RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021



Տեղադրվել է` 2021-09-09 22:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1652, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽԱՂՈՂԸ ՉԻ ՄԹԵՐՎՈՒՄ, ԵՂԱԾՆ ԷԼՙ 115 ԴՐԱՄՈՎ

ՆԱԻՐ ՅԱՆ

Ճանապարհ փակելը թրենդային վարքագիծ է դարձել: Հիշենք, որ օգոստոսի 25-ին ադրբեջանական կողմն էլ էր այդ քայլին դիմելՙ փակելով Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:

Հայ գյուղացիները հաճախ են ճանապարհ փակելով հայտնում իրենց բողոքըՙ հատկապես ջուր չունենալու պարագաներում:

Ճանապարհափակման հերթական դրսեւորումը շաբաթվա սկզբին Արագածոտնի մարզի Ուջան գյուղում էր. խաղողագործները փակել էին Երեւան-Աշտարակ մայրուղին. նրանք բողոքում էին, որ իրենց խաղողը չեն մթերում:

«Մենք պահանջում ենք, որ մարզի ղեկավարը գա էստեղ, նախարարությունից էլ մարդ գա, մեր հարցի լուծումը տա:

Խաղողի գործարանների կեսը խաղող ընդունելուց հրաժարվում է, ասում ենՙ անցած տարվանից մեր հորերը լիքն են, խաղող ընդունելու ձեւ չունենք: Ով էլ ընդունում է, ասում էՙ 115 դրամ: Պռոշյանի կետը բացվել է, արդեն 100 մեքենա հերթի մեջ կա: Պայմանագրում էլ կետ ունեն, որ իրենց ուզած որակը չլինելու դեպքում գնիջեցում է լինելու: Այսինքն կարող են ասելՙ 60 դրամ է, չես ուզում, դու գիտես, գնա: Գումարն էլ 270 օր հետո է լինելու»,-բոլորի անունից բողոք է հայտնել խախողագործներից մեկը:

Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղի խաղողագործները եւս հետեւել են ուջանցիների օրինակինՙ փակելով Երեւան-Աշտարակ մայրուղին: Նրանք եւս դժգոհել են, որ խաղողը մթերվում է շատ ցածր գնով, բացի այդ, գործարանների կեսն առհասարակ հրաժարվում է խաղող մթերել: Գյուղացիներն օրվա ընթացքում ճանապարհը բացել են, սակայն նրանց խնդիրները չեն լուծվել: Նրանք գնացել են մարզպետարան, այնտեղ քննարկվել են դժգոհությունները, սակայն արդյունքում ոչինչ էլ չի փոխվել:

Խաղող մթերող գործարանները մասնավոր ձեռնարկություններ են եւ իրենք են որոշում, թե ինչ գնով մթերել խաղողը, առավել եւս, որ կան գյուղացիների հետ կքնված պայմանագրեր, ըստ որոնցՙ խաղողը կարող է մթերվել կիլոգրամը 115-135 դրամի սահմաններում:

«Պռոշյանի կոնյակի գործարանն այս պահին պատրաստ է միայն 115 դրամով ընդունել խաղողը, «Սասունիկ» գինու գործարանը մթերում է 135 դրամով, բայց սահմանափակ քանակությամբՙ ընդամենը 10 գյուղացիական տնտեսությունից: «Հայասի» գործարանի հետ գյուղացիները պայմանագրեր ունեն, բայց հայտնել են, որ մթերման գինը պարզ կդառնա միայն սեպտեմբերի 10-ից հետո:

Նախորդ տարի, օրինակ, գյուղացիները նաեւ Քանաքեռավան համայնքի «Շամպայն» գինիների գործարանի խաղողի ընդունման կետում են հանձնել, բայց այս տարի, ասում են, պահանջարկ չունեն եւ չեն կարող մթերել»,- հայտնել է Արագածոտնի համայնքապետը:

Նման իրավիճակում, երբ խաղողը հասունացել է ու այլեւս սպասել չի կարող, գյուղացիները ստիպված են լավագույն դեպքում բերքը մթերել 115 դրամով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ