RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021



Տեղադրվել է` 2021-09-09 22:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2207, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԲ ՑԱՆԿԱԼԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ՀՀ բարձրագույն պաշտոնյաների կողմից տարբեր առիթներով արվող հայտարարությունների, հարցազրույցների ու ասուլիսների ընթացքում հնչեցրած հաղորդումներից մեր մարդկանց մոտ կարծիք է կազմավորվում, որ երկրում ամեն ինչ լավ է, կամ գրեթե լավ է, մտահոգվելու հարկ չկա: Այս առումով երբ հպարտ հռչակված քաղաքացին որեւէ ծառայությունից կամ առեւտրային հաստատությունից է փորձում օգտվել, պարզվում է, որ մեր կառավարիչների յուրօրինակ լավատեսությունը, մեղմ ասենք, այնքան էլ հիմնավոր չէ, քանզի թե՛ ծառայությունների որակը, թե՛ սահմանված գները մեր համեստ կենցաղով ապրող մարդկանց պարզապես չեն գոհացնում, նրանց սրտով չէ: Ասվածը վերաբերում է մեր առօրյայի բոլոր ոլորտներինՙ պետական ու համայնքային կառավարումից մինչեւ պարզ կենցաղային հարցեր: Փորձեմ ասելիքս հիմնավորել կոնկրետ օրինակներով, դրանց ընտրությունը կատարելով գրեթե պատահական սկզբունքով, առանց նախնական տրամադրվածության:

Նախորդ տարվա հունվարին Կապանում կազմակերպած ասուլիսի ընթացքում խոսելով ՀՀ-ում 100 հարցերի լուծումներից, երկրի գործադիր ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ գյուղատնտեսությանը, մասնավորապես նշելով. մեկնարկել է 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակում ձեռք է բերվել 304 գլուխ կենդանիՙ 391 մլն դրամ արժեքով: Մեկնարկել է նաեւ 2019-2023 թվականների ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը. ձեռք է բերվել 203 գլուխ կենդանի, տրամադրվել 79 մլն դրամ: Ընդամենը երկու, ոչ մեծ ճյուղերին օժանդակությունը, խոսքը պետության կողմից իրականացված ծախսերի մասին է, կազմել է 470 մլն դրամ, մոտ 1 մլն դոլար: Սրանք հրամցվել են ՀՀ թիվ 1 պաշտոնյային, որն էլ դրանք հանրայնացրել է, անշուշտՙ աջակցության ակնկալիքով: Ավաղ, ՀՀ քաղաքացիս, որ նաեւ ակտիվ լրագրությամբ է զբաղվում, վերջիններիս թվում չէ, քանզի երկրի ոչ հարուստ բյուջեից իրականացված ֆինանսական միջոցների եւ ձեռքբերված գլխաքանակների արդյունքում պարզվում է, որ դրանց խոշորի 1 միավորի դիմաց վճարվել է 1.300.000 դրամ, մանրի դեպքումՙ 340.000 դրամ: Հայտնի է, որ վերջին գումարով մեր անասնաշուկաներում առնվազն 350 կգ կենդանի քաշով խոշոր եղջերավոր կարելի է գնել, իսկ 1.3 մլն-ով նվազագույնը 3 կով: Այն մոտեցումը, թե արտերկրներում գնված խոշոր եղջերավորները ՀՀ-ում հարցեր կլուծեն, երբեւէ չեն արդարացել, քանզի չի լուծվում դրանց կերակրմանն անհրաժեշտ լիարժեք կերերի խնդիրը: Որպես հիմնահարց այն մեզանում գոյություն չունի, բացարձակապես կապ չունի ոլորտի պատասխանատուի կուսակցական պատասխանատվությունը: Հետեւանքը մեկն էՙ անասնատեսակների ցածր կաթնատվությունն ու մսաճը, գյուղաբնակների էլՙ դրանց իրացման գներից դժգոհությոնը:

Այսօրինակ հարցերից խոսվեց ՀՀ կառավարության սեպտեմբերի 2-ի նիստում, երբ գյուղոլորտի պատասխանատու էկոնոմիկայի նախարար Վ. Քերոբյանը խաղողի 180 հազար տոննա արտադրության թիվ հնչեցրեց: Դե նախարար է, պարտավոր է ինքնավստահ լինել, միայն թե պարզ չէ, այգիների ի՞նչ տարածքներից է հավաքվելու բերքի այդ քանակը, 12 հազար հեկտարի՞ց, թե՞ 15 -16 հազարից: Այստեղից էլ մթերման գինը, որի հարցում խաղողագործները լուրջ դժգոհություն ունեն, կգ-ի դիմաց 130 դրամը հազիվ ինքնարժեքն է փակում հայտարարությամբ: Եվ հարցը, թե ինչո՞ւ է երկրում արտադրված գրեթե ողջ խաղողը ուղղվում խոշոր վերամշակողների մթերումների պահանջների բավարարմանը, հնչում է ինքնաբերաբար: Երկրում պարզապես գոյություն չունի փոքր ու միջին գործարարության օժանդակության միջոցով խաղողի հումքից գինիներ արտադրելու որեւէ ծրագիր, որպիսին իրականցվում է երկիր մոլորակի չորս կողմերում: Ֆրանսիայում բնակվող հարազատս դիտելով արդեն սկսված ճանապարհներ փակելու մերոնց փորձերը, վրդովված նշում էր, որ խաղողագործներին դեպի գինեգործություն ուղղորդելը շատ հարցեր է լուծում, սկսած նոր աշխատատեղերի բացումից մինչեւ գինու որակի ու այն սպառելու հարցերը: Նա հաստատեց, որ իր բնակության վայր Լիոնի սուպերմարկետներում սկսած մեկ եվրոյից 0.7 լիտր տարողության գինիներ են վաճառվում, որպիսի բան չի նկատում Հայաստան այցերի ընթացքում: Պետական կառույցներն այստեղ անելիքների մի ամբողջ շարք ունեն, որը ցավալիորեն քողարկում են գինու ինչ-ինչ ոչինչ չասող փառատոներ հռչակվող յուրօրինակ միջոցառումների կազմակերպումով: Այս առումով արդյո՞ք նպատակահարմար չէ պետության ֆինանսական աջակցությունն ուղղել գինու հումք արարող այգեգործին, այլ ոչՙ բանկերին, սուբսիդավորման անվան տակ: Այսկերպ խաղողագործն իր աշխատաննի շարունակականություն կունենա, պարբերաբար ֆինանսական միջոցներ կգոյանան, որն այսօր փոխարինվում է խաղողը հանձնելուց հետո բանկի վարկերը փակելով: Եվ այսպեսՙ տարին տարու վրա, այդկերպ էլՙ հայաստանաբնակին հեռու վանելով գինու մեկ գավաթը վայելելու ամենօրյա հաճույքից:

Թե ինչու են այսօրինակ խնդիրները մեզանում անտեսվում, դրանք փոխարինվում, ասենք, գյուղական համայնքների խոշորացումով, պարզապես անհասկանալի է: Հանրային շրջանակներում կարծիք կա, որ այսօրինակ կառավարումը պայմանավորված է խոշոր վերամշակողների ու արտադրողների շահերի սպասարկումով, ովքեր իշխանությունների գործողություններն ուղղորդելու լծակներ ունեն: Բայց չէ՞ որ նրանց որեւէ մեկը չի հարցնում, թե ինչպես են կուտակել առաջին միլիոնն ու առկա ռեսուրսները, կարող են եւ իրենց անհրաժեշտ խաղողի այգիները հիմնելուն զուգահեռ ալկոհոլային խմիչքներն արտադրել, թե հյութեր ու դոշաբներ թողարկել: ՀՍՀ հանրագիտարանից տեղեկանում ենք, որ վերջին մուգ գույնի թանձր քաղցուն օգտագործվում է ամենատարբեր նպատակներով, սկսած թերմոն կոչվող եռացրած գինու ստացումից մինչեւ բուժիչ հատկություններով կիրառումը:

Անշուշտ լրագրային էջն այն տարածքը չէ, որտեղ հարկ է համանման մտահոգություններ հայտնել: Բայց ի՞նչ կարող ես անել, երբ այդ հարցերը լուծելու համար հանրության վարձած այրերն իրենց պարտականություններն ու պարտավորություններն ըստ արժանվույն չեն կատարում ու ցանկալին իրականություն են ներկայացնում,: Իսկ ահա գինու վայելքը էսթետիկականից զատ միլիարդավոր դրամների առեւտրաշրջանառություն կապահովի ՀՀ տնտեսության համար:

Այսպես էլ ապրում ենք:

06.09.2021թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ