տարածքային ամբողջականության պահպանման կարեւորագույն երաշխիքներից մեկն է:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի աշխատանքը վորսկսելուն, ապա պարզ է, որ Ադրբեջանը կցանկանար, որ իրեն մենակ կթողնեն Արցախի հայության հետ, որտեղ ինքը իր ջանքերը կկենտրոնացներ ռուս խաղաղապահներին դուրս մղելու գործընթացում: Հայաստանի քաղաքական իշխանությունը պետք է պնդի շարունակել Մինսկի խաղաղ գործընթացը եւ հավաստիացումներ ստանալ, որ բացի Ռուսաստանից, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն նույնպես գործնականում եւ հետեւողականորեն կապահովեն Հայաստանի սահմանների անխախտելիությունը, Արցախի ժողովրդի ինքնիշխանության իրավունքը եւ,առանց չափազանցության, հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը իր Հայրենիքի երկու հատվածներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ